Ցավ և հույս

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Ազգ», 1989թ.

1989-ի Նոր տարին չհիշեցինք, չուզեցինք հիշել…

Մի կարեւոր, շատ կարեւոր բան բեկվել, անվերադարձ լքել էր մեր միտքն ու հոգին… Բոլորիս համար ջնջվել էր կյանքի ու մահվան սահմանագիծը:

Գարունն ուշ, բայց աննկատ եկավ: Միայն ապրիլի վերջին ընկալեցինք, որ գարունն արդեն կիսվել է ու պիտի որ արդեն տաք լիներ, բայց դաժան ձմեռը դժվարությամբ էր նահանջում:

Աղետի գոտի էինք մեկնում սփյուռքահայ հոգեբույժներ Անի Գալայճյանի (Նյու Յորք) եւ Արա Գյոնջյանի (Լոս Անջելես) հետ:

Բոլորս լուռ էինք, հավանաբար նույն մտքերի մեջ:

Տեղ-տեղ հալվել էր ձյունը, ու մուգ սեւահողի մեջ արդեն նկատելի էին կանաչի վախվորած գլխիկները…

…Իսկ թումանյանական հարցը ծանրորեն խփվող մեխի պես արյունոտում է սիրտս.

«Քանի՞ ծաղիկ պիտի բուսներ

Որ չբուսավ էս հողին..»:

Սպիտակյան տեսարանը վեր էր ամեն սպասվածից: Անգամ անհավանական էր թվում, թե այդ փլատակների մեջ կարող էր կենդանի մնալ թեկուզ մեկ հոգի: Համատարած մահվան տեսարան, ինչպիսին չէինք տեսել սարսափի ոչ մի կինոնկարում: Ավերված «փողոցներում» հատ ու կենտ երեւացող կորամեջք, խեղճացած մարդիկ կարծես նույնպես այն աշխարհից լինեին: Կյանքը խորհրդանշող ոչ մի պատկեր չկար: Երկրաշարժի էպիկենտրոնի՝ Նալբանդի նկարագրությունը վեր էր բառային ձեւակերպման հնարավորությունից: Տառացիորեն ավերակ…

«Մի՞թե երբեւէ հնարավոր կլինի վերականգնել այս ամենը», հավանաբար բարձրաձայն մտորեցի ես, որին ի պատասխան Արա Գյոնջյանը պատասխանեց.

- Թերեւս ֆիզիկական վերականգնումն ավելի դյուրին կըրնա ըլլալ, քան հոգեկանը: Ահավոր երկրաշարժին թարմ հիշատակները դեռ երկար ժամանակ կսավառնին ապրողներու միտքերուն մեջ: Կարգ մը մարդկանց հոգեբանության մեջ աղետն ամենօրյա ներկայություն մը պիտի ունենա եւ հոգեբեկումի ու անձկության երեւույթներ ի հայտ բերե: «Ի՜նչ ճիշտ բառեր օգտագործեց,- մտածեցի ես՝ «հոգեբեկություն եւ անձկություն», հիմա բոլորս, ազգովին հոգեբեկության մեջ ենք, եւ քանի՞ տարի արդյո՞ք կպահանջվի հաղթահարելու… Ինչպե՞ս, ի՞նչ գերբնական միջոցներով պիտի բուժվեն հոգեկան խաթարումները, որպեսզի հոռետեսության, անվստահության, վախի աղճատող զգացումները չփոխանցվեն գալիք սերունդներին: Չէ՞ որ Ջաջուռի լեռնանցքում հայոց երկրակեղեւի տված ահավոր ճեղքվածքն ինչ-որ չափով անցել էր նաեւ բոլորիս սրտի միջով…»:

– Նախ եւ առաջ պետք է աշխատել, որ այս մարդիկ չառանձնանան, չօտարվեն շրջապատեն,- զրույցին միացավ Անի Գալայճյանը,– պետք է պայքարելու ճիգ գործադրել: Որքան որ հնարավոր է շուտ, պետք է անոնց ներգրավել երկրաշարժի ավերածությունները վերականգնելու աշխատանքներուն մեջ, որպեսզի իրենց ավելորդ չզգան կյանքին մեջ:

Մոտենում էինք Լենինականին: Հոգուս մեջ ծվարած վախի ու սարսափի զգացումն ավելի թանձրացավ: Ես հավանաբար երբեք այդչափ չէի զգացել, թե սիրտը կարող է այնպիսի ծանրություն ունենալ, որից ծնկներդ ծալվեն:

Ավտոմեքենան փոքրիկ մի շրջադարձ արեց ու մոտեցավ հիմնահատակ կործանված Սուրբ Աստվածածին եկեղեցուն:

Ահա եւս փլատակի վերածված մի գեղեցկություն, արդեն որերորդը՝ Զվարթնոցի, Անիի տասնյակ եկեղեցիների կողքին:

Մի քանի վայրկյան անբառ կանգնեցինք եկեղեցու փլուզված պատկերի առջեւ, հետո հեռացանք անբացատրելի զգացումներով: Ուղեկիցներս շտապում էին կիսաքանդ հիվանդանոցում ժամանակավոր պատսպարված աղետից փրկված երեխաների մոտ, ու թեպետ արդեն մի քանի անգամ եղել էին այնտեղ, բայց լաբիրինթոսի վերածված քաղաքում դժվար էր գտնել անգամ ամենածանոթ ճանապարհը…

Մեր մուտքը գրեթե ոչ մի շարժում, ոչ մի արձագանք չառաջացրեց ընդարձակ սենյակում հավաքվածների մոտ: Միայն մի պահ բոլորի անորոշ, անկյանք հայացքները դարձան ներս մտնողներիս կողմը, հետո նորից անտարբեր շրջվեցին:

Անի Գալայճյանը ծանոթի նման մոտեցավ վառարանի շուրջ խմբված փոքրիկներին ու դեմքին մի կերպ ժպիտ «սարքելով»՝ հարցրեց. «Ինչպե՞ս եք…»:

Երեխաներն ընդամենը նայեցին նրան… Ա՜խ այդ աչքերը… Երբեք, ոչ մի տեղ ես այդպիսի խորունկ, խտացած թախիծ ու տխրություն չեմ տեսել, դրանց առջեւ կարկամում է մարդը, ու բոլոր բառերը, բոլոր հարցերն անիմաստ են դառնում…

Այնուամենայնիվ, Անին ու Արան անցան իրենց մասնագիտական պարտականություններին: Զանազան հարցերի, քնքույշ խոսքերի, անգամ փոքրիկ խաղերի միջոցով նրանք փորձում էին երեխաներից բառեր կորզել, նրանց վերադարձնել դեպի կյանք, որից նրանք, ավաղ, շա՜տ հեռու էին:

Արդեն երեկոյանում էր, երբ ես հրաժեշտ տվեցի բժիշկներին, որոնք եկել էին մնալու ու դարմանելու փոքրիկներին, եւ դուրս ելա «փողոց»…

Ոտքերս ակամա գնացին դեպի քիչ հեռվում նշմարվող հիմնահատակ փլուզված շենքը, որն ակնհայտորեն դպրոց էր եղել այս ու այն կողմ շաղ եկած աշակերտական տետրեր՝ կիսատ մնացած բառերով ու նախադասություններով, նկարչական ալբոմներ, գրիչներ, մատիտներ…

Խոնարհվեցի, սառած հողաշերտի միջից վերցրեցի մի քանի թերթ ու տեղավորվեցի ավտոմեքենայի մեջ…

…Մնացյալը լռություն էր…

 

 

C’est un problème importun de choisir une robe de mariée en grande taille? Vous vous embêtez de la plupart de robes de mariée pas cher dans le marché qui sont souvent trop juste pour vous? bellerobemariage.fr vous comprend très bien votre situation et collecte des robes de mariée en grande taille de meilleure qualité pour vous Robe De Mariée Grande Taille

.

You may also like...