Ֆրանսիա

Ֆրանսիայում հայերի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 6-րդ դարին: Ֆրանսիացիների և հայերի միջև ռազմական և առևտրային հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դարերում` Խաչակրաց արշավանքների և Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում: 15-16-րդ դարերում հայկական փոքրաթիվ գաղութներ են հիմնվել Մարսելում և Փարիզում: Կրթություն ստանալու նպատակով 19-րդ դարում Ֆրանսիա են տեղափոխվել բազմաթիվ հայ երիտասարդներ՝ մասնակցելով երկրի հասարակական-քաղաքական կյանքին (Ստեփան Ոսկան, Նիկողոս Պալյան, Սերովբե Վիչենյան, Նահապետ Ռուսինյան և ուրիշներ):

1855թ. Փարիզում հրատարակվել են Ֆրանսիայում հայկական առաջին «Արևելք» և «Մասյաց աղավնի» պարբերականները: Ցայսօր Ֆրանսիայում լույս է տեսել ավելի քան 200 անուն պարբերական: 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին, երբ թուրքական բռնությունների հետևանքով զգալի թվով հայեր ապաստանեցին Ֆրանսիայում, ստեղծվեցին մի շարք հասարակական, բարեգործական, մշակութային կազմակերպություններ:

1902թ. հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի բարերարությամբ Փարիզում կառուցվել է Ֆրանսիայում առաջին հայկական եկեղեցին` Ս. Հովհաննես-Մկրտիչ մայր տաճարը (ճարտարապետ` Ժիլբերտ): 1920-ական թվականներին հայ համայնքն ստվարացել է` Մեծ Եղեռնից փրկված և Ֆրանսիայում ապաստանած արևմտահայ հազարավոր գաղթականների հաշվին: Այդ շրջանում Ֆրանսիայում բնակվել է շուրջ 50-60 հազար հայ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսահայերն ակտիվորեն մասնակցել են ֆաշիզմի դեմ ծավալված Դիմադրության շարժմանը: Պատերազմի տարիներին ստեղծվել է երկու գումարտակից կազմված Հայկական պարտիզանական գունդը, որը Ֆրանսիայի ազատագրության գործում մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Արծաթե աստղակիր» Մարտական խաչով և Մարտական դրոշով: Պատերազմից հետո մոտ 4 հազար ֆրանսահայ ներգաղթել են Մայր Հայրենիք: 1970-ական թվականներին ֆրանսահայ համայնքը համալրվել է Մերձավոր Արևելքի երկրներից ներգաղթածներով: 1980-ական թթ. ֆրանսահայության ընդհանուր թիվը շուրջ 300 հազար էր:

Այսօր Ֆրանսիայում բնակվում է շուրջ 450-500 հազար հայ, ովքեր կենտրոնացված են Փարիզում, Մարսելում, Լիոնում, Վալանսում, Նիսում, Կաննում, Սեն Ռաֆայելում, Լա Սիոտայում և այլ քաղաքներում: Ակտիվ գործունեություն են ծավալում հայ ազգային ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ կուսակցությունների տեղական կազմակերպությունները, Կարմիր խաչը, Ֆրանսահայ Կապույտ խաչը` (ՀՅԴ), ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի, Թեքեյան, Համազգային հայ կրթական և մշակութային միությունները, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղը, Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբը, «Նոր սերունդ» երիտասարդական – պատանեկան միությունը, «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը, «Հայ աղքատախնամ ընկերակցությունը», Նախկին Հայ ռազմիկների և Դիմադրականների միությունը, Ֆրանսահայ բժիշկների միությունը, Ֆրանսահայ իրավաբանների և փաստաբանների միությունը, Ֆրանս-հայկական գիտական համագործակցության կազմակերպությունը, Միջարհեստակցական հայկական համախումբը, «Ֆրանսիա-Ղարաբաղ» միությունը, Ֆրանս-հայկական բարեկամության ընկերակցությունը, Հայ գործարարների ֆորումը, Ֆրանսահայ երիտասարդական միությունը (ԺԱՖ) և այլն: Ֆրանսիայում գործում է մոտ 500 հայկական կազմակերպություն:

1998 թ. մայիսի 29-ին Ֆրանսիայի Խորհրդարանը ճանաչել է 1915 թ. Հայոց Ցեղասպանության փաստը, իսկ 2001թ. Ֆրանսիայի Սենատն ընդունել է «Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչելու մասին» օրենք: Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձաններ են կառուցվել Փարիզի շրջակայքում` Ալֆորվիլ (1984թ.), Իսի դը Մուլինո (1982թ., քանդակագործ` Դ Երևանցի), Առնուվիլ դը Գոնես (1975թ., քանդակագործ` Վ. Կարապետյան ), Շարնտոն լե Պոն (1996թ., քանդակագործ` Ռ. Եսայան), Լիոնում (1978թ., քանդակագործ` Թադևոսյան) և այլն:

2003թ. ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում տեղադրվել է Կոմիտասի բրոնզե արձանը` Երգահան Կոմիտասի և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհ 1.5 միլիոն հայերի հիշատակին՚ (քանդակագործ` Դ. Երևանցի): 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին օգնելու նպատակով Ֆրանսիայի հայ համայնքում ստեղծվել են «Ազնավուրը` Հայաստանին», «SOS Արմենի» (1988-1994թթ.), «Հույս Հայաստանին» (հիմնվել է Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների նախաձեռնությամբ) կազմակերպությունները:

Ֆրանսահայությանը հաջողվել է համազգային հարցերի շուրջ միավորվել և ստեղծել «Ապրիլ 24» կոմիտեն, որը 2001թ. վերակազմավորվել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (Conseil de Coordination des Organisations Armeniennes de France – CCAF): Այն ավելի քան 20 կազմակերպություն միավորող և նրանց ջանքերը համակարգող ներկայացուցչական մարմին է: CCAF (ՖԿՀԽ) գործում է Մարսելում, Լիոնում և Փարիզում: 2009թ. ստեղծվել է CCAF (ՖԿՀԽ)-ի Ֆրանսիա համապետական մարմինը (նախագահ` Ալեքսի Կեովճյան):

Առաջին հայկական դպրոցը Ֆրանսիայում Մխիթարյանների Սամուել-Մուրատ վարժարանն էր, որը 1846թ. տեղափոխվել է Փարիզ Պադուայից (Իտալիա):
Ֆրանսահայ համայնքի կրթական կյանքը վերելք է ապրել 1980-ական թվականներին: Այժմ Ֆրանսիայում գործում են 40 հայկական դպրոցներ, որոնցից յոթն ամենօրյա, երկլեզու են, որտեղ ֆրանսիական պետական կրթական ծրագրերին զուգահեռ ուսուցանվում է նաև հայոց լեզու և գրականություն: Հայերենի դասընթացներ կազմակերպվում են նաև ֆրանսիական մի շարք քոլեջներում և լիցեյներում:
1994թ. հայերենը Ֆրանսիայի կառավարության որոշմամբ ստացել է առաջին կարգի օտար լեզվի կարգավիճակ:

Գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմը (առաջնորդանիստը` Փարիզի Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցի, հոգևոր առաջնորդ` Նորվան արք. Զաքարյան): Երկրի հայաշատ քաղաքներում գործում է Հայ Առաքելական քսանհինգ եկեղեցի, կան նաև Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքներ: Ֆրանսիայի կաթոլիկ հայերը 1954 թվականից ունեն իրենց հովվապետական աթոռը, գործում է ութ եկեղեցի, որոնցից գլխավորը Փարիզի Սուրբ Խաչ տաճարն է: Հայ Ավետարանականները Ֆրանսիայում ունեն 12 եկեղեցի, գլխավորները` Փարիզում և Իսի-լե-Մուլինոյում:

Ֆրանսիայում գործում են «Ռադիո Այբ», «Ռադիո Արմենիա», «Ռադիո Ա» ռադիոկայանները, «Նոր հառաջ» հայերեն եռօրյա թերթը («Հառաջ» հայերեն օրաթերթը փակվել է 2009թ. մայիսի վերջին), «Աշխարհ» երկլեզու երկշաբաթաթերթը և այլն:

Լուսանկարներում
1. Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: 2. Մարսելի Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (օծվել է 1931թ.): 3. Մարսելի Հայ Ավետարանական եկեղեցի: 4. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եկեղեցի:

You may also like...