Ֆինլանդիա

Հայ-ֆիննական առնչություններն սկիզբ են առել 17-րդ դարում, երբ Նոր Ջուղայի վաճառականներն առևտրական կապեր են հաստատել Սկանդինավիայի հետ:
1888 թ. բողոքական քարոզիչ, թարգմանիչ Աբրահամ Ամիրխանյանցն (1838-1913թթ.) իր ընտանիքով հաստատվել է Հելսինկիում: Նա հոդվածներով հանդես է եկել Ֆինլանդիայի կրոնական մամուլում: Նրա որդիներից կոմպոզիտոր Նաթան Ամիրխանյանցը (1872-1949թթ.) ուսանել է Հելսինկիի Կոնսերվատորիայում (Ֆինլանդիայի առաջին հայ ուսանողն էր), տիրապետել է ֆիններենին և շվեդերենին, գրել շուրջ 200 աշխարհիկ և հոգևոր երգ (նաև շվեդ բանաստեղծների տեքստերով), հիմնել շվեդական և նորվեգական երգչախմբեր:

Հելսինկիի համալսարանի գրադարանում կա 3290 հայերեն գիրք (մեծ մասամբ` լեզվագիտական և գեղարվեստական), 1850-1917 թթ. հրատարակված` շուրջ 20 անուն պարբերական մամուլ: 1998 թ. Հելսինկիի «Արվեստ և դիզայն» թանգարանում կազմակերպվել է Հայ եկեղեցու գանձերի ցուցահանդես` «Սուրբ Խաչ» խորագրով:

20-րդ դարի առաջին կեսին Ֆինլանդիա են այցելել հայ մտավորականներ Ալեքսանդր Աբելյանը, Գարեգին Լևոնյանը, Լևոն Բաշալյանը, Ստեփան Շահումյանը, Վահան Տերյանը, Վահրամ Փափազյանը (Հելսինկիում «Օթելլոյի» 4 ներկայացում է տվել ֆինն դերասանների հետ):

Վերջին տվյալներով` Ֆինլանդիայում՝ Հելսինկի, Տամպերե, Տուրկու, Հյուվինկյա քաղաքներում բնակվում է շուրջ 200 հայ:

You may also like...