Ֆիլիպիններ

Ֆիլիպիններում հայ առաջին վաճառականները հաստատվել են 16-րդ դարի 2-րդ կեսին` իսպանական տիրապետության ժամանակ: Նրանց մուտքը կղզիներ, ի տարբերություն այլ օտարազգիների, եղել է ազատ և խրախուսվել տեղական իշխանությունների կողմից: 1686 թ. Հնդկաստանում գործող Արևելա-հնդկական առևտրական ընկերության և տեղի հայ վաճառականների միջև կնքված պայմանագրով հայ վաճառականներն անգլիական նավերով Մանիլայում ազատ ելումուտի և առևտրի իրավունք են ստացել: Հայ առևտրականները Մանիլայից հիմնականում արտահանել են համեմունք, մետաքս, կերպաս և այլն, ներմուծել շաքար և արծաթ, ինչպես նաև «հայկական» կոչվող ներկատեսակ:

Հայ ակնավաճառների ձեռքում է եղել Ֆիլիպիններում թանկագին քարերի առևտրի մենաշնորհը: 18-րդ դարում Մանիլայի հայ գաղութը հիշվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գրագրություններում` որպես Իրանա-Հնդկաստանի (Նոր Ջուղայի) Հայոց թեմի մեջ մտնող համայնք: 18-րդ դարի երկրորդ կեսին Ֆիլիպիններում ապրել և ստեղծագործել է պատմաբան Զաքարիա Ջուղայեցին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` Ճապոնական օկուպացիայի տարիներին (1942-1945), Ֆիլիպիններում հայերի թիվը նվազել է: Այսօր Ֆիլիպիններում բնակվում են հատուկենտ հայեր:

You may also like...