Ֆենիսիա Գույումճյան

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1984թ.

Հայաստանի գրողների 9-րդ համագումարին հրավիրված սփյուռքահայ գրողների պատվիրակության մեջ կար մեկը, որը կարծես չուներ մնացածների տանտիրոջական վստահությունը եւ իրեն իսկապես հյուր էր զգում՝ մի տեսակ անհամարձակ, ամաչկոտ: Անմիջապես զգալի էր, որ նա առաջին անգամն է լինում Հայաստանում: Ֆենիսիա Գույումճյանն էր՝ Արգենտինայից:

Ծնվել է 1927-ին, Բուենոս-Այրեսում: Ադանացի ծնողների զավակ է, պապերը հաճընցիներ են: Մանկությունը բարեբախտաբար անցել է հայկական միջավայրում: Հավաքվել են նրանց տանը ադանացիներ ու հաճընցիներ ու զրուցել, պատմել, հիշել, եւ նրանց խոսք ու զրույցի մեջ շատ է եղել կորստի ցավն ու դառնությունը, ափսոսանքն ու բողոքը: Եւ Ֆենիսիան դեռ շատ մանուկ հասակից հաղորդակից է դարձել մարդկային հոգիների տառապանքին ու հասկացել, որ ամեն բանից առաջ ինքը հա՛յ է եւ պարտավոր է իր մեջ կրել այդ բոլոր հիշողությունները:

Կրթությունը, աշխատանքը, գրական գործունեությունը նրան ստիպում են դուրս գալ զուտ հայկական միջավայրից ու կապվել այն երկրի մշակութային կյանքին, ուր ապրում է:

Ֆենիսիա Գույումճյանը հիմնականում թատերագիր է: Նրա բազմաթիվ թատերգություններ բեմադրվել են Արգենտինայի «Ունիվերսալ» թատրոնի կողմից եւ արժանացել բազմահազար լսարանի հետաքրքրությանն ու համակրանքին: Թատերախաղերից մեկը, որ կոչվում է «Չինական սալոն», արժանացել է երկրի ամենահեղինակավոր գրական մրցանակներից՝ Արգենտինայի մշակույթի նախարարության մրցանակին: Թատերգության առաջացրած հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ այն անմիջապես թարգմանվեց եւ հրատարակվեց:

Ինքն իր ամենահաջողված թատերգություններից է համարում «Քաղցր եւ թթու» կատակերգությունը, ինչպես նաեւ «Ամուսիններ» մեկ գործողությամբ թատերախաղը, որոնք բեմադրվել ու ցուցադրվել են Արգենտինայի կենտրոնական հեռուստատեսությամբ: Հատկապես մեծ արձագանք է ունեցել վերջինս՝ «Ամուսիններ»-ը, որը հոգեբանական մեծ լիցք ունեցող, ժամանակակից բարդ կյանքի առաջադրած զանազան դժվար հասկանալի ու երբեմն անլուծելի խնդիրների շուրջն է:

Ֆենիսիան նաեւ ճապոնական ու չինական թատրոնների տեսաբան է: Արգենտինայի ռադիոն եւ հեռուստատեսությունը պարբերաբար հաղորդում են նրա ուսումնասիրությունները, հոդվածները, զրույցները ճապոնական ու չինական թատրոնների, մշակույթի այս բնագավառների ականավոր գործիչների մասին:

- Դժբախտաբար, իմ աշխատանքը որեւէ եզր չունի հայկական մշակույթի ու կյանքի հետ,- պատմում է Ֆենիսիան:- Սակայն ես մեկ մխիթարություն ունիմ, կարծես տեսակ մը կապող օղակ եմ արգենտինյան գրական-թատերական շրջաններու եւ հայերու միջեւ: Ամենուր ինձի կճանչնան որպես հայ եւ հաճախ անունս տալու փոխարեն կըսեն՝ «մեր հայուհին»:

Արգենտինյան գրական-թատերական շրջանակներում Ֆենիսիան ճանաչված է եւ մեծ հարգանք է վայելում:

Եւ ահա նա եղավ նաեւ մայր հայրենիքում:

– Առաջին անգամ է, որ Հայաստան եկա եւ այն էլ այսպիսի պատասխանատու առիթով մը՝ մասնակցելու հայ գրողներու համագումարին,- ասում է Ֆենիսիան:- Եւ այժմ հիացումի ու հրճվանքի մեծ ալիք կապրիմ: Հայաստանն իսկապես թանգարան է բաց երկնքին տակ, եւ ամեն հուշարձան հոս կխոսի, իր մեջ հիշողություն եւ պատմություն կպարունակե. ատիկա շատ կարեւոր է: Առաջնակարգ են արվեստներու թանգարանները, ամենեն բարձր մակարդակի: Երբեք «հպարտություն» կոչված զգացումն այսքան ուժգին չէր խոսած մեջս: Կարծես թե կուզեմ ավելի լայն բանալ աչքերս՝ զգալու համար ամեն քայլափոխի, ամեն պահի փոփոխվող տեսարանները, գույները, լույսը… Իսկ ճարտարապետական կոթողներն ուղղակի մեծ դպրոց մըն են, ուրկե շատերը պետք է դաս առնին: Սակայն ինձի համար ամենեն մեծ հայտնագործումը, ամենեն մեծ գանձը Հայաստանի ժողովուրդն է, մանավանդ պզտիկները, որոնք պարզապես կհիացնեն իրենց խոհուն նայվածքով, անուշ ժպիտով: Կերեւի, որ հարուստ ներաշխարհ ունին եւ Հայաստանի շարունակությունը անոնց մեջ ավելի քան կայուն ու ապահով պիտի ըըա:

Պատահական չէ, որ Ֆենիսիան այսպես գերվել է փոքրիկներով: Ընդհանրապես նա այն մարդկանցից է, ով բոլոր բջիջներով կապված է երեխաներին, նաեւ ստեղծագործում է նրանց համար: Նրա մանկական պիեսները շատ հարգի են Արգենտինայի մանկական թատրոններում, իսկ «Աղջիկը եւ թիթեռնիկը» մանկական բանաստեղծությունների ժողովածուն մտել է Արգենտինայի դպրոցահասակների ընթերցանության համար նախատեսված գրականության ցանկը: Ժողովածուն ընթերցելուց հետո հաճախ են Ֆենիսիային հրավիրում հանդիպման, եւ այդ հանդիպումները նա համարում է իր կյանքի լավագույն պահերը, երբ կարողանում է զրուցել իր այնքան սիրելի փոքրիկների հետ, մտնել նրանց հրաշալի աշխարհը, կիսվել կյանքի խնդիրների շուրջ, հրճվել նրանց հետ: «Սովետական գրող» հրատարակչությունը բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի թարգմանությամբ լույս է ընծայելու Ֆենիսիա Գույումճյանի «Աղջիկը եւ թիթեռնիկը» ժողովածուն:

- Ես անչափ ուրախ եմ ատոր համար,- հուզված ասում է Ֆենիսիան,- սակայն հետ այսու իմ մեծ երազանքս պիտի ըլլա որեւէ ձեւով կապ հաստատել Հայաստանի թատրոններուն հետ: Ես կփափագիմ, որ իմ թատերախաղերեն որեւէ մեկը ներկայացվի հայրենական բեմին վրա: Այս առաջին այցելությունս ինձի համար շատ բան փոխեցավ: Առաջ ալ անշուշտ հայ էի, բայց տեսակ մը տարանջատված կզգայի ինքզինքս, մինակ ու հեռավոր, հիմա կզգամ, որ ես ալ այս ժողովրդի մեկ մասնիկն եմ, թող որ հեռավոր, թող որ օվկիանոսեն անդին: Տեսակ մը ուժ եկավ վրաս, թերեւս հայրենի հողի ուժը: Հիմա ավելի եւս պահանջ կզգամ հայ ժողովուրդը ներկայացնելու արժանթինյան ժողովուրդին առջեւ: Մինչեւ հոս գալս արդեն գրած էի մեկ պոեմ, որ կկոչվի «Ձոն հայկական տառապանքին», ան պետք է երաժշտության, երգի ու պարի ուղեկցությամբ ներկայացնի մեր ժողովուրդի պատմությունն ու կրած մեծ ողբերգությունները: Բայց հոս գալե ետքը ներսս եղած բոլոր զգացումներուս ավելցան ինքնավստահությունը, հպարտությունը եւ երազանքը: Անչափ կարեւոր է մարդու համար, երբ կշատնա երազանքը: Ես պիտի ձգտիմ այս նոր ապրումներս արտահայտիլ գրական ձեւի մեջ եւ կխորհիմ, որ այս անգամ այն պետք է ըլլա Ձոն առ ներկա Հայաստան: Եւ անոր մեջ շատ պետք է ըլլա պայծառությունը, լույսը, երազանքը…

You may also like...