«Քիչ մը խենթ» Օշին Քեշիշյանը

«Հայրենիքի ձայն», 23 հոկտեմբերի, 1991թ.
Սեյրանուհի Գեղամյան

Դժվար է սովորական չափանիշներով, կենսագրական թվերով ու փաստերով լեցուն հոդված գրել ամերիկահայ հասարակական գործիչ, գրականագետ եւ խմբագիր Օշին Քեշիշյանի մասին, ինչպես սովորաբար արվում է հոբելյանական առիթներով: Դժվար է, որովհետեւ ինքը՝ Օշինը, անսովոր, ինքնատիպ, ինչպես ընկերներն են սիրում նրա մասին ասել՝ «Քիչ մը խենթ» անհատականություն է: Որովհետեւ, կենսագրական տվյալները չոր թվեր ու փաստեր են, իսկ ինքը՝ Օշինը, անընդհատ շարժում է, անսպառ եռանդ, միտք, որոնում:

Օշին Քեշիշյան

Օշին Քեշիշյան

Մշտապես ազգային բոլոր ձեռնարկների շունչն ու ոգին է, նրա հասարակական, գրականագիտական եւ խմբագրական աշխատանքը իդեալի հասնող երեւույթ է:
Եւ, այնուամենայնիվ, անկարելի է բոլորովին խուսափել կենսագրական փաստերից՝ հենց թեկուզ հաստատելու համար վերը ասվածը:
Ուրեմն՝ մի քիչ կենսագրություն:
Ծնվել է Երուսաղեմում: Եւ սա այն դեպքն է, երբ ասում են՝ ծնվել է ճակատագրորեն իր մեջ կրելով ազգային գործչի եւ խմբագրի դժվարին առաքելությունը: Դեռեւս Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան մանչերի վարժարանում աշակերտելու տարիներին գործուն մասնակցություն է բերել դպրոցական «Նվիրում» թերթի լույսընծայմանը, ապա եւ խմբագրել է «Զարթոնք» օրաթերթի հավելված «Զարթոնք-սպոր» շաբաթաթերթը:
ԱՄՆ է տեղափոխվել 1956-ին եւ այստեղ ավարտել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանը: Երկու տարի եղել է «Նոր օր» եռօրյայի խմբագիր:
1967-ին ստացել է Պսակավոր Արվեստից վկայական՝ մարդաբանության եւ ամերիկյան ուսմանց մեջ, ապա մագիստրոս արվեստից՝ Լա Վըրնի համալսարանում:
Սակայն Օշին Քեշիշյանի հիմնական կրթությունն ու տիտղոսները ձեռք են բերվել ազգային-հասարակական կյանքում: Եւ այստեղ, իսկապես որ, դժվար, գրեթե անկարելի է ամբողջականորեն թվարկել այն բոլոր բնագավառները, որոնցում իր մասնակցությունը որպես հիմնադիր կամ ղեկավար-անդամ ունեցել է նա: Նրա անունը մշտապես եղել եւ մնում է ազգային կյանքը կազմակերպող ամենապատասխանատու անձերի անվանացանկում: Այլ պարագաներում գուցե եւ կարելի է ասել, թե պաշտոնների ու տիտղոսների թվարկումը պարզ արձանագրություն է միայն, սակայն Օշինի պարագայում դրանցից յուրաքանչյուրը նվիրում է, աներեւակայելի ճիգ ու ջանք, անչափելի եռանդ, ժամանակի եւ անձնական կյանքի զոհաբերում: Եւ դա՝ սկսած հայկական վարժարաններում ու քոլեջներում դասավանդելուց, մինչեւ մշակութային միությունների գործունեությանը, հայկական տարբեր հեռուստածրագրերին, ազգային ամենալայն ձեռնարկումներին, միջազգային զանազան համագումարներին, ասուլիսներին ու գիտաժողովներին մասնակցելը:
Տարբեր գիտաժողովներում կարդացած չափազանց շահեկան զեկուցումներից յուրաքանչյուրը, ինչպիսիք են «Հայ դպրությունը միջնադարուն», «Ամերիկահայ գրականության զարգացման փուլերը», «Ամերիկահայ համայնքի կառույցը», «Հայոց վերապրումը Ամերիկայի մեջ», «Հայոց բնութագիրը Ամերիկայի մեջ», «Հայեր-նորեկներ Խորհրդային Միութենեն» եւ այլն, կարող է դիտվել որպես գիտական համապարփակ, լուրջ ուսումնասիրություն:
Սակայն Օշին Քեշիշյանի իսկական տարերքը մամուլն է՝ կենդանի, ամենօրյա կյանքը եւ այդ հարափոփոխ կյանքում կարեւորը անկարեւորից, տեւականը անցողիկից, ճշմարիտը կեղծից տարբերելու նրա բացառիկ զգացողությունը:
Եւ այդ բացառիկ զգացողության շնորհիվ էլ նա 1969-ին Լոս Անջելեսում հիմնադրեց «Դը Արմինյըն օբզըրվըր» անգլալեզու շաբաթաթերթը՝ իր ազգային արմատներից օտարվող ամերիկախոս մի հոծ զանգվածի մեջ արթնացնելու եւ վառ պահելու համար հայության նիրհող կրակը: Մինչդեռ այսօր էլ, դրանից ավելի քան 20 տարի անց, մեզանում դեռ կան մարդիկ, որոնք երկմտում են անգլախոս կամ ընդհանրապես օտարախոս սերունդը հայության թվին դասել:

Գիտենք՝ սփյուռքում, բարեբախտաբար, հայ խմբագիրներ շատ կան: Նրանց բոլորի դժվարին ու սրբազան աշխատանքը արժանի է ամենայն հարգանքի ու գնահատանքի: Բայց, այնուամենայնիվ, այնքան էլ շատ չեն հատկապես ընդգծված անհատականությունները: Եւ թե՛ սփյուռքում, ու թե՛ հայրենիքում անկեղծորեն մեծարելով Օշին Քեշիշյանին, մենք հաստատում ենք, որ նա հենց այդ քչերից մեկն է: Ինչի՞ շնորհիվ է Օշինը ձեռք բերել այդ մեծ շնորհը: Նախ՝ տիրապետում է համապարփակ ու հիմնավոր հարուստ գիտելիքների եւ, որ էլ ավելի կարեւոր է, օժտված է այդ գիտելիքները օգտագործելու, երեւույթներն ու անձերը իրենց իրական շառավիղների մեջ գնահատելու կարողությամբ, որակներ, որոնց շնորհիվ նրա խոսքը, հոդվածները, գնահատականները հավատ ու վստահություն են ներշնչում, դառնում գրեթե չափանիշ:
Նա կարողանում է իր ուղիղ կեցվածքի եւ անձնական հմայքի ուժով համախմբել հայությունը ո՛չ միայն իր ապրած երկրի սահմաններում, այլեւ հայահոծ մյուս գաղթօջախներում: Նա, իրոք, այն քիչ թվով գործիչներից է, որն ընդունված ու սիրված է բոլոր շրջանակներում: Եւ դա ո՛չ այնքան իր անկուսակցական, անկախ պատկանելությունից է, որքան նրա շիտակ կեցվածքից, ուղիղ եւ ուղղամիտ բնավորությունից կեղծելու եւ հաճոյանալու անկարող էությունից, աշխարհասփյուռ հայությունը որպես ազգային մեկ հավաքականություն տեսնելու նրա երազանքից, մարդու մեջ բարեկամը եւ ոչ հակառակորդը որոնելու իր ազնվությունից:
Իր խմբագրական աշխատանքի երկու տասնյակ եւ ավելի տարիների ընթացքում առիթ ունենալով հանդիպելու աշխարհի նշանավոր շատ արվեստագետների, մտավորականների, քաղաքական գործիչների հետ, նա մշտապես արծարծել է հայ ժողովրդի կենսական շահերը շոշափող հարցեր, սկսած ամերիկյան նախագահներից ու սենատորներից, մինչեւ Եւրոպայի, Հարավային Ամերիկայի ու Արեւելքի երկրների բարձր դիրք ունեցող պաշտոնյաները:
Եւ զարմանալի է, որ այսքան շատ, այսքան հետաքրքիր հանդիպումներ ունեցած մարդը իր հարցազրույցներից մեկում ասում է, թե իր կյանքի անկյունադարձային դեպքերը երկուսն են՝ Սարոյանի աճյունի Երեւան փոխադրությունը եւ Գլաձորի համալսարանի 700-ամյակի հանդիսությանը ելույթ ունենալը: Սա ինքնին խոսուն փաստ է, հայրենի հողի, հարազատ ժողովրդի հանդեպ ունեցած սիրո չափանիշ:
Արդեն բավական երկար տարիներ աշխատանքի բերումով ես հանդիպում եմ հայրենիք այցելող բազմաթիվ սփյուռքահայերի: Երբեմն առիթ եմ ունեցել նրանց տեսնել նաեւ իրենց ապրած երկրներում, իրենց գործունեության ծիրի մեջ: Եւ պատահել է, որ խոսքն ու գործը այնքան էլ չեն համապատասխանել, պատահել է, որ նրանցից ոմանք չափազանցված են ներկայացրել իրենց իսկ գործը, երբեմն ազգի համար կատարված փոքրիկ ծեղը ներկայացնելով որպես հսկայական գերան: Պատահել է նաեւ, որ ես ուղղակի զարմացել եմ, թե ինչպե՛ս մարդիկ բառերին չտրվող իրենց հայրենասիրության, աննկարագրելի նվիրումի մասին խոսել են համեստորեն, իբրեւ պարզ ու բնական մի պարտավորություն: Այդպիսին է եւ Օշին Քեշիշյանը: Ես նրան հանդիպել եմ Կալիֆորնիայում ու զգացել այն մեծ բեռան ծանրությունը, որ նա կրում է իր ուսերին այնպես թեթեւորեն, իբրեւ պարզ ու բնական մի պարտավորություն:

Որպես լրագրող ես չեմ ամաչում խոստովանել, որ պարզապես նախանձում եմ Օշինին: Նախանձում եմ նրա համապարփակ, հիմնավոր գիտելիքներին, որոնց տիրապետելու համար մի կյանքը քիչ է, նախանձում եմ լրագրողի նրա անկախությանը, ինչո՞ւ չէ՝ նաեւ աշխարհ շրջելու, աշխարհի ամենահետաքրքիր մարդկանց հետ շփվելու նրա մեծ հնարավորություններին: Բայց եւ անկեղծորեն ուրախ եմ, որ այդ գիտելիքների ու հնարավորությունների տերը հենց ինքը՝ Օշինն է, մի մարդ, որն օժտված է իր գիտելիքներն ու փորձառությունը շրջապատին փոխանցելու անսահման շռայլությամբ: Միայն ափսոս, որ իր եւ իր շրջապատի անփութության պատճառով այդ իմացությունները, մանավանդ սփյուռքի պատմության զանազան շրջաններին, բազմաշերտ երեւույթներին, մտավորականներին ու մամուլին վերաբերող գիտելիքները չեն դառնում գրքեր, որոնք վստահաբար դասագրքերի կարեւորություն պիտի ունենային:
Օշին Քեշիշյանի մասին հոդվածս ուզում եմ ավարտել ճանաչված գործիչ Երվանդ Ազատյանի խոսքերով, որոնք տեղ են գտել Օշինի գրական, հասարակական եւ խմբագրական գործունեության 35-ամյա հոբելյանի առթիվ Լոս Անջելեսում հրատարակված գրքում:

«Անձով, տեսիլքով, նվիրումով ու գործով միշտ եղար եզակի եւ այսօր, բնորոշելու համար այդ բոլորը, դժվար է զառածիլ ընդհանրություններու շուրջ, սովորական եւ ընկալյալ տարազումներու ժխորին մեջ, երբ ընտիր բառեր ու մտքեր են պետք առանձնացնելու եւ բերելու այն եզակին, որ անձիդ հատկանիշը եղավ ու քեզմե ճառագայթեց շրջապատիդ: Շնորհավորելը հասարակ բանաձեւ մը պիտի ըլլա այս առիթով, նույնպես գնահատելը. գուցե ավելի պատշաճ պիտի ըլլա ըսել՝ կհասկնամ բովանդակ կյանքիդ խենթությունը եւ այդ խենթության մեջ` իմաստությունդ»:

Ես միանում եմ այս խոսքերին:

You may also like...