Քարե վանք (Սահառունյաց վանք)

Երուսաղեմի Հայոց Պատիարքությունը Սիոնի բարձունքում կառուցված Սրբոց Հակոբեանց վանքից բացի Տեառնեղբոր անվամբ ունեցել է նաև մեկ այլ վանք` Հովասափատի Ձորում: Նրա հետքը թեև հիմա չկա, բայց պատմական փաստերը և հիշատակարանները վկայում են, որ հայերը շատ վաղուց Տեառնեղբոր նահատակության վայրի շրջակայքում կառուցել են ևս մեկ վանք` «Սուրբ Տեառնեղբայր» անունով: Տեառնեղբոր մարտիրոսության մասին մանրամասն պատմում է Եվսեբիոս Կեսարացին իր «Եկեղեցու պատմություն» աշխատասիրության մեջ:

Քրիստոնյաների հակառակորդները կատաղի նոպայի մեջ աշտարակից վայր են գլորում Տեառնեղբորը, երբ նա աղոթում էր իր թշնամիների համար, նրանցից մեկը թրով զարկում է սրբի գլխին: Այսպես Հակոբ Տեառնեղբայրը նահատակվում է հանուն Հիսուս Քրիստոսի: Այս վկայությունը հաստատում է Սուրբ Տեառնեղբոր գերեզմանի վերաբերյալ ավանդությունը: Կյուրեղ Երուսաղեմացու օրոք IV դարում գտնվում են Տեառնեղբոր նշխարները և փոխադրվում Սիոն, այժմյան Սրբոց Հակոբեանց եկեղեցու տեղը:

Այս մասին ամենաորոշակի տեղեկությունը տալիս է Շատր քաղաքի (Փարիզ) Մատենադարանում գտնված X դարի մի ձեռագիր` թարգմանված հունարենից լատիներեն: Ըստ այդ ձեռագրի՝ IV դարում Տեառնեղբոր գերեզմանի վրա կառուցվում է մի վկայարան և նշխարների մի մասը փոխադրվում է այնտեղ: Հովասափատի Սուրբ Տեառնեղբոր վանքի մասին Անաստաս վարդապետը գրում է.

«Սահառունեաց վանքն, զոր Քարուվանք կկոչեն, որ Տեառնեղբորն է զոր ընկալաւ վեմն»: Սահառունիք հայ նախարարական տներից մեկն են, որոնց ծագումը մեզ շատ հայտնի չէ: Այն Սուրբ Սահակ Կաթողիկոսի Գահանամակի մեջ 25-րդ (ԻԵ) կարգն ունի:
Այժմ այս վանքի տեղում հրեական գերեզմաններ են:

You may also like...