Փարիզում ապրող ֆիդային

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1989թ.

Այսպես եմ միշտ մտածել Զոհրապ Մուրադյանի մասին: Այո, իսկ եւ իսկ ֆիդայի՝ իր կամային ու վճռական հայացքով, իր խորաթափանց ու վշտոտ աչքերով, կտրուկ ու անմշակ շարժուձեւով, զուսպ ու խիստ արտաքինի տակ՝ բացառիկ քնքույշ ու տառապող իր հոգով, որ լի էր պոեզիայով…

Ծնվել էր Մշո Խասգյուղում, բայց ճակատագրի տնօրինությամբ բնակվում էր Փարիզում՝ իր ծննդավայրի անդարմանելի կարոտը սրտում, որ նաեւ Հայաստանի կարոտն էր, իր հողի ու ժողովրդի կարոտը… Ապրում էր նաեւ մեղավորության զգացումով, որ անմասն է հայրենիքի անցուդարձից, ու մեղավորության այդ զգացումը նրան մղում էր անել ամեն ինչ՝ իր ակամա «մեղքը» քավելու համար: Փարիզյան իր բնակարանում նա ստեղծել էր ի՛ր Հայաստանը, հայկական մթնոլորտը՝ իրեն շրջապատելով հայրենի բնապատկերներով, հայ վարպետների բազմազան աշխատանքներով, հայ գրողների ստեղծագործությունների բացառիկ հարուստ գրադարանով, այն ամենով, ինչը կարող էր հայրենի մի հուշ արթնացնել, մի բեկոր հիշեցնել, մի ապրում վերակենդանացնել: Բայց դա էլ լիովին չէր մխիթարում նրա հայրենակարոտ հոգին, ու նա գտավ Հայաստանի հետ, իր ժողովրդի մեջ ապրելու նոր ճանապարհ, որ հավանաբար սփյուռքահայի համար ճանապարհներից ամենավստահելին է. հայրենի թանգարաններին, պատկերասրահներին ու գրադարաններին սկսեց պարբերաբար նվիրել սփյուռքահայ նկարիչների ստեղծագործություններ, տարբեր դարաշրջաններին պատկանող ասեղնագործ ու կիրառական արվեստի այլ իրեր:

Վերջին տարիներին Զոհրապ Մուրադյանի համար սեւեռուն գաղափար էր դարձել Երեւանի պետական համալսարանին օգտակար լինելու գաղափարը, մի հաստատության, որտեղ կրթվում ու դաստիարակվում են հայ երիտասարդները: 1986-ին նա համալսարանի բանասիրական ֆակուլտետի գրադարանին նվիրեց ֆրանսիական համընդհանուր հանրագիտարանի 23 հատորները, իսկ ընդամենը մեկ տարի առաջ, ճիշտ այս օրերին, Զոհրապ Մուրադյանը դարձյալ Հայաստանում էր եւ դարձյալ ծանրաբեռ, այս անգամ նա հայրենի մայր բուհին նվիրեց ֆրանսիական բացատրական եւ այլ բառարանների 12 հատորներ: Ու հիմա երիցս հուզիչ է վերհիշել նրա խոսքերը, որ նա ասաց ի պատասխան իրեն ուղղված երախտագիտության ու շնորհակալանքի արտահայտությունների. «…Կգիտակցենք, որ մեր կյանքի այսօրվա պահերն ալ կդառնան քաղցրահունչ հիշողություններ, ու մեր կյանքի մայրամուտին կմնան որպես անանց ապրումներ ու ամոքիչ սպեղանիներ…»:

Այո, այն ամենը, ինչ անում էր Զոհրապ Մուրադյանը, անում էր որպես մխիթարանք ու սպեղանի՝ կարոտախտով տառապող իր հոգու համար: Անգամ այդ՝ իսկապես հիվանդ սրտով անընդհատ հյուրեր էր ընդունում Հայաստանից՝ կապի այս կերպն էլ դարձնելով հայրենիքի հետ հաղորդակցվելու յուրօրինակ ձեւ… Հայեր, հայեր եւ ոչ միայն Հայաստանից: Փարիզի Մեզոն Ալֆոր կոչվող արվարձանում գտնվող նրա տանը ո՞վ ասես, որ չի հանգրվանել. Նաեւ՝ Սողոմոն Թեհլերյանը, Վիլյամ Սարոյանը, Պարույր Սեւակը, Մինաս Ավետիսյանը, մեր արվեստի ու գրականության գրեթե բոլոր նշանավոր դեմքերը, նաեւ պարզ, հասարակ հայեր, որոնք նրա համար մեծ էին այնքանով, որքանով ՀԱՅ էին:

1988-ի դեկտեմբերի 7-ին հայրենիքին վիճակված դաժան աղետը անբուժելի դարձրեց նրա սրտի տագնապները: Ճանապարհի հեռավորությունն այլեւս անհաղթահարելի էր նրա համար ու վիրավոր հայրենիքին օգտակար լինելու առաքելությունը հանձնարարեց կնոջը՝ Արաքսիին եւ եղբորորդուն՝ Րաֆֆի Մուրադյանին, որոնք Հայաստան եկան վերաշինության աշխատանքներին մասնակից դառնալու իրենց ծրագրով ու պատրաստականությամբ: Այս օրերին դարձյալ պետք է Հայաստանում լինեին, եթե…

Զոհրապ Մուրադյանի մահվան լուրը այս ծանր օրերին ավելի սեղմեց մեր տխուր հոգիները, որովհետեւ նրա մահով կյանքից հեռացավ եւս մի ֆիդայի, որ թեեւ բնակվում էր Փարիզում, բայց մշտապես ապրում էր Մշո լեռներում, Հայաստանի հող ու ջրի հետ, հայ ժողովրդի երազների իրականացման ամենօրյա պայքարի մեջ…

You may also like...