Փաստավավերագրականը՝ գեղարվեստի նյութ

«Ազգ», 22 ապրիլի, 1995թ.
Սեյրանուհի Գեղամյան

Անդրանիկ Ծառուկյանի «Սէրը եղեռնին մէջ» վեպը՝ Ռուբեն Սևակի ասպետական կերպարի ուրվագիծ

Սփյուռքահայ նշանավոր գրող եւ հրապարակախոս Անդրանիկ Ծառուկյանի վերջին՝ գուցե «տարօրինակ» վերնագրով «Սէրը եղեռնին մէջ» վեպը, որը լույս է տեսել 1987-ին Բեյրութում, ցավոք, առայժմ անհայտ է Հայաստանում: Վեպը մի գեղեցիկ ու տխուր պատմություն է արեւմտահայ բանաստեղծական բույլի ամենապայծառ աստղերից մեկի՝ Ռուբեն Սեւակի (Չիլինկիրյան) կյանքի վերջին ամիսների մասին, երբ աքսորավայրում գտնվող բանաստեղծը կարող էր փրկել իր ֆիզիկական գոյությունը՝ ընդունելով մեծահարուստ մի թուրք աղջկա սերը, բայց գերադասում է մեռնել՝ կիսելով իր ընկերներին ու ազգին բաժին հասած դժվար ճակատագիրը:

andranik-tsarukyan

Անդրանիկ Ծառուկյանը կյանքի վերջին տարիներին միայն «սիրտ արեց» գրել արյան մեջ ծնված այդ սիրո պատմությունը, որի մեջ կենդանանում եւ ավելի սիրելի է դառնում Ռուբեն Սեւակի ասպետական ու վսեմ կերպարը:

Լոզանում բժշկական բարձրագույն կրթություն ստանալուց հետո, այդ ընթացքում ամուսնանալով գեղեցիկ, «արվեստագետի հոգիով» գերմանուհի Ժանինի հետ՝ Ռուբեն Սեւակը վերադառնում է Պոլիս ու նվիրվում սիրած մասնագիտությանը՝ երջանիկ ընտանեկան ու աշխատանքային ներդաշնակ մթնոլորտում: Սակայն մոտ էր 1915-ը… Ու զգալի էին «մութին մեջ» պատրաստվող ինչ-որ ահավոր բանի սարսուռները, որ մթագնում, դառնացնում էին ընտանեկան ու անձնական ամեն երջանկություն:

Եւ բնական է, որ Ծառուկյանի վեպը ավելի շատ 1915-ի դարասկզբի անցուդարձերի պոլսահայ կյանքի, հայ մտավորականների տագնապալի ապրումների մասին է, երբ հայ տները Պոլսում վեր էին ածվել անկրակ մխացող խարույկների, եւ ոչ ոք ի վիճակի չէր հասկանալու պատրաստվող ողբերգության բնույթը, ձեւը, ծավալը, գույնը: Ու «ցեղին սիրտը»՝ հայ մտավորականները, փորձում էին գտնել ազգի առջեւ ցցված մթին հարցականների պատասխանները, փորձում էին գտնել նրա կոկորդին օրեցօր սեղմվող օղակից դուրս պրծնելու ճանապարհներ, սակայն անհնարինության ու անորոշության մաշող ցավից վեր էին ածվել հուսահատ նավաբեկյալների:

Ծառուկյանի վեպը հետաքրքիր ու արժեքավոր է ոչ միայն փաստավավերագրական դեմքերն ու դեպքերը գեղարվեստական հետաքրքիր պատումի վերածելու նրա տաղանդով: Իր լայն իմացության, խոր ուսումնասիրությունների, իսկական գրողին հատուկ հոգեբանական խորաթափանցության շնորհիվ նա կարողացել է հանգել պատմագիտական լուրջ եզրահանգումների ու տալ երիտթուրքերի կողմից հայերի ցեղասպանության իրական պատճառները, Թուրքիայի ու նրա դաշնակիցների ներքին ու արտաքին խնդիրների ու հիմնահարցերի ամբողջական համայնապատկերը:

«Մեր երազն է,- բացատրում է Թուրքիայի ռազմական նախարար Էնվերը,- ռուսը Կովկասեն անդին նետել եւ մեզի ճամփա բանալ դեպի Կեդրոնական Ասիա: Ֆրանսական ճակատեն առաջ պետք է ամբողջ ուժով ճնշել ռուսական ճակատին վրա… Գերմանացիները կհասնին Ուկրաինո ցորենի ամբարները, մենք ճամփա կելլենք դեպի Թուրքեստանի մարդկային ամբարները: Մանրամասնությունները մեկ կողմ, այս պատերազմին մեջ մեր եւ Գերմանիո իդեալները այս երկու բաներն են…»:

«Եւրոպան՝ գերմաններուն, Ասիան՝ թուրքերուն». ահա հայության բախտը որոշող պանթյուրքիզմի ու գերմանական շովինիզմի դաշնության բանալին, որն այդպես դաժանորեն փակեց օգնության ամեն դուռ:

Ու որքան էլ դժվար է նման ծանր ու արյունալի իրադարձությունների հենքի վրա վեպ գրել սիրո մասին, այնուամենայնիվ Ծառուկյանը փորձել է գեղարվեստական պատումի վերածել անապատային Չանկրը գյուղ աքսորված Սեւակի հետ կատարված դեպքը, երբ նրա բժշկած անհուսորեն հիվանդ մի թրքուհի այնքան ուժգին է սիրահարվում նրան, որ մեծահարուստ հայրը երիտասարդ բժշկին համառորեն, երբեմն նաեւ սպառնագին առաջարկում է հրաժարվել իր ազգությունից, ամուսնանալ աղջկա հետ ու փրկել իր ֆիզիկական գոյությունը: Մինչդեռ Սեւակը եւ Սեւակները երբեք ֆիզիկական գոյության հպատակը չեն եղել:

Անշուշտ, խորունկ սիրո այս դեպքը, թրքուհու ողբերգական ապրումները, ինչ-որ տխուր քնքշանքի երանգ է ծնում ընթերցողի հոգում: Բայց վեպի առավել սիրելի, առավել մնայուն կերպարը Ժանինն է՝ Սեւակի գերմանուհի կինը, որ հետագա ամբողջ կյանքում տառապեց ոչ միայն անզուգական ամուսնու կորստի ցավից, ոչ միայն արեւմտահայության հետ կատարված ահավոր ողբերգությունից, այլ գուցե ավելի շատ այն քար լռությունից, որ պահեց իր հայրենիքը՝ Գերմանիան, այդ ամենի հանդեպ: Ու գերմաներեն արտասանած նրա վերջին բառերը, որ հնչել են երդումի պես, եղել են հետեւյալը. «Կամչնամ գերմանացի ծնելուս»: «Երդում մը, որուն հավատարիմ մնաց մինչեւ իր մահը: Զավակները ֆրանսացի մեծցուց, սորվեցնելով անոնց, թե հայ են ծագումով եւ հայ բանաստեղծ Ռուբեն Սեւակի զավակներն են…»,- գրում է Ծառուկյանը (այս իրողությունը վկայեց նաեւ վերջերս ֆրանսիական Նիս քաղաքից Հայաստան եկած Ռուբեն Սեւակի դուստրը՝ Շամիրամը):

Բարձր գեղարվեստական ստեղծագործությունը, մանավանդ, երբ հիմնված է իրական դեպքերի վրա, ընթերցողին կարողանում է տալ ավելին, քան կարող է տալ մերկ փաստը: Անդրանիկ Ծառուկյանի «Սէրը եղեռնին մէջ» վեպը դրա լավագույն վկայությունն է:

Հ.Գ. 2004 թ. Հայաստանում պետական աջակցությամբ «Գրաբեր» հրատարակչությունը լույս ընծայեց Ա. Ծառուկյանի «Սէրը եղեռնին մէջ» վեպը:

You may also like...