Ցուցահանդես Միլանում

Հայություն, հոկտեմբեր, 1995թ., թիվ 2 (51)

Այս տարի ապրիլի 21-ին Միլանի հնագիտական թանգարանի սրահներից մեկում բացված ցուցահանդեսը մի քանի oր անց փակվեց՝ առաջացնելով իտալական մամուլի և հասարակայնության վրդովմունքը:

Ցուցահանդեսը կրում էր «Հայերը Անատոլիայում. 1915 թվական» վերտառությունը և նվիրված էր Հայոց ցեղասպանության 80-ամյակին: Այն ներկայացնում էր գերմանացի գրող, հրապարակախոս Արմին Վեգների փաստագրական նյութերն ու լուսանկարները:

Ա. Վեգները 1915-16 թթ. գերմանացի սանիտարական բժիշկների կազմում հայտնվել էր Թուրքիայում և Տեր-Զոր քշված բազմահազար հայերի ողբերգության ականատեսը դարձել:

Իր տեսածն ու ապրածը Վեգներր ոչ միայն գրելով, այլև լուսանկարներով էր փաստել: Բայց նրա՝ հայրենիք մասնավոր անձանց ու մամուլին ուղարկած նյութերն այդպես էլ մնացել էին դարակներում պինդ փակված: Չորս տարի անց իր երկրի քաղաքական դիրքորոշմանը հակառակվելով, Վեգները այդ նյութերը լույս է ընծայում «Անվերադարձ ճանապարհ» գրքում: Ավելին՝ նույն 1919 թվականին «Կտակ անապատում» խորագրով բաց մի նամակ է հղում այն ժամանակվա ԱՄՆ-ի պրեզիդենտ Վիլսոնին՝ հիմնավոր փաստերով նշելով հայերի ցեղասպանության կազմակերպված լինելը և լուրջ մեղադրանքներ ներկայացնում նաև արևմտյան երկրներին:

Նամակը ավարտելով նա գրում է. «Երբ 1915-ին թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերին երկրի երեսից ջնջելու իր հրեշավոր ծրագրի իրագործմանը, չկար մեկը, որ խանգարեր… խելագարված հանցագործների «գործողությունը»:

Ահա հենց այս մեծ հումանիստ գրողի նյութերն ու լուսանկարները ներկայացնող ցուցահանդեսն էր, որ նշված ժամկետից առաջ փակվեց: Պատճառը Միլանում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանի բողոքի նոտան էր Իտալական կառավարությանը: Միլանի քաղաքապետարանի մշակութային բաժին ներկայացրած իր պաշտոնագրում թուրքական հյուպատոսարանը հատկապես բողոքել էր ցուցասրահում փակցված երկու թռուցիկների դեմ, որոնք Թուրքիային պատասխանատվության ենթարկելու կոչ էին անում: Սակայն արգելքը կարճ տևեց: Իտալական մամուլի բարձրացրած աղմուկի և հասարակայնության ճնշման տակ «Հայերը Անատոլիայում. 1915 թվական» ցուցահանդեսը մեկ օր փակ մնալուց հետո կրկին վերաբացվեց: Ավելին, այս միջադեպի կապակցությամբ ցուցահանդեսի հանդեպ հետաքրքրությունն ու արձագանքն սպասվածից մեծ եղան: Այնքան, որ Իտալիայի տարբեր քաղաքներում ներկայացվելու հրավերներ ունեցավ: Եվ Միլանից ու Ֆլորենցիայից հետո Պադովա քաղաքում այս օրերին ներկայացված ցուցահանդեսը կագմակերպիչները ծրագրել են տանել Հռոմ, ապա Շվեյցարիա:

Ռ. Զաքարյան

You may also like...