Ցուցադրում է բուլղարահայ նկարչուհին

«Սովետական Հայաստան», 1985, թիվ 4

Լինում են պահեր, որ կարծես անցած տարիների համար պատասխան ես տալու հենց այդ րոպեին: Ինձ թվաց, թե նույնը զգում էր բուլղարահայ նկարչուհի Նվարդ Աբգարյանը, երբ սպասում էր իր փոքրիկ ցուցահանդեսի բացմանը: Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի սրահում ներկայացված նկարները նկարչուհու աշխատանքների մի մասն էին միայն, ու նկատում էի, որ նա հուզվում էր. չլինի՞ թե հանկարծ այդ աշխատանքները չկարողանան բացահայտել իր աշխարհը: Սակայն մի հայացքն էլ բավական էր հասկանալու, որ Նվարդն ինքնատիպ մտածողություն ունի, որ նրա նկարները չես շփոթի մեկ ուրիշի հետ:

Նվարդ Աբգարյան

Նվարդ Աբգարյան. Ինքնանկար

Անցյալը մեզ երբեմն այցի է գալիս մի սիրված երգով, մի ծանոթ հոտով կամ մի պատկերով: Նվարդը երկար կանգնեց Աշտարակը պատկերող նկարի առջև, ու նրա աչքերում ես կարոտ տեսա` իր ուսանողական տարիների (1970-78 թվականներին նա սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում), իր հայրենի բնության նկատմամբ:

— Մեր խաչքարերը, եկեղեցիները, մերկ լեռները… գույները, այդ անսպասելի գույները ինձ խենթացնում էին, ազատ ժամերիս հաճախ էի մեկնում Երևանից ու վերադառնում բնապատկերներով: Բուլղարիայում, իմ արվեստանոցում, երբ նայում եմ այդ նկարներին, մի անհուն կարոտ է պահում ինձ: Ու այդ պահերին թվում է, թե ճակատագրական մեծ սխալ է եղել, որ ես ծնվել եմ հայրենիքից հեռու:

Նվարդ Աբգարյան

Նվարդ Աբգարյան. Արվեստանոցում

Նվարդ Աբգարյան

Նվարդ Աբգարյան. Կուչկովոյի վանքը

Նվարդ Աբգարյան

Նվարդ Աբգարյան. Եղբոր դիմանկարը

Նվարդ Աբգարյանը Բուլղարիայի նկարիչների միության Պլովդիվի մասնաճյուղի անդամ է, ակտիվ մասնակցում է ցուցահանդեսների: Գեղարվեստական ուսումնարանում դասավանդում է գշանկար, գեղանկար, արվեստի պատմություն:

Երիտասարդ նկարչուհին հայրենիքից մեկնելուց առաջ ինձ ցույց տվեց ցուցահանդեսի մասին այցելուների, հատկապես համակուրսեցիների ու իր դասախոսների անկեղծ, ջերմ կարծիքները` գրված տպավորությունների գրքում:

Լարիսա Հովհաննիսյան

You may also like...