Տնտեսական զարգացման «ոսկի կանոնները»

«Հայրենիքի ձայն», նոյեմբեր, 1991թ.
Սեյրանուհի Գեղամյան

Անկախացումը լայն բացել է Հայաստանի դռները եւ այս օրերին Հայաստանը լի է արտասահմանցի եւ սփյուռքահայ բազմաթիվ հյուրերով, որոնք Հայաստան են եկել գործնական ամենատարբեր ծրագրերով, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, տնտեսական փոխօգնության գործարքներ կնքելու, ինչպես նաեւ հեռանկարային հնարավորությունները ուսումնասիրելու նպատակներով: Ահա այդպիսիներից մեկը՝ շվեյցարահայ, այժմ Լոս Անջելեսում բնակվող, մեր հայրենակից Հարություն Սիմոնյանն է: Ծնունդով այնթապցի է: Հայրը, որ հայտնի է եղել Ջրաղացպան Օվե անունով, Սասունի Գերմավ գյուղից էր: Եւ հենց սասունցու ուժեղ արյունն էլ եղել է Սիմոնյան ընտանիքի հիմնական ժառանգությունը: Այս ընտանիքում է ծնվել նաեւ սփյուռքահայ համբավավոր ուսուցիչ, գրող եւ խմբագիր Սիմոն Սիմոնյանը: Պարոն Հարությունը նրա կրտսեր եղբայրն է, որը դեռ շատ վաղ հասակից ճաշակել է հայությանը վիճակված բոլոր դառնությունները՝ տեղահանություն, գաղթ, սով, հարազատների կորուստ…

Հարություն Սիմոնյան

Հարություն Սիմոնյան

Եւ տարիներ անց, հայրենի հողից կտրված սփյուռքահայի թափառիկ կյանքի հանգրվաններից մեկն էլ դառնում է Շվեյցարիան, ուր եւ Հարություն Սիմոնյանը կարողանում է հիմնել ժամացույցների գործարան:

Ձեռնարկատիրոջ եւ արտադրության կազմակերպչի բնատուր կարողություններով օժտված՝ նա կարճ ժամանակում այնքան է առաջանում այս բնագավառում, որ Շվեյցարիայի պես մի երկրում մեծարվում է «Ժամացույցների արքա» տիտղոսով:

Այսօր արդեն հանգստի է կոչվել՝ հետեւում թողնելով խոշոր արդյունաբերողի հարուստ փորձով ու գիտելիքներով լեցուն կյանք:

Հարություն Սիմոնյանը մեծ ներդրում ունի նաեւ ազգային բազմաթիվ կառույցներում եւ բարեգործական ձեռնարկներում: Բայց սա այլ խոսակցության նյութ է, որովհետեւ այժմ, երբ տարիներ շարունակ քարացած, պարտադրված շրջանակներում գործած մեր տնտեսությունը փորձում է դուրս գալ միջազգային ասպարեզ, մտնել համաշխարհային չափանիշներին համապատասխանող հարաբերությունների մեջ, անշուշտ ավելորդ չի լինի լսել գործարարի կարծիքը…

– Պարոն Սիմոնյան, որպես փորձառու արդյունաբերող, ո՞րն եք համարում առաջնային խնդիրը Հայաստանի տնտեսական վերակառուցման բնագավառում:

– Որեւէ երկրի մեջ որպեսզի որեւէ մեկ բիզնես հաջողություն ունենա, առաջին պայմանը ազատությունն է՝ ապրելու եւ գործելու ազատությունը: Ձեռնարկատերը պետք է ազատ զգա ինքզինքը պատվերներ տալու եւ պատվերներ ընդունելու, դրամը ազատորեն դուրս ու ներս ընելու: Եթե այս ամենին մեջ ընդհանուր ազատություն չըլլա, գործը առաջ չի քալեր:

Երկրորդ պայմանը ապահովությունն է: Ամեն մարդ պետք է գիտնա, որ իր սկսած գործը, իր ներդրած դրամը իրեն կպատկանին: Կարեւոր է բանկային ապահովությունը, եւ եթե մեկը ցանկություն ունենա իր դրամը Հայաստան փոխադրել, պետք է լիովին ապահով զգա, որ թե՛ դրամը, եւ թե՛ անոր բերած շահը երբեք չեն կորսվիր կառավարական փոփոխություններու կամ այլ արգելքներու պատճառով:

Երրորդ պայմանը վստահությունն է: Կառավարությունը պետք է վստահի ձեռնարկատիրոջը: Մենք, օրինակ, չենք սիրեր, որ կառավարությունը գա եւ մեր տետրակները բանա: Պետք է աշխատել ազնվաբար, միեւնույն ատեն զգալով վստահություն քո հանդեպ: Իսկ եթե որեւէ թնջուկ մը ըլլա ձեռնարկատիրոջ եւ կառավարության միջեւ, պետք են միջազգային իրավական նորմեր, որոնք հիմնված ըլլան միջազգային դատարանի հստակ սահմանված օրենքներու վրա:

Չորրորդը՝ շահն է: Եթե որեւէ գործարար մարդ վստահ չըլլա, թե շահ կունենա, գործ չի սկսեր: Իսկ ստացված շահը նախ եւ առաջ պետք է օգտագործել ձեռնարկության աշխատողներու կարիքներն ապահովելու, աշխատավարձը բարձրացնելու, աշխատանքի ծավալները բազմապատկելու եւ ապա՝ ընդհանուր հասարակության բարօրության համար: Ոչ մեկ ձեռնարկատեր իրավունք չունի միայն իր անձին համար օգտագործել ձեռնարկության շահը, քանի որ անիկա ստեղծվեր է ընդհանուր ջանքերու շնորհիվ:

Կարեւոր պայման է նաեւ պարտաճանաչությունը: Պատվիրատուները պետք է պարտաճանաչ ըլլան իրարու հանդեպ, այլապես կկորսունցնեն փոխադարձ վստահությունը եւ չեն կրնար ապահովել իրենց գործավորներու մշտական աշխատանքը:

Ասոնք են, իմ կարծիքով, այն հիմնական պայմանները, որոնց պահպանության եւ կիրառության դեպքում Հայաստանի տնտեսությունը կրնա վերելք ապրել եւ հասնել միջազգային մակարդակի:

– Պարոն Սիմոնյան, ինչպես Դուք գիտեք, Հայաստանում արդեն մասնակիորեն սկսվել է ձեռնարկությունների սեփականաշնորհումը, իսկ հողն արդեն սեփականաշնորհվել է ամբողջովին: Ինչպե՞ս եք Դուք գնահատում այդ երեւույթը:

– Հողը սեփականաշնորհված է եւ ատիկա շատ լավ է: Բայց պետք է գիտնալ, որ միայն հողը տալ գյուղացուն՝ ամեն ինչ չէ: Պետք է նաեւ փոխատվություն ընել, որպեսզի մարդիկ կրնան սերմեր, տնկիներ ու սածիլներ գնել, տրակտոր վարձել կամ գնել: Եթե ատիկա չարվի եւ գյուղացին չկարենա իրեն տրամադրված հողը իր միջոցներովը մշակել, ապա ճարպիկներ կուգան եւ այդ գյուղացու ձեռքեն անպաշտոն կերպով հողը կառնեն եւ իրենցը կընեն:

– Իսկ ի՞նչ եք կարծում, որքա՞ն ժամանակում կարելի կլինի շտկել Հայաստանի տնտեսությունը:

– Ճիշտ աշխատելու պարագային՝ ոչ շատ երկար: Ցավոք, դեռեւս շատ արգելքներ ու անորոշություններ կան: Ասկե ետք, ամեն ինչ կախված է մեր կառավարության խելացի եւ իրատես գործելակերպեն: Կառավարությունը պետք է քաջալերե ամեն մի տնտեսական ձեռնարկ: Երբ մեկը ֆաբրիք մը բանա, քաջալերելու համար ձեռնարկատերը՝ քանի մը տարի տուրք չպիտի առնե անորմե, մինչեւ որ գործը սկսի քալել եւ շահ բերել:

Իմ ուրախությունս ան է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պես նախագահ ունեցանք, որ իր խելացի, փոխզիջողական եւ լայնախոհ գործելակերպով կրնա ապահովել մեր հայրենիքին խաղաղությունն ու բարգավաճումը:

– Պարոն Սիմոնյան, անկարելի է հավատալ, որ Դուք այս օրերին Հայաստան գալով՝ գործնական որեւէ նպատակ չեք հետապնդում:

– Չեք սխալիր: Կփափագեմ օր մըն ալ ես Հայաստանի մեջ գործարան մը բանալ: Ես գործնական մարդ եմ եւ պետք է մինչեւ վերջ ուսումնասիրեմ հնարավորություններն ու պայմանները եւ համոզված ըլլամ գործիս հաջողությանը:

Մեկ երազանք մըն ալ ունիմ: Ինչպես ըսի՝ հայրս ջրաղացպան եղած է: Շատ կուզեմ իր հիշատակին համար ջրաղաց մը կառուցել Հայաստանի մեջ, օրինակ Թալինի շրջանի Շղարշիկ գյուղին մեջ, որ սասունցիներով բնակեցված է: Կկարծեմ, ամեն հայ պետք է հուշարձան մը կառուցի Հայաստանի մեջ ի հիշատակ իր նախնիներու:

…Հարություն Սիմոնյանի հետ բազմաթիվ այլ հարցերի շուրջ զրուցեցինք, բայց ես միտումնավոր ընդհատում եմ մեր զրույցը, ընթերցողների ուշադրությունը կենտրոնացնելու համար փորձառու արդյունաբերողի խորհուրդների վրա, որոնք ես կանվանեի տնտեսական զարգացման «ոսկի» կանոններ, եւ մաղթում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ի պաշտոնե կամ գործի բերումով զբաղվում են Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրներով՝ հետեւեն այս պարզ, բայց կարեւոր կանոններին:

Հ. Գ. Հարություն Սիմոնյանի ներդրումով Թալինի շրջանի Շղարշիկ գյուղում կառուցվեց ոչ թե ջրաղաց, այլ դպրոց: Այս դժվար տարիներին հատկապես մեծ եղավ Հարություն Սիմոնյանի ներդրումը հրատարակչական բնագավառում: Նրա աջակցությամբ Հայաստանում հրատարակվել է ավելի քան 30 անուն կոթողային գրականություն:

You may also like...