Տեսքդ պահեմ աչքերիս մեջ (Էջեր ծոցատետրից)

Մարգո Ղուկասյան
«Գարուն», 1980, թիվ 4

23 հոկտեմբերի, 1979 թ.,
Լենինական, «Շիրակ» հյուրանոց

Թեև սկզբում տեսանք Չրփլուի՝ Ջրափիի կամուրջը, բայց չեմ կարող դրանից սկսել։ Դա թող մնա վերջում։ Ճանապարհը։ Գնում ենք Անի։ Երեկ երեկո արդեն հայտնի էր, որ գնալու ենք, բայց իմ մեջ չկա իրական զգացում, որ ես իրոք տեսնելու եմ։ Չեմ կարող հավատալ։ Ի՞նչ եմ տեսնելու։ Գնում եմ անորոշ և շփոթված։ Այստեղ շփոթված բառն ամենաճիշտն է։ Սև ցելերի մեջ՝ երեք մատ կանաչ։ Հողն այնքա՜ն սև Է։ Եվ աշնանացանի կանաչն այնքա՜ն կանաչ է։

Դեռևս ավտոյի մեջ ենք։ Անին երեում է։ Նայում եմ դիմացի սարահարթին։ Երկնքի՞ց ընկավ։ Անին։ Տեսի՞լք է։ Մի՞թե տեսնում ենք Անի քաղաքի ավերակները։ Հրաշք քաղաք։ Կորուսյալ քաղաք։ Սահմանաբաժան գետը։ Խոր ձորի հատակում լալահառաչ գետն է ընդամենը բաժանում մեզ իրարից։ Մոտեցել ենք դիտակետին, եռոտանու վրա ամրացված է հեռադիտակը։ Ինչի՞ է պետք։ Հեռադիտակը ևս պատնեշ է։

Նայում եմ սովորական աչքով։ Բայց, երբ նայում եմ հեռադիտակով, այնքան է մոտենում, որ ուզում եմ ձեռքս երկարել և շոշափել Մայր տաճարի սրբատաշ պատը։ Ինձնից անկախ թողնում եմ հեռադիտակի բռնակը։ Մեջտեղից կես եղած Փրկչի՜ եկեղեցին։ Գրքերի նկարները կենդանացել են։

(Այլևս չեմ գրելու։ Ինչո՞ւ գրեմ։ Գրելով ես Անին հեռացնում եմ ինձնից։ Մի՞թե ես կարող եմ իմ տեսածը նկարագրել։ Մի՞թե հնարավոր է։ Հյուրանոցի տաք սենյակում ամբողջ մարմնով դողում եմ։ Ավելի լավ է պառկել և հիշողությամբ նայել Անիին։ Ես համոզված եմ, որ տեսնելու եմ։ Ի՞նչն է պատճառը, որ ես այսքան համոզված եմ՝ հենց որ աչքերս փակեմ՝ տեսնելու եմ։ Բացատրել չեմ կարող, բայց հենց որ պառկեմ, կանցնի այս դողը, և ես Անին կտեսնեմ):

29 հոկտեմբերի, 1979 թ.
Երևան

23-ի ամբողջ գիշերը իրոք ես տեսնում էի Անին։ Երկար ժամանակ փակ աչքերով նայում էի։ Պարզ, հստակ, գունավոր։ Սարահարթի վրա ամեն ինչ այնպես, ինչպես ցերեկն էր։ Հնարավո՞ր է, որ մարդ պայծառատեսության բռնկում ունենա։ Ցայսօր չեմ ունեցել։

Անի

Միտքս արթուն էր. տեսնում էի գույներով։ Մեկ ընդ մեջ երևի քնում էի, սակայն արթնանալիս աչքիս առաջ էր պահը, երբ վերջին անգամ նայում էի ավերակ քաղաքին։ Տեսնե՜լ մայրամուտը Անի քաղաքին դեմ-հանդիման։ Արևը սուզվում էր լեռնագագաթների կորագծերի ետևում, և մշուշն արծաթագույնով էր ներկել անեհայաց լանջերը։ Եվ արծաթագույնի վրա որոշակի նկարված էին Փրկչի եկեղեցին, Մայր տաճարը, Աբուղամրեցի եկեղեցին, Մանուչեի մզկիթը, Միջնաբերդի չնչին մնացորդները, պարիսպնե՜րը «Սմբատաշեն»… Այդքան ոգեղեն նկար հնարավո՞ր է տեսնել մեկ այլ տեղում։ Գերազանց գեղեցիկ։ Այս երկու բառերս էին իմ մեջ։ Գերազանց գեղեցիկ, պատկերացրեք այս երկու բառերի արձագանքը, որ ձորից բարձրանում սփռվում էր սարահարթում և գիլ-գլոր խփվում Առճո-Առիճ լեռան լանջերին։ Այդ պահին իմ մեջ չկար նույնիսկ մեծ կորստի ցավը։ Ամբողջ էությունս լիքն էր տեսածիս գեղեցկությամբ։

23-ի գիշերը, 24-ի ցերեկը և 24-ի գիշերը ես դարձյալ ու դարձյալ տեսնում էի Անին, հենց որ մենակ էի լինում ու փակում էի աչքերս։ Տեսնում էի այնպես, ինչպես որ վերջին պահին տեսել էի՝ մշուշոտ լեռների վրա։ (Գնալով, սակայն, պատկերն աղոտանում էր): «Կարծես դիտմամբ լեռները նկարել են որպես Անիին շրջանակ», ասաց ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը։ Եվ ճիշտ էր. բնությունն այդ պահին ավերակ քաղաքին էր ենթակա:

(Այսպես ես ոչ մի բան չեմ կարող ամբողջացնել: Պետք է սկսեմ սկզբից և հանգիստ՝ նկարագրեմ)։

Ոչ: Ձեռքս չի գնում, որ հեռանամ Անիից, թեկուզն նրանից քիչ հեռու գտնվող Ջրափիի կամուրջը նկարագրելու համար, որը տեսանք սկզբում։ Դա թող մնա վերջում։

Դիմացս միանգամից այսքան շատ հուշարձաններ, այսպիսի գույներով, այսպիսի բնությամբ շրջապատված։ Նա, ով չի տեսել, երբեք չի հավատա։ Ոչ ոքի լեզուն չի պտտվի, որ ասի՝ գետնի տակից ծլեց։ Այլ՝ երկնքի՜ց իջավ։ Ակնոցով այնքան պարզ եմ տեսնում։ Ի՞նչ է 300 մետրը։ Դեռ ավելի քիչ։ Ներքևում ձորն է, Ախուրյան գետը։ Դիմացը՝ մեծ ձորալանջը՝ քարանձավների մութ ելքերով, իսկ բարձրում, սարահարթի վրա այն, ինչ մնացել է հայոց երբեմնի մայրաքաղաքից։

Անի

Դեռ ավտոյի մեջ, երբ երևաց Անին, ես Ռաֆիկ Եղոյանին հարցրի, կենտրոնի մեծ եկեղեցին ո՞րն է։ «Մայր տաճարը»։ Իսկ աջ կողմի՞նը՝ «Փրկչի եկեղեցին»։ Իսկ ձախ կողմինը՝ «Մանուչեի մզկիթը», իսկ Մանուչեից այն կողմ երևացո՞ղը. «Աբուղամրեցի եկեղեցին»։ Ես բոլոր հարցերը տալիս էի հուզված, և այլ կերպ հնարավոր չէր։ Արտասովոր տեսարանը կախարդել էր ինձ։ Հետո, երբ մենք վերադարձել էինք, հանկարծ ես հիշեցի և հասկացա, թե ժողովուրդն ինչու է ասում՝ «Աչքերս համբուրի, քեզ մի բան ասեմ»։ Ասողը, նշանակում է, տեսել է այնպիսի մի բան, այնպիսի՜ մի գեղեցկություն…, որ իր աչքերը արժանի է համարում համբուրելու։ (Մի երկու օր էլ այս զգացումը չէր հեռանում։ Եվ ես մի քանի հոգու հարցրի, լսե՞լ եք այս արտահայտությւունը։ Ոմանք լսել էին, ոմանք՝ ո՛չ):

Դիտարանին մոտենալուց հետո ես դարձյալ այնքան շփոթված էի, որ չէի կարողանում հեռադիտակն հարմարեցնել աչքիս և անընդհատ խնդրում էի, որ ինձ օգնեն։ Եվ շնորհակալ եմ Ռաֆիկ Եղոյանից ու ինժեներ Արարատ Վարդանյանից, որ Փրկչի եկեղեցին «որսալուց» հետո հեռադիտակն ինձ էին տրամադրում։

Ինչ տեսա անզեն աչքով։ Եվ ինչ տեսա զինված աչքով

Մեր կանգնած տեղը կարծես այն կետն էր, որտեղից պետք է երևար, թե ինչքան լավ է տեղադրված քաղաքը։ 100000 բնակիչ։ Եղել է այնպես, որ այդքան մարդ է ապրել մեր դիմացի քաղաքատեղիում։ Ահա թե ինչ է նշանակում՝ դառնալ պատմություն։ Հիմա պետք է քարավաններ մտնեին ու քարավաններ դուրս գային։ Հիմա պետք է հազար ու մեկ եկեղեցիների զանգերը ղողանջեին։ Անեցիներն՝ իրենց տեսոք զգեստներով։ Անեցի տիկնայք՝ Շանուշեն, Մամախաթունը… Անի քաղաքի քառասուն բանալիների պտույտը՝ գիշերամուտից առաջ։ Տասնութամյա հայոց թագավորը՝ իմաստությամբ փայլող Գագիկը, սպիտակ ձիու՝ վրա։ Սմբակների դոփյունը սալահատակ փողոցներում… 1044 թ.։ Նա պաշտպանում է Անին1։

————————————

1 Բյուզանդական թագավոր Կոնստանտին Մոնամախի ուղարկած զորքին ճակատամարտ է տալիս ու ջախջախում Անիի պարիսպների տակ։ Այդ ժամանակ հայոց թագավոր Գագիկը քսան տարեկան էր։ Նկատի ունենալով, որ բյուզանդական զորքերի սպարապետը ներքինի Նիկոլայոսն էր, պատմիչ Մատթեոս Ուռհայեցին կայսեր այդ քայլը ծաղրաբանում է, գրելով. «Զայր կին կամէր դնել պահապան աշխարհին Հայոց փոխանակ հզօր քաջին Գագկայ»։

——————————

Հոռոմոսի վանքից դեպի Անի եկող ճանապարհը և մուտքը՝ զույգ աշտարակների միջով՝ հանդիսավոր մուտքը, նման հաղթական կամարի: Հազար տարվա ժամանակամիջոց։ Անցյալ։ Պատմություն։ Այդ ամենը մեր աչքի առաջ է։ Ժամանակ, անողորմ ժամանակ, պատմության բանվածքն հյուսելիս ի՜նչ ոսկեթելեր ես մաշել։

Ձախում, բլրի վրա Միջնաբերդն է. շատ քիչ բան է մնացել։ Պարզ գծագրվում է երեք կամար. Միջնաբերդը ձորով անջատված է քաղաքից։

Ընդարձակ սարահարթ, երեք կողմից մեկուսացված խոր կիրճերով, մեզ երևացող կողմում Ախուրյանի ձորն է։ Աջում՝ «Սմբատաշեն» պարսպի ստորոտում՝ Գայլաձորը։ Տեսանելի չեն Ծաղկոցաձորը, Իգաձորը՝ Անիի բնական պաշտպանական կիրճերը, որոնց գահավեժ լանջերի խորությունը տեղ-տեղ հասնում է 80—100 մետրի։

Մեր դիմաց Մայր տաճարն է։ Տրդատ ճարտարապետն ինչքան է մտորել, չափել ու կշռել, մինչև որ ընտրել է այս տեղը, ամենաակնառու տեղը՝ գետի խոր և գեղատեսիլ կիրճի պռնկին… Հենց այնպես, ինչպես որ կա հիմա՝ կիսավեր, դարձյալ իշխում է ամբողջ շրջապատի վրա։

1001 թվական։ Ավարտը Անիի Մայր տաճարի կառուցման։ Ուղիղ հազար տարի հետո Թորոս Թորամանյաեը պետք է մեկ առ մեկ շոշափեր քարերը, զններ ու զններ, թղթի վրա վերծաներ քանդված մասերը և հիացմունքով գրեր. «Բագրատունիներու կպարտինք Անիի Կաթուղիկեն իր վսեմ պարզությամբ և նրբակերտ մանվածո քանդակագործություններով»։ Այս տաճարում հնչել է հայոց թագավորների աստվածառաք խոսքը։ Տաճարի մարդաչափ արծաթե խաչը՝ ընդելուզված գույնզգույն ակներով ու գեղակերպ զարդերով։ Անեցի վարպետների անհատնում շնորհքի առհավատչյան։ Շքեղաշուք ջահը՝ հատուկ պատվիրված Հնդկաստանում։ (Մոտ երկու դար առաջ գյումրեցի վարպետը ամեն առավոտ ֆայտոնով գնացել է Անի, կանգնել է տաճարի դիմաց, երկար նայել ու վերադարձել է, կառուցել իր քաղաքի տաճարը՝ Աստվածածինը):

Անիի Մայր տաճարը մեզ երևացող մասով լավ է պահպանված։ Պատի մշակումը հարթ, ողորկ։ Հեռադիտակով նայելիս երևում են զարդաքանդակները և գմբեթի թափված քարերի խոռոչները։ «Կարծես կրծած լինեն», ասում է լրագրող Լենա Ղուկասյանը։ Իրոք կրծած-պոկված էին տանիքի քարերը։ Պատմում են, իբր, պարիսպը քանդելիս երկու երեխա են մնացել տակը՝ տարբեր ժամանակներում, և դրանից վախենալով ու աստծո պատիժ համարելով, դադարեցրել են շինանյութի համար քանդելը։ Իրականությունը, սակայն, այլ է. Անիից հաճախ են դուրս եկել քարաբարձ սայլերը՝ պատրաստի շինանյութ տների համար1։

—————————————-
1. Մոտավորապես երեք շաբաթ հետո Մասիսի շրջանում հանդիպելու էի ջրաշինարար Թադևոս Թադևոսյանին, որն ինձ պատմելու էր հետևյալը. «Երկար ժամանակ աշխատել եմ այդ կողմերում։ Ախուրյանի ջրհան կայանը ես եմ կառուցել։ Այդտեղից շատ եմ նայել Անիի ավերակներին։ Մի անգամ մերոնք բողոքել էին Մոսկվա՝ հուշարձանների քարերը տանելու դեմ: Հանդիպումը եղավ գետի վրա։ Մեր կողմից պաշտոնյաներ, և նրանց կողմից «քոնձոլներ»։ Ախուրյանի վրա ժամանակավոր անցում սարքեցին։ Ռետինե նավակով նրանք այն կողմից եկան, հանդիպումը եղավ նախ այս ափում։ Հաջորդ օրը մերոնք գնացին դիմացի ափ, խոսեցին, պայմանավորվեցին, համաձայնության եկան, որ այլևս հուշարձանները չքանդեն։ Դրանից հետո ինչ-որ մնացել էր՝ մնաց»։
——————————————–

Մայր տաճարին կարելի է անընդհատ նայել։ Հանդիսավոր, բարձունքում բազմած նրանից կարծես ճառագայթաձև հեռանում են Աբուղամրեցի, Փրկչի, Տիգրան Հոնենցի եկեղեցիները, Միջնաբերդը, որոնց ներսում և դրսում, եթե մոտիկից դիտելու լինեինք, տեսնելու էինք երկրաչափական ուղիղ ու կոր գծերով կազմված զարդանախշերի հնարավոր բոլոր ձևերը՝ բարդ հյուսվածքների անհունություն, խճանկար պատեր, խճանկար առաստաղներ, ծաղիկների, թռչունների, կենդանիների քարե անդրադարձներ…

Գույնի, որմնանկարչության, զարդարվեստի և քանդակի միասնություն

Ինչքան են գրել Անիի մասին։ Հատորներ։ Եվ դեռ ինչքան է գրվելու։ Եվ ով էլ որ գրել է, հասնելով Մայր տաճարին՝ անզուսպ հիացմունքով ներբողել է Տրդատ ճարտարապետի ձեռակերտ հրաշքը։ 1893 թվական։ Իռլանդացի հայագետ, ճանապարհորդ Լինչը Անիում է, և նրա տպավորությունը՝ «Տաճարը ճանապարհորդին զարմանք է պատճառում, նույնիսկ եթե նա Էջմիածնից է ժամանել… Եվ հազիվ թե որևէ մեկը նրան կարողանա նայել առանց հաճելի սարսուռի»։

Խե՜ղճ Փրկչի եկեղեցի։ Կարծես կայծակը երկու կես է արել։ Եվ կանգուն կեսն էլ այսքան գեղեցիկ։ Տխուր ու գեղեցիկ։ Երկհարկ եկեղեցու կանգուն կեսը՝ այ քեզ ավերակ։ Եվ ընդամենը քսան տարի առաջ Փրկչի Եկեղեցին կանգնած էր բոլորակ իր ամբողջությամբ։ Քիչ հետո մենք պետք է տեսնեինք նաև ներսի կողմը, դա արդեն ձորի խորքից, Ախուրյան գետի ափից։ Հասկանալի է դառնում Ավետիք Իսահակյանի տարակուսանքը՝ «Ինչո՞ւ է հուշարձանի ավերակն այսքան գեղեցիկ, իսկ մարդունը՝ այսքան տգեղ»։

Կեռխաչը՝ «Սմբատաշեն» պարսպի վրա։ Ծիրանագույն խաս-պատի կենտրոնում մեծ կեռխաչը (սվաստիկան), խաչի թևերը կազմված են սև տուֆի զուգահեռ «ժապավեններից», որոնց արանքում ձգվում է ծիրանագույն «ժապավենը»։ Հեռադիտակով տեղը որոշակի դիտելուց հետո, անզեն աչքով նույնպես պարզ երևում էր։ Երբ մենք խոսում էինք կեռխաչի մասին, սահմանապահը, որ հազիվ 20 տարեկան էր, հարցրեց. «Ուրեմն հայերը վաղո՞ւց են ունեցել այդ նշանը»։ Եվ այդ ժամանակ ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանն ասաց. «Շատ վաղուց, հեթանոսական ժամանակներից, և դա խորհրդանշանն է կյանքի հարատևության, արևի պաշտամունքի»։

Քանի տասնյակ հյուսածո կեռխաչեր կան միայն հայկական մի փոքր վիշապագորգի վրա։ Իրոք, գեղեցիկ էր և շատ հանդիսավոր զարդանախշ-կեռխաչը՝ «Սմբատաշեն» պարսպի վրա։

Անշբուղամրեցի եկեղեցին նույնպես բավականաչափ լավ էր պահպանված և, քանի որ հեռու էր մյուսներից, առանձնանում էր և լավ գծագրվում։

Մայր տաճարից աջ՝ ս. Գրիգոր Լուսավորչի (Տիգրան Հոնենցի) եկեղեցին էր։ Մեզ երևացող պատը՝ քանդված։ Ուստի և ներսի պատը բաց, որի վրա հեռադիտակով տեսանելի էր որմնանկարը։ Մարդկանց բարձրադիր ֆիգուրներ էին, Երերույքի վրա պահպանված կարմիր գույնով։ Գլխավերևում՝ կապույտ։ Ինչքան որ հնարավոր էր դիտել, տպավորությունն այն էր, կարծես մարդկանց երթ լիներ։ (Հայկական հանրագիտարանով ճշտեցի՝ «Տրդատ 3-րդ թագավորը դատում է Գրիգոր Լուսավորչին»)։ Նույն այս եկեղեցին ավելի ուշ ժամանակներում ստացել է «Նախշլի» մականունը, ժամատունը նկարներով և քանդակներով ճոխացված լինելու պատճառով։

Մի՞թե ես կարող էի նախապես հավատալ, որ տեսնելու եմ որմնանկարներ, անեցիների ձեռքով նկարված։ Որմնանկարներն արտակարգ հուզիչ էին և հերթով փոխանցում էինք հեռադիտակը՝ հատկապես դրանք դիտելու համար։ Ավերակների բեկորներ՝ այնքան շատ։ Պարսպից դուրս։ Պարսպից ներս։ Ինչո՞ւ ոչ մի ծառ չկա։ Բայց լավ է, որ չկա. տեսադաշտը կփակվեր։ Պարսպի վրա առանձնանում էին բուրգերը՝ քառակուսի և կլոր։ Բուրգերից մեկը շարված էր սև տուֆով, որն աշխուժանում էր կարմրաքար գոտիներով։ Հզոր պարսպի մնացորդներ1։

——————————-
1. 964 թ. Աշոտ Ողորմած թագավորը կառուցել է տալիս «Աշոտաշեն» պարիսպը։ 989 թ., 2500 մ երկարությամբ. 8—10 մ բարձրությամբ և 1 մ հաստությամբ քաղաքի կենտրոնական մասը գրկում է երկրորդ հզոր պարիսպը՝ «Սմբատաշենը»։ Մայրաքաղաքը հարձակումներից պաշտպանելու և մարդկանց պատսպարելու համար, Սմբատ Տիեզերակալ հռչակված թագավորը բացում է արքունական գանձարանը։ 10 դար առաջ պարսպի ստորոտում անառիկությունն ապահովնլու համար խոր խրամուղի էր փորված և լցված ջրով։ Պարսպի, բուրգերի ու աշտարակների վերին հարկերը դիտանոցներ էին, ստորինները՝ զորանոցներ, շտեմարաններ։ Աշտարակներից երկուսում փոքր եկեղեցիներ կային…
—————————————

Պատկերացնում եմ, թե մոտիկից ինչ տպավորության կթողնեն պարիսպները։ Մարդու հասակն ավարտվում է պարսպի «ոտքերի» մոտ։ Բայց հեռվից դիտելով էլ, զգում ես ժամանակի ու ցեղերի հետքերը պարսպի վրա։ Ամբողջությունն, իհարկե, չես տեսնում։ Մի քանի հարյուր մետր երկարության հոգնած, ուժաթափ, քարակորույս արձագանքը նախկին հզորության։ Մինչդեռ ժամանակին Անիի պարիսպները ոչ միայն պաշտպանական, այլև, գեղարվեստական նպատակ են հետապնդել։ Սրբատաշ երկու երեսից, քանդակներ, արձանագրություններ, Ավագ դռան վերևում վազող հովազի նշանավոր քանդակը, Անի քաղաքի զինանշանը։ Թշնամիների հարձակումներից հետո, կրկին ու դարձյալ վերանորոգվել են աշտարակները, կառուցվել նորերը։ Անեցիների պատվի գործն է եղել աշտարակների անառիկությունը և նրանց ամրության մասին հոգացել են նաև տիկնայք փափկասունք՝ Շանուշեն, Մամախաթունը… Եվ ճռնչալով բացվել ու փակվել է երկաթագամ դռներից յուրաքանչյուրը, համապատասխան անուններով՝ Կարսի (Կարուց) դուռ, Դվնո կամ Երևանի դուռ, Ավագ դուռ, Իգաձորի դուռ, Շախմատաձև դարպաս, Գայլաձորի դարպաս, «Գդակկրոցի դուռն»,«Ձորոյ դուռն», «Կամրջադուռն», «Տիգրանադուռն», «Գաղտդուռն»… Ու հիմա Անին կարծես արևով խարկված-թրծված լինի։ Եվ քիչ առաջ, երբ Խարկով գյուղում էինք, ես զարմացա, թե ինչո՛ւ Խարկով1, ասացին, Խարկով քաղաքի հետ կապ չունի։ Խարկել բառից է. ժողովրդական ստուգաբանություն, բայց եթե նայենք իրական վիճակին՝ հավանական բացատրություն։ Գյուղի տները, բակերի պարիսպները, գերեզմանաքարերն այն աստիճան էին խայքայված։ Պարզ չէ՞, Անիի տուֆը, գումարած ժամանակը։
————————-
1. Խարկով գյուղի հին անունը՝ Ենիքյոյ է եդել։ Այդ գյուղի մոտ երկար ժամանակ պահակակետ է ունեցել ցարական զորամասը։ Խարկով անունը թերևս դրա հետ է կապված։
—————————-

(Նորից հեռանում եմ Անիից, մինչդեռ հեռադիտակի պտույտների հետ քանի անգամ հայացքս սահեց մեկ առ մեկ… Գեղադիտակի մեջ շրջշրջում էին հուշարձանների կիստվեր ուրվագծերը։ Ստորև մեջ եմ բերելու այն հատուկտոր բառերը, որոնք հասցրի գրի առնել Անիի ավերակներին դեմ-հանդիման):

Միջնաբերդը՝ ավերակ։ Միջնաբերդից աջ՝ խոր կտրվածքով ձորը, զառիթափի վրա՝ Մանուչեի մզկիթը1, ետևում՝ Աբուղամրեցի եկեղեցին, կողքը Գագկաշեն զվարթնոցատիպ տաճարի գետնամած մնացորդները, Պարոնի պալատը, մեր դիմաց՝ Մայր տաճարը, Փրկչի եկեղեցին` երկու հարկ՝ ներսից սպիտակ սվաղ, նրանից ձախ՝ պարիսպը, դեպի ձորը` Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, որմնանկարները՝ վերևում կապույտ, ներքևում՝ կարմիր։ Հավերժության նշանը՝ «Սմբատաշեն» պարսպի վրա, սև եզրագծերով, մեջը արևագույն։ Սրբատաշություն։ Ամբողջ քաղաքը արևի գույն ունի։ Անասունները թափառում են ավերակների մեջ։ Մաքսատան սև-կարմիր «խճանկարը»։ Քարանձավները` անեցիների բնակարաններ, հազարավոր քարանձավները Անին շրջապատող ձորալանջերին՝ Ալաջայի, Գայլաձորի, Ծաղկոցաձորի, Ախուրյանի։ Ներսում՝ քարափոր իջևանատներ, արհեստանոցների շարքեր։ Երկհարկ, եռահարկ, ստորգետնյա բնակարաններում հարմարավետություն, պատերի մեջ ճաշակավոր պահարաններ, ձեռագիր մատյանների պահոցներ, ճրագվառոցի խորշեր… կամարակապ և սյունազարդ եկեղեցիներ՝ ամրամուր քարանձավներում։ Առողջարար, չոր բնակարաններ՝ հրաբխախարամի կուտակների շերտերում։ Քարանձավների մեջ նաև զորանոցներ, զինամթերքի պահեստներ։ Բազմահարկ ստորգետնյա թաղամաս։ Եվ այդ բոլորը իր ժամանակին անառիկ ու ապահով։ Այրային Անի։ Եվ հիմա պատմության փոշով ծածկված դատարկ ու սարսափազդու այրեր։

——————————–
1. Մանուչեի մզկիթը երւկու մասից է բաղկացած։ Առաջին մասը կառուցվել է 10-րդ դարում, եղել է մաքսատուն կամ պահակատուն։ Երկրորդ մասը, մինարեն, ավելացվել է 12-րդ դարում և վերածվել մզկիթի։
———————————-

Մեծ հարթավայրը՝ պարսպից աջ։
Ինչ ընդարձակ բնակատեղի

Մայր տաճարի մոտ արածում են երկու ձի. սև և կարմիր։ (Ինչո՞ւ եմ սև գրել, երբ ձիերից մեկը սպիտակ էր, մյուսը` կարմիր): Անին դիտում ենք երեք հարյուր մետր հեռվից։ Անիում ոչ մի ծառ։ Քիչ հեռու սպիտակ տներ են. մեկից ծուխ է բարձրանում, երևի այդ բնակիչների կովերն ու ձիերն էին մտնում հուշարձանների մեջ, արածում շուրջը։ Ոչ մի մարդ չի երևում։ Ավերակների և տների բաժանագծում Աթաթուրքի կիսանդրին է՝ հեռադիտակի մեջ։ Մայր տաճարի վրա քանդակներ (արծվի)։ Ամեն ինչ պարզ երևում է։ Պարզ և լուսավոր։ Ամբողջ գիշերը անձրև էր գալիս, և հիմա օդը թափանցիկ է։ Արևը պայծառ լուսավորում է. ցերեկվա ժամը 3-ը կամ 4-ն է։ Հեռադիտակով քարի մշակվածությունն այնքան պարզ եմ տեսնում։ Որմնանկարները՝ բաց երկնքի տակ: Ինչքա՞ն կդիմանան։ Մմբատյան պարսպի վրա՝ սև աշտարակի մեջ՝ կարմիր գոտիները։ Հովվի եկեղեցին, ա՜յ, այն փոքրն է։ Միանգամից այսքան հուշարձա՜ն։ «Անին Կովկասի հնագիտության խոշոր մարգարիտն է» (Ն. Մառ):

Իջնում ենք ձորը, հին ջրաղացը դիտելու։ Կածանը փշոտ է, մացառոտ։ Մարդ քիչ է անցել։ Իմ ու Լենայի գուլպաներին կոծոծներ են կպչում։ Կածանի երկու կողմերում՝ չորացած անթառամներ։ Վերադարձին կքաղենք ի հիշատակ։ Ջրհան կայանը Ախուրյանի ափին, կողքին հանքային ջրի աղբյուրը, որը, իբր, երկրաշարժից հետո հին ակունքը կորցրել է և շեղվելով Անիից, դուրս եկել այս ափը։ Խմում եմ մի քանի բուռ։ Հանքային ջուրը թույլ նարզան է, ոչ շատ սառը, բայց հաճելի։ Գետը լայն, պղտոր։ Ափին խիտ եղեգնուտ։ Չորս կողմն արծաթագույն ծաղիկներ են, ժայռերի ցցվածքներ։

Մայրամուտը մոտ է։ Արևի և մեր միջև Անիի ավերակները։ Ախուրյան գետը 15—18 մետր մեզնից բաժանում է դիմացի ափը։ Ափն ի վեր ոչ մի կածան։ Կանգնած եմ մի քարի, որ «կղզյակ» է Ախուրյան գետում։ Ծանոթ հոտ եմ զգում։ Գետի հոտը, իմ մանկության ջրերի հոտը։ Տարիներ առաջ լողացել եմ այս գետի վերին հոսանքներում՝ Լենինական քաղաքին զուգահեռ, և որտեղից որտեղ վերհիշում եմ պղտոր ջրի մամռախառը, տղմախառը հոտը։ Մի՞թե ամեն ջուր իր մնայուն հոտն ունի։ Հանքային ջրի աղբյուրի ակին խիտ արտևանունքի նման դաղձ է բուսել։ (Մնացել եմ զարմացած, թե ինչու մի քանի տերև չպոկեցի):

Մեր դիմաց, զառիթափի բարձր մասում, կոդք–կողքի երկու քար. «Ոնց որ մարդ ու կին փսփսում են իրար ականջի»։ Չորսս էլ նկատել ենք և նույն կերպ մտածել։ Իրար ականջի փսփսացողների ֆիգուրները քարերից ու ստվերներից են քանդակվել։ Խաչքա՞ր է։ «Ոչ»։

Մայրամուտը՝ Անիի վրա։ Ձորում գետի վշշոցը, ոլոր-մոլոր հոսքը, հետո սարահարթը։ Սարահարթում՝ Անին։ Լեռները, ամպերի լողացող քուլաները։ Մի ձևավոր ամպ կարծես Փրկչի եկեղեցու անդրադարձը լինի։ Կարող էինք լսել Անիի զանգերը, բայց լսում ենք գետի վշշոցը։ Միայն այդ ենք լսում, ուրիշ ոչ մի ձայն։ Տերև չի շարժվում։ Անին՝ մարմրող արևի մեջ։ Տեսքդ պահեմ աչքերիս մեջ ու տանեմ հետս։ Գետի վշշոցը՝ ջրի ձայն ու այսքան տխուր։ «Սիովնի ճանապարհները սգում են, որովհետև ոչ ոք չկա, որ անցնի» (Երեմիայի ողբից, որ պատմիչ Արիստակես Լաստիվերցին մեջ է բերում Անիի գրավումը նկարագրելուց հետո):

Վերադարձ. կածանով ետ ենք գալիս դեպի դիտակետը։ Արծաթագույն, չոր ծաղիկներ ենք քաղում։ Կածանը մոտենում է ավարտին։ Եվ եթե շրջվենք, մեջքով դեպի Անին ենք լինում։ Դա նշանակում է վերջ։ Ես մի պահ կանգնում եմ։ Չեմ ուզում գնալ։ Եթե գնամ՝ վերջ, բայց ուզում եմ էլի նայել։ Ոտքերս առաջ չեն գնում, նստում եմ գետնին։ Ուղեկիցներս վախեցած նայում են ինձ։ Ես հատ–հատ ասում եմ. «Պետք է նստեմ»։

Նայում եմ սարահարթին։ Արևը դանդաղ իջնում է սարերի ետևը։ Մշուշը պատում է անեհայաց լանջը։ «Կարծես սարերը նկարել են քաղաքին շրջանակ»։ Հիմա մշուշն իջավ արծաթի նման և Փրկչի, և Մայր տաճարի, Աբուղամրեցի, Միջնաբերդի, Տիգրան Հոնենցի և պարսպի աշտարակների համար մշուշազօծ շրջանակ դարձավ։ Մշուշը կապտավուն է արդեն, և եկեղեցիներն ավելի ընդգծված են, ավելի ուժեղ, մանրամասները կորան, կարծես նկարիչը նոր է սկսել իր աշխատանքը։ Անին նույն գեղեցիկն է։ Գերազանց գեղեցիկը։ Լռություն, անդորր, մշուշ։ Ձորում, մեզնից ցած, վայրի աղավնիների ուշացած երամն է թռչում։ Արև չկա այլևս։ Հեռանում ենք։

31 հոկտեմբերի, 1979 թ.

Ինչքան մարդ է նայել Անիի ավերակներին։ Եվ ինչ հայացքով։ Մի անգամ Հայկ Խաչատրյանի գրածը կարդացի, իբր հնարավոր է, որ մեզնից առաջ ապրած մարդկանց ձայներն ինչ-որ տեղ խտացած-մնացած լինեն։ Եվ, իբր, հնարավոր լինի գտնել ձայները վերծանելու այնպիսի միջոցներ, որ ամեն մարդ կարողանա իր հարազատի ձայնը լսել։ Իսկ եթե հայացքներն էլ աներևույթ շերտերով խտանան–դաջվեն–դրվագվե՞ն։ Կարոտի խտացում՝ հայոց հազարամյա պատի վրա։

Նկարը, որ կոչվում է «Մայր Հայաստա՞ն», թե՝ «Անիի ավերակները», երբեք ինձ դուր չի եկել։ Բայց Անին տեսնելուց հետո հասկացա, որ այդ նկարը պետք է նկարված լիներ։ Բացատրել չեմ կարող, թե ինչու։ Այդպես եմ զգում։

1 նոյեմբերի, 1979 թ.։

Մի՞թե հնարավոր է, որ նվաճողի դաժանությունն արտահայտված լինի նրա անձնանվան հնչյունային պատկերի մեջ։ Արփ-Արսլան, Ապուսլվար, Փատլու, Չարմաղան, Լենկ Թեմուր… Արյունախումների ոհմակ։ Գեղեցիկը սպանելու մարմաջ։ Նրանք, որոնց մասին Արիստակես Լաստիվերցին ասել է. «Երկիրը մարդաթափ արին»։ Նրանց ոտնահետքերը տեսանելի են դիմացի սարահարթի վրա։ Չարմաղանը, սատանայի այդ դայակը, երբ գրավել է Անին, ապշել է քաղաքի վայելչագեղությունից։ «Սպանե՛ք բոլորին,— հրամայել է նա,— բացի արհեստավորներից»։ Եվ նա գերեվարել է հազարավոր արհեստավորների՝ քարգործ, երկաթագործ, ոսկերիչ, անկվածագործ (անկված՝ հյուսված, ընդելուզված, ոսկեթելով բանված), նրանց ձիրքերը ևս իր սեփականը դարձնելու։ Նրանց ձեռքերով իր անտաշ ու վայրենի բնակավայրերը շենացնելու։

2 նոյեմբերի, 1979 թ.

Կորուստները լինում են երկու տեսակ։ Անհատ մարդու կրած կորուստ և ժողովրդի կրած կորուստ։ Յուրաքանչյուր ոք ի՜նչ թանկագին էակներ է կորցնում։ Կամ մեծ նկարչի կտավները հրդեհվում են։ Կամ եթե հանկարծ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» գրվելուց հետո կորեր չտպագրված։ Վերջին երկուսը կլինեին կորուստներ և հեղինակների, և մարդկության համար։ Ժողովուրդների կորուստները նույնպես տարբեր տեսակի են։ Հողի կորուստ, արվեստի հուշարձանների կորուստ, արժանապատվության կորուստ, տաղանդավոր զավակների անժամանակ կորուստ…

3 նոյեմբերի, 1979 թ.

Ջրափիի կամուրջը՝ Ախուրյան գետի վրա, Անի–Գյումրի ճանապարհին։ Կամրջի թռիչքը՝ 34 մետր։ Մեզ երևացող մասում տեսանելի էին կամրջի «մարմնի» մեջ երկու զուգահեռ սրահները։ Կամուրջը քանդվել է թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, պարսիկների ձեռքով, թուրքերի արշավանքը դժվարացնելու համար։ Կամրջի կանգուն մասը կողագծով կախված է գետի վրա։ Կամրջի եզրին՝ պարապետներ։ Քարը՝ Անիի տուֆը։ (Տեսանք նաև քարհանքը, որտեղից տուֆ են կտրել Անի քաղաքը կառուցելու համար)։ Կամրջի միջուկի սրահները ամրության ստուգման և պաշտպանական նպատակ են ունեցել։ Կամուրջն ամրակուռ է եղել, միաժամանակ թեթև՝ սնամեջ սրահների շնորհիվ։ Կամրջի կենտրոնում՝ սայլուղի, երկու կողմերում մայթեր՝ անցորդների համար։

Կամրջից քիչ հեռու, այն ափին, մի տղա էր կանգնած շան հետ։ Երբ մեզ տեսավ, կամրջի վրայով առաջացավ և շան հետ հասավ եզրին։ Գետի վրայով անընդհատ թռչում էին մոխրագույն աղավնիների խիտ երամներ։ Կամրջի մոտակայքում նրանք ապահով բնադրում են։ Գետի այս ափին կարմիր-կանաչ սահմանաքարն Է։ Այն ափին՝ կարմիր-սպիտակ սահմանաքարը, որի կողքին կանգնած են տղան և շունը։ Մի փոքր այն կողմ՝ Անին է, գերազանց գեղեցիկը։

You may also like...