Տարբեր երազներ` նույն հարկի տակ

Սովետական Հայաստան, 1982թ., թիվ 10

Երևանի Զեյթուն թաղամասի ուսանողական ավանի N 1 հանրակացարանում տարիներ առաջ եմ եղել, երբ դեռ ուսանող էի։ Այստեղ ապրողները սփյուռքահայ ուսանողներ էին ու հիմա էլ նրանք են։ Հին ծանոթներիցս ոչ ոք չկա։ Ավարտել գնացել են։ Բայց եկել են նորերը։ Եկել են փոխարինելու իրենց նախորդներին` որպես հայրենիքում սփյուռքահայոց մշտական «դեսպաններ»։ Այս տղաներն ու աղջիկներն էլ նման են իմ ծանոթներին, շատ են նման։ Հասցեներն էլ նույնն են՝ Լիբանան, Սիրիա, Կիպրոս, Ֆրանսիա, Արգենտինա, Իրաք, Հորդանան և այլն։ Երևի նույն ճակատագրի մարդիկ իրար նման են լինում։ Իմ նոր ծանոթներից առաջինը Սիրիայից Թաթարի Թոմասն է։ Նրա հետ էլ բացում ենք առաջին պատահած դուռը։

Լուսավոր, հարմարավետ, կահավորված սենյակում չորս տղաներ աշխատում են գծագրերի վրա։ Այս օրերին որ 5-րդ կուրսեցու դուռն էլ բացես անգործ չէ, դիպլոմային աշխատանք է գրում։ Վերջինիս արդյունքից է երևալու, թե ուսումնառության հինգ տարիները ինչպես է օգտագործել ուսանողը, ինչ գիտելիքներ է ստացել և որքանով է պատրաստ մասնագետի վկայական ստանալու։

Սովետական Հայաստան, 1982թ., թիվ 101

Եվ ահա Տիրանը, Անդրանիկը, Հարությունը և Վազգենը որոշել են միասին աշխատել։ Դեռևս առաջին կուրսից միասին են եղել։ Տիրանն աշխույժ զրուցակից է, ինքն էլ ինձ ծանոթացնում է մյուս տղաների հետ։

Սիրիայից են։ Ավարտում են Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը։ Գծագրական տախտակների և սեղանների վրա ավարտվող և արդեն ավարտված գծագրեր են, որ բնակելի շենքերի առանձին դետալներ են ներկայացնում։

Շուտով այս կենսուրախ տղաները ճարտարապետ-ինժեների մասնագիտությունը ստացած կվերադառնան իրենց ծննդավայրերը։ Նրանց ձեռքերում հայկական ճարտարապետական արվեստը նոր մեկնաբանում կստանա։ Բայց մինչ այդ դեռ լարված օրեր, անքուն գիշերներ կան։ Օրերն այժմ հագեցած են լարված աշխատանքով ոչ միայն ավարտական կուրսեցիների, այլև մյուսների, առավել ևս առաջին կուրսեցիների համար։ Քննաշրջան է…

Չնայած ծանրաբեռնվածությանը, նրանք ժամանակ են գտնում նաև իրենց հանգիստը բովանդակալից կազմակերպելու համար։ Միջոցառումները բազմազան են՝ սկսած միջհանրակացարանա յին վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի և այլ մրցումներից մինչև տուրիստական արշավներ ու էքսկուրսիաներ Հայաստանի և ՍՍՀՄ-ի տարբեր քաղաքներ ու տեսարժան վայրեր։ Այս տարի ապրիլին մի խումբ ուսանողներ մասնակցեցին Դիլիջանի կոմպոզիտորների տանը տեղի ունեցած խաղաղության կոնֆերանսին։ Այդ օրերին նրանք այցելեցին նաև հայկական ճարտարապետության գոհարներ Հաղարծին, Հաղբատ և Սանահին վանքերը։

— Մենք Հայաստանը լավ տեսած-ուսանած ենք,— պատմում է բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող լիբանանահայ Եղիա Ջերեջյանը,— չկա մի անկյուն, ուր եղած չլինենք։

Սփյուռքհայության հետ մշակութային կապի կոմիտեի նախաձեռնությամբ այս տարի ստեղծվեց «Հետաքրքիր հանդիպումների ակումբ», որի նպատակն է ուսանողներին ծանոթացնել հայ անվանի մարդկանց հետ։ Ակումբի առաջին հյուրը լինելու պատիվը վիճակվել էր ճանաչված թատերագետ, պրոֆեսոր Լևոն Հախվերդյանին։

Ուսանողները դեռ երկար կհիշեն Ֆրանսիայի դիմադրության շարժման հայ վետերանների հետ հանդիպումը Երևանում, որի ժամանակ ուշագրավ տեղեկություններ իմացան անձնվեր հայորդի Միսաք Մանուշյանի կյանքից։

Պակաս հետաքրքիր չեն հանրակացարանում կազմակերպվող միջոցառումները։ Ավանդական են դարձել Սիրիայի, Լիբանանի, Իրաքի անկախության տարեդարձներին նվիրված ինտերնացիոնալ երեկոները։ Շատ հաճախ ուսանողներին «օգնության» են գալիս իրենց ուժերով ստեղծված ինքնագործ խմբերը։ Կոնսերվատորիայի 1-ին կուրսի ուսանող, ֆրանսահայ Արսեն Հաջենյանի կազմակերպած հայկական ժողովրդական պարախմբի և երգչախմբի, սիրիացի Սարգիս Թյուրբենդյանի էստրադային նվագախմբի ելույթները միշտ էլ հետաքրքրությամբ են ունկնդրվում։ Տղաների բասկետբոլի թիմը ուսանողական ավանի այս տարվա չեմպիոնն է: Հետ չեն մնում նաև իրենց խոհարարական հնարամտություններով փայլող աղջիկները։ Հանրակացարանում, ուր ապրում են ավելի քան 280 մարդ, նրանց ամեն մի մրցույթ իսկական տոնի է վերածվում։ Բազմանդամ ժյուրին վերջին մրցույթի արդյունքներով հաղթողի դափնին շնորհեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչական բաժնի ուսանողուհի Մարիամ Աբելյանին։

— Շուտով կավարտվի ուսումնական տարին,— ասում է հանրակացարանի պարետ Աշոտ Պետրոսյանը,— ամառային արձակուրդներին մեր ուսանողների երկարաժամկետ էքսկուրսիաների կմեկնեն երկրի տարբեր քաղաքներ: Իսկ մի խումբ ուսանողներ էլ կմասնակցեն Հրազդան-Իջևան երկաթուղու շինարարությանը։ Ի դեպ, այստեղ աշխատել ցանկացողների թիվը շատ է։

Հրաժեշտից առաջ մեր ուշադրությունը գրավում է մի սենյակից լսվող ուրախ աղմուկը։ Բացում ենք դուռը։ Հորդանանահայ Իբրահիմ Բաբիկյանը իր ընկերների հետ դստեր՝ Նաբինայի երկամսյակն է նշում։ Մեզ նույնպես ներս են հրավիրում։ Ինչ լավ է, որ աշխարհում ծնունդ կա։ Երջանիկ պիտի լինի փոքրիկ Նաբինան, որ Երևանում է ծնվել։

— Ես Հայաստան եկա հայերեն մի բառ չիմանալով,— ասաց Իբրահիմը։ — Հայրենիքն ինձ տվեց իմ մայրենի լեզուն։ Ուրախ եմ, որ երջանկությունս հայրենիքում գտա։

Գնալիս շրջվեցի և հեռվից դիտեցի հանրակացարանը։ Այն ձուլվել էր ուսանողական ավանին։ Գիշեր էր։ Լույսերը վառվում էին և հանգչում։ Քիչ հետո կսկսվի հանրակացարանի երկրորդ կյանքը։ «Տեսնես ի՞նչ երազներ այցի կգան նրանց, — մտածում էի ես,— հայրենի հարկի տակ և օտարության մեջ տեսած նրանց երազները նո՞ւյնն են, թե՞ նույնը չեն»։

Պետրոս Սարուխանյան

You may also like...