Տառապանքի գեղեցկությունը

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1984թ.

Միրտայի նշաձեւ, սեւորակ աչքերում արդեն «գրված է» նրա հայ լինելը, եւ նրան կարող ես անսխալ տարբերել հազարավոր օտարազգիները մեջ՝ թեկուզեւ իր ծննդավայրում՝ հեռավոր Արգենտինայի Բուենոս-Այրես քաղաքում: Սակայն Միրտան անխառն հայ է ոչ միայն արտաքինով, նա հայ է նախ եւ առաջ արյունով, սրտով, հոգու թրթիռներով ու… երգով: Եւ երբ երգում է, նրա նշաձեւ, սեւորակ աչքերում մերթ խտանում է թախիծը, մերթ շողարձակում է լույսը, մերթ լույսն ու թախիծն իրար են խառնվում, որովհետեւ նա երգում է Հայաստանի մասին, կարոտի մասին, կռունկների մասին, «Հույսի եւ լույսի հայրենիքի» մասին…

– Միրտա, երգելու շնորհքը ժառանգակա՞ն է,- հարցնում եմ:

– Ինչպես ըսեմ, եւ այո, եւ ոչ: Այսինքն շնորհքը ժառանգական է, բայց իմ մեջ բան մը կա, որ, կկարծեմ, զուտ իմն է, իմ հետ ծնած է: Դա հայ երգի սերն է, իսկական, մաքուր հայ երգի: Պապս կերգեր, բայց ավելի շատ սպաներեն տանգոներ: Ես երգեցի հայերեն, միմիայն հայերեն եւ երջանիկ եմ ատոր համար: Կզգամ, որ երգելը իմ կոչումս է, ինքզինքս արդարացնելու ձեւ, պարտք հատուցելու տեսակ մը: Չէ՞ որ ամեն մեկս պարտք ունինք մեր ագգին, մեր հայրենիքին առջեւ:

Այո: Միրտան իրավունք ունի խոսելու երջանկության, պարտքի, կոչումի մասին, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, հայ երգի սերը «իր հետ ծնած է»:

1981-ին Բուենոս-Այրեսում Սիմոն Քրբեկյանի ղեկավարությամբ մի խումբ շնորհալի երաժիշտներ՝ Աբրահամ Քեչաքչյանը (դուդուկահար եւ կլարնետահար), Հեկտոր Դարբինյանը (քամանչա, ջութակ) ստեղծեցին մի փոքրիկ երաժշտախումբ՝ գաղութին իսկական հայկական երաժշտություն հրամցնելու նպատակով: Դպրոցը դեռ նոր ավարտած Սիրտա Սաչյանը դարձավ խմբի երգչուհին:

– Թեեւ ես երաժշտական կրթություն ստացած չէի, բայց գաղութը շատ սիրեց իմ երգը, որովհետեւ ես սրտով կերգեի: Եւ օր մը ծրար ստացա, ծրար, որ անհավատալի երջանկություն բերեց ինձի: Երկու տարով հրավիրված էի Հայաստան՝ Երեւանի Կոմիտասի անվան երաժշտանոցը՝ երգեցողության մեջ հմտանալու: Այդօրն առաջին անգամ հասկցա, թե ինչ է երջանկությունը, այդ օրը ես ոչ թե կքալեի, այլ թռչելով կերթայի ընկերներուս, բարեկամներուս հայտնելու երջանիկ լուրը:

Եւ ահա Հայաստանը, Երեւանը, Կոմիտասի անվան երաժշտանոցը, հոգատար, հմուտ ուսուցիչները՝ Հովհաննես Բադալյանը, Խաչատուր Ավետիսյանը, սիրելի, հարազատ ընկերները…

– Գիտեք, ոչ մեկ պահ օտարության, անսովորության զգացում ունեցած չեմ: Ես հայրենիքն արդեն ապրած էի միտքիս մեջ եւ այն գտա այնպես, ինչպես կպատկերացնեի… Այսինքն, ոչ, կսխալիմ, հոս այնպիսի հուզումներ ունեցած եմ, որ հոն երբեք չէի կրնար ունենալ:

Քանի մը ամիս առաջ Հայաստան այցելած արգենտինահայ ընկերներուս հետ Սարդարապատ գացի, անպատմելի հուզում ապրեցա, մարմինս փուշ-փուշ կըլլար ու լացս անընդհատ կուգար: Չեմ գիտեր՝ հատկապես ի՞նչն էր պատճառը, դիմացս գեղեցկորեն փռված երկատված հարթությո՞ւնը, այդքան պատմություն կրող տաք, կարմիր քարե՞րը, հարթավայրը քնքշորեն պարուրած անսահման լռությո՞ւնը, թե ուրիշ ինչ-որ զգացումներ, բայց լացս չէի կրնար զսպել:

… Միրտային վերջին անգամ հանդիպեցի, երբ ընդամենը մի քանի օր էր մնացել Հայաստանից մեկնելուն: Քիչ հոգնած էր (վերջին գործերն էր կարգավորում), կամ տխուր: Զրուցեցինք դեսից-դենից: Ես խուսափում էի նրան հարցնել, թե ինչ է զգում նա այս օրերին, մեկնումից առաջ, որովհետեւ գիտեմ, որ դժվար է այդ հարցին սպառիչ, ամբողջական պատասխան տալ:

– Մեկնելե ետք գաղութին համար համերգ մը պիտի տամ, պիտի ցուցադրեմ հայրենիքի մեջ սորվածս: Օրն արդեն նշանակված է. օգոստոսի 4-ը: Այնքան մեծ է պատասխանատվությունը, որ տեսակ մը վախ կզգամ: Ծրագիրը մեծ մասամբ այստեղ սորված երգերն են՝ Ալեքսեյ Հեքիմյանի «Կռունկ, բարով դառնաս», Խաչատուր Ավետիսյանի «Քեզ իմ սրտից չեմ հանի», «Ծաղկած բալենի», մի շարք ժողովրդական երգեր… Կուզե՞ք երգեմ ձեզ համար,- հանկարծ ընդհատում է նա թվարկումը ու մանկական անմիջականությամբ դիմում ինձ: Եւ երգում է լիքը, հարուստ, հստակ ձայնով.

Կռունկ, գնա, հայոց դաշտի
Ծաղիկը տար պանդուխտներին,
Արարատի ձյուն տար մաքուր,
Ջուր Սեւանա՝ պանդուխտներիս:
Եւ նախանձից Մասիսն անհաղթ
Թեքվել է, որ Արաքսն անցնի,
Ամեն տնից ելնում է ծուխ,
Ամեն մի հավք դարձել է բույն:

Իսկապես որ կարիք չկար հարցնելու, թե ի՞նչ է զգում նա մեկնելուց առաջ, նրա երգից, հոգու թրթիռներն արտացոլող աչքերից ես ամեն ինչ հասկացա, եւ նրանք, ովքեր օգոստոսի 4-ին կլսեն Միրտային, եւ նրանք, ովքեր լսելու են ուրիշ անգամներ, նույնպես կհասկանան:

– Կպատկերացնեմ, թե որքան պիտի կարոտնամ Հայաստանը: Այսքան հարազատորեն այս հողին ու մարդկանց կապվելե ետքը կխորհիմ, որ այլեւս տառապանք է Հայաստանեն դուրս ապրելը…

Ոչինչ, Միրտա, քո երգը պե՛տք է մարդկանց եւ այդ կարոտը, այդ տառապանքը հաստատ ավելի կգեղեցկացնեն ու կազնվացնեն այդ երգը: Գնա ու երգիր՝ հիշելով Վարուժանի տողերը.

Ո՜վ բարեկամ, խորհե թե Երգս է պատմեր
Ցավն հաճույքի եւ հաճույքները ցավին:

You may also like...