Վերնատանը

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1985թ.

Ձմեռը գունազրկել ու գորշացրել է աշնան պայծառ գույները եւ այդ գորշության մեջ ինչ-որ լուսավոր, ջերմ երեւույթի հետ հանդիպելու պահանջը ավելի զգալի է դառնում: Իսկ Երեւանում քիչ չեն այնպիսի վայրերը, ուր այցելելուց հետո ավելանում է հոգուդ լույսն ու աշխարհն ավելի պայծառ է թվում: Այդ վայրերից մեկը, առաջիններից մեկը, Հովհաննես Թումանյանի թանգարանն է, որ այս օրերին ավելի մարդաշատ ու աշխույժ է դարձել: Մարդիկ գիտեն, որ այստեղ վերջերս իր նախկին տեսքով ու կահավորությամբ վերականգնվել է Թումանյանի թիֆլիսյան այն բնակարանը, որ «Վերնատուն» անունն է կրում, այն բնակարանը, որ անցյալ դարի սկգբներին դարձել էր դեռեւս ջահել, հետագայում հայ մշակույթի դասականներ դարձած գրողների հավաքատեղին:

Vernatun

 

…Ծանր, բազալտակուռ աստիճանները տանում են վեր՝ դեպի կամարավոր գեղեցիկ շինությունը՝ Թումանյանի թանգարան, դեպի նշանավոր Վերնատուն: Ուրեմն կարելի է երեւակայել, թե հյուր ես գնում ամենայն հայոց մեծ բանաստեղծին, որը երբեք բացակա չի եղել մեզանից, քանի որ նրա անծայր բարությունն ու իմաստնությունը ուղեկից են դարձել մեզ ամենասկզբից ու մշտապես կքայլեն մեզ հետ:

Խաղաղ, հարմարավետ սենյակ է Վերնատունը, պարզ կահավորությամբ, պատերին զանազան մեծ ու փոքր լուսանկարներ են, գրադարակներին արվեստի գործեր են, կիսանդրիներ եւ գրքե՜ր, գրքե՜ր…

Ես դանդաղ դիտում եմ այդ նվիրական իրերը, փորձում եմ մտովի վերականգնել այն մթնոլորտը, որ տիրել է տարիներ առաջ, երբ առօրեական գործ ու հոգսից հետո այստեղ հավաքվել են մեր գրականության եւ մշակույթի մեծերը, հավաքվել են զրուցելու, մտքեր փոխանակելու, բարձրաձայն կարդալու ու քննարկելու համաշխարհային գրականության գլուխգործոցները, սեփական ստեղծագործությունները, խոսելու ազգի հոգսերից ու ապագայից, երգելու, նաեւ միասին ճաշելու:

«Անմոռանալի գեղեցիկ ժամեր ենք անցկացրել «Վերնատանը», իմաստավորված, բովանդակալից, ներշնչող պահեր»,- կարոտով գրել է տարիներ անց Վերնատան անդամներից մեկը՝ Ավետիք Իսահակյանը:

Նրանք՝ Վերնատան անդամները, հիմնականում վեցն էին. Տանտերը՝ Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Ավետիք Իսահակյանը եւ Դերենիկ Դեմիրճյանը: Հեշտ է այսպես թվարկելը, սակայն, եթե փորձենք առանձին-առանձին արտասանել նրանցից յուրաքանչյուրի անունը եւ մեր առջեւ պատկերացնել հայ մշակույթի գանձարանում նրանց թողած հսկայական ժառանգությունը, մի տեսակ դժվար է դառնում երեւակայելը, որ հնարավոր է եղել այդպիսի երջանիկ հանրագումար:

 

Վերնատան պատերին խնամքով փակցված լուսանկարները տանտիրոջ եւ մյուս անդամների սիրելիներն են՝ կյանքում, գրականության մեջ, արվեստում: Դիմացի պատի ամենակենտրոնում խունացած մի լուսանկար կա. Տեր Թադեոսն է՝ Հովհաննես Թումանյանի հայրը: «Ամենալավ եւ ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, եղել է իմ հայրը: Նա ազնիվ մարդ էր եւ ազնվական՝ բառի բովանդակ մտքով: Չափազանց մարդասեր ու առատաձեռն էր, առակախոս ու զվարճաբան, սակայն ուներ մի խոր լրջություն»,– գրել է Թումանյանը ինքնակենսագրությունում: Այստեղ են եւ Շեքսպիրի, Դանթեի, Շիլլերի, Բայրոնի, Գյոթեի, Րաֆֆու, Պետրոս Ադամյանի, Սիրանույշի լուսանկարներն ու կիսանդրիները: Այո, բանաստեղծը սիրել է մշտապես զգալ նրա՛նց ներկայությունը, ում չափանիշ է ունեցել կյանքում եւ արվեստում, ումով դաստիարակվել ու իմաստնացել է: Եւ դա այսօր նորից մեզ հուշում է, որ պարտավոր ենք դաստիարակվել Թումանյանով, այն անհատականությամբ, որը ինչքան պայծառ ու լուսավոր էր առօրյայում եւ գրականության մեջ, նույնքան էլ ուներ անչափելի «խոր մի լրջություն» կյանքում եւ գրականության մեջ: «Թովիչ հատկություն ուներ Թումանյանը,- հիշելով Վերնատան երեկոները, գրում է Դերենիկ Դեմիրճյանը:- Արդեն նրան տեսնելիս դահլիճի մեջտեղ կամ առանձնասենյակի թիկնաթոռին, կամ սեղանատանը սեղանի գլխին նստած՝ ներս մտնող հյուրը զգում էր, որ սենյակը լիքն է: Թումանյանը լցնում էր բնակարանը, մարդկանց հավաքույթը: Նրա դահլիճը «մեջլիս» էր: Իսկ այդքան հյուրերի բազմությունը, հաճախությունը, հազար ու մի առիթներով գնալ-գալը, այդ հացկերույթները, աշխույժը նրա տունը դարձրել էին վանք, տոնախմբություն, շարունակական, հարատեւ տեսակցությունների վայր»:

Այստեղ անցկացրած երեկոները սիրով ու կարոտով է հիշում նաեւ Լեւոն Շանթը՝ Թումանյանին գրած նամակներում: Այո՜, Վերնատունը անբաժանելիորեն կապված է հայ գրականության պատմությանը, նրա ամենապայծառ էջերից մեկն է, եւ ինչ հրաշալի է, որ այն այսօր վերականգնվել է այստեղ՝ Երեւանի կենտրոնում, մեծ բանաստեղծի անունը կրող փողոցի բարձունքին, ու դարձյալ ամեն մարդ կարող է ցանկացած պահի հյուր լինել այս տանը:

… Դրսում սկսվում էր ձմեռային պաղ երեկոն, ու գույներն ավելի էին գորշանում: Ես դուրս եմ գալիս Վերնատնից, այդ պաղության ու գորշության մեջ տարրալուծելու այն լույսն ու ջերմությունը, որ պարգեւել էին մեծ բանաստեղծն ու Վերնատունը՝ այդ «շարունակական, հարատեւ» տոնախմբությունը…

You may also like...