Վերադարձ երգով

«Հայրենիքի ձայն», 1989թ.
Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.

1966 թվականի աշնանը Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում, Բրամսի 4-րդ սիմֆոնիայի կատարման ղեկավարությամբ առաջին անգամ մեծ բեմահարթակ ելավ Երեւանի պետական երաժշտանոցի սիմֆոնիկ-դիրիժորական բաժնի շրջանավարտ Հենրիկ Անասյանը: Երիտասարդ խմբավարի գրագետ, զգացմունքային ու խորաթափանց մեկնաբանումը հիացրեց ունկնդրին՝ նրան մեծ հույսեր ներշնչելով Անասյանի կատարողական հնարավորությունների հանդեպ: Կարճ ժամանակ անց Հենրիկ Անասյանը դարձավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր նվագավարի՝ պրոֆեսոր Միքայել Մալունցյանի օգնականը: Հետագայում նրա ստեղծագործական եւ կատարողական գործունեության ընթացքը երկար տարիներ կապվեց Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության պետական կոմիտեի հետ, ուր տասնվեց տարիների ընթացքում նա ղեկավարել է տարբեր նվագախմբեր ու վարել զանազան պաշտոններ:

Սակայն Անասյանի ստեղծագործական աշխարհը չէր սահմանափակվում զուտ կատարողական արվեստի շրջանակներում: Նրա գրչին են պատկանում բազմաթիվ երգային, խմբերգային, սիմֆոնիկ ստեղծագործություններ: Անասյանի ստեղծագործական գործունեությունը առավել արդյունավետ եւ նպատակային էր հատկապես Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի հետ աշխատելու տարիներին:

1978-ին բնակություն հաստատելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Հենրիկ Անասյանի ստեղծագործական եւ կատարողական արվեստը նոր իմաստ ու որակ ստացավ: Երաժիշտ կատարողի նրա լայն, բազմակողմանի հնարավորությունները, անհանգիստ բնավորությունը եւ առավելաբար իր տաղանդն ու կարողությունները հայ համայնքի մշակութային կյանքում ներդնելու բուռն ցանկությունը նրան մղում են բազմաշերտ գործունեության: Կարճ ժամանակում նա կարողանում է կազմակերպել տարբեր ժանրի եւ բնույթի երաժշտախմբեր՝ նրանց հետ իրականացնելով նաեւ սեփական հորինումների ու մշակումների կատարումները: Անասյանի ներկայությունը ամերիկահայ համայնքում նոր աշխուժություն հաղորդեց տեղի երաժշտական-մշակութային կյանքին: Շնորհիվ իր անհանգիստ բնավորության, կազմակերպական ձեռներեցության եւ անվիճելիորեն, ներքին երաժշտական տարողունակ աշխարհի, նա կարողացավ կազմակերպել անհաշիվ թեմատիկ համերգներ ու երաժշտական երեկույթներ՝ ոգեւորումի, հպարտության, ազգային արժանապատվության հրաշալի պահեր պարգեւելով հազարավոր ամերիկահայերի: Հատկապես հիշատակելի են «Հայաստանը երգերի մեջ», «Ժողովրդական տաղանդներ» եւ մանավանդ «Սրբազան համերգ» շարքերը: Վերջինս, սկսած 1982 թվականից, յուրաքանչյուր ապրիլի 24-ի նախօրեին հնչում է «Ուիլշըր Իպել» թատրոնի ընդարձակ սրահում՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի:

Ահա թե ինչ է գրում 1988 թվականի մայիսի 10-ի համարում «Ասպարեզի» թղթակիցը՝ «Արբազան համերգի» ունկնդրումից հետո. «…Ու՜ր ասես, որ չտարավ մեզ «Սրբազան համերգը», է՛լ Տէր Զօրի անապատ, է՛լ Ղարաբաղ ու Սումկայիթ, է՛լ Ատանա ու Գարահիսար, է՛լ Արարատ ու քաղաքամայր Երեւան… Եւ ամենուր մենք զգացինք, վերապրեցինք մեր անցած դառն ու քաղցր օրերը եւ ավելի թեւապնդվեցինք եւ դարձանք հաստատական մեր պայքարում, ապագայի մեր ծրագրերում»: «Ասպարեզի» թղթակիցն այն ժամանակ չէր կարող իմանալ, որ այս անուններին մեկ տարի անց պիտի գումարվեն նորերը՝ Լենինականը /Գյումրի/, Սպիտակը ու ավելի պիտի խտանա ողբերգականն ու թախիծը «Սրբազան համերգում»: Այո, 1989-ի ապրիլի 23-ին համերգային շրջագայությամբ Ավստրալիայում գտնվող Անասյանի ղեկավարած «Սիփան» երգչախմբի ոգեկոչման համերգի սեւակազմ հայտագրի առաջին էջում կարդում ենք. «Սիրելի լենինականցիներ, մեր եղբայրներ ու քույրեր, ձեր ծանր հարվածի եւ կորստի ցավերը մենք բաժանում ենք հեռավոր Ավստրալիայում ու որպես սփոփանք՝ նվիրում ենք ձեզ մի անուշ երգ՝ հույսով ու մխիթարությամբ: Թող ձեր վերաշինական բազուկին, քրտինքին ու աշխատանքին ընկերանան հայ երգն ու երաժշտությունը»:

Այս ու նաեւ Ամերիկայում տրված մի քանի համերգներից ստացված գումարը տրամադրվել է Լենինականում երաժշտական դպրոց կառուցելու եւ կահավորելու նպատակին:

Այսօր բազմազբաղ նվագավարի եւ կոմպոզիտորի ստեղծագործական գործունեությունը հիմնականում կապված է հենց «Սիփան» երգչախմբի եւ նրան ընկերակցող նվագախմբի հետ, որտեղ իրենց ուրույն ներդրումն ունեն նաեւ Անասյանի տիկինը՝ երգչուհի Մարիետա Անասյանը եւ որդին՝ տաղանդավոր ջութակահար Արմեն Անասյանը: Կազմավորվելով 1979 թվականին ու այս տասը տարիների ընթացքում դժվարին, վայրուվերումներով լի ճանապարհ անցնելով՝ այսօր «Սիփանը» ներկայանում է իբրեւ կուռ, կատարողական բարձր չափանիշերի հասած մի երգչախումբ, որն ամեն գնով ձգտում է բարձր պահել հայ մշակույթի ջահը օտար ափերում, բազմազան մշակույթների խառնարանում: Եւ հատկապես այս գործում անառարկելիորեն մեծ է մաեստրոյի դերը: «Հենրիկ Անասյանի իմացաբանական տաղանդը ներշնչված է ազգաբարոյական ապրումի գիտակցությամբ եւ առավելագույնն ազգին տալու ձգտումով: Նա իր ժողովրդի ճակատագրով մտահոգված եւ ազգային (մարդկային նույնպես) զարթոնքին նվիրված երախտավորներից է, որի մարդկային եւ ստեղծագործական նկարագրի ամբողջացումը տեսնում ենք նրա գործունեության մեջ:

«Անասյանը որպես արվեստագետ ընտրել է երաժշտական ըմբռնումների իրականացման ուրույն ճանապարհ, նրա ստեղծագործական մտքի որոնումներն ուղղված են ժողովրդական բնատուր տաղանդների, երաժշտական ձիրքերի, օժտվածության բացահայտմանը՝ մարդու մեջ (նույնպես եւ ազգի) ներաշխարհային երաժշտական տարերքը կրթելու եւ, հետեւաբար, նրան սեփական ազգային երգ-երաժշտության միջոցով ինքնարտահայտման հնարավորություն տալու ձգտումով…»: Այսպես է բնորոշել Ռոզա Աբրահամյանը Անասյանի գործունեությունը «Նոր կյանքի» 1986-ի հոկտեմբերի 2-ի համարում: Սակայն զարմանալի չէ, որ տարիների ընթացքում ոչ ամենաբազմազան մեծ ու փոքր բեմահարթակները, ոչ բուռն ծափահարությունները, ո՛չ համայնքի մեծարումն ու գնահատանքը Անասյանի մեջ չթուլացրին հայրենի բեմահարթակում նորից կանգնելու անդիմադրելի մղումն ու երազանքը: Այս օրերին նա դարձյալ Հայաստանում է: Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն ընդառաջելով Հենրիկ Անասյանի եւ նրա երգչախմբի մեծ ցանկությանը՝ ծրագրել են առաջիկա ապրիլին կազմակերպել «Սիփանի» հյուրախաղերը մայր հայրենիքում՝ Հայաստանի ռադիոյի եւ հեռոստատեսության սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:

Վերադարձ երգով… որի մեջ խտացած բազմաթիվ զգացումների հետ ընդգծվում է հատկապես այն բարձր գիտակցումը, թե «Մշակութային ծառայությունը ազգի մը գոյատեւման պայքար է»:

You may also like...