Վենեսուելա

Հայերը Վենեսուելայում հաստատվել են 20-րդ դարի սկզբին: Համայնքը ձևավորվել է 1930-ական թվականներին: 2009թ. տվյալներով` Վենեսուելայում բնակվում է շուրջ չորս հազար հայ: Զգալի մասը (հազարից ավելին)՝ Կարակասում, մնացյալները Կունամա, Մարակայ, Վալենսիա, Բարսելոն, Պուերտո Լա Կրուս քաղաքներում: Տեղի հայերի զգալի մասն արաբախոս է (կամ արդեն` իսպանախոս):

Վենեսուելայի հայ համայնքի ազգային կյանքը կազմակերպում է Գաղութային գործադիր վարչությունը: Վենեսուելայի Հայոց հոգևոր հովվության կենտրոնը Կարակասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է (կառուցվել է 1987թ., պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների թեմին): Գործում են ՀՅԴ տեղական կազմակերպությունը, «Արարատ» հայկական ընկերակցությունը (հիմնվել են 1965թ.), Տիկնանց միությունը, երիտասարդական և պատանեկան միություններ, շաբաթօրյա վարժարան` 30-35 աշակերտով, երգչախումբ և պարախումբ: 1974-75 թվականներին Կարակասում լույս է տեսել գաղութի «Արարատի ձայն» թերթը` հայերեն և իսպաներեն: Ս.Զարիկյանի, Ղազարյան եղբայրների և այլոց նախաձեռնությամբ 1987թ. Կարակասում կառուցվել է Հայկական կենտրոն` արդիական շենքով, օժանդակ շինություններով:

2001թ. Կարակասի հրապարակներից մեկում տեղի հայ համայնքի հովանավորությամբ տեղադրվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթող:

Լուսանկարում
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող Կարակասում (տեղադրվել է 2002թ.):

You may also like...