Վավերագիր ապրած կյանքի համար

Վերածնված Հայաստան, 1989թ., թիվ 11

Ճշմարտությունն է տերը Ժերանյանի ստեղծագործության մեջ։ Նրա հայացքը ճիշտ է, արտասովոր, հագեցած հարուստ ներաշխարհով, լավատեսությամբ ու սիրով։ Նա մի խանդավառ դերասան է, որը գտել է իր բեմը՝ վերջնականապես դառնալու նրա տնօրենը։

Ռոժե Վիլ
(ֆրանսիացի արվեստաբան)

Ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի ստեղծագործական խառնվածքը աշխարհում իր տեղն ու դերը փնտրող հայ մարդու կենսագրության ոլորտում է կոփվել։ Ծնվել է Սեբսատիայում, 1921-ին։ Յոթ տարեկանում ծնողների հետ փոխադրվել է Ֆրանսիա։ Հաճախել է Մարսելի արվեստից դպրոցը, որն ավարտել է 1939-ին։ 1946–48 թթ. սովորել է Փարիզի Ժուլիան և Գրանդ Շոմիեր ակադեմիայում։ Երեսուն տարեկանից սկսել է վայելել իր տաղանդի պտուղները՝ Դովիլի մեծ մրցանակը (1952թ.), Հոֆլորյան բնանկարի մրցանակը (1953 թ.), Փարիզ քաղաքի արծաթե մեդալը (1955 թ.), Արվեստների և գրականության ասպետի կոչումը (1959 թ.), Եվրուսայի նկարչության առաջին մրցանակը (1966 թ. Մոնակո) և այլն։

Նրա կտավները ցուցադրվում և հանգրվանում են աշխարհի լավագույն ցուցասրահներում։ 42 անհատական ցուցահանդես է ունեցել, որոնցից 5-ը՝ Հայաստանում։

Երկու տարի առաջ նա արժանացավ սփյուռքահայ արվեստագետներին տրվող հայրենիքի բարձրագույն պարգևին` Մարտիրոս Սարյանի անվան մրցանակին։

Ռիշար Ժերանյան

Ռիշար Ժերանյան

Այս տարվա սեպտեմբերին Ռիշար Ժերանյանը կրկին Հայաստանում էր։ «Վերածնված Հայաստան» ամսագրի խմբագրատանը կայացած հանդիպման ժամանակ նա պատասխանեց մեը թղթակցի հարցերին.

— Պարոն Ժերանյան, Դուք Ձեզ հայ նկարիչ համարո՞ւմ եք։

Ռիշար Ժերանյան. Բնորդուհին

Ռիշար Ժերանյան. Բնորդուհին

— Այո՛, իմ նկարչության թրթիռները հայկական են։ Չպետք է մոռնանք, որ նկարչությունը միջազգային լեզու է։ Հայկական ոգին՝ միջազգային լեզվով. ահա իմ մեկնակետը։

— Ֆրանսահայ արվեստագետները ինչպե՞ս արձագանքեցին հայ ժողովրդին վիճակված մեծ ողբերգությանը։

— Լաց ու կսկիծի մասին հարկ չկա, որ ըսեմ։ Ամենքն ալ սգալե զատ կձգտեին ուժերու ներածին չափ օգտակար ըլլալ։ Ֆրանսահայ նկարիչները հոժարակամ իրենց նկարները աճուրդի հանեցին և հասույթը «Շարլ Ազնավուր» ֆոնդին տրամադրեցին։ Ես ալ 150 լիտոգրաֆիաներ տված եմ Ֆրանսիա–ԽՍՀՄ ընկերությանր, որ վաճառքեն գոյացած գումարը տրամադրվի Լենինականի մեջ փոքրիկներու համար հիվանդանոց կառուցելուն:

Ռիշար Ժերանյան. Իսպանական նատյուրմորտ

Ռիշար Ժերանյան. Իսպանական նատյուրմորտ

— Ո՞րն է սփյուռքահայության դերը հայ ժողովրդի հոգեկան և ֆիզիկական վերահաստատման մեջ։

— Հային ամեն ինչը պայքարով կտրվի։ Մենք միշտ պիտի պայքարինք՝ ըլյա կառուցելով, ըլլա ստեղծագործելով, ըլլա ապրելու վճռականությամբ և պայքարով։ Պետք չէ սփյուռքահայությունը զատել հայրենի ժողովուրդեն։ Ամենքս ալ նույնն ենք։ Պայմաններն այլ են, բայց մեր պարտականություններն ու իղձերը մեկ են։ Մեզի շատ վրդովեցուց Սումգայիթի լուրը։ Օտարներ դժվարությամբ կհավատան, որ խորհրդային երկրին մեջ հնարավոր է ցեղասպանության ատանկ վայրագ փորձ ընել։ Ամեն բռնություն հատուցում կենթադրե։ Ինչպիսի՞ն կըլլա այդ հատուցումը, հարկ է, որ կշռադատվի։

Ռիշար Ժերանյան. Նորավանք

Ռիշար Ժերանյան. Նորավանք

— Պարոն Ժերանյան, շնորհավորում ենք Մարտիրոս Սարյանի անվան մրցանակի արժանանալու առթիվ։ ճիշտ է, այն շնորհվել է երկու տարի առաջ, բայց պարգևը ստացաք այսօր։

— Կուզեի ըսել, որ երջանիկ եմ Հայրենիքին մեծ պարգևին համար, բայց լեզուս չի պտտիր՝ ի՞նչ հայ, որ այս օրերուն երջանկության մասին խորհե։ Այդ պարգևը հոգուս մեջ կպահեմ և կյանքիս մայրամուտին ապրածս կյանքը իմաստավորելու ամենեն կարևոր վավերագիրը կունենամ։

Ռիշար Ժերանյան. Գարնանային ծաղկեփունջ

Ռիշար Ժերանյան. Գարնանային ծաղկեփունջ

You may also like...