Սփյուռքը միութենական մամուլի էջերում. Ռեալիստ նկարիչը

Սովետական Հայաստան, թիվ 1, 1982թ.

Միլանի հնագույն «Ռոտոնդա» սրահում շուրջ չորս ամիս ցուցադրվում էին Գրիգոր Հովհաննեսի Շըլդյանի գեղանկարչական գործերը։ Հարյուր հազարավոր արվեստասերներ այցելեցին ցուցահանդես։ Իտալացի բազմաթիվ քննադատներ մամուլում հոդվածներ տպագրեցին։ Մի խոսքով՝ ցուցահանդեսը երևույթ էր Իտալիայի մշակութային կյանքում։ Այդքան երկար տևած ցուցահանդեսն ինքնին մի փաստ է, որ վկայում է քաղաքային իշխանությունների կողմից ֆինանսական պատկառելի հատկացումների մասին։ Երևույթ, որն այնքան էլ հատուկ չէ Իտալիային։ Իտալացի Նկարիչներից քչերն են արժանացել նման պատվի, այն դեպքում, երբ Գրիգոր Շլդյանը արտասահմանյան քաղաքացի է, թեև կես դարից ավելի ապրում է Իտալիայում։

Գրիգոր Շլդյան

Գրիգոր Շլդյանի դիմանկարը

…Ութսուն կտավ, որոնցից առաջինը նկարվել է 1916 թվականին Դոնի Ռոստովում, իսկ վերջինը՝ անցյալ տարի, նկարչի հռոմյան արվեստանոցում։

Գրիգոր Շլդյանը ռեալիստ արվեստագետ է՝ գծանկարի նուրբ, հղկված տեխնիկայով և կոմպոզիցիայի բարձրաճաշակ զգացումով։ Նա գծանկարիչ է՝ միայն իրեն հատուկ կատարողական ոճով։ Նրա ստեղծագործությունն առաջին հերթին պատմություն է մարդկանց մասին, երբեմն թախծոտ, երբեմն ուրախ՝ հումորով։

Ես կանգնած, երկար հիանում էի նրա «Ֆիլատելիստը» նկարով։ Մաշված հագուստով ծեր մարդը նստել է հնամաշ բազմոցին և հափշտակված դիտում է դրոշմանիշերի հավաքածուն։ Այդ նրա կիրքն է, որին նա տրվել է անմնացորդ։ «Թափառաշրջիկը» կտավը Շլդյանը նկարել է 1943-ին։ Այն երևան է հանում Մուսոլինիի ֆաշիստական վերնախավի կողմից սանձազերծած անմիտ պատերազմի ժողովրդական ողբերգությունը։ «Մոդեռնիստների դպրոցը» նկարը շաղախված է հումորով։ Սենյակի կենտրոնում կանգնած մերկ բնորդուհուն նայելով, «վարպետներից» յուրաքանչյուրը նկարում է ինչ-որ անհեթեթ բան։ Նկարչի վերջին ստեղծագործություններից մեկը՝ «Միջուկային մահը», դիտողին է հաղորդում միջուկային «հայտնության» սարսափը։ Հետաքրքիր և ռեալիստական վառ արտահայտչականությամբ են կատարված նաև նկարչի դիմանկարները։ Գրիգոր Շլդյանը հայտնի է նաև որպես հիանալի գրաֆիկ։ Նա ձևավորել է մի շարք գրքեր, այդ թվում՝ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի իտալերեն թարգմանությունը: Նրան են պատկանում Ֆլորենցիայի երաժշտական թատրոնում Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» օպերայի բեմադրության դեկորացիաները։ Նկարիչը երկար և բեղուն համագործակցել է Միլանի «Լա Սկալ՚ա» թատրոնին։

Գրիգոր Շլդյան. Ձկներ

Գրիգոր Շլդյան. Ձկներ

Շլդյանը անսովոր ճակատագիր ունի։ Ծնվել է 1900 թ. Դոնի Ռոստովում (հայ ծնողները դեռևս անցյալ դարավերջին հաստատվել էին ռուսական այդ քաղաքում): Շլդյանը դեպքերի բերումով 1919 թ. հայտնվեց Կոստանդնուպոլսում։ Երիտասարդ նկարիչը վրձնով էր հայթայթում օրվա ապրուստը։ «Իմ կյանքը» ինքնակենսագրական գրքում նա հիշում է, թե ինչպես էր, անգամ տխրահռչակ «Սևուտիճների վազքը» խաղատների «գեղարվեստական» պատվերները կատարում։

Կոստանդնուպոլսից Շլդյանը տեղափոխվում է Վիեննա, ուր հաճախում է տեղի Գեղարվեստական ակադեմիան, ապա՝ Բեռլին, այնուհետև՝ Հռոմ։ Շլդյանը երկար ապրել է նաև Փարիզում, ուր ծանոթացել է արևմտաեվրոպական գեղանկարչության մեջ եղանակ ստեղծող այն ժամանակվա ավանգարդիստական ուղղություններին։ Սակայն Շլդյանը մոդեռնիզմը հերքեց որպես անկումային, դեկադենտական հոսանք, որը գեղանկարչությունը տանում է փակուղի։ Նրա ստեղծագործական անկյունաքարը դարձավ ռեալիզմը, որը նա հաստատում է ոչ միայն նկարչի իր տաղանդով, այլև արվեստի տեսության քննադատական գրչով։

Գրիգոր Շլդյան. Նատյուրմորտ

Գրիգոր Շլդյան. Նատյուրմորտ

Բնորոշ մի մանրուք. Իտալիայում հրատարակած «Տրակտատ գեղանկարչության մասին» իր հիմնարար աշխատությունից հետո Շլդյանը բազմաթիվ նամակներ ստացավ արվեստի շուրջ իր հայացքները կիսող երիտասարդ նկարիչներից և գեղանկարչության երկրպագուներից։

Չնայած իր ոչ երիտասարդ տարիքին, Գրիգոր Շլդյանը շարունակում է նկարել։
«Իմ ամենամեծ ցանկությունն է,— ասում է Գրիգոր Շլդյանը,— ցուցահանդես կազմակերպել հայրենիքում՝ Սովետական Միությունում։ Թերևս, դա կլինի իմ վերադարձը դեպի սեփական ակունքները»։

Ն. ՊԱԿԼԻՆ
«Իզվեստիայի» սեփ. թղթակից

You may also like...