Սփյուռքահայ երիտասարդի հայրենասիրությունը

«Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Ս. Բաղդասարյան
Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ

Հայրենիքից հեռու, օտար միջավայրում, ազգությունների ձուլման խառնարաններում սփյուռքահայության սերունդների ազգային դիմագծի պահպանումը չափազանց դժվարին գործ է։ Եղեռնից փրկված սերունդների բեկորները հայտնվելով օտար ափերում կարոտով կապված մնացին հայրենի հողի գաղափարին, պահպանեցին մայրենի լեզուն, մշակութային ավանդույթները և ազգային սովորույթները։

Այսօր մենք արդեն գործ ունենք արտերկրի հայության երրորդ-չորրորդ սերնդի հետ, որն առավել հակասական է, հայրենի ավանդների հետ առավել թույլ կապված, ժամանակի թելադրանքն ավելի հաշվի առնող։ Սփյուռքահայ երիտասարդության կացությունը ունի իր յուրահատկությունը, հետևաբար և բարդությունները, ինչպես սփյուռքում են գրում. «Հայ ըլլալու բարդույթը»։ Բանն այն է, որ սփյուռքահայ երիտասարդը գտնվում է պատկանելության երկընտրանքի մեջ, որպես իր ապրած երկրի քաղաքացի և որպես հայության մասնիկ։ Այդ ամենի հետ նա կրում է սպառողական հասարակության քաղքենացման ազդեցությունը, ենթակա է տարբեր բնույթի վայրիվերումների, այլատեսակ խոչընդոտների և դժվարությունների։

«Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Կիպրոսի Մելքոնյան վարժարանի սաները Երևանի մարզահամերգային համալիրի մոտ: «Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Ժամանակակից կյանքը, դարի տագնապները, անորոշությունը, հասարակական-սոցիալական կյանքի հակասությունները նույնպես իրենց դրոշմն են դնում սփյուռքահայ երիտասարդի հոգեբանության վրա։ Սակայն մի հարց, այնուամենայնիվ, նրան ավելի շատ է անհանգստացնում՝ ո՞վ եմ ես, ի՞նչ ազգի եմ պատկանում, ի՞նչ են իմ երազներն ու ձգտումները, իմ ապագան։ Եվ այդ հարցերի պատասխանները նա սկսում է որոնել մայրենի լեզվի ու մշակույթի մեջ, որի ծալքերում ժողովրդի պատմությունն է, ոգին, հոգեբանությունը։ Այդ լավ են հասկանում սփյուռքում և գերագույն ջանքեր են թափում երիտասարդության հոգում արծարծելու ազգային ոգին, մեր հինավուրց լեզվի ու մշակույթի կրակը։

Սփյուռքի մշակութային կազմակերպությունների ջանքերով ստեղծված նորակառույց տները, մշակութային կենտրոնները լայն հնարավորություններ են ընձեռում երիտասարդությանը՝ հայրենի ավանդույթներին մերձենալու համար։ Այս իմաստով առանձնապես շնորհակալ գործ են կատարում այդ կենտրոններում ստեղծված ինքնագործ խմբերը։ Հաճախ աշխատանքից հետո մոռանալով հոգնածությունը, սփյուռքահայ պատանիները և աղջիկները հավաքվում են այդ ակումբներում, կենտրոններում, սիրով մասնակցում են ինքնագործ խմբերի փորձերին և մշակութային այլ ձեռնարկումների։ Ժողովրդական ստեղծագործության ներշնչած զգացմունքը տաք կարոտ է արթնացնում, այն կարոտը, որը նստած է նրանց ենթագիտակցության մեջ։

Եվ ուրախությամբ պիտի նկատել, որ գնալով սփյուռքի երիտասարդ սերունդը ավելի ու ավելի է մոտենում իր արմատներին, զորանում է նրա ինքնաճանաչման, ինքնահաստատման ձգտումը։

Սովետական Հայաստանի և սփյուռքի միջև օրավուր ընդլայնվող և զարգացող կապերը մեծապես խթանում են սփյուռքի հայ երիտասարդական կյանքի աշխուժացմանը, աճում է երիտասարդ սերնդի հետաքրքրությունը մեր ժողովրդի պատմության, անցյալ ու ներկա մշակութային արժեքների իմացության, գնահատման և իմաստավորման նկատմամբ։ Հարյուրավոր երիտասարդներ իրենց ազնիվ նպաստն են բերում սփյուռքի մշակութային, կրթական և այլ կազմակերպությունների գործունեությանը։

«Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Սփյուռքահայ երեխաները Հանքավանում: «Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Իհարկե, չի կարելի անտեսել նաև այն հանգամանքը, որ սփյուռքահայ երիտասարդներից շատերը նախընտրում են մեկուսանալ հանրային կյանքից, ամփոփվել անհատական նախասիրությունների շրջանակում, անտարբեր են ազգի և ազգայինի հանդեպ։

Բայց, այնուամենայնիվ, առավել բնորոշը դա չէ, այսօր արդեն փաստ է դառնում ազգային ակունքներին մոտենալու ձգտումը, գաղթօջախներում կազմակերպվելու և կազմակերպված գործելու միտումը։ Երիտասարդական միությունները, խմբակցությունները որոնում են կենսական հարցերի լուծման ուղիներ և գործելակերպի նոր ձևեր ու մեթոդներ։ Ուրախալին այն է, որ երիտասարդական միությունների ճնշող մեծամասնությունը իրատեսորեն է կողմնորոշվում՝ սփյուռքի ճակատագիրը կապելով հայրենիքի հետ։

Սփյուռքահայ երիտասարդները գնալով ավելի են համոզվում, որ թեպետ աշխարհի տարբեր երկրներում ցրված հայությունը ենթակա է տարբեր ազդեցությունների, նա եղել ու մնում է որպես հայ ժողովրդի անկապտելի մասը։ Գերմարդկային ճիգերով նա ձգտում է պահպանել իր ազգային դիմագիծը, մշտապես լինել հայրենիքի հետ՝ այն համարելով իր հուսալի կռվանը։

Հայ գաղթականության դարավոր պատմության դասերը վկայում են, որ հայրենիքից հեռացածները որքան էլ ավանդապահ են եղել, չեն կարողացել վերջնականապես հաղթահարել ուծացման վտանգը, որովհետև կտրված են եղել հայրենիքից։ Այդ դասերը հուշում են նաև, որ հայապահպանության ջանքերի հաջողության գրավականն այսօր հայրենիք–սփյուռք կապերի ամրապնդումն է։

Հայաստանի գրողների 9-րդ համագումարում Գառնիկ Ադդարյանն ասաց. «Սփյուռքի հիվանդ սիրտը ավելի քան երբեք, պետք ունի հայրենի արյան, հայրենիքի սոսկական գոյությունն է, որ իմաստ ու հեռանկար կուտա սփյուռքի գոյապայքարին»։

Սփյուռքահայ թերթերից մեկը նկատում է. «Մեր գոտեմարտը ինքնանպատակ չէ։ Անիկա հայրենիքի համար է։ Ամբողջական հայության մը համար։ Ահա հայապահպանման մեր սևեռակետը՝ հայը հայ պահել հայրենիքի համար։ Մայր հողն է մեր գոյության ապահով երաշխիքը»։

Ուստի պետք է հայրենիքով խանդավառել աճող սերունդը, նրան մշտապես սնել հայրենիքի մայրական կաթով, անխառն հայրենասիրությամբ։

Անհնար է հայրենասեր լինել առանց հայրենիքի, հայ մնալ՝ առանց հաղորդակից լինելու այն կենարար շնչին, որ գալիս է հայրենի հողից։ Անհնար է սփյուռքում հայ մնալ նաև առանց ազգային հպարտության։ Այդ մասին լավ է ասել Վահան Թեքեյանը.

Կարենալու համար ապրիլ այսուհետև,
Օդի, ջուրի, հացի նման
Մենք պետք ունինք հպարտության…

Սփյուռքահայ երիտասարդությունը տեսնելով հայրենիքի բարգավաճումը, հայ մշակույթի, արվեստի ու գրականության առաջընթացը, ավելի սիրով ու հավատով է կողմնորոշվում դեպի նա։ Եվ պատահական չէ, որ վերջին տարիներին կտրուկ աճել է Հայաստան այցելել ցանկացող երիտասարդական խմբերի թիվը։

Ամեն տարի սփյուռքից ավելի քան երկու հարյուր դպրոցականներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայաստանի պիոներական ճամբարներում։ Սովետական Հայաստանի հանդեպ հիացումի, սիրո, երախտագիտության զգացումների մասին են վկայում Սփյուռքահայության կոմիտե հասցեագրված բազմաթիվ նամակները։

Ընթերցելով մեկ անգամ ևս համոզվում ենք, թե որքան կարևոր է օտարության մեջ ծնված հայ պատանիներին ու աղջիկներին վաղ հասակից մայր երկիրը ճանաչելու, սեփական աչքերով այն տեսնելու և հայրենիքի մասին որոշակի պատկերացում ունենալու հնարավորություն ընձեռելը։

Անցյալ տարվա սեպտեմբերին կոմիտեի հրավերով Հայաստան այցելեց Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության վեց տասնյակ դպրոցականներից բաղկացած երգչախումբը։ Դժվար է նկարագրել այն խանդավառությունը, որ ապրեցին մելքոնյանցիները հայրենիքում գտնված օրերին։ Նրանց հիշողության մեջ վառ կմնա այցելությունը Արարատի շրջանի Կիրովի անվան պետական տնտեսություն, ուր նրանք անմիջականորեն շփվեցին հայրենի հողից բարիք քամող մարդկանց հետ, համոզվեցին, թե ինչ դժվարությամբ է տրվում հայ աշխատավոր մարդուն հանապազօրյա հացը։

Երիտասարդական խմբերի այցելությունը Հայաստան՝ հայրենիք-սփյուռք հարաբերությունների տարեգրության ազնիվ և ազգանվեր օղակներից մեկն է։

Սակայն միջոցների սղության պատճառով սփյուռքի ոչ բոլոր երիտասարդները հնարավորություն ունեն այցելելու հայրենիք։ Հավանաբար ժամանակն է մտածել սփյուռքի հայրենասիրական կազմակերպությունների միջոցներով դեպի Հայաստան երիտասարդական խմբերի այցելությունը հովանավորող հիմնադրամ ստեղծելու մասին։ Բայց կա և այլ պատճառ։ Դա երիտասարդությանը ապակողմնորոշելու, հայրենիքի հանդեպ նրանց թյուր ըմբռնումներ ներշնչելու սփյուռքի առանձին շրջանակների և հոսանքների վնասակար դիրքորոշումն է։ Հենց այդ պատճառով էլ սփյուռքում ապրող շատ պատանիներ ու աղջիկներ դեռևս աղոտ, հաճախ էլ սխալ պատկերացում ունեն Սովետական Հայաստանի, սովետական երկրի մասին։

Այդ «ուսուցիչները» մոռանում են մի ճշմարտություն, թե թիկունքում հայրենիք ունենալու զգացողությունն է, որ կւարող է սատարել ցիր ու ցան մեր ժողովրդի նոր սերնդի հոգևոր միասնությանը։

Ահա թե ինչո՛ւ հայրենիքի մասին պետք է խոսել ու գրել աճող սերնդի ապագայի ու բախտի հանդեպ բարձր պատասխանատվության գիտակցությամբ։ Հենց այդ գիտակցության բացակայությունն է, որ սփյուռքի որոշ թերթերի մղում է անխղճորեն ստելու և խեղաթյուրելու իրականությունը. «…Հայաստանի վերելքը և բարգավաճումը մի շփոթեք մեր ազգային իդեալների հետ, որոնք ոչինչ ընդհանուր չունեն հայի հանգրվան հայրենիքի հետ», կամ «1920 թ. նոյեմբերի 29-ը մեր պատմության տխուր թվականներեն մեկն է» և այլն։

Երբեմն ընդհանուր գործին վնասում է նաև այն մտայնությունը, երբ հայ ժողովրդի հայրենասիրական ոգին փորձում են վերագրել սփյուռքի այս կամ այն կուսակցությանը կամ շրջանակին։

Հայրենասիրությունը որևէ կազմակերպության կամ գործչի մենաշնորհը չէ։ Այն դարերի միջով է հասել մեզ։ Թրծվել է մեր նախնիների արյամբ ու հավատով։

Սակայն հայրենասիրությունը ունի իր այլ դրսևորումները, այն չի ենթադրում միայն պայքար ու անձնազոհություն։ Հայրենասիրություն է նաև կառուցելն ու շենացնելը այն հողը, որի յուրաքանչյուր քար ու թուփ իր մեջ կրում է մեր հայրերի ու պապերի շունչն ու գուրգուրանքը։ Հենց այս գիտակցությամբ են տոգորված սփյուռքի հարյուրավոր պատանիներ, որոնք ձգտում են ոչ միայն տեսնել Սովետական Հայաստանը, այլև անմիջական աշխատանքով իրենց ավանդն ունենալ երկրի շինարարության գործում։

Հայրենասիրությունը մեզ պետք է ուղեկցի ամենուր՝ ընտանիքում, դպրոցում, աշխատանքում կամ հասարակական կյանքում։

Անշուշտ, սփյուռքի պայմաններում աճող սերնդի հայեցի դաստիարակության կարևորագույն օջախը մնում է հայ դպրոցը։ Շատ տեղերում դպրոցը գաղութի հայության զարկերակն է։ Սփյուռքահայ դպրոցը տարագիր հայերի ինքնապահպանության պայքարի շարքային զինվորն է։ Այստեղ է, որ երեխայի մեջ ներարկվում է ազգային շունչ, ոգի և կորով։

Դպրոցն այն օջախն է, ուր, ավելի քան որևէ տեղ, սփյուռքահայ երեխան իրեն զգում է հայրենի միջավայրում։ Այստեղ է, որ նրա մեջ խմորվում է ազգային պատկանելության հպարտությունը։ Եվ այն, որ սփյուռքի շատ վարժարաններ կոչվում են հենց հայրենի վայրերի անուններով՝ Կիլիկիա, Մարաշ, Այնթապ և այլն, բոլորովին էլ ինքնանպատակ չէ։ Այսօր աշխարհի 25 երկրներում գործում են մոտ 300 ամենօրյա և նույնքան մեկօրյա դպրոցներ։

Շնորհակալական զգացումներով ես լցվում հայրենակցական միությունների դպրոցասեր, տիկնանց, կրթասիրաց, երիտասարդական և այլ միությունների ու կազմակերպությունների հանդեպ, որոնք ջանք չեն խնայում նյութապես և բարոյապես սատարելու սփյուռքի կրթական օջախներին։

Իսկ սփյուռքահայ ուսուցիչը հայապահպանության առաջամարտիկն է։ Եվ ամենահակասական պայմաններում նույնիսկ սփյուռքահայ ուսուցիչը անսահման նվիրումով է վերաբերում իր առաքելությանը։ Ավելի քան տասը տարի է, ինչ Լիբանանի հայ գաղութը խոր ցնցումներ է ապրում։ Այդ տագնապների մեջ հայ դպրոցի պահպանությունը ուղղակի սխրանք է։ Գաղութի կազմակերպությունների և միությունների, կրթական գործի կամավորների և, վերջապես, հայ ուսուցչի ջանքերի ու զոհաբերությունների գնով հայ դպրոցը մաքառում է գոյության իրավունքի համար։

Բավական է ասել, որ անցած ուսումնական տարում Լիբանանի հայ դպրոցներում ուսանել են 12 հազար պատանիներ ու աղջիկներ։

Այո՛, սփյուռքահայ կյանքի անհաստատ պայմաններում դժվարին ճանապարհ են անցել սփյուռքահայ դպրոցն ռւ սփյուռքահայ ուսուցիչը։ Բայց նրանք այսօր մենակ չեն։ Օր-օրի նրանք ավելի շոշափելի են զգում հայրենիքի աջակցությունն ու քաջալերումները։

Սփյուռքի դպրոցներին պարբերաբար առաքվում են դասագրքեր, գեղարվեստական գրականություն, դպրոցական աշխատանոցների սարքավորումներ, մարզական և երաժշտական գործիքներ, ուսուցողական նյութեր և այլն։

Հայրենիք-սփյուռք հարաբերություններում մի շարք ձեռնարկումներ դարձել են ավանդական, օրինակ, ուսուցիչներին վերապատրաստելու դասընթացները, դպրոցականների ամառային հանգիստը հայրենիքում, փոխայցելությունները կամ գործնական հավաքները։

Հիրավի՛, դժվար է ազգությունների ձուլման խառնարաններում սփյուռքահայ սերունդների ազգային դիմագծի պահպանումը։ Բայց հենց այդ դժվարությունը գիտակցելով էլ հարկ է, որ բոլոր հնարավորությունները օգտագործվեն նրանց հոգիներում ազգային պատկանելության հպարտություն ներարկելու համար։

Եվ այսօր օրեցօր բարգավաճող ու հզորացող հայրենիքի աջակցությունը վայելող սփյուռքահայ երիտասարդությունը պետք է պայքարի ուծացման դեմ և հավատով նայի վաղվա օրվան, որովհետև նա մենակ չէ։

You may also like...