Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի պլենումը

Հայրենիքի ձայն, 1 հունվարի, 1975թ., թիվ 1 (493)

Սփյուռքահայ գաղթօջախների առաջադիմական կազմակերպությունների հետ օրեցօր զարգացող կապերի, ժողովուրդների բարեկամության ու համագործակցության ուղղությամբ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի գործունեությունը քննարկվեց հերթական պլենումում, որը կայացավ դեկտեմբերի 27-ին, Հայաստանի գրողների տան դահլիճում: Նախագահությունում էին Հայկական ՍՍՀ արտաքին գործերի մինիստր Կ. Ուդումյանը, Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստր Ռ. Պարսամյանը, կոմիտեի ակտիվիստներ, գիտության և մշակույթի գործիչներ, արտադրության առաջավորներ:

Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վ. Համազասպյանը իր զեկուցման մեջ նշեց, որ կոմիտեն ներկայումս կապ է պահպանում սփյուռքահայ գաղթօջախների առաջադիմական, դեմոկրատական, հայրենասիրական ու երիտասարդական շուրջ 1000 կազմակերպությունների, ինչպես նաև գիտության, մշակույթի և հասարակական բազմաթիվ գործիչների հետ: Այդ կապերը նպաստում են հայրենիքի հետ սփյուռքահայերի մերձեցմանը, նրանց Սովետական Հայաստանի նվաճումներին հաղորդակից դարձնելուն:

Տեսական ու մեթոդական զգալի օգնություն է ցույց տրվում սփյուռքահայ ուսուցիչներին: Ամեն տարի նրանց առանձին խմբեր վերաորակավորվում, կատարելագործվում են Հայաստանում: Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության ուսուցիչների կատարելագործման ինստիտուտն արդեն տասը տարուց ավելի է, ինչ հետևողական, ծրագրված աշխատանք է կատարում նրանց հետ: Հայաստանում դասընթացներ են անցել նաև սփյուռքահայ գիտնականներ, արվեստագետներ, լրագրողներ: Ուշադրության կենտրոնում է եղել սփյուռքահայ դպրոցը: Հայաստանում տպագրվում են արևմտահայերեն ուղղագրությամբ դասագրքեր` 1-10-րդ դասարանների համար, դպրոցների ուղարկվում են ոչ միայն ձեռնարկներ, այլև գեղարվեստական գրականություն, դպրոցական լաբորատորիաներ, երաժշտական գործիքներ, դիդակտիկ նյութեր, ցուցահանդեսներ:

Ամփոփելով կոմիտեի տասնամյա գործունեության արդյունքները, Վ. Համազասպյանը նշեց, որ լայն ծավալ է ընդունել հայրենիքի և սփյուռքի մշակութային կապը: Արտասահմանի հայկական գաղթօջախներն են մեկնել Հայաստանի գիտության, արվեստի գործիչներ, ժուռնալիստներ, թատերական ու գեղարվեստական խմբեր: Մեր հանրապետություն են այցելել սփյուռքահայ առաջադիմական կազմակերպությունների, հայրենակցական ու բարեգործական միությունների ներկայացուցիչներ, անվանի գրողներ, նկարիչներ, աշխատավորական պատվիրակություններ: Պլենումում սփյուռքահայ գաղթօջախների առաջադիմական կազմակերպությունների հետ կապերի հետագա բարելավման մասին խոսեցին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Է. Միրզոյանը, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր արխիվային վարչության պետ, պրոֆեսոր Ա. Հարությունյանը, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ա. Ղարիբյանը, Հանրապետության նկարիչների միության վարչության նախագահ արվեստի վաստակավոր գործիչ Ս. Սաֆարյանը, հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի տեղակալ Շ. Տատուրյանը, բանաստեղծուհի Ս. Կապուտիկյանը, Ամենայն հայոց կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք Վազգեն Առաջինը, արտասահմանյան երկրների հետ բարեկամության և կուլտուրական կապի հայկական ընկերության նախագահ Ռ. Սամսոնովը:

Պլենումում ելույթ ունեցավ ՀԿԿ Կենտկոմի ինֆորմացիայի և արտասահմանյան կապերի բաժնի վարիչ Լ. Մանասերյանը:

(Արմենպրես)

You may also like...