Սփյուռքահայերը հակաֆաշիստական պայքարում

«Սովետական Հայաստան», 1985, թիվ 4

1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ հարձակվեց Սովետական Միության վրա։ Կարմիր բանակն ու սովետական ողջ ժողովուրդը ելան ֆաշիստական զավթիչների դեմ։ Հայրենիքը պաշտպանելու ելան սովետական բոլոր հանրապետությունները, բոլոր ազգերը, որոնց հետ նաև Սովետական Հայաստանը, հայ ժողովուրդը։

Սովետական հայաստանի աշխատավորության դիմումը սփյուռքահայությանը

1941 ԹՎԱԿԱՆԻ օգոստոսին «Պրավդա» թերթը ազդարարեց. «Հայ ժողովուրդն իր մարտական տեղն է գրավել իրենց անկախության և ազատության համար Սովետական Միության բոլոր ժողովուրդների մղած ընդհանուր պայքարում… Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության մեջ քանիցս ենթարկվել է օտար բռնակալների հարձակումներին։ Նա գիտե, թե ինչ բան են կոտորածը, ավերը, սովը, բռնությունները։ Հայ ժողովուրդը չի մոռացել հայերի ֆիզիկական ոչնչացումը, որ կազմակերպել էր արյունռուշտ Հիտլերի նախորդ Վիլհելմ կայսրը իր դաշնակից հայասպան Թալեաթ փաշայի հետ միասին առաջին իմպերիալիստական պատերազմի տարիներին»։ «Այդ պատճառով, երբ արյունալի հրդեհի պես բռնկվեց պատերազմը, որ սկսել էր մարդակեր Հիտլերը Սովետական Միության դեմ, ամբողջ հայ ժողովուրդը մի մարդու պես ոտքի կանգնեց հայրենիքը պաշտպանելու… Ալեկոծվեց, ցնցվեց հայ ժողովուրդը…»։

Սփյուռքահայերը հակաֆաշիստական պայքարում

Երևանում 1941 թ. օգոստոսին տեղի ունեցավ հակաֆաշիստական միտինգ, որը հայրենասիրական դիմում հղեց արտասահմանյան երկրներում ապրող հայերին։
«Թանկագին բարեկամներ, այս պահին, երբ մեր երկրի և ամբողջ մարդկության վրա կախվել է ահեղ վտանգը, մենք դիմում ենք համայն աշխարհի հայերին, մենք դիմում ենք բոլոր նրանց, ում համար թանկ է հազարամյակների մշակութային ժառանգությունը, ում համար սուրբ են ազատության և մարդասիրության վսեմ գաղափարները, բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մարդկության ապագայով, ովքեր սիրում են իրենց իսկական հայրենիքը՝ միացրեք ձեր ջանքերը՝ կանխելու համար վերադարձը դեպի միջնադարը, կանխելու համար համաշխարհային մշակույթի ոչնչացումը, որ բերում է իր հետ գազանացած ֆաշիզմը՝ մարդկության, գիտության և մշակույթի ոխերիմ թշնամին։ Մենք դիմում ենք ձեզ և կոչ ենք անում, համախմբել ձեր բոլոր ուժերը՝ հանուն Սովետական Միության պաշտպանության, հանուն ամբողջ մարդկության խարդախ և վտանգավոր թշնամու՝ ֆաշիզմի ոչնչացման»։ Սովետական Հայաստանի ժողովրդի դիմումն իսկույն տարածվեց հայ գաղթօջախներում։

Սփյուռքահայերի գաղափարական-քաղաքական դիրքորոշումը պատերազմի նկատմամբ

Արտասահմանյան երկրներում ապրող հայկական համայնքների առջև ծառացավ լուրջ, սկզբունքային հարց՝ ո՞ւմ կողմը կանգնել, ի՞նչ դիրք բռնել սկսված պատերազմում։ Սփյուռքահայ աշխատավորության հոծ զանգվածները ճիշտ կողմնորոշվեցին պատերազմի պայմաններում ստեղծված քաղաքական իրադրության մեջ, մերժեցին ֆաշիզմի գաղափարը, դատապարտեցին հիտլերյան իմպերիալիստների ծրագրերը, արտահայտեցին իրենց համակրանքը և սերը դեպի Սովետական Միությունն ու նրա մղած պատերազմի արդարացի, վեհ նպատակները։

Ֆրանսիայում, օրինակ, երբ հաստատվեց հիտլերյան ռեժիմ, կոմունիստներն անցան ընդհատակ, «Յումանիտե» թերթը շարունակեց տպագրվել գաղտնի։ Ֆրանսիայի կոմկուսի հայկական հատվածը հրատարակեց ընդհատակյա «Ժողովուրդ», «Ազատություն», «Հայ ճակատ» թերթերն ու թերթիկները, որոնք հայ աշխատավորներին փոխանցում էին Ֆրանսիական կոմկուսի Կենտկոմի օրգան «Յումանիտեի» գաղափարները և կոչ անում պայքարի ելնել ֆաշիստ զավթիչների դեմ։

Բազմաթիվ թերթիկներից մեկում գրված է. «Հայ ճակատը պիտի դառնա հայկական բոլոր ուժերու համախմբման մղիչ ազդակը։ Հայ ազգի գոյության օրրանը Խորհրդային Հայաստանն է ու անոր տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումը, որ կապահովվե միայն Խորհրդային Միության մեջ ու եղբայրական ուժով։ Ֆրանսահայ գաղութի բարօրությունը սերտորեն կապված է Ֆրանսիայի ճակատագրին, ու մենք՝ պաշտպանելու համար մեր իսկ շահերը, վճռականորեն պիտի կանգնինք այս ժողովրդի կողքին, անոր ու մեր թշնամի հիտլերյան բարբարոսության դեմ»։

Ֆրանսահայ հակաֆաշիստները հիացմունքով գրել են սովետական բանակի քաջագործությունների մասին, կոչ արել՝ «Պաշտպանեցեք մեր հայրենիքը, բոլոր միջոցներով վնասելով գերմանական բանակին, օգնեցեք ֆրանսացի մարտիկներուն, օգնած ըլլալու համար կարմիր բանակին և զորացնելու համար մեր երկու ժողովուրդներու բարեկամությունը»։ Այդ ոգով էին ներծծված նաև Մարսելում, Լիոնում և Ֆրանսիայի այլ քաղաքներում ու շրջաններում հայ մարտիկների հրատարակած թերթիկներն ու կոչերը։

Բուլղարիայում տպագրվող «Երևան», իսկ Հունաստանում՝ «Նոր կյանք» լրագրերում և այլ հրատարակություններում հայրենասեր հրապարակագիրները մերկացնում էին հիտլերյան զավթիչների ոճրագործությունները։

Լիբանանահայ քաղաքական–հասարակական գործիչ Հարություն Մադեյանը պատերազմի նախօրեին հրատարակեց «Հայ ազգի միության և բարգավաճման համար» գիրքը։ Գրքում շարադրված են հայ աշխատավորների պահանջները և Սովետական Հայաստանի շուրջը համախմբվելու խնդիրները։

«Ամերիկահայ հառաջադիմական միությունը» Նյու Յորքում հրատարակում է «Լրաբեր» թերթը, որը ընթերցողներին պարբերաբար պատմում է Սովետական Միության, նրա բանակի մղած արդարացի, ազատագրական պատերազմի մասին։

Երկրորդ աշխարհամարտի առաջին օրերից լիբանանահայ կոմունիստների «Սպարտակ» թերթը գրում էր. «Խորհրդային Միության մղած բոլոր պատերազմները հեղափոխական, ազատագրական են, հետևաբար արդար են, օրինավոր են, որովհետև անոնք նպատակ ունին միայն կամ պաշտպանել սոցիալիստական վարչաձևը, և կամ ազատագրել ուրիշ ժողովուրդների կապիտալիզմի և իմպերիալիզմի լուծեն»։ Մեկ այլ հոդվածում, որը վերնագրված է «200 միլիոն միաձույլ և բարձր իդեալի ժողովուրդ», վերլուծվում է Սովետական Միության ժողովուրդների կյանքը, միասնությունը, հայրենասիրությունը, միաժամանակ ցույց են տրվում ֆաշիստական Գերմանիայի բնակչության ներքին դասակարգային, սոցիալական հակասությունները, հիտլերյան բանակի թիկունքի անկայունությունը, սովետական զինված ուժերի գերազանցությունը։

Կոմունիստները մենակ չէին։ Հակաֆաշիստական պայքարի մեջ կոմունիստներին հարում և նրանց հետ միասնական, հակաֆաշիստական դիրքորոշում են ընդունում նաև սփյուռքահայ առաջադիմական, դեմոկրատական կազմակերպություններն ու միությունները։ Թեև այդ կազմակերպությունները ունեին տարբեր սոցիալ-քաղաքական նպատակներ, ծրագրեր ու գաղափարախոսություն, բայց պատերազմի տարիներին միավորվեցին միասնական ճակատի մեջ՝ ընդդեմ հիտլերյան իմպերիալիստների, հանուն մայր հայրենիքի՝ Հայաստանի պաշտպանության, ամբողջ քաղաքակրթության պաշտպանության։

Հնչակյան «Երիտասարդ Հայաստան» (Նյու Յորք), «Արարատ» (Բեյրութ), «Շարժում» (Բուենոս Այրես) և ուրիշ հրատարակություններ, ռամկավարական «Զարթոնք» (Լիբանան), «Արև» (Եգիպտոս), «Պայքար» (ԱՄՆ) և ուրիշ լրագրեր սփյուռքահայ ընթերցողներին պատմում էին սովետական բանակի մարտերի մասին, հրատարակում կարևոր հաղորդագրություններ և հերքում գեբելսյան պրոպագանդիստների տարածած կեղծ լուրերը։

«Սասունցի Դավիթ» տանկային շարասյուները Կարմիր Բանակի մարտակարգերում

Բացի գաղափարական պայքարին և դիմադրական շարժմանը զորագրվելուց, սփյուռքահայ հայրենասեր տարագիրները միջոցներ հավաքեցին սովետական բանակի ֆոնդին օգնելու համար։ Այդ բանում որոշակի դեր խաղաց Սովետական Հայաստանի աշխատավորության նամակ-ուղերձը սփյուռքի հայությանը և Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանի 1941 թ. հուլիսի 30-ի կոնդակը։ Սովետական Հայաստանի ժողովրդի անունից կոչ էր արվում սփյուոքահայերին՝ կանգնելու հակաֆաշիստական պայքարի դիրքերում, օգնելով սովետական բանակին ջախջախելու մեր հայրենիքի թշնամուն։

Հանգանակության համար արտասահմանյան գաղթօջախներում ստեղծվեցին հատուկ մարմիններ։ Լայն աշխատանք ծավալեց մամուլը։ Սփյուռքահայ թերթերից մեկում գրվեց. «Հայրենիքին տրվածը անկորուստ գանձ մըն է։ Մարդ պետք է այս աշխարհի վրա իր երջանկութենեն առաջ հայրենիքին երջանկությունը փնտրե»։

Որոշվեց հավաքված միջոցներով ստեղծել տանկային շարասյուն և այն կոչել «Սասունցի Դավիթ»։ 1944 թվականի փետրվարին տանկերի առաջին շարասյունը հանձնվեց 119-րդ առանձին տանկային գնդին։ 1944 թվականի հունիսին «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունով զինված գունդը մտցվեց 1-ին մերձբալթյան ռազմաճակատի զորքերի կազմի մեջ և գրոհի գնաց Բելոռուսիայի ու Մերձբալթիկայի ազատարարների մարտակարգերում։ Շուտով կարմիր բանակին հանձնվեց նաև սփյուռքահայ հայրենասերների հավաքած միջոցներով ստեղծված «Սասունցի Դավիթ» տանկային երկրորդ շարասյունը։

Կարմիր բանակի զրահատանկային զորքերի այն ժամանակվա հրամանատարի օգնական գեներալ-լեյտենանտ Կորոբկովը գրել է. «Ընդունելով տանկային շարասյունը, սպաները «Սասունցի Դավիթ» տանկերի վրա երդվեցին անողոքաբար ջախջախել գերմանական զավթիչներին…»։ Զորամասի հրամանատարը հայտարարել էր. «Հայ ժողովրդի լեգենդար հերոս Սասունցի Դավթի անունը կրող տանկային շարասյունը ընդունելով մեր զորամասի մարտակարգը, մենք է՛լ ավելի ցասումնալից կջախջախենք գերմանական զավթիչներին և կբազմապատկենք կարմիր բանակի տանկային զորքերի փառքը»։

1-ին մերձբալթյան ռազմաճակատի շտաբի տեղեկագրերից մեկում, որ կազմել է գեներալ-մայոր Բոբկովը, համառոտակի ամփոփված են «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան մարտական գործերը։ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ուժն այն մարդկանց մեջ է, ովքեր ղեկավարում էին այդ տանկերը և դրանցով մարտի գնում։ Նրանք ռուս զինվորներ էին, սովետական բանակի փորձված տանկիստներ։ Ավագ լեյտենանտ Մախոտկինը, կրտսեր լեյտենանտներ Խոխլովը, Ստեպանովը, Սերգեյենկոն, լեյտենանտ Դրոբոտը և շատ ուրիշներ՝ փոխգնդապետ Վոյինովսկու գլխավորությամբ։

Այն օրերին, երբ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունն առաջ էր գնում դեպի Արևմուտք, իրանահայերը նախաձեռնեցին ստեղծելու նոր տանկային շարասյուն, որին տրվեց «Գեներալ Բաղրամյան» անունը։ Այդ նախաձեռնությունը լայն արձագանք գտավ նաև ուրիշ հայկական համայնքներում։

Սովետական բանակին տանկային շարասյուներ նվիրելու պատմական փաստի մեջ ևս դրսևորվեց տարագիր հայերի համակրանքը դեպի սովետական երկիրը, նրանց նվիրվածությունը Սովետական Հայաստանին։ Այդ հանգանակությամբ մարտական զենք կռելուն օգնելով՝ սփյուռքահայ հայրենասերները կրկին ցույց տվեցին իրենց նվիրվածությանը Սովետական Հայաստանին։

Սովետական Միության՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը և Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության հետագա զարգացման հեռանկարները սփյուռքահայ լայն զանգվածների մեջ առաջ բերեցին նոր շարժում՝ վերադառնալ Սովետական Հայաստան, վերամիավորվել հայ ժողովրդի հետ։ Արտասահմանյան երկրներում ապրող հարյուր հազարավոր հայեր համակվեցին այդ ցանկությամբ և դիմեցին Հայաստանի կառավարությանը։

1945 թվականի նոյեմբերի 11-ին Սովետական Միության կառավարությունը որոշում ընդունեց բավարարել Հայաստանի կուսակցության և սովետական մարմինների խնդրանքը՝ ընդառաջել տարագիր հայերի Սովետական Հայաստան վերադառնալու ցանկությանը։

You may also like...