Սրբազան արարողություն

«Հայրենիքի ձայն», 19 ապրիլի, 1989թ.
Սեյրանուհի Գեղամյան

Դոնքիշոտյան արտաքինով այդ մարդուն երկրաշարժի աղետից հետո կարելի էր հանդիպել ամենատարբեր վայրերում՝ կեսգիշերին օդանավակայանում՝ բեռներ դատարկելիս, ցերեկը՝ Երեւանի զանազան տեղերում այդ բեռները տեղափոխել-կրել-պահեստավորելիս, դրանք Լենինականի, Սպիտակի, Ստեփանավանի, Երեւանի հիվանդանոցներում աղետյալներին բաժանելիս, մի խոսքով ամենուր, որտեղ հասնում, դատարկվում ու բաշխվում էին Ֆրանսիայից Հայաստանի օգնության ֆոնդին ուղարկվող բազմաքանակ ու բազմատեսակ բեռները: Նրա ինքնամոռաց աշխատանքը, հոգնություն չիմացող ավյունը, բարի, քրիստոսյան հայացքը անմիջապես ուշադրություն էին գրավում ու հետաքրքրություն ծնում իր անձի հանդեպ: Անծանոթների մտքով երբեք չէր անցնի, թե նա ճանաչված մաթեմատիկոս, Փարիզի N 13 համալսարանի պրոֆեսոր, նաեւ ֆրանսիայում վերջերս հրատարակված «Կիլիկիան կայսրությունների խաչմերուկում» պատմական երկհատոր մեծարժեք աշխատության հեղինակն է՝ Կլոդ-Արմեն Մութաֆյանը: Իսկ ծանոթների հոգում առավել քան աճում էր սերն ու համակրանքը, անսահման հարգանքն ու հիացումը նրա հանդեպ, որովհետեւ քչերը կարող էին այդքան երկար (շուրջ երկու ամիս) թողնել պատասխանատու, կարեւոր աշխատանքը ու գիշեր-ցերեկ «բեռնակրություն» անել:

Կլոդ Մութաֆյան

Կլոդ Մութաֆյան

Այդ օրերին ես հաճախ էի հանդիպում Կլոդին (նա սիրում է, երբ իրեն այդպես պարզ` «Կլոդ» են անվանում) ու տեսնելով այդ ինքնամոռաց աշխատանքը` մտածում էի, թե ինչպե՞ս պիտի նա օրեր անց թողնի այս ամենը ու փարիզյան համալսարանի լսարանները մտնի` մաթեմատիկա դասավանդելու: Մտածում էի ու տխրում նրա համար: Այո, նրա՛: Որովհետեւ գիտեմ, թե այդպիսիների համար այլեւս դժվար է այլ կյանքի վերադառնալը, որովհետեւ այդպիսիները չեն կարող այլեւս հանգիստ տրվել առօրյային, հանգիստ պառկել ու քնել, երբ գիտեն, որ աշխարհում կա մի վայր, անամոք վերքի ցավից տնքացող մի հողակտոր, որն այս օրերին իրենց սիրո ու գուրգուրանքի, իրենց ձեռքի ջերմության կարիքն ունի, որովհետեւ նա, ով մեկ անգամ մինչեւ վերջին կաթիլը ըմպում, պարպում է հայ լինելու դառն ու անուշ գավաթը՝ երակներում զգալով իր արյան բջիջների, իր ազգային պատկանելության խռովքն ու խլրտումը՝ չի կարող այլեւս շարունակել առաջվա պես…

Այդպիսիներից է Կլոդ-Արմեն Մութաֆյանը: Նա իր մեջ ի ծնե կրում է հայ լինելու հպարտությունը եւ անհաղթահարելի մղումը՝ ճանաչելու, ըմբռնելու իր «եսի», իր պատկանելության ակունքներն ու արմատները: Այս էր հստակորեն այն հիմնական պատճառը, որ մաթեմատիկայի ճանաչված պրոֆեսորը պահանջ զգաց խորանալու պատմության մեջ, գնալու դեպի այնտեղ, որտեղից տարիներ առաջ հայրը՝ հետագայում նշանավոր նկարիչ Զարեհ Մութաֆյանը, ստիպողաբար բռնեց Ֆրանսիա տանող ճանապարհը, բայց երբեք չկարողացավ համակերպվել ուրիշ երկրի քաղաքացի լինելու մտքի հետ ու մշտապես իրեն զգաց ուղղություն ու նպատակակետ կորցրած, անորոշության մեջ օրորվող միայնակ նավակ՝ ծովի անծայրածիր լայնություններում, իր թախիծն ու մենակությունը, իր բողոքն ու տխրությունը տեղափոխելով կտավների վրա:

Մայրն ընտրեց ավելի գործնական ճանապարհ՝ ֆրանսիական միջավայրում ստեղծելով հայկական մթնոլորտ՝ ընտանիքը սնելով հայոց լեզվով, պատմությամբ ու ավանդներով:

Կիլիկիա…

– Մանկութենե սկսյալ իմ բնական ձգտումս, իմ երազանքս եղած է դասական աշխարհը, մանավանդ հին հռոմեական, հունական, բյուզանդական քաղաքակրթությունները,- ասում է Կլոդը:- Սակայն հորս մահվնե ետք հետաքրքրություններուս ու ձգտումներուս կիզակետը դարձավ հայագիտությունը եւ մասնավորաբար Կիլիկիո պատմությունը: Եւ խորանալով անոր մեջ, զարմանքով ու հպարտությամբ տեսա, որ հոս կխաչաձեւվին ժամանակի բոլոր քաղաքակրթությունները: Այս ընկալումս առավել խորացավ, երբ 1977-ին, ապա 78-ին ճամփորդեցի Կիլիկյան աշխարհ եւ տեսա, որ ան իսկապես բացառիկ, դրախտ երկիր մըն է թե՛ բնական գեղեցկությունով եւ թե՛ անցյալեն մնացած հուշարձաններով: Շատ տպավորիչ են մանավանդ հսկա բերդերը, արքայական ու իշխանական շքեղ պալատները: Ընդհանրապես, Կիլիկիան հայոց պատմության մեջ շատ հետաքրքրական շրջան մըն է: Տեսնելով այլ քաղաքակրթություններու, այլ ժողովուրղներու ձգած կնիքը, միաժամանակ հպարտության ու արժանապատվության հզոր զգացումով կրնաս կանգնիլ հայոց թողած փայլուն հուշարձաններուն ու հիշատակներում առջեւ:

Լսելով Կլոդ-Արմեն Մութաֆյանի պատմածը եւ մանավանդ ծանոթանալով նրա ուսումնասիրություններին, նորից ու նորից երախտագիտության անսահման զգացումով ես լցվում դեպի այդ պարզ ու խորունկ, իսկական մտավորական, բարի ու համեստ մարդը, հայը, որն այդպես կարեւորեց, այդպես կյանք տվեց հոր հիշողություններին, իր պատկանելությանն ու արյան կանչին:

Իրոք, Կիլիկիայի հայկական թագավորության գոյությունը չափազանց փայլուն գլուխ է հայոց պատմության մեջ, պատմություն, որի էջերի մեծ մասը դառն ողբերգություններ են, ջարդի, թալանի, ավերի պատմություններ: Բազմիցս ծայրե ի ծայր ասպատակելով բուն հայոց հողը, բարբարոսները ոչ միայն երկրից թալանել-տարել են նյութական արժեքները, այլեւ ավերել, հողին են հավասարեցրել պալատական, իշխանական շինություններն ու բերդերը: Տոկացել են միայն անմատչելի վայրերում կառուցված եկեղեցիները, եւ այսօր, ցավոք, Հայաստանի տարածքում չափազանց քիչ են մեր արքայական անցյալը հիշեցնող աշխարհիկ հուշարձանները:

Ուրիշ է Կիլիկիան…

Այստեղ այսօր էլ հպարտ արժանապատվությամբ կանգնած են հայոց արքայական ու իշխանական տոհմերի զարմանահրաշ պալատներն ու բերդերը, շքեղ առանձնատներն ու եկեղեցիները, մշակութային բազմապիսի այլ կոթողներ: Ուսումնասիրելով այս ամենը Կլոդ Մութաֆյանը Կիլիկիայի պատմությունը դիտել է միջազգային մշակույթի հոլովույթում, տարբեր քաղաքակրթությունների առնչությունների խաչմերուկում, Արեւելքի եւ Արեւմուտքի ընդհանրությունների հյուսվածքում, նրբամտորեն անդրադառնալով նաեւ միջպետական դիվանագիտական հարաբերություններին, որոնց շնորհիվ հայ թագավորներին հաջողվեց ոչ միայն արժանապատվորեն քայլ գցել ժամանակի ուժեղ պետությունների հետ, այլեւ ասպատակություններից հեռու ու անաղարտ պահել հայրենի հողն ու մշակութային արժեքները:

– Կիլիկիո հայոց թագավորության պատմության ուսումնասիրությունը կարեւոր է ոչ միայն զուտ մշակութային ու պատմական տեսակետներե, այլեւ հետաքրքրական է իբրեւ քաղաքական, պետական ամուր կառույց: Դիվանագիտական ճիշտ հարաբերություններու շնորհիվ հայերը Կիլիկիո մեջ կրցան զանազան պետություններու շրջափակումին մեջ ստեղծել ամուր, միասնական ու ծաղկուն թագավորություն մը, որ գոյատեւեց շուրջ երեք դար: Ես գիրքիս մեջ մեծ տեղ հատկացուցած եմ Կիլիկյան թագավորության չորս գործիչներու՝ Թորոս, Մլեհ, Լեւոն, Հեթում: Ո՞ւր է թե հետագային, եւ ինչու՞ չէ՝ նաեւ այսօր, մեր պետական մտածողներն ու ղեկավարները մանրամասնորեն ուսումնասիրեին Կիլիկիո պատմությունը, ուրկե կրնային օգտաշատ դասեր առնիլ: Օրինակ, համոզված եմ, որ եթե Հեթում թագավորի պես մեծ դիվանագետ մը ունենայինք, մեր ազգային շատ հարցեր կրնային ավելի ճիշտ լուծում ստանալ: Անշուշտ, իմ ուսումնասիրությունս ամբողջական չէ տակավին: Այս առաջին աշխատությունս ընդհանուր տեղեկություններ կբովանդակե Կիլիկիո մասին: Հետագային նպատակադրված եմ հանգամանորեն անդրադառնալ մասնավորապես անոր բյուզանդական ու հայկական շրջաններուն, պատմական առանձին իրադարձություններուն, մշակութային առավել ակնառու հարցերուն ու երեւույթներուն: Անկեղծորեն ըսած՝ Կիլիկիո պատմությունով զբաղիլը ես կդիտեմ մեծագույն գործը, որ կրնամ ընել ի նշան հավատարմության ծնողքիս պատգամներուն եւ իբրեւ հատուցում հայկական ծագումիս:

Այո, սիրելի Կլոդ-Արմեն Մութաֆյան. ե՛ւ դա, ե՛ւ նաեւ այն, որ այս օրերին փարիզյան քո հարմարավետ բնակարանն ու աշխատանոցը թողած, ֆիզիկական աշխատանքից գուցե երբեք չկորացած քո վտիտ ուսերով հազարավոր կիլոգրամ բեռ կրեցիր ու շատ անգամ քո բարի հայացքով ու ժպիտով մխիթարեցիր տառապած հայրենակիցներիդ, այնպե՜ս հայրաբար գգվեցիր հարյուրավոր փոքրիկների, քաղց ու հանգիստ մոռացած՝ շատ անգամ գիշերեցիր օդանավակայանում, ասածիդ ամենավստահելի ապացույցներն են: Այդ ամենը զուտ գթասրտության, մեր ցավը կիսելու, քո պարտքը կատարած լինելու զգացումից զատ՝ այս երկրի, այս ժողովրդի իսկական զավակը օծվելու, քո պատկանելության իրականությունն ապրելու սրբազան արարողություն էր:

Ու հիմա՝ բոլորս, հարազատի անհամբերությամբ ենք սպասում քո վերադարձին, քո գրքի հայերեն, հայրենական հրատարակությանը, եւ ավելի ու ավելի ենք հավատում մեր հոգու երգին.

Երբ որ բացվին դռներն հուսո,
Եւ մեր երկրեն փախ տա ձմեռ,
Չքնաղ երկիրն մեր Արմենիո,
Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր…
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա…

You may also like...