Սուրբ Ստեփանոսի վանքը (Ամատունյաց վանք) Սիոնում

Ամատունի նախարարական տունը Սիոնում կառուցել է տալիս երկու վանք, որոնցից երկրոդը հատկացվել է հավատավոր կանանց բնակության համար: Ամենայն հավանականությամբ Ամատունիների կառուցած երկու վանքերից մեկը Սուրբ Հրեշտակապետն է, իսկ մյուսը՝ Սուրբ Ստեփանոսը: Ըստ հիշատակարանների՝ Սուրբ Ստեփանոսի Նշխարների Գյուտը տեղի է ունեցել 415 թ.: Կափարգամաղայի (գյուղ Գամաղիել) Ղուկիանոս քահանան, նույն գյուղի Գաբատաղեայ ագարակում գտնում է Սուրբ Ստեփանոսի նշխարները: Երուսաղեմի Հովհաննես պատրիարքը երկու եպիսկոպոսների հետ եկել է Կափարգամաղա և նշխարների մեծ մասը փոխադրել Սիոնի Վերնատան եկեղեցին, ուր ժամանակին Սուրբ Ստեփանոսը սարկավագ էր ձեռնադրվել: Նա հենց այս առիթով կառուցել է Սիոնի Մայր եկեղեցին:

438թ. Թեոդոս II կայսեր Եվդոքսիա թագուհին ուխտավորությամբ այցելել է Երուսաղեմ` առաջնորդությամբ Ալեքսանդրիայի Կյուրեղ պատրիարքի: Թագուհին քաղաքից դուրս կառուցել է տալիս մի եկեղեցի, Սուրբ Ստեփանոսի քարկոծման ավանդական տեղում և այստեղ զետեղում նրա նշխարները: Այս եկեղեցին կործանվել է 614թ. պարսկական արշավանքի ժամանակ, իսկ այնուհետև խաչակիրները վերանորոգել են այն: 1187թ., երբ Սալահ ադ-Դինը պաշարեց Երուսաղեմը, քաղաքի քրիստոնյա բնակչությունը ռազմական պատճառներով ստիպված եղավ քանդել եկեղեցին, որպեսզի թշնամին հնարավորություն չունենա նույն կողմից քաղաք մտնել:

Վանքի հայկական ծագման պարագան դժվար է հաստատել ազգային հիշատակարաններով, բայց ապացուցված է, որ Սիոնի Սուրբ Ստեփանոսի վանքը հին դարերից սկսյալ հայկական սեփականություն է եղել: Անաստաս վարդապետն այս վանքի մասին գրում է. «Ամատունեաց վանքը Սուրբ Սիոնի կողմն է», «Այլ վանք Ամատունեաց, որ հավատավորքն բնակեին ի կողմ Սիոնի»:

You may also like...