Սուրբ Հրեշտակապետաց վանքը Գազայում

Աստվածատուր եպս. Տեր Հովհաննեսյանն իր «Պատմություն Երուսաղեմի»-ում (Ա հատոր, էջ 364) գրել է. «…շինեաց (Եղիազար պատրիարք` 1657-1660թթ.) եւ զեկեղեցի ի Գազա յանուն Հրեշտակապետաց, այլ յետոյ յանհոգութենէ աւերեալ խանգարեցաւ յԱրաբացւոց, եւ մի մասն աւերակաց տեղւոյն կայ մնայ անդ»: Այս տողերից հասկացվում է, որ Գազայում Հայոց Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին կառուցել է Եղիազար պատրիարքը: Հնարավոր է, որ մինչ այս, նույն տեղում ուխտավորների համար կառուցված է եղել մի այլ հայկական եկեղեցի:

Եկեղեցին մինչև 1730թ. եղել է կանգուն, քանի որ Հաննա վարդապետն իր պատմության մեջ գրում է «սա ասի որ է Գազա: Աստ գոյ վանք մի ազգիս Հայոց եւ եկեղեցի յանուն Սրբոց Հրեշտակապետացն Գաբրիելի եւ Միքայելի: Եւ ունի պարտեզս եւ ծառս եւ խցերս»: Արդեն հաջորդ դարում Մկրտիչ վարդապետ Արծրունյանը ավելացնում է. «Բայց այժմ աւերակ եւ անտերունչ: Յամի Տեառն 1854 առաքեցաւ աստի քննիչ ի Գազա, որոյ բնակիչք պարտաւորւեցան տալ մեզ ամ յամե իճարէ քառասուն դահեկան սակս մեր բանուց տեղւոյն»:

You may also like...