Սուրբ Հովհաննես Կարապետ (Պանդայի) վանք

Սուրբ Հովհաննես Կարապետի վանքը կառուցվել է IV դարում, արքունական հարստությունների հաշվին: Այն գտնվում է Ձիթենյաց լեռան արևելյան կողմում:
Վանքի մասին վկայել է Անաստաս վարդապետն իր Ցուցակում.«Պանտայ վանքն, որ սուրբ Կարապետին է, որ յարեւելից կողմանէ Ձիթենեաց լերինն կայ, նոյնպես արքունի ծախիւք շինեալ, յանուն սուրբ Կաթուղիկեին որ ի Վաղարշապատ քաղաքի, զոր Աղուանք ունին մինչեւ այժմ»: Մովսես Կաղանկատվացին գրում է. «Պանդայ վանքն, որ արևելից կողմանէ Ձիթենեաց լերինն կայ Պանոն ոմն ճգնաւոր յԱղվուանից եղեալ նախաշինող, եւ այժմ Պետրոս Աղուան քահանայ ունի»:

Նկատի ունենալով նշված հիշատակությունները` համոզվում ենք, որ վանքին նախապես տիրացել էին Աղվանները, ի հիշատակ իրենց Պանդ կաթողիկոսի, որը, Կաղանկատվացու հիշատակարանի համաձայն, Աղվանից կաթողիկոսներից վեցերորդն է` սկսած Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսից: Հետագայում Պանոն անունով աղվան ճգնավորը վերանորոգել է Սուրբ Հովհաննես Կարապետի վանքը:

Վանքը քանդվել է XII դարում` եգիպտական արշավանքի ժամանակ: Նրա տեղում ավերակներ էին մնացել: 1868թ. ռուսները գնել են այդ տարածքն ու պեղումների ժամանակ հայտնաբերել հայկական գերեզմանոց և լավ պահպանված հայկական չորս գեղակերտ խճանկար, որոնք նախկինում զարդարել են Սուրբ Կարապետի վանքի հատակը: Վանքի գոյության մասին հիշատակություններ կան նաև օտար աղբյուրներում: Որոշ տեղեկությունների համաձայն` վանքն ավերվել է Սալահ ադ-Դին սուլթանի արշավանքների ժամանակ և այլևս չի վերակառուցվել:

You may also like...