Սուդան

Սուդանում հայերն սկսել են հաստատվել 19-րդ դարավերջից: Մինչև այդ երկրում բնակվել են հատուկենտ հայ վաճառականներ, ճանապարհորդներ, հոգևորականներ:
1902թ. հայերը հիմնել են «Քյուրքչյան եղբայրք» բեռնանավային ընկերությունը, որը մասնաճյուղեր է ունեցել Սուդանի բոլոր մեծ քաղաքներում և խոշոր կալվածքներ` երկրի տարբեր շրջաններում: 1903թ. Գրիգոր Պալճյանը հիմնել է Սուդանում գյուղատնտեսական առաջին քոլեջը: Սուդանի բամբակի արտադրության գործում մեծ համբավ է վայելել Իզմիրլյանը («բամբակի արքա»): Նա Խարտումում միաժամանակ բացել է գյուղատնտեսական մեքենաների վերանորոգման գործարան: Մինչև 1930թ. հայերի ձեռքում է եղել Սուդանի ծխախոտի վաճառքը: Հյուսվածքի խոշոր գործարան է ունեցել Սեդրակ Գալփակյանը, ալյումինի գործարան` Լևոն Չոլաքյանը:

Բարերար Գրիգոր Սարլյանը (կաշվի խոշոր վաճառական) Խարտումի կենտրոնում կառուցել է մարզավան` ի հիշատակ զոհված որդու` Հրանտի, և նվիրել հայ երիտասարդներին: Նյու Յորքի «Քյուրքչյան շինարարական ընկերության» Սուդանի մասնաճյուղը, որտեղ հիմնականում աշխատել են հայ մասնագետներ, կառուցել է ճանապարհներ, կամուրջներ, ջրամբարներ, էլեկտրակայաններ, գործարաններ և այլն: Սուդանի անկախացումից հետո (1956 թ.) հայ համայնքն ապրել է լիարժեք կյանքով` վայելելով երկրի իշխանությունների վստահությունը: Վարուժան Վանյանը, Գրիգոր Գափանջյանը, Եզնիկ Թերզյանը, Ահարոն Մալխասյանը, Արտուշ և Պետրոս Դանիելյան եղբայրները, Ենովք Թագվորյանը, Մինաս Պերպերյանը զբաղեցրել են պետական պաշտոններ: Կանոնավոր գործել են համայնքի եկեղեցիները, դպրոցը, բարեգործական, մարզական, երիտասարդական և այլ կազմակերպություններ:

1970-ական թվականներին Սուդանում հայտնի գործարարներ են եղել սառնարաններ արտադրող խոշորագույն գործարանատեր Սարգիս Իզմիրլյանը, ձեռնարկատեր Կարո Վանյանը: Հայերը հիմնականում կենտրոնացած են եղել Խարտումում, սակավաթիվ` Օմդուրման, Գեդարեֆ, Գիչիրա, Ուադ Մեգանի քաղաքներում:
1957 թվականից Խարտում քաղաքում գործում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Եկեղեցին:

1930թ. Գեդարֆեում բացվել է Սուդանի առաջին հայկական դպրոցը: Եկեղեցու և դպրոցի շենքերը կառուցվել են Սեֆերյան ընտանիքի բարերարությամբ: 1956 թվականից գործել է Խարտումի Հայ ազգային վարժարանը (փակվել է 1977-ին` Սուդանի իշխանությունների որոշմամբ): 1970թ. սոցիալիստական վերափոխումներ սկսած Սուդանի կառավարությունն օրենք է ընդունել խոշոր ձեռնարկությունների ազգայնացման վերաբերյալ, որի հետևանքով պետականացվել է նաև հայերին պատկանող ձեռնարկությունների մեծ մասը: Նյութական խոշոր վնասներ կրելով` հայերի զգալի մասը հեռացել է երկրից:

Արտագաղթի երկրորդ ալիքն սկսվել է 1970թ. վերջին, երբ երկրում կիրառության մեջ են դրվել իսլամական օրենքները: Խարտումի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա վարժարան, որն ունի ընդամենը մի քանի աշակերտ: Վարժարանի կազմակերպմամբ զբաղվում է եկեղեցու քահանա հայր Գաբրիել Սարգսյանը:
Վերջին տվյալներով Սուդանում բնակվում է մոտ 50 հայ:

You may also like...