Սիրով ու նվիրումով

Սովետական Հայաստան, թիվ 6, 1982

Ռաֆայել Իշխանյան

Եվրոպացի և ամերիկացի նշանավոր հայագետների մի մասի համար հայոց լեզուն, հայ գրականությունն ու մշակույթը, հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրության շատ հետաքրքիր ասպարեզ են եղել, և նրանք լավ են ուսումնասիրել այդ ամենը, սակայն առանց ջերմության, հարազատության զգացումի։ Արևմտյան ականավոր հայագետների մյուս մասն իր հետազոտական բազմակողմանի աշխատանքը հայագիտության բնագավառում կատարել է ներքին ջերմ սիրով, խանդավառ, նվիրումով՝ հայ ժողովրդի, նրա լեզվի, պատմության ու մշակույթի նկատմամբ։ Հայագետների այս երկրորդ բույլի մեջ է ֆրանսիացի Ֆրեդերիկ Ֆեյդին։

Ֆ. Ֆեյդին ծնվել է 1908 թ., Փարիզում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Վերսալում, ապա 1931—33 թթ. սովորել է նշանավոր Արևելյան կենդանի լեզուների ազգային չեմարանում (Փարիզ), որտեղ աշակերտել է ժամանակի խոշոր հայագետ Ֆ. Մակլերին։ Ճեմարանում Ֆ. Ֆեյդին հիմնավոր գիտելիքներ է ստացել հայոց հին ու նոր լեզուներից և հայ մատենագրությունից։ Ապա նա սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանում։

Դեռևս ճեմարանում սովորելուն զուգընթաց նա ֆրանսերեն է դասավանդել Սևրի (Փարիզի մոտ) հայկական դպրոցում, ապա 1933—36 թթ. հրավիրվել է Վենետիկ և այնտեղ Մուրադ–Ռաֆայելյան վարժարանում հաստատվել իբրև ֆրանսերենի դասատու։

Հայկական դպրոցներում կատարած մանկավարժական աշխատանքը, մշտական շփումը հայերի հետ Ֆ. Ֆեյդիին օգնել են կատարելապես տիրապետելու կենդանի հայերենին։ Շուտով նա Փարիզում հայ մտավորականության համար մի շարք հայագիտական դասախոսություններ է կարդում հայերեն։ Այդ զեկուցումներից մեկը՝ նվիրված հայոց Հեթում պատմիչի «Ծաղիկ պատմութեանց աշխարհին» մեծարժեք երկին, Ա. Չոպանյանը տպագրել է իր «Անահիտ» հանդեսի մեջ (1938 թ.) :

Դրանից առաջ՝ Վեննտիկում, 1935 թ. լույս էր տեսել Ֆ. Ֆեյդիի ֆրանսերեն մի աշխատությունը՝ «Քերականություն ժամանակակից հայոց լեզվի արևմտյան տարբերակի»։ Սա հայերեն ուսուցանելու և ինքնուրույն սովորելու մի ձեռնարկ էր, որ հետո հեղինակի կողմից ավելի կատարելագործվեց ու դարձավ հայոց լեզվին նվիրված ֆրանսերեն լավագույն ձեռնարկը (վերահրատարակվեց երկու անգամ):

30–ական թվականների երկրորդ կեսին Ֆ. Ֆեյդին արդեն ճանաչված հայագետ էր, նա միջազգային համաժողովներում սկսում է պարբերաբար ներկայացնել հայագիտությունը՝ հանդես գալով գիտական մի շարք արժեքավոր զեկուցումներով։ 1937թ. Ֆ. Ֆեյդին ընտրվել է Վենետիկի Մխիթարյան կաչառի անդամ, 1949-ին ստացել է հայագիտության պրոֆեսորի կոչում և շուտով ստանձնել Արևելյան լեզուների ազգային ճեմարանի հայագիտության ամբիոնի վարիչի պարտականությունը։ Շատ տարիներ Ֆ. Ֆեյդին վարելով այդ պաշտոնը, մանկավարժական աշխատանքը զուգակցել է գիտահետազոտական գործունեության հետ։ Նա հայագիտական գիտելիքներ է հաղորդել եվրոպացի շատ երիտասարդների, պատրաստել բարձրորակ հայագետներ՝ Չ. Դոուսեթիին, Ժ. Պ. Մանեին և ուրիշների։

Ֆ. Ֆեյդիի գիտական հետազոտությունները վերաբերել են հայոց լեզվին, հայ գրականությանն ու բանահյուսությանը, հայ ժողովրդի պատմությանը։ Նա վերջին տասնամյակներում եղել է Վենետիկի «Բազմավեպ» և Վիեննայի «Հանդես ամսօրյա» հանդեսների բեղմնավոր գիտական թղթակիցը։ Արժեքավոր են ուսուցչապետի հրապարակած ուսումնասիրությունները՝ նվիրված դասական հայերենի (գրաբարի) հոդերին (1952 թ.), բայական համակարգին (1969թ.), հոլովական համակարգին (1977 թ.) և այլն։

Հայագիտական ասպարեզում աշխույժ ուշադրության արժանացավ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» մասին Մյունխենում Ֆ. Ֆեյդիի կարդացած գեկուցումը (1957 թ.), որ հետո հրապարակվեց։ Նրանում հեղինակը հայ պատմիչի այդ երկի մի խրթին հատվածը նորովի ընթերցելու ուշագրավ և շատ սրամիտ առաջարկ է անում, ինչպես և համոզիչ տրամաբանությամբ ու փաստերով ապացուցում, որ այդ երկը ամբողջությամբ է մեզ հասել և ոչ կրճատ, ինչպես ենթադրել են այլ հայագետներ։

Ուշագրավ են Ֆ. Ֆեյդիի ոաումնասիրությունները նվիրված հայոց դյացազնավեպերին՝ հեթանոսական և քրիստոնեական ժամանակաշրջանների։ «Սասնա ծռեր» հանճարեղ դյուցազնավեպը վերլուծելով, Ֆ. Ֆեյդին ցույց տվեց նրա խաղաղասիրական, մարդասիրական խոր փիլիսոփայությունը, որը հայկական դյուցազնավեպը դարձնում է բացառիկ և տարբերում այլ ազգերի հերոսավեպերից։

1964 թ. Փարիզում լույս տեսավ «Սասունցի Դավթի» ֆրանսերեն թարգմանությունը, որն իրականացրել էր Ֆ. Ֆեյդին։

Նա հատուկ ուսումնասիրություններ է նվիրել հայոց երկու խոշորագույն երգիծաբաններ Հ. Պարոնյանի և Ե. Օտյանի ստեղծագործություններին, իսկ վերջինի «Պարոն Փանջունի» հռչակավոր երգիծավեպի առաջին գիրքը թարգմանելով ֆրանսերեն՝ 1962 թ. Վենետիկում լույս է ընծայել «Առաքելություն դեպի Ծապլվար» վերնագրով: Առաջաբանում նա նրբորեն վերլուծելով Ե. Օտյանի երգիծական արվեստը, ցույց է տալիս, որ «Փանջունու» բնույթի նույնարժեք երկ չկա արևմտաեվրոպական գրականության մեջ։

Հետաքրքրական էին ուսուցչապետ Ֆ. Ֆեյդիի բանավոր և գրավոր ելույթները 1962—63 թթ. հայոց գրերի գյուտի և, ընդհանրապես, Մաշտոցի գործունեության վերաբերյալ։ 5-րդ դարի սկզբներին Հայաստանում տիրող իրավիճակին արված ծանրակշիռ գնահատականները՝ գրերի գյուտի ներքին բովանդակության, նրա ազգահաստատական դերի բացահայտումը ցույց են տալիս ոչ միայն հեղինակի քաջատեղյակությունը հայոց պատմությանը, այլև նրա սրտաբուխ սերը հայ ժողովրդի ու նրա մշակույթի, խանդավառությանը Մաշտոցի հրաշափառ գյուտի նկատմամբ։

Ֆ. Ֆեյդին հայոց լեզվի արժանիքների խորաթափանց գիտակ լինելով՝ այդ արժանիքները փաստական հարուստ նյութով ի ցույց է դրել գիտական համաժողովներում և այլ առիթներով։ Նա հատկապես արժեքավորել է հայերենի հարուստ բառապաշարը, մանավանդ վերլուծել է հայոց լեզվի բառաստեղծական հնարավորությունները։

Մի հարցազրույցի ժամանակ վաստակաշատ հայագետը հետևյալն է ասել հայոց լեզվի մասին. «Հայերենն ունի չափազանց մեծ բառապաշար, որը դեռ ամբողջովին չի արտահայտվել բառարաններում։ Բառապաշարի հարստությամբ քիչ լեզուներ կարող են մրցել հայոց լեզվի հետ։ Հայերենի, մյուս հարստությունը բառակազմությունն է՝ բառածանցումը և բառաբարդումը, որոնք շատ ճկուն են։ Մասնավորաբար, գիտական նոր եզրեր ստեղծելու գործում հայերենը եվրոպական լեզուների համեմատ առավելություն ունի։ Հայերենի մյուս արժանիքներն են նրա պարզ քերականությունը, հրաշալի ներքին տրամաբանությունը։ Այս ամենի վերաբերյալ ես շատ փաստեր եմ բերել։ Մի քանի անգամ կարծիք եմ հայտնել, որ հայերենը շատ հարմար է միջազգային գիտության լեզու լինելու համար»։

Ոչ միայն գիտականորեն նա ցույց է տալիս հայերենի անթեղած հարստությունները, այլ ինքն անձամբ տալիս է հայերեն ճիշտ արտահայտվելու օրինակը։ Ով առիթ է ունեցել զրուցելու մեծարգո պրոֆեսորի հետ, լսել նրա հայերեն ելույթները, նա գիտի, թե ինչպիսի արտահայտիչ, մաքուր, օտարաբանաթյուններից զերծ հայերենով է նա խոսում։

Մի առիթով Ֆ. Ֆեյդին դիտողություն է արել ֆրանսահայ հայտնի գրողներից մեկին՝ հայերենում ֆրանսերեն բառեր գործածելու համար և ցույց է տվել, որ նրա գործածած ֆրանսերեն բառերն ունեն հայերեն տարբերակներ, իսկ չեղածները կարող են հեշտությամբ ստեղծվել։ Հայ մտավորականն առարկել է. «Իմ գործածած ֆրանսերեն բառերը ինձ հետաքրքրող իմաստներն ավելի ճշգրիտ են արտահայտում, քան նրանց հայերեն համանիշները»։ Ֆ. Ֆեյդին փաստերով ցույց տալով, որ այդ մտավորականը մեծ մասամբ չի հասկացել իր իսկ գործածած ֆրանսերեն բառերի իմաստը, ներկայացրել է նրան անհրաժեշտ իմաստները շատ ավեի ստույգ արտահայտող հայերեն բառերը։

Տարբեր առիթներով Ֆ. Ֆեյդին ցույց է տվել, որ պարզապես օտարամոլության արդյունք է որոշ հայ մտավորականների այն պատկերացումը, թե իբր հայերենը ժամանակակից բնական և կիրառական գիտությունների բոլոր ճյուղերի լեզու լինել չի կարող։ Ահա նրա խոսքերը, «հայերենը կարող է լինել նորագույն գիտության լեզու։ Հայոց լեզվի արտահայտչական կարողությունները նույնիսկ ավելի մեծ են, քան անգլերենինն ու ֆրանսերենինը»։

Ֆ. Ֆեյդին մի քանի անգամ արտահայտվել է նաև հայոց մեծ եղեռնի կապակցությամբ։ 1965 թ. ֆրանսերեն գրած նրա ծավալուն հոդվածը հրապարակվեց «Մոնդ» թերթում և թարգմանվեց այլ լեզուներով։ Գիտնականը անաչառորեն ներկայացրել է Իթթիհատի հայաջինջ քաղաքականության ահավոր քստմնելիությունը, եղեռնի դժոխային օրերը և հարյուր հազարավոր հայերի անլուր տառապանքը։ Ֆեյդիի ամեն տողի մեջ ցավ ու հուզմունք կա։ Եվրոպայի հասարակայնությանը ներկայացնելով 1915-ին նահատակվող ժողովրդի մշակութային արժեքները, նա գրել է. «Եղեռնի զոհերուն մեջ կը գտնվին երկու բանաստեղծներ՝ Սիամանթո և մանավանդ Վարուժան, որոնք արժանի են դասավորվելու 20-րդ դարուն սկզբի աշխարհահռչակ ամենամեծ բանաստեղծներուն կարգին»։

Ականավոր հայագետը մի շարք անգամ եղել է Հայաստանում, մասնակցել է գիտաժողովների, հանդես եկել զեկուցումներով, միշտ այցելել է մշակութային վայրեր ու հիացմունքով արտահայտվել հայության ստեղծած արժեքների մասին։ Օրինակ, Երևանում լսելով Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերան, նա հայտարարել է. «Ասիկա հայկական հրաշալիքներեն մեկը կդիտեմ։ «Արշակ Երկրորդը» ձեր բարոյական դատն է, ձեր իրավունքը։ Դուք պետականություն չունենալու ատենն ալ մնացած եք կազմակերպված ազզ և միշտ պաշտպանած ձեր ազգային նկարագիրն ու ոգին։ Ես կդիմեմ բոլոր հայ երաժշտագետներուն, որ խորհին կերպ մը «Արշակ Երկրորդը» համաշխարհային բեմի վրա հանելու։ Ան իսկական գյուտ մը կըլլա համաշխարհային երաժշտության մեջ»։

Ֆ. Ֆեյդին Հայաստանում և աշխարհի հայաբնակ այլ վայրերում շատ հայ բարեկամներ ունի։ Հայուհի է նրա կինը, բազմավաստակ պրոֆեսորի կյանքի անբաժան ընկերուհին՝ տիկին Հերմինեն։ Իսկ իր զավակին ֆրանսիացի գիտնականը կրթության է տվել Սևրի հայկական դպրոցում: Ինչպես որ հայությունն ու հայ մշակույթն են հարազատ Ֆ. Ֆեյդիին, այնպես էլ նա է հարազատ մեզ՝ հայերիս, և մենք երախտագիտությամբ ու ջերմ սիրով ենք տալիս ականավոր գիտնականի անունը։

You may also like...