Սիրիա

Հայերը Սիրիայի տարածքում բնակվել են վաղնջական ժամանակներից: Սիրիայի և Հայաստանի միջև կապեր են սկսել զարգանալ Տիգրան Մեծի կողմից Սիրիան գրավելուց և առաջին անգամ արաբներին Սիրիա տեղափոխելուց հետո: Առաջին տեղեկությունները հայ բնակչության գաղթի մասին դեպի Սիրիա վերաբերում են 6-րդ դարին: 700-862 թվականներին Հայաստանն ընդգրկվել է Արաբական Խալիֆայության կազմի մեջ, որով նոր էջ է բացվել հայ-սիրիական հետագա կապերի զարգացման պատմության մեջ: 9-15-րդ դարերում Սիրիայում հայերի թվաքանակը բավականին աճել է` հյուսիսային Սիրիա հայերին գաղթեցնելու բյուզանդական քաղաքականության, ինչպես նաև Բագրատունյաց և Կիլիկյան հայկական թագավորությունների անկման և սելջուկ թուրքերի ասպատակությունների հետևանքով:

Սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է հիմնականում 1915-1920 թթ.` Հայոց Ցեղասպանության արդյունքում սկսված զանգվածային բռնագաղթի հետևանքով: 1918թ. սիրիահայության թիվը եղել է շուրջ 142 հազար, որից 60 հազարը բնակվել է Հալեպում: Հետագայում հայերն աստիճանաբար արտագաղթել են Լիբանան, Եվրոպական երկրներ, Կանադա, ԱՄՆ և Հայաստան (1946-1948թթ., 1964-1966 թթ):

Սիրիայում բնակվում է շուրջ 100 հազար հայ, մեծ մասը կենտրոնացած է Հալեպում (շուրջ 60 հազար), մնացյալը` Կամիշլիում (շուրջ 8 հազար), Դամասկոսում (շուրջ 6-7 հազար), Լաթաքիայի, Հոմսի, Ռակկայի, Հասաքեի, Դեյր Զորի նահանգներում (ավելի քան 30 հազար): Գործում են հայ ավանդական երեք կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի տեղական մարմինները, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ երիտասարդաց ընկերակցության, Թեքեյան մշակութային միության, «Նոր սերունդ» մշակութային միության, ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի մասնաճյուղերը, Կրթասիրաց մշակութային միությունը, Գերմանիկ-Վասպուրական մշակութային միությունը, Ազգային մշակութային միությունը, Ուրֆայի Վերածնունդ մշակութային միությունը, Կիլիկյան մշակութային միությունը և հայրենասիրական ու մշակութային այլ միություններ:

Բարեսիրական շրջանակներում գործում են ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի (Սիրիայի Հայ օգնության խաչ` ՍՕԽ), «Հովարդ Կարագյոզյան» հաստատության, Ջինիշյան հիշատակի ծրագրի տեղական մարմինները, Բերիո թեմի Ընկերային ծառայության խորհուրդը, եկեղեցիների Աղքատախնամ մարմինները, հայկական «Ալթունյան», «Մազլումյան», «Աստուրյան» հիվանդանոցները, «Ջեբեջյան» ակնաբուժարանը և «Կյուլպենկյան» ծննդատունը:

Սիրիայում գործում են` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սիրիայի թեմը (առաջնորդանիստը` Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցի, առաջնորդը` Արմաշ եպս. Նալբանդյան) և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմը (առաջնորդանիստը` Հալեպի Քառասուն Մանկունք եկեղեցի, առաջնորդը` Շահան եպս. Սարգիսյան): Գործում են նաև Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիներ:

Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների, հայկական բարեգործական, կրթական և մշակութային կազմակերպությունների հովանու ներքո գործում են հայկական դպրոցներ, թատերական ու երաժշտական խմբեր, արվեստի «Սարյան ակադեմիա», «Արշիլ Գորկի» (համազգայինի հովանու ներքո) և «Արմիս» դպրոցները: Սիրիայում Բերիո թեմի առաջնորդարանի հովանավորությամբ գործում է Սիրիահայ գրողների միությունը:

Հալեպում լույս է տեսնում Ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը:

Լուսանկարներում

1. Հալեպի Սուրբ Քառասնից Մանկանց Մայր տաճար: 2. Սիրիայում ՀՀ դեսպանության շենքը (Հալեպ, կառուցվել է 2009թ.): 3. Նոր Գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցի (Հալեպ, հիմնադրվել է 1937թ.): 4. Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի: 5. Կամիշլիի Սուրբ Հակոբ եկեղեցի (կառուցվել է 1940թ.): 6. Մարգադեի Սուրբ Հարություն մատուռ-հուշակոթող (հիմնադրվել է 1994թ.): 7. Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցի, Մեծ Եղեռնի նահատակաց հուշահամալիր: 8. Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցի: 9. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի: 10. Մարաշի ինքնապաշտպանության ժամանակ զոհված հայորդիներին նվիրված հուշարձան` Հալեպի Սբ. Գևորգ եկեղեցու բակում: 11. Զեյթունի ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձան Հալեպի Սբ. Գևորգ եկեղեցու բակում: 12. Հայ գրող Ադիբ Իսահակի անվան փողոց Դամասկոսում:

You may also like...