Սիրեցե՛ք միմյանց

«Հայրենիքի ձայն», 25 հունվարի, 1989թ.
Սեյրանուհի Գեղամյան

1988-ի նոյեմբերի վերջին սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի կողմից գործուղվել էի Ֆրանսիա՝ ծանոթանալու հայ համայնքի կյանքին:

Ղարաբաղյան շարժման բուռն ժամանակներն էին…

Հայաստանյան լարված, խառնաշփոթ, տարուբերվող իրադրության մեջ սիրտս, ինչպես ասում են՝ մի տեսակ կախ էր, ու ես դժվարանում էի թողնել հազար ու մի հարցականներով պրկված հարազատ քաղաքը… Եւ գնացի՝ տագնապի, անապահով իրադարձությունների ծանր զգացումով, որն անընդհատ ուզում էի հեռացնել ինձնից, թաքցնել հոգուս խորքերում, Փարիզի շքեղ ու տոնական պատկերների տակ, անկաշկանդ, անկեղծ եւ ուրախ մարդկանց խոսք ու զրույցների մեջ…

Գրեթե չէր հաջողվում, եւ ես հոգուս բոլոր բջիջներով ու զգայարաններով շարունակում էի կապված մնալ Հայաստանին՝ այդպես էլ չկարողանալով զգալ ու ընկալել ո՛չ Փարիզի տոնական շքեղությունը, ո՛չ ֆրանսիական բնապատկերները, ո՛չ Նիսի անպատմելի գեղեցկությունը, ո՛չ էլ անգամ բազմաթիվ նոր ու հետաքրքիր ծանոթությունները…

1988-ի դեկտեմբերի 7-ի առավոտը Փարիզում բացվեց սովորական ու խաղաղ (ասում են` Հայաստանում նույնպես):

Չափազանց գործնական օր էի ծրագրել՝ հանդիպումների ու հարցազրույցների համար բազմաթիվ ժամադրություններ նշանակելով:

Եվ ինչպե՞ս հացը լեղի չդարձավ, ինչպե՞ս չնվացին նյարդերս, ինչպե՞ս, ինչպե՞ս այդ չարաբաստիկ ժամին չցնցվեց հոգիս…

aznavur-earthquake

Կեսօրից քիչ անց մտա Ֆրանսահայ մշակութային միության ակումբ, ուր նախատեսված էր հանդիպում միության ղեկավարների հետ: Սրահում հավաքված հայերի խեղճացած, շփոթահար հայացքներից կռահեցի, որ ինչ-որ վատ բան է կատարվել: Բոլորովին թարմ էին Խոջալուի եւ Գանձակի հայության դաժան տեղահանության լուրերը, եւ առաջին միտքը, որ ծագեց, Ղարաբաղի հետ էր կապված: Պատասխան պահանջող հայացքիս հարցականին հայերից մեկը կամացուկ պատասխանեց. «Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել…»: Արյունը միանգամից պաղեց երակներիս մեջ, հայացքիս հարցականն ավելի պրկվեց: «Ասում են 100 զոհ է եղել»,- մեղավոր արձագանքեց մեկ ուրիշը:

100 զոհ… Երանի գոնե այդպես լիներ… Առաջին իրական լուրերն ու նկարահանումները Ֆրանսիա հասան նույն օրվա գիշերը: Ֆրանսիական հեռուստապաստառի վրա երեւացին ավերված, ամայացած, փլատակների վերածված Սպիտակը, Լենինականը, Կիրովականը, Ստեփանավանը: Հայտարարվեցին զոհերի դեռ չճշտված թվերը: Ես հիմա էլ չմեղմված սարսափով եմ հիշում, թե ինչպես ժամ առ ժամ աճում էր նրանց թիվը, հասնում տասնյակ հազարների: Միանգամից դադարել էին բաբախել հազարավոր հայերի սրտեր… Ինչպե՞ս էինք ուրախանում աշխարհ եկող ամեն հայի համար, ինչպե՞ս էինք ամեն օր ուզում հաշվել հայության թիվը: Ու հիմա՜, հիմա՜, միանգամի՜ց…

Անմխիթար, անիմաստ, անկարեւոր բառեր…

Լուռ, վշտից պրկված հայացքներ…

Հետո շուրջս ամեն ինչ դարձավ համատարած, տենդագին շարժում:

Ֆրանսահայ գաղութն արթնացավ մեղվափեթակի նման: Տուն, աշխատանք, հանգիստ, աշխարհում ամեն ինչ մոռացած՝ մարդիկ սկսեցին, հավաքել, փաթեթավորել, իրար վրա դարսել հագուստեղեն, դեղորայք, ուտելիք, տաք ծածկոցներ…

Ամենուր սկսեցին երեւալ«ՏՕՏ ARMENIE» գրությունները, եւ ամեն անգամ տագնապի այդ երեք տառերը տեսնելով աշխարհում ինձ համար ամենաթանկ, նվիրական բառի կողքին՝ ծվատվում էր սիրտս, ու ես հուսահատ բողոքի պոռթկումով լուռ աղաղակում էի. «Անիծված երկրաշարժ, մի՞թե այս հսկայական երկրագնդի վրա ժայթքելու-ավերելու ավելի հարմար տեղ չգտար, քան մեր փոքրիկ, տառապյալ հողը…»:

Օրեր շարունակ, ամայացած մտքով ու հոգով, հեռուստացույցին կառչած լսում էի լուրեր, տեսնում պատկերներ, փլատակներ, ամայացած տարածություններ, դագաղնե՜ր, դագաղնե՜ր, ու թվում էր, թե ոչինչ, ոչ ոք այլեւս չի կարող շարժել բթացած նյարդերս, լցնել ներսիս դատարկությունը: Ֆրանսիայի հեռուստատեսությամբ հաճախ էր երեւում Շառլ Ազնավուրը՝ իր տխուր, շատ տխուր աչքերով: Նա ֆրանսահայերին կոչ էր անում գործել արագ, կազմակերպված, ինքնանվիրումով… Անձնական օրինակ ցուցաբերելով, Շանզ Էլիզեի բանկերից մեկում նա բավական մեծ գումար դնելով, հաշիվ բացեց «Շառլ Ազնավուրը՝ Հայաստանին» նշանաբանով: Հիշում եմ, թե ինչպես ֆրանսիական հեռուստատեսության աշխատակիցը հանդիպումներից մեկի ժամանակ հարցրեց.

– Իսկ դուք հարազատներ ունե՞ք Հայաստանում:

– Ամբողջ հայ ժողովուրդն իմ հարազատն է, բայց ազգականներ ունեմ Լենինականում,- պատասխանեց Շառլը:

Թերթերում, ռադիոյով, հեռուստատեսությամբ խոսում եւ հարցազրույցներ էին տալիս հայկական ծագում ունեցող բազմաթիվ մեծ արվեստագետներ ու հայտնի դեմքեր: Ասում էին, թե նրանցից շատերն առաջին անգամն էին այդպես հրապարակավ խոսում իրենց հայ լինելու մասին, ահավոր դժբախտությունը երեւի դիպել էր նրանց հոգու ամենախորթում թաքնված լարերին: Ամեն մարդու կյանքում դա գոնե մեկ անգամ պատահում է… Ֆրանսահայ բազմաթիվ նկարիչներ աճուրդի հանեցին իրենց ստեղծագործությունները՝ ստացված գումարը փոխանցելու համար Հայաստանի օգնության ֆոնդին: Դպրոցահասակ երեխաները խնայում էին իրենց նախաճաշի ոչ մեծ գումարները, որպեսզի դրանք ուղարկեն հայաստանցի իրենց հասակակիցներին: «SOS ARMENIE» շարժումը անընդհատ մեծանում էր, դրանում ընդգրկվում էին ֆրանսիացիներ, ֆրանսաբնակ իսպանացիներ, հրեաներ, բոլո՛րը… Ես լինում էի ամենուր, որտեղ աշխատում էին հայերը՝ Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում, ֆրանսահայ մշակութային միությունում, Ալֆորվիլի, Իսի լե Մուլինոյի հայկական ակումբներում… Եւ հասկանում էի, որ այդ օրերին հայաստանցու միակ տեղը Հայաստանն է՝ բզկտված, ճեղք տված, օգնության կարոտ Հայաստանը, ու օրերը հաշվելով՝ սպասում էի վերադարձին:

Հաճախակի, բայց սակավաբառ, գրեթե լուռ հանդիպումներ էի ունենում ֆրանսաբնակ մեր նշանավոր հայրենակիցների՝ Անդրանիկ Ծառուկյանի, Ռուբեն Մելիքի, Ժան Մարի Գառզուի, Արփիկ Միսաքյանի, Խաչատուր Ժերանյանի, Կարիկ Պասմաճյանի եւ այլոց հետ, որոնք դիմակայելու դժվար բառեր էին փնտրում՝ ի դեմս ինձ սիրտ տալու բոլոր հայաստանցիներիս: Նրանք կարծես մի քիչ թեթեւություն էին զգում այն հանգամանքից, որ Ֆրանսիան առաջին երկիրն էր, որ անհապաղ, հենց աղետի հաջորդ իսկ օրը երկու օդանավ առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք, ինչպես նաեւ բժիշկներ, արտակարգ իրավիճակներում աշխատող մասնագետներ, անգամ որոնող շներ ուղարկեց Հայաստան: Հիշում եմ, թե ինչպես հայերը գիշեր-ցերեկ կանգնած էին Ֆրանսիայի սոցիալական ապահովության նախարարության շենքի առջեւ եւ իրենց ներկայությամբ փորձում էին ավելի արագացնել ուղարկվող օգնությունը: Նախարար Քուշները կարեկցանքի հանգստացնող խոսքեր էր ասում հայերին, հորդորում վերադառնալ տները, հավաստում, թե ֆրանսիական կառավարությունն անում է ամեն հնարավորն օգնելու աղետյալներին, բայց հայերը շարունակում էին կանգնած մնալ նախարարության շենքի առջեւ՝ ուղարկվող օգնությանը միացնելով նաեւ իրենց զգացումները:

Ֆրանսիական հեռուստատեսության լրատվական ծրագրերը երկար ժամանակ սկսվում էին հայաստանյան լուրերով, ակնհայտ էր, որ աշխարհը մի զարմանալի միահամուռությամբ շտապում էր Հայաստան: Ես դառը քմծիծաղով մտածում էի, թե գուցե Աստված այդ չլսված-չտեսնված աղետի միջոցով փորձեց շարժե՞լ մարդկության նիրհող, կորսվող գութը, կամ գուցե այդ կերպ մարդկությանը հնարավորություն տվեց քավե՞լ իր մեղքերը հայության հանդեպ: Բայց ամեն ինչ այնքան անկարեւոր, այնքան չնչին էր թվում արդարացում չունեցող այդ ահավոր փաստի համեմատ…

Սակայն Փարիզում կար մի վայր, որ ձգում, կանչում էր ինձ…

Այո, այդ մեծ, այդ շքեղ ու գեղեցիկ քաղաքում ես քեզ մոտ եկա՝ Անդրանիկ Օզանյան, Պեր Լաշեզի գերեզմանատուն: Չգիտեմ, այստե՞ղ է քո հոգին, թե Հայաստանի լեռներում, բայց ես ուզեցի զրուցել նրա հետ, ուզեցի պատմել, թե ի նչ է կատարվել քո սիրելի Հայաստանում, ուզեցի անարգել արցունք թափել մեր դառն ու դժվար ճակատագրի, քո եւ մեր մեծ տառապանքների, նաեւ այն բանի համար, որ քո հոգին գուցե եւ «որպես արծիվ սավառնում է» Հայաստանի լեռներում, բայց գերեզմանդ այստեղ է՝ այս օտար, գեղեցիկ քաղաքում:

Ուզեցի, որ դու նաեւ իմանաս, թե այսօր Հայաստանում գրեթե ամե՛ն տան մեջ քո նկարն է կախված, Զորավար Անդրանիկ, որ ամեն հայի հոգում դու քո մշտական տեղն ունես, որ այսօր-վաղը Երեւանում քո անունով դպրոց, փողոց, հրապարակ կլինի, որ ամենուր փողոցներում հարյուրավոր փոքրիկ Անդրանիկներ են վազվզում, որ քո՛ անունն են կրում (տեսնես նրանցից քանի՞սն այլեւս չկան):

Ուզեցի, որ մի քիչ մխիթարվես թե 1988-ը մեր պատմության մեջ կմնա ո՛չ միայն որպես երկրաշարժի կործանիչ տարի, այլ նաեւ՝ որպես ազգային ինքնամաքրման, ազնվացման, ազգային կեցության նոր որակի, միասնականության տարի, որ հայերի այս չլսված, չտեսնված աղետի միջոցով Աստված գուցե եւ փորձեց՝ զգաստացնել աշխարհի բթացող խիղճը, նիրհող գթասրտությունը, գուցե եւ առիթ ստեղծեց նրան քավե՞լ իր մեղքերը…

Բայց այդ ահավոր, այդ սիրտ բզկտող պատկերներն ու թվերը արդարացում չունե՛ն, չունե՛ն, չունե՛ն:

Բայց քեզ, քո գերեզմանին հրաժեշտ տալուց առաջ ուզում եմ վերհիշել պապիս (որ իր տեսքով ու հոգով շա՜տ է նման քեզ, հաստատակամությամբ ասված խոսքերը. «Թե աշխարհում երկու հայ էլ մնա՝ մեր ազգը մեռնողը չի»…

…Դեկտեմբերի 16-ին վերադառնում էի Փարիզից, այն քաղաքից, որի մասին Հեմինգուեյը գրել է. «Փարիզը տոն է, որը միշտ քեզ հետ է»: Ու տխրորեն մտածում էի, թե ես հավանաբար աշխարհում այն հազվադեպ մարդկանցից եմ, որի համար Փարիզն այդպես էլ տոն չեղավ: Ինքնաթիռում նստած էի փշրված հոգով ու բոլոր վերադարձների մեջ առաջին անգամ երկիրս տեսնելու ցանկության ու կարոտի փոխարեն սիրտս լցված էր վախի անսովոր զգացումով, ինչպե՞ս պիտի տեսնեմ Հայաստանը:

… Մոտիկ նստած ռուս ուղեւորներից մեկն իմ կողմը թեքվելով ֆրանսերեն ինչ-որ հաճոյախոսություն արեց: Ես նրան ռուսերեն պատասխանեցի, թե հայ եմ: Մարդը միանգամից այլայլվեց, ժպիտը պաղեց դեմքին… Ոտքի կանգնեց ու խոնարհվելով ցավակցեց ինձ…

Նորից միտքս հեռացավ ինքնաթիռից, ու ես սկսեցի մեկիկ-մեկիկ հիշել ձեզ՝ Անդրանիկ Ծառուկյան, Պարգեւ Շամիկյան, Զոհրապ, Արաքսի, Սոնա, Ռուբեն Մելիք, Տիգրան Հաճյան, Կարիկ Պասմաճյան, Արփիկ Միսաքյան, Անդրանիկ Քեշիշյան, Հերմինե, Կարպիս Ափրիկյան, Ժան Մարի, Կլարա, Հովհաննես Գույումճյան, Հարություն Պեզճյան, Հակոբ Թերզյան, Արի Թոփուզխանյան… բոլորիդ՝ ում հետ տխրեցինք ու արտասվեցինք, անմխիթար խոսքեր փոխանակեցինք ու նաեւ փորձեցինք հուսադրել իրար՝ թե ամեն ինչ լավ կլինի… Կարոտեցի ձեզ, աշխարհի բոլո՜ր հայերին ու ուզեցի բղավել. «Սիրեցե՜ք միմյանց, դողացե՜ք աշխարհի վրա քայլող ամեն հայի համար…»:

You may also like...