Սեր ոգուն և ոճին հարազատ

«Հայրենիքի ձայն», 1987թ.
Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.

Երգը՝ որպես լավագույն բալասան… Բանաստեղծական տո՞ղ է արդյոք սա, թե՞ մտքումս հանպատրաստի ձեւակերպվեց՝ երբ ծանոթացա Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի համերգային ծրագրին, որն իր մեջ ընդգրկում է տարբեր ժամանակաշրջանների հայկական ժողովրդական եւ գուսանական երգերի ամենաբազմազան նմուշներ: Երգը՝ լավագույն բալասան… Որպես խոր ու խաղաղ հրճվանքի ճիչ, որպես մաքառումի կամք, կորստի վիշտ ու սփոփանք, որպես սիրո ու հավատի լույս…

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենա, կուգան ու կերթան,
Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար,
Որպես հաճախորդ, շարվե-շարան կուգան ու կերթան:

Գուսանական արվեստը մեր մշակույթի ամենակենսունակ ճյուղերից է, որ ժողովրդի հետ է եղել ամենավաղնջական ժամանակներից: Դարերի ընթացքում, բնականաբար, փոփոխվել են նաեւ գուսանական երգարվեստի հորինվածքային առանձնահատկությունները, բարոյագիտական ու գեղագիտական ըմբռնումները՝ ձեռք բերելով տվյալ ժամանակահատվածին համապատասխան շեշտադրումներ, ընդհանրացնելով ու ընդգծելով ժողովրդի ձգտումներն ու երազանքները:

Գուսանական երգարվեստի անընդհատ նորանալու, արդիական լինելու ունակությունը շատ բանով կախված է կատարումից, մատուցման ձեւից, կատարողի եւ ունկնդրի հոգեկան կապից:

Ու թեեւ այս առումով մենք ունեցել ենք բավական ուսանելի ավանդներ ու հարուստ փորձ, այնուամենայնիվ վերջին տասնամյակում, չնայած առանձին երգիչ-երգչուհիների կատարումների, գուսանական երգարվեստը զգալի նահանջ ապրեց, մանավանդ երբ դադարեց գործել Վաղարշակ Սահակյանի ղեկավարած գուսանական անսամբլը:

Ավանդույթի, հոգեկան մղումների, գիտակցված պարտքի զգացումների թելադրանքով նման անսամբլ ստեղծելու դժվար պարտականությունն իր վրա վերցրեց մեր երգարվեստի ականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Թաթուլ Ալթունյանի որդին՝ Ռուբեն Ալթունյանը: Դժվար, որովհետեւ տեխնիկայի բուռն գրոհի մեր ժամանակներում, երբ կյանքի գրեթե բոլոր ոլորտները լեցուն են նաեւ ամենատարբեր ազդեցություններով, կշռույթների, չափերի, երաժշտական հոսանքների աներեւակայելի բազմազանությամբ, գուսանական երգ ներկայացնելը մի տեսակ պարզունակ ու հնաոճ կարող էր թվալ: Սակայն երիտասարդ կոմպոզիտորը չտարակուսեց իր անելիքի անհրաժեշտության մեջ ու սկսեց մեկիկ-մեկիկ համախմբել հայկական ժողովրդական նվագարանների բարձրորակ մասնագետների ու երգիչների: Եւ բոլոր նրանք, ովքեր ունկնդրել են անսամբլի համերգները, նույնպես չեն տարակուսում, որովհետեւ համառ, տքնաջան աշխատանքը ցանկալի արդյունք է տվել, որովհետեւ ստեղծվել է մի անսամբլ, որի կատարումը հարազատ է մեր ժողովրդի ոգուն ու ոճին: Զգուշորեն եւ նրբաճաշակորեն օգտվելով գուսանական, ինչպես նաեւ ժողովրդական երգարվեստի նմուշներից, պահպանելով դրանց բնագրային էությունն ու հմայքը, անսամբլը որակական ու գեղագիտական նոր, թարմ շեշտադրումներ է հավելում այդ երգերին, երաժշտական ու երգչախմբային նոր մեկնաբանություններ տալիս: Կատարումները սիրելի են դառնում մաքրության ու հստակության շնորհիվ, ոչ մի ավելորդ ծեքծեքում ու ոճավորում, թեեւ ամենատարբեր տրամադրության երգերը հնչում են մեկ տխրանուշ փափկությամբ, մեկ հզոր հաստատակամությամբ, մեկ հպարտ արժանապատվությամբ: Կատարվող երգերն արտացոլում են մեր գուսանական երգարվեստի ամենատարբեր շերտերը. 8-րդ դարի կին գուսան Խոսրովիդուխտ, 12-րդ դարի գուսան Պաղդասար Դպիր, Սայաթ-Նովա, Ջիվանի, Շերամ, Հավասի, Աշոտ, Շահեն…

Անսամբլն իր ծրագրի մեջ է ներառել նաեւ ժողովրդական մի շարք ստեղծագործությունների կատարումներ՝ դրանք միավորելով «Թագվորագովք» ծես-հանդեսի մեջ: «Թագվորի մեր, վեր էլի», «Գացեր եմ շուկեն», «Առավոտյան դեմ», «Տարան-տարան», «Հարսնիս իմ գացեր», «Խորոտ կաքվուկ» եւ այլ երգեր ներկայացնում են ժողովրդական ամենասիրելի ու նվիրական արարողություններից մեկի՝ հարսանեկան ծեսի ամենատարբեր դրվագներ, հարսի ու փեսայի գովքն անող երգեր, հրաժեշտի երգեր ու կատակերգեր, ազատ, անկաշկանդ շուրջպարեր, որոնք կատարվում են մեր ժողովրդի բնավորության, նրա բարոյական օրենքների խոր իմացությամբ, եւ դու վկա ես լինում գունեղ ու գրավիչ, գեղեցիկ ու կենսալի երաժշտական-պարային մի ներկայացման, որը կարծես մի ավարտուն նովել է՝ զգացումի ու ապրումի ամբողջական վերլուծությամբ, ուր հառնում են ապրելու հրճվանքը, գոյության իմաստը, շարունակվելու տարերքը:

Ոչ երկարատեւ մի ժամանակահատվածում անսամբլը նշանակալի ձեռքբերումներ է ունեցել, ակնհայտ է եւ գեղարվեստական ղեկավարի՝ Հայկական ՍՍՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Ալթունյանի, եւ դիրիժոր-խմբավար Գրիգոր Սանդալջյանի, խորհրդատու, բանասիրական գիտությունների թեկնածու Արուսյակ Սահակյանի, պարերի բեմադրող Ֆելիքս Հարությունյանի, զգեստների նկարիչ Ազատ Համբարձումյանի, երիտասարդ մենակատարներ Է. Բեգլարյանի, Մ. Շահինյանի, Ա. Ղազարյանի, Ս. Ավագյանի, Վ. Արամյանի, Վ. Փուզյանի, Ռ. Պողոսյանի, քամանչահար Գ. Մուրադյանի, դուդուկահար Գ. Մինասյանի, շվիահար Մ. Չալիկյանի եւ մնացածների ինքնամոռաց նվիրումով լի աշխատանքը:

Հայկական գուսանական երգարվեստը շարունակում է զարգանալ ու ամրապնդվել, շարունակում է մնալ կենսահաստատ, եւ դրանում այսօր իր ավանդն է ներդնում նաեւ Հայաստանի գուսանական ու ժողովրդական երգի պետական անսամբլը, որը իր ժողովրդի ոգուն ու ոճին հարազատ, պարզ, անպաճույճ, հստակ ու գեղեցիկ երգը հասցնում է բազմահազար ունկնդիրներին…

Երգը՝ որպես խոր ու խաղաղ հրճվանքի ճիչ, որպես կորստի ու վշտի սփոփանք, մաքառումի կամք, որպես սիրո ու հավատի լույս… Երգը՝ որպես լավագույն բալասան…

You may also like...