Սերգեյ Փարաջանով–Սարգիս Փարաջանյան

Արտաշես Ղազարյան
«Հայություն», 1993թ. ապրիլ, թիվ 5 (23)

Եվ այսպես, Փարաջանով։ Փարաջանով, այսինքն հավերժական գիշերների մեջ անթեղված, անակնկալ տվայտող լույս։ Լավատեսությամբ պսակված մարտիրոսություն։ Ծաղկող-գրչի առասպելորեն առողջ, բեղուն բնազդ։ Հեթանոսորեն անընտել Գութ։ Գաղտնատեսի հեռահար աչք և ասպետի շռայլող ձեռք։ Նռնենու կարկտահարված, կախ ընկած ճյուղ և խորշակահար որթատունկ։ Կեցուցիչ շնորհ և անկասելի խոյանք…

Թիֆլիսյան փոքրիկ, արևոտ բակ և սև, խոշոր աչքերը աշխարհին խաչած մի մանչ։ Վերջալույսի ֆոնին՝ հրեղեն-կապտաբաշ ձիերի երամակ, ահեղ անկման պահին կախարդված–քարացած ջրվեժներ, և անափ հուզմունքից մանչուկի շունչն է կտրվում։

1993-04-30-N30-parajanov

Խայտերանգ ծփում են Անհայտի վարագույրները։ Ի սկզբանե Լույսն էր։ Հետո տիրական ձայնը հորդորում էր՝ քայլ արա: Լույսին խառնվեց գույնը։ Գույնի մեջ տարրալուծվեց ձայնը։ Իսկ ձայնը ընդամենը խոստում չէր։ Անգոյության ակունքներում ծլարձակում էր այն, ինչը տարիներ հետո աշխարհը պիտի համարեր փարաջանովյան։ Ձայնը, արձագանք չսպասելով, հավաքվում էր ու հավաքում, ի մի բերելով, ներդաշնակում տաքն ու պաղը, ճերմակն ու սևը, հազիվ նշմարելին, աղոտը և ցոլաձիգ-հուրհրանը, մոր կաթի հետ ճաշակածը և Անհայտի դռներից անդին թաք կացածը։— Ձայնը հավաքվում էր, որ տիտանական ճիգով փոխակերպվեր Ճիչի։ Նա եկել էր իր Պարտքը կատարելու և պիտի սպասեր իր ժամին։ Այդ ըղձալի ժամը կարծես թե չեկավ։ Ու թե եկավ էլ, տեղ հասավ պատուհասված, բռնությամբ, երեսպաշտության, քսության նետերով խոցված, արյունաքամ թռչնի պես։ Պետականորեն ամեն ինչ արվեց, որ Արարվելիքը չարարվեր։ Նորահնար միջոցներով դուրս էին եկել Մեծի դեմ։ Լույսը ջղաձգվում էր, շնչասպառվում՝ ինչպես Ապոլոնի մեհյանի Քուրմը վիշապների քնջութում։

Փարաջանովը գիտեր, որ անհնար է միաժամանակ հարմարվել և արդարացի լինել։ Ճանապարհն իրեն ո՞ւր է տանելու, թե այդ ճանապարհին իրեն հանդիպողները ի՞նչ քիմք ու սֆաթ պիտի ունենան, և ստոիկյան համբերատարությամբ նախապատրաստվում էր։ Միակ անառարկելին Մղումն էր, արմատների եռքը։

Արարողը ունկերը լարել էր խլանալու աստիճան: Կանչում էին բազում կողմերից, բայց մեկ շրթունքով։ Եվ կանչողը Լույսն էր։ «Մի՞թե լույսից զատ ուրիշ բան էլ գոյություն ունի» — կասեր ֆրանսիացի բանաստեղծը։

Ձայնը արձագանքի չէր սպասում։ Մարդու կերպարանքով ստեղծումի ոգին իր երևակայության ողջ ուժով փարվել էր հավերժության սեմերին, և արյան հիշողության խավոտ դիպակներին ուրվանկարվում էին ապագա ֆիլմերի պերճաշուք կադրերը։

Փարաջանովյան շրջանակ-կադրերում հողի, երկնքի և ամենայնի երանգները, փրցված՝ մանկան հեքիաթներից, կրում են նախեղակ հայեցողության բերկրանքի կնիքը։

Թիֆլիսը գույնի խաղ էր, ձևի խրախճանք։ Հալ ընկած արև էր և մրգաշխարհի բույրն ու գույնը ներծծած անձրև։ Հարսանիք էր ու մնջախաղ։ Նկարչություն էր ու կինո։ Կինո՛։ Մերկության չափ բաց, մտերմիկ, առտնին և հրաշքի պես արտառոց։ Եվ վերջապես Թիֆլիսը շարժում էր, դադար չակնկալող շարժում։ Շարժում դեպի իրականության, ժամանակի խորքերը, բնավորությունների ներքին-թաքուն ծալքերը։ Թիֆլիսը պատանեկություն էր, անցյալ, և Փարաջանովն իր ներկայով հայտնվում է կիևյան կինոբոհեմի հորձանուտում։ «Մոռացված նախնիների ստվերները», մեծ ռեֆորմատորի երախայրիքը լինելով, իրականում, ասելիքի թարմությամբ և նյութի մեկնաբանման սրությամբ հենց այդպես էլ ընկալվում է։ Այդպես դասական արվեստի հանդեպ մոլեգին սեր տածող ճապոնացին է տուշե գեղանկարը՝ կակեմոնոն, բամբակե ձողի օգնությամբ կախում քիվին ամրացված կեռիկին և թողնում, որ պապիրուսագալարը ինքն իրեն բացվի։ Եվ դիցապատմական համրության շղարշը ետ հրելով, ճերմակ-նրբագույն թուղթն է ի ցույց դնում գոյության առեղծվածի հակառակ երեսը։ Փարաջանովը փակ տարածության մեջ հայտածում է ժամանակների անքակտելի կապը, ի բաց վանում անհատին կաշկանդող ներքին, արտաքին պայմանականությունները։ Այստեղ է, որ հայտնատեսության սրահը լքում են մնացյալը, և Վարպետի երկխոսության հասցեատերերը դառնում են հայ մանրանկարը, Ռոսլինը, Հովնաթանյանները, Սուրենյանցը, Կոջոյանը, Սարյանը։

Փարաջանովի յուրաքանչյուր կադրը ժամանակի, տարածության մեջ դիտվում է իբրև գոյաբանական գաղտնիքին մերձենալու վսեմագույն ակնթարթ։ Հրաշքի կամոք ոգեկոչվել էր անցյալ–կորուսյալը, և ներկան լցվել էր այլաշխարհային տիպաժ-գոյություններով։ Մարդու և բնության բարբարոս-բնական միաձուլումը երբ բնության մեջ դեռ ոչինչ կանոնավորված, պիտակավորված չէր։ Զգացմունքի բացարձակ ազատությունը բացառում էր «Սեր», «Կարոտ», «Ամոթ», «Խանդ» հասկացությունները։

Չկար միջնորդավորված ոչինչ։ Իր կյանքի ճանապարհը հովիվն անցնում էր բոբիկ, անշահասեր Աստվածորդու պես, նույն տիրական հայացքով էլ հսկում իր հոտին։ Սերը պսակազերծված էր այն աստիճան, որ խաղարկվում էր առանց ծեքբեքուն ածանցյալների: Ջահել գուցուլը զոհված Մարիչկային չի մոռանում ոչ այն պատճառով, որ Մարիչկան անփոխարինելի է, այլ որ նա ավելի հաճելի էր, քան կինը՝ Պալագան։

Համակերպ հաշվենկատությամբ էլ Պալագան դավաճանում է ջահել գուցուլին ու գնում հեքիմի մոտ, ոչ այն հիմնավորմամբ, որ ինքն անառակ է, այլ այն պատճառով, որ հեքիմն ավելի ուժեղ է։ Իսկ այս «ավելի»-ները դրդապատճառի կեղևն են սոսկ, երևութականը, խորքում անվրեպ գործում է ազատակամ ընտրության իրավունքը՝ իբրև Կլոդ Լևի-Սթրոսի արձանագրած «առաջին կարգի էթնոգրաֆիական փաստ»։ Ընդհատվածը տեղափոխվում է շարունակական ռիթմի մեջ. գուցուլները մենամարտում են։ Իրարանցման մեջ շողարձակում է կացինը, էկրանը ողողվում է շառագույնով, և Իվանի սպանված հոր տեսադաշտում վարգում են հրեղեն նժույգները։ (Ֆիլմը Արևմուտքում ցուցադրվել է հենց «Հրեղեն նժույգներ» վերտառությամբ)։ Հեթանոսորեն անաղարտ, անկաշկանդ երևակայության մեջ Փարաջանովը բնակեցնում է փրկվող մարդուն: Իսկ փրկությունը մահվան, կործանումի հետ անվերապահ չհաշտվելն է։

Որ Փարաջանովի կինոմտածողության ոճաձևը առասպելորեն արգասաբեր եղավ, կարելի է բազում համանման օրինակներ բերել։ Վճռորոշը՝ ժամանակի լիսենկոյական կուլտիվացիայի հետգցած համատարած անպտղության, ամլության պայմաններում, բացարձակ արարումի ծիլ տված Մարգարտածաղիկն էր։ Ստեղծանումի բերկրանքի հույսը տիտանական ճիգով բարձրացնում էր ինքն իրեն։ Հույսը խմորվում էր գույնով, և կատարվում էր Լույսի յուրօրինակ կոնսերվացիա…

Այլընտրանքը բացառված էր, և Փարաջանովն իրեն պարզված լեղախառն հեղուկով գավաթը ըմպելու էր ցմրուր, քանզի ի բնե ծարավ էր Գեղեցիկի, Բարու և Լույսի։ Ըմպե՛ց, որպեսզի գողգոթան թիկունքում թողնելուց հետո նվաճածի հպարտությամբ հավաստեր. «Այն ինչ տրված էր ինձ իբրև Տեսիլք, կյանքի կոչեցի։ Ամեն ինչ կատարված է»։ Ըմպե՛ց, քանզի կանգնած էր կիսախավարում, և Տաճարի վարագույրը դեռ չէր պատռվել։

Վարպետն իր Պարտքի առաջ հիսուսորեն միայնակ էր, բայց արվեստագետի ոչնչով չեզրագծվող կամքը վաղուց բացառել էր ամեն տեսակ նահանջ ու պարտություն։ Հասել էր հաջորդ քայլը անելու աստեղային պահը։ Եվ մի «գիշերում հանրահռչակ դարձած» Փարաջանովը, Հայաստանից ստանալով Սայաթ–Նովայի մասին ֆիլմ նկարահանելու հրավեր, պատասխան հեռագրում հայտնում է. «Երջանիկ եմ, որ Հայաստանն ինձ վստահում է կապվել Սայաթ-Նովայի թեմայի հետ։ Անհապաղ գալիս եմ»։ Շտապում էր Վարպետը։ Շտապում էր ոչ միայն նոր ֆիլմ նկարահանելու, այլ մղվում էր դեպի ակունքն ու արմատները։ Շտապում էր, իր իսկ խոստովանությամբ՝ «վերածնվելու»: Շտապում էր, զգալով ժամանակի նյարդայնացնող սղությանը։ Այո՛, խորհրդային «մակարտիզմը» կրնկակոխ հետևում էր նրան: Վխտում էին Չարի գործակալները, և Փարաջանովը ստիպված էր փրկություն փնտրել անընդմեջ ու անվրեպ արարելու էգիդայի ներքո…

Ինչի՞ց սկսեց Փարաջանովը։ Հայկական մանրանկար և արևելյան կենսափիլիսոփայություն։ Որդան կարմիրից սերված էքսպրեսիվ շառագույնը (որը ֆիլմի գլխավոր կերպաներից է) մանրանկարչական կառուցիկության մեջ խորհրդանիշ-պատկերն օծում էր նախաստեղծ արտահայտչականության բացառիկ փայլով։

Մարդկային սրտի ավշահյութից արարվում է այն նախանյութը, որը տիեզերական քաոսը ներդաշնակելու փորձի հիմքում պիտի զետեղվեր։

Անհատական-զգացականի դրոշմը կա երազ–տեսիլքի պես շարահարվող բոլոր պատկերների վրա։ Վազում-թրթռում է զարդանախշը և ընկալվում Մարդ—Աշխարհ—Տիեզերք շղթայում։ «Դու՝ կրակ, հագածդ՝ կրակ»։ «Դու՝ կրակ, հագածդ՝ ՛սև»— փարաջանովյան վերծանմամբ։ «Պայծառագունութիւնք»— այս մեկ հատիկ բառով է Շնորհալին իր խորանների մեկնության մեջ բնորոշում նման պատկեր-վիճակները։

Սպիտակ նժույգով արքայի երթը ընդելուզում է երազի և իրականության սահմանները։ Բանաստեղծի հայացքում երկատվում-բեկվում է «պատկերը ղալամով քաշած հուրիի»։ Սևի, ճերմակի, փիրուզի, ոսկեգույնի բախում։ Փթթում է Զարթոնքի մեղեդին։ Ապրելու կամքին հակադրվում է մեղքի խարդավանքը։ Եվ այդ ամենին անհաղորդ, վերուվար անող պալատական–արձանիկներ։ Եվ, ահա՛, իր երկրային առաքելությունը ավարտած, աշխարհից–մեկուսացած բանաստեղծը կանգնած է մահվան հանդիման։ Պոեզիայի կանթեղը՝ օրհասի մահամնա շնչի տակ։ Եկեղեցու փլվող գմբեթը՝ համաշխարհային աղետի ահարկու զուգորդմամբ փլվող երկինք։ Մահվան հրեշտակը ներկա է, բայց մերձիմահ ջղաձգումների ոչ մի նշույլ։ Բանաստեղծի հեռացումը գետի այն ափը անցնելու պես է։ Երկրային ներկայացումը ավարտված է։ Մահը կանգ է առնում, իսկ պոեզիան շարունակվում է։ Նուռը գնալով փոքրանում, աղոտանում, դառնում էր աննշմար մի կետ, կրկին շիկանում, ընդարձակվում, պեծին էր տալիս։

Վարպետը կանգնել էր կիսախավարում, պարզել էր աջն ու, վարագույրի պես, ետ էր հրում կիսախավարը։ Վարպետը գիտեր, որ Նուռը աշխարհում (դիցուք՝ հակատարածության մեջ) Միայնակ չի կարող գոյություն ունենալ։ Որ Նռան կողքին անընդմեջ գոյավորվում ու չքանամ, չքանում ու գոյավորվում է Ցեցը։ Վարպետը գիտեր, որ (հերն անիծած) թեկուզ ինքնախաբեության գնով հնարավոր է շրջանցել Նուռը, բայց Ցեցը՝ անհնար է։ Ցեցը դիմագրավելու մի կերպ, մի ձն էր մնում միայն։ Ցուցադրել այն, ի ցույց հանելով նաև կենսունակն, ու անկորնչելին։ Եվ Նուռը կեղևն էր փոխում, հերկուլեսյան ինքնավստահություն էր պետք Ցեցին ձեռնոց նետելու, սեփական իրավունքը պաշտպանելու համար։ Հավերժական ցավի պես չբթացող Պարտքի զգացումը չթողեց, որ «խաչակրաց» երթի ելած Փարաջանովը գեթ մեկ ակնթարթ շեղվեր իր Նպատակից…

Տերյանն ասում էր. «Ահով, ահա կանչում եմ քեզ, Ցո՛լա, ցնորք Նաիրի…»։ Չարենցը տագնապած էր. «Գուցե սո՞ւտ է Նաիրին, Նաիրին չկա։ Գուցե հուշ է միայն, ֆիկցիա, միֆ, Ուղեղային մորմոք, սրտի հիվանդության…»։ Սարոյանը տարակուսանքով հարցնում էր. «… այս ի՞նչ է պատահել հայերիս։ Թե՞ դա առասպել էր ու ցնորք, և հայերն ամենևին հայեր չեն, և նրանցից յուրաքանչյուրն ավարտվում է զուտ ինքն իրենով»։

Աշխարհում մի հայ էր ծնվել Սարգիս Փարաջանյան անուն-ազգանանով, և կյանք հորջորջյալ չարչարանաց շաբաթն ընդմիջարկելով ոգու փառահեղ ֆիեստաներով, կարող էր այնուհանդերձ ավարտվել «զուտ ինքն իրենով»։ Նա ապշեցնելու աստիճան իրատես էր, բայց նրան միշտ էլ ընդառաջ էր ելնում նորին մեծություն, ակունքներից հեռարձակվող Տեսիլքը։ Նա որոշել էր ճեղքել հնարավորի պայմանական և ոչ պայմանական սահմանները և անել անհնարինը։

Այդպես էլ եղավ։ Բայց կեղծիքն ու բռնությունը հավաստի էին աչք կուրացնելու աստիճան, և դրությունը փրկում էր փոխզիջման չգնացող արվեստագետի, այս դեպքում՝ ստույգ ստեղծանողի կամքը։ Հենց այդ կամքն էր, որ դուրս պրծավ զիգզագվող դավադրությունների շղթայից և երևակայության անկոխ տարածքներում փորձարկեց Դարդը։ Հասկացության, որ չես թարգմանի աշխարհի և ոչ մի լեզվով։ «Կենսագրությո՞ւն, — ասում է Սերգեյ Փարաջանովը,— ես այնքան էլ լավ չեմ հիշում իմ կենսագրությունը։ Ի՞նչ է իմ կենսագրությունը. «Դարդ»։ Սա՛ է նրա հավերժական ձևը»։

Սերգեյ Փարաջանովը ծնվել ու մեծացել էր ոչ հայկական միջավայրում, ստացել՝ (հավանաբար) ոչ հայեցի դաստիարակություն, բայց արյան կանչը զորեղ էր ու անառարկելի։ Փարաջանով-Փարաջանյանը թոիչքի պահին չէր կարող տրվել ինտրոսպեկցիայի առանձնաշնորհներին։ Դա պիտի կատարվեր հետո, շատ հետո. «Տարիների հետ ես ավելի ու ավելի մեծ քնքշանք եմ տածում դեպի իմ հայրենիքը։ Ինձ համար Հայաստանը արվեստ է ու պատմություն։ Իմ ընկերներն են, իմ ուրախությունները և մեր կորուստ Տերը…»։ Ինչեր չի անում արյան հանգույցը և գուցե մեր ժողովողի տեսած բազում աղետների սաստկությամբ և անթվակիր կորուստների դառնությամբ է պայմանավորված Փարաջանով արվեստագետի գյուտն ու գտածոն. «Իմ ուրախությունները և մեր կորուստները…»։

Աշխարհը գիտեր Փարաջանովին և հնարավոր սահմաններում փորձում էր սիրաշահել։ Իսկ որտե՞ղ էր Սարգիս Փարաջանյանը…

Այսօր արդեն հաստատապես կարելի է ասել, որ «Փարաջանով»–ը դիմակն էր, «Փարաջանյան»–ը՝ դեմքը։ «Սերգեյ»–ը կեղևն էր, արտաքին փայլն ու պերճանքը, «Սարգիս»–ը միջուկը, ներսը՝ նաիրյան արևով փեռեկված ու կայունացած։

«Հայֆիլմ» կինոստուդիայի մոնտաժման սենյակներում է գտնվում Փարաջանովի սկսած վերջին «Խոստովանանք» ֆիլմի մի քանի հարյուր մետր նկարահանված նյութը։ Իսկ իր հարցազրույցներում Փարաջանովը հավաստում է. «Ես պետք է ջանամ վերստեղծել մանկությունս ու պատանեկությունս… իմ մանկությունը ավելի ուժեղ է նրանից (նկատի ունի Ֆելինիի)։ Պետք է տեսնել իմ տունը։ Դա մի զարմանալի տուն է։ Պետք է տեսնել իմ մորը։ Այսօր (հարցազրույցը կայացել է 1970-ին) 78 տարեկան է։ Նա արտիստիկ է… (Արշիլ Գորկին խորհուրդ էր տալիս իր քննադատներին, որ իրեն հասկանալու համար նրանք նախ պետք է տեսնեն իր մորը)։ Եվ ապա՝ «Խոստովանանք»–ը դա իմ վերածնման իմաստն է…»։ Անկասկած հուզիչ ու հետաքրքիր է մոնտաժման սենյակում մնացած նյութ-մասունքը, բայց չէ՞ որ իբրև խոստովանանք է հնչում Փարաջանովի ողջ կինոստեղծագործությունը և այդ ամենը՝ այս դեպքում՝ առանց չակերտների, Մոռացված նախնիներից մինչև «Սուրամի ամրոցը», ֆիքսվում է իբրև մարդ-արվեստագետի վերածնման փաստ։

Բայց այդ արտիստականությունը երբեք չշահարկվեց տաղավարային փափկակեցության գաղջ անդիմության մեջ։ Յուրայի ժամանակներից լույս ընկած, գազանատամ սողուններ հիշեցնող, հատուկ աչքակալներով լոբբերը, սադիստական անվրդովությամբ հետևում էին, թե ինչպես՝ անվերջ հրաժեշտի կամարների տակ կանգնած վարպետի դեմքը փոխարկվում է մարմարե դիմաքանդակի։

Կյանքում ինչի որ ձեռք զարկեց նա՝ կինոսցենար, թե կոլաժ, միջնադարյան-ֆանտաստիկ հագուստի ձևավորում, ճեպանկար, թե պարզապես՝ ֆիլմ, իրագործեց մեծ կրքով, ներքին այրումով և աստվածային ներշնչմամբ։ Նրա կենսագրության հեղեղատներում բազմիցս հոլովվող «էություն», «էաբանություն», «էափոխություն» հասկացությունների կողքին անպակաս է եղել նաև «էտապ» հասկացությունը։ Ռաբեն Սևակի արնամած-հրեղեն տողե՞րն են՝ արծարծված կառքում, Չանղըրիից Այաշ տանող ճանապարհին, թե՞ Փարաջանովն է մրմնջացել իր անլուր տաժանակրության քավարաններում. «Ես խոյացա նվիրումիս տենդահար, (Հոն, ուր նիհար ճառագայթ մը կար լույսի, (Հոն, ուր սիրո վտիտ երգ մը կդողար, Հոն, ուր դողդոջ ծիածան կար հույսի…»։

Ժամանակը պտտվում է խելահեղ արագությամբ։ Այսօր նա մեզ հետ չէ։ Բայց երբ ապրում էր, դարձյալ մեզ հետ էր իր մենությամբ, տառապանքով, մեծ արվեստագետի իր մեծ խիզախումներով։ Հիմա մեզ հետ են հայտնությունների փոխարկված նրա ֆիլմերն ու կոլաժները։ Հիմա նոր միայն, ավելի հստակված ու պարզորոշ մեզ է հասնում ահագնացող աղետի դեմ նրա տիրական մենությունից ճառագող լույսը։ Քամյուական «Թիփազայի» դռները այդպես էլ չբացվեցին Փարաջանովի դեմ, և նա անասելի զոհողությունների, նյարդերի, առողջության, ի վերջո, կյանքի գնով ստեղծեց իր սեփականը, փարաջանովյանը։ Հրաշագործելով, «հավաստեց կյանքը», և ձանձրույթից ճմլկտացող մեր աչքերի առաջ ի ցույց դրեց իր արվեստի իրապատում հրաշքը։ Բայց ի տարբերության քամյուական «Թիփազայի», փարա՚ջանովյանը բնակեցված չէր վայելչագեղ աստվածներով, և աստվածակերպ–տառապող մարդիկ բարբառում էին ոչ թե «օշինդրի բուրմունքի մեջ», այլ անմռունչ հոգու շուրթերով հնչեցնում էին մարդկային պարզ հավատի փրկության հիմնը, անդադրում մաքառումի օրհներգը…

Երբ նա կար, մենք (աշխարհին հանճարեղ զավակ պարգևած հոր արդար զսպվածությամբ, թե օտարի քամահրանքով) կարկամեցինք և չհասցրեցինք ասել, որ նա մերն է, մերը՝ ողնածուծով։ Եվ հիմա, երբ նա հավերժության ուղեկիցն է, մեղանչողի մեր ուշացածությամբ պարտավոր ենք ասել, որ նա մերն է։ Իսկ ասել, կնշանակե ապացուցել։ Ապացուցել կնշանակե ճշտել մեր վերաբերմունքը նրա ստեղծածի նկատմամբ։ Հասու լինենք նրա «Խոստովանանքին» պատասխանելու երախտիքով, որպեսզի անխաթար ու անխամրելի մնա հիշատակը Օծեալի…

«Ու ես հազար մահերից (Հարություն առնող) Անավարտ ժպիտներիս հետ (նորից պիտի ծնվեմ) Մաքուր մոխիրներից…»։ Ալիսիա Կիրակոսյանի այս հաղթականչը, Սերգեյ Փարաջանովի պարագայում ստույգ է պատճենահանելու աստիճան…

Այնտեղ մարտնչող Արցախն՝ է, մարտի դաշտ նետված մեր կորովի և ինքնուրաց տղերքը։ Կրկին, ( արյամբ ու պատերազմով փոթորկված Հայաստան աշխարհը եռեփում-թրծում է հարատևելու իր կորովն ու կամքը, և կապտափայլ ֆոնին վարգում են փարաջանովյան «հրեղեն նժույգները», իրենց ոսկեղեն թամբերին դեպի հավերժություն ու փրկություն տանելով հայ մարդու տոկունությանը, հույսն ու նվիրական երազանքները…

You may also like...