Սեյլանով եղբայրներ

Հայություն, հոկտեմբեր, 1995թ., թիվ 2 (51)

Ապրում էինք Թիֆլիսի Սոլոլակ կոչվող թաղամասում, նախկին մեծահարուստ Դավիթ Ավան-Յուզբաշովի բնակելի տանը, որ հեղափոխությունից հետո «Մարտակոչ» օրաթերթի խմբագրությունն էր եղել, ապա՝ «Հայարտուն», ի վերջո նորից վերածվել բնակելի շենքի:

Մի առավոտ իմ Արտեմ հորեղբոր հետ մեր բնակարանից իջնում ենք փողոց: Դեռ մայթը չհասած, շքամուտքի մարմարե աստիճանի վրա մորեղբայրս կանգ է առնում, ուշադիր նայում դիմացի մայթով անցնող նիհար, տարեց մեկին, որ ձեռքերը մեջքին դարսած, կուզը ցցած, ասես վարից վեր չափում է փողոցի երկայնքով շարված հնաոճ, գեղեցիկ շենքերի ճակատներն ու դանդաղ առաջ անցնում:

— Բարի ողջո՜ւյն, պարոն Արտաշես,— ձայնում է հորեղբայրս ու ավելացնում,— հը, խեր լինի: Չլինի՞ թե հին ամարաթներդ ես փնտրում: Անհոգ կաց, կորած չեն լինի, գեղը կլինեն…

Պարոն Արտաշեսը գլխով արձագանքում է հորեղբորս ողջույնին, սառը քմծիծաղ տալիս քթի տակ ու շարունակում ճանապարհը:

Նրա գնալուց հետո, հորեղբայրս դառնում է ինձ.

— Ի՜նչ երևելի տոհմ էր… Լսե՞լ ես Սեյլանովների մասին…

Սեյլանով եղբայրները: Չախից աջ՝ Տիգրանը, Համազասպը, Եղիշեն, Հարությունը, Վաղարշակը, Արտաշեսը

Սեյլանով եղբայրները: Չախից աջ՝ Տիգրանը, Համազասպը, Եղիշեն, Հարությունը, Վաղարշակը, Արտաշեսը

Վեց եղբայր էին՝ Տիգրանը, Համազասպը, Եղիշեն, Հարությունը, Վաղարշակը, Արտաշեսը: Ամենակրտսերը սա էր: Քաղաքում սրանք յոթ-ութ տուն ունեին. Սոլոլակում, Սիոնի եկեղեցու մոտ, Բեբելի հրապարակում, էլի ուրիշ տեղեր: Քսան տարի շարունակ քաղաքի ծխախոտի ու լուցկու առևտուրը սրանց ձեռքումն էր:

— Ծխախոտի՞…—ակամա զարմանում եմ: — Հապա Բոզարջյա՞նը, Էյֆենջյա՞նցը…

— Նրանք՝ իրենց տեղը, խոսք չկա… Բոզարջյանցը, օրինակ, մի քիչ ցուցամոլ մարդ էր: Նա իր ձեռքն էր գցել Ռոմանովների արքունի տան ծխախոտի մատակարարման մենաշնորհն ու հենց դրանով էլ պարծենում էր: Իսկ Սեյլանովներն ավելի խոհեմ ու գործարար մարդիկ էին, ազգի, ժողովրդի հետ կապված: Բոզարջյանցը քաղաքում մի հատիկ տուն շինեց, բայց էնպիսի, որ ռուսաց թագավորի կողմից ոսկե մեդալ ստացավ: Սրանք երբեք փառքի ետևից չընկան: Գլուխները կախ՝ իրենց գործին էին: Սրանց հետ դժվար էր մրցել: Սրանց ծխախոտն ու լուցկին նավերով գնում-հասնում էին Թուրքիա, Պարսկաստան, Եվրոպայի զանազան երկրներ: Այդ նույն նավերը վերադարձին հազար ու մի տեսակ ապրանքներ, մթերքներ էին բերում արտասահմանից, հարստացնում իրենց տերերին, շենացնում Թիֆլիս քաղաքը: Իսկ Կարսում առևտրական գրասենյակ ունեին: Իրենց ձեռքն էին վերցրել մի ժամանակ Բագրատունիների արքունի տիրույթը համարվող՝ Կողբի մեծահարուստ աղահանքերը, բյուրեղի պես մաքուր աղ էին մշակում և վաճառքի հանում զանազան երկրներ:

Այդ օրը ես հորեղբորիցս իմացա, որ Սեյլանով եղբայրների սեփականությունն է եղել նաև այժմ Թբիլիսիի երկաթուղային կայարանի մոտ գործող ծխախոտի № 2 ֆաբրիկան:

Բայց Սեյլանով եղբայրների հռչակն առանձնապես տարածվել է դարասկզբին, երբ նրանք հիմնադրել են իրենց առևտրական հատուկ «Ընկերությունը», որն այդ բնույթի առաջին կազմակերպությունն է եղել Կովկասում: Ահա մի քաղվածք այդ առթիվ կազմված և վեց եղբայրների ստորագրությամբ վավերացված պաշտոնական պայմանագրից. «Մենք՝ Ալեքսանդրապոլի քաղաքացիներ Սեյլանով եղբայրներս, օրենքով թույլատրված տարբեր բնույթի առևտրական ու արդյունաբերական ձեռնարկումներով զբաղվելու համար, հիմնադրում ենք սույն լիիրավ Ընկերությունը…»: Այնուհետև մանրամասն կերպով շարադրվում է «Ընկերության» գործունեության ծեսն ու կարգը:

— Բայց սխալ կլինի կարծել, թե Սեյլանով եղբայրները միայն հմուտ տնտեսավարներ ու գործարար մարդիկ էին,— շարունակում է հորեղբայրս: — Նրանք միաժամանակ լավ հայեր էին, ջերմ ազգասերներ: Ակտիվորեն մասնակցում էին քաղաքում անցկացվող բարեգործական բոլոր ձեռնարկումներին, իրենց հարստությունից բաժին հանում ազգօգուտ գործերի համար: Հիշում եմ, մեծ եղեռնի տարիներին, երբ պետք եղավ Անգլիա մեկնել՝ Բրիտանական կայսրության ղեկավարների ուշադրությունը հայկական զարհուրելի կոտորածների վրա հրավիրելու համար, Հովհաննես Քաջազնունու և այլոց հետ միասին Լոնդոն գնաց նաև Վաղարշակ Սեյլանովը: Հայոց պատվիրակությունը երկու ամիս շարունակ ծեծեց կայսրության դռները: Բայց՝ զուր: Էդ տարիներին անգլիական լորդերի ողջ ուշադրությունը Հնդկաստանում և Կիպրոսում իրենց տնտեսական շահերն ամրապնդելու վրա էր կենտրոնացած, «ժամանակ չունեցան» զբաղվելու հայերի ողբերգությամբ:

— «Չէ, ոչ ոք չհասկացավ մեր ցավը. մնացինք մեր հույսին»,— Լոնդոնից վերադառնալուց հետո ասաց Վաղարշակը ու իր մյուս եղբայրների հետ միասին ձեռնամուխ եղավ Տաճկահայաստանից անընդհատ եկող որբերի ու գաղթականների խնամքին:

Սեյլանով եղբայրները ուսանելի շատ բան ունեին նաև տարվա ընթացքում վաստակած- կուտակած եկամուտները խելացի կերպով և արդարամտորեն բաժանելու, բաշխելու գործում:

Որպես օրենք, շահույթի 25 տոկոսը բաժին էր հասնում եղբայրներից նրան, ով իր ջանքերի ու ձեռներեցության շնորհիվ առավել մեծ օգուտ էր բերել «Ընկերությանը»: Քսանհինգ տոկոսը հավասար բաժանվում էր մյուս եղբայրների մեջ: Իսկ մնացած 50 տոկոսը հատկացվում էր տնտեսության հետագա ընդարձակմանն ու կատարելագործմանը: Ես, որ մոտիկից ծանոթ էի նրանց «Ընկերության» գործունեությանը, չեմ հիշում մի դեպք, որ վեճ կամ անախորժություն ծագեր եղբայրների միջև: Եվ դա, իհարկե, առաջին հերթին ավագ եղբոր՝ Տիգրանի շնորհիվ, որ «Ընկերության» անփոփոխ տնօրենն էր: Է՜հ, մի խոսքով…

Հորեղբայրս լռեց: Մենք զրուցելով հասել էինք նախկին Երևանյան, իսկ այդ ժամանակներում արդեն Լենինի անունը կրող հրապարակը, որի կենտրոնում, ճիշտ և ճիշտ Լենինի արձանի տեղում, Թամամշևի քարվանսարան էր՝ պարսիկ վաճառական Հաջի-Ռահմանովի չոր մրգերի ու արևելյան համեմունքների մեծահարուստ խանութով, որի մասին ասում էին՝ իբր նրանում «ծտի կաթ էլ կճարվի»:

Երևի հորեղբորս լռությունից հանելու համար՝ ես միամտաբար հարցրի.

— Հետո՞, հորեղբայր, ի՞նչ եղավ, ո՞ւր կորավ այդ ամենը…

Հորեղբայրս փափուկ, ներողամիտ ժպտաց ու հատ-հատ բառերով, ասես վանկարկեց.

— Հետո արդեն փիղը ապակեղենի խանութը մտավ…

Մեր զրույցը հենց դրանով էլ ընդմիջվեց:

* * *

Ի՞նչ իմանայի, որ այդ ընդհատված զրույցը ժամանակ անց պիտի շարունակվի մի բոլորովին ուրիշ տեղ, ուրիշ պարագաներում և ուրիշ մարդու հետ:

Շքամուտքի դռան փոքրիկ, խունացած ցուցանակի վրա բժիշկ Կոնստանտին Վաղարշակի Սեյլանովի ազգանունն է՝ Սեյլանովների տոհմի վերջին մոհիկաններից մեկի: Նրա բնակարանը Էլբաքիձեի վայրէջքի թիվ 21 շենքի երկրորդ հարկում է:

Հենց Կոնստանտին Վաղարշակովիչից էլ տեղեկանում ենք Սեյլանով եղբայրների ու նրանց «Ընկերության» հետագա ճակատագրի մասին:

Բժիշկը, որ արդեն ութսունն անց, բայց հոգու և կեցվածքի առույգությունը տակավին պահպանած աշխույժ ու կենսուրախ մի այր է, պատմում է.

— Փլուզումը վրա հասավ միանգամից՝ ձնաբքի նման, Վրաստանի խորհրդայնացման հենց նախօրյակին: Ասես կախարդական գավազանի մի հարվածով ամեն ինչ ավերվեց, տակնուվրա եղավ, և մարդիկ, որ իրենց ամբողջ կյանքում միայն բարիք էին արարել, իրենց խելքի, մտքի, ջանադիր աշխատանքի շնորհիվ և՛ իրենք էին հարստացել, և՛ երկրի ու ժողովրդի բարեկեցությանը նպաստել, միանգամից դարձան այդ նույն երկրի ու ժողովրդի խորթ, անարժան զավակները: Ստիպված փակեցին իրենց տան դուռը, ամեն ինչ բախտի քմահաճույքին թողնելով, բռնեցին օտարության ճամփաները, ցրվեցին աշխարհով մեկ:

Այն ժամանակ մենք բնակվում էինք նախկին Գանովսկայա (այժմ՝ Տաբիձեի) փողոցի մեր սեփական քառահարկ շենքում, որի աջ կողմում Թամամշևների տունն էր, ձախում՝ Նապոլեոն Ամատունու: Մեր ընտանիքը համարվում էր քաղաքի շեն ու բարեկիրթ ընտանիքներից մեկը: Ապրում էինք բավական համեստ՝ ամեն տեսակ զեխությունից, պճնամոլությունից հեռու: Հայրս, մայրենիից բացի, ազատ տիրապետում էր ֆրանսերենին, ռուսերենին, վրացերենին, թուրքերենին, պարսկերենին: Դա նրան օգնում էր իրեն շրջապատել զանազան ազգության գործարար, խելամիտ մարդկանցով: Մեր

հյուրերի թվում լինում էին տարբեր ազգի գործիչներ: Իհարկե, առաջին հերթին՝ հայեր: Հաճախ մեզ մոտ էր իջևանում զորավար Անդրանիկը: Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որ ապրում էր մեզնից ոչ հեռու, մեր ընտանիքի ամենացանկալի հյուրն էր: Իսկ Ավետիք Իսահակյանի մասին չեմ ասում: Նա հորս մորաքրոջ որդին էր. գալիս էր ինչպես հարազատ օջախի զավակ:

Եվ ահա մի սևումութ օր էլ՝ գա՛ղթ, վտարանդիությո՛ւն: Հազիվ ենք հասցնում մեզ Բաթումի մեկնող վերջին գնացքի վագոնը գցել: Միայն ճանապարհին ենք իմանում, որ այդ նույն գնացքով փախչում է Վրաստանի մենշևիկյան կառավարությունը՝ Նոյ Ժորդանիայի գլխավորությամբ: Նատանեբի կայարանում մեզ  է հասնում 11-րդ Կարմիր Բանակի կողմից Թիֆլիսը բռնագրավելու լուրը: Ինչևիցե: Բաթումի հասնելով, ծովափնյա այդ գեղեցիկ քաղաքը գտնում ենք իսկական դժոխքի մեջ: Տե՜ր Աստված, ի՜նչ էր կատարվում նավահանգստում: Փախստականների խառնիճաղանջ բազմությանը հունցվում, գալարվում էր կառամատույցում, ասես պատրաստ ծովը թափվելու՝ միայն թե գնա՜, հեռանա՜ դժոխքից: Հայրիկս կարողանում է իր ծանոթների միջոցով և մեծ դժվարությունների գնով տեղ գտնել Կոստանդնուպոլիս մեկնող շոգենավում: Երեք ու կես տարի մենք ապրում ենք այդ օտար քաղաքում: Հայրիկս այդտեղ էլ շարունակում է իր առևտրական գործարքները, իսկ ես սովորում եմ ֆրանսիական քոլեջում: Շուտով լուր է գալիս, թե սովետները, մի քիչ ողորմած գտնվելով, փոխել են իրենց վերաբերմունքն ունևոր դասի նկատմամբ: 1923-ին վերադառնում ենք Թիֆլիս: Մեզ հետ միասին քիչ չեն նաև ռուս, վրացի, հրեա, հույն և այլ ազգի վտարանդիները: Սկսվել էր ՆԷՊ-ը, մթնոլորտը մի քիչ ջերմացել: Հենց թեկուզ այն, որ ունևորների զավակներին հիմա թույլ էր տրվում միջնակարգ կրթություն ստանալ: Բայց բարձրագույնի դռները, հատկապես՝ տեխնիկական բուհերինը, առաջվա պես փակ էին մեր առջև:

Իմ բախտը բանում է: Մինչև ես ավարտում եմ քաղաքի 43-րդ միջնակարգը, որ նախկին Մանթաշովյան առևտրական դպրոցի շենքում է, վերանում է նաև բուհերի արգելքը, և ես ընդունվում եմ Լենինգրադի բժշկական ինստիտուտը:

Արտասահմանից ծննդավայր վերադառնալուց հետո շուտով մենք զգացինք, որ ՆԷՊ-ը լոկ մի յուրօրինակ թակարդ էր մեզ համար: Սկսվում է հալածանքի, հետապնդման, անվստահության մի անտանելի մղձավանջ, որի գագաթնակետը չարաբաստիկ «30-ական թվականներն» են լինում: Նյութական նեղ վիճակի մեջ էինք: Մեզ օգնում էին արտասահմանի մեր ազգականները: Դա բավական էր, որ նոր դավեր նյութվեին մեր դեմ: «Որտեղի՞ց գիտեն, որ դուք վատ եք ապրում: Ինչո՞ւ պիտի իմանան: Ի՞նչ նպատակով եք հայտնել»: Եվ ահա հայրս մեղադրվում է «տնտեսական դիվերսիայի» մեջ ու, որպես «ժողովրդի թշնամի», աքսորվում Ակտյուբինսկ: Հինգ տարվա անասելի զրկանքներից ու չարչարանքներից հյուծված, քայքայված վիճակում վերադառնում է ու իր մահկանացուն կնքում:

Երևի ձեզ կհետաքրքրի, թե ինչպես դասավորվեց հորեղբայրներիս ու նրանց ժառանգների ճակատագիրը: Արտաշեսը այստեղ Թբիլիսիում շատ փոքր, աննշան հիմնարկներում ու կազմակերպություններում հաշվապահ էր: Մյուսներն իրենց ընտանիքներով վտարանդվել էին Փարիզ, իսկ այնտեղից՝ տարբեր երկրներ:

Այն էլ ասեմ՝ ուր էլ որ նրանք գնացին, որտեղ էլ եղան, հետները տարան մեր տոհմի բնորոշ հատկությունները՝ ձեռներեցություն, գործիմացություն, սերտ կապ գիտության, արվեստի, դպրության հետ: Մերոնցից ոչ մեկը չպոկվեց իր արմատներից, չբռնեց խոտոր ճանապարհ: Երևի ճիշտ է ասված, թե ծառի ճյուղերի ու տերևների գեղեցկությունը շատ բանով է կախված արմատների գեղեցկությունից: Մերոնք ամենուրեք իրենց դրսևորեցին որպես կյանքի ամենատարբեր բնագավառների ջանադիր մշակներ: Օրինակնե՞ր եք ուզում-խնդրե՜մ:

Ահավասիկ ձեզ Եղիշե հորեղբորս թոռը՝ վաստակաշատ ինժեներ Մանյան, որ բնակվում է Մոսկվայում: Երկար տարիներ նա մեծահռչակ ավիակոնստրուկտոր Տուպոլևի աջ ձեռքն էր: Եղիշեի մյուս թոռը՝ Ռուբենը, Ամերիկայի ակնառու գեղանկարիչներից էր: Ավագ հորեղբորս՝ Տիգրանի ծոռը, Ժաննան, իր համար ընտրել է կինեմատոգրաֆիան: Նա ռեժիսոր է: Մոսկվայի հեռուստատեսությամբ ցուցադրված նրա «Հասուն երեխաներ» ֆիլմը արժանի համբավ բերեց հեղինակին: Ժաննան իր տատիկի հետ միասին փոխադրվել է Թել-Ավիվ:

Արտաշես հորեղբորս որդին՝ Սերգեյը, երկար տարիներ Երևանի «Երազ» միավորման առևտրական տնօրենն էր: Նրա Կոնստանդին ու Ալեքսանդր որդիները շնորհալի ինժեներներ են:

Հարություն հորեղբորս որդին՝ Արտյոմը, արժանի հեղինակություն է վաստակել վրաց երկրաբանների շրջանում: Իմ քույրը՝ Տատյանան, որ Թբիլիսիի օպերային թատրոնի լավագույն պարուհիներից էր, Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» օպերան փոխադրվելով, դարձավ աշխարհահռչակ պարուսույց Բալանչինի սիրած պարուհիներից մեկը: Ավագ եղբայրս՝ Արտավազդը, տնտեսագետի բարձրագույն կրթություն ստացավ Շվեյցարիայում, փոխադրվեց Փարիզ և հիմնեց «Փարիպարֆյում» ֆիրման: Քառասուն տարի անփոփոխ տնօրինում էր այդ մեծահամբավ միավորումը: Շատ էր երազում գործարար կապեր հաստատել իր ռուս գործընկերների հետ: Վախճանվեց ֆրանսիական պատվիրակության կազմում Մոսկվա գալու հենց նախօրեին: Իմ երկու զավակներն էլ իրենց հոր ճանապարհով գնացին, բժիշկներ են: Որդիս Մոսկվայի կենտրոնական հիվանդանոցում վիրաբույժ է, դուստրս աշխատում է Երևանի կլինիկաներից մեկում:

Մի քիչ այլ կերպ դասավորվեց իմ կյանքը: Լենինգրադի բժշկականի դիպլոմով ես վեց տարի աշխատեցի վրացական հանրապետության հեռավոր, բարձրալեռ Ծալկայի շրջանի Այազմա, Ղուշչի և մյուս գյուղերում: Ամռան շոգին, ձմռան դաժան ցրտին, ձիով կամ սահնակով, իսկ մեծ մասամբ ոտով, անցնում էի գյուղից-գյուղ, սպասարկում 16 բնակավայր: Վերջապես տեղ բացվեց, Թբիլիսիի 5-րդ պոլիկլինիկայում, եկա աշխատեցի՝ մինչև կենսաթոշակի անցնելս: Հիմա զբաղվում եմ մասնավոր պրակտիկայով: Ահավասիկ բոլորը: Եվ կամ համարյա բոլորը՝ Սեյլանով եղբայրների յուրօրինակ ոդիսականը:

Երևի իրավացի էր Անտուան դը Սենտ Էքզյուպերին, երբ ասում էր. «Թող ցինիկը մխիթարի իրեն, որ սերմին ավազ է խառնել, միևնույն է, հողը կկարողանա ճանաչել հատիկը»:

Այդ ճիշտ է, որ իրենց բնատուր խելքի, շնորհքի, տաղանդի, ջանադիր աշխատասիրության շնորհիվ Սեյլանովների ժառանգները չկորան: Ոչ մեկը չկորավ: Հողը կարողացավ ճանաչել հատիկը: Չկորա՜ն:

Եվ սակա՜յն…

Ազգին, ժողովրդին որքա՜ն մեծ օգուտ կարող էր բերել այդ իրոք տաղանդավոր գերդաստանի՝ Սեյլանով եղբայրների հավաքական ուժը:

Բենիկ Սեյրանյան, Թբիլիսի

You may also like...