Սա Հայաստանն է

«Հայրենիքի ձայն», նոյեմբեր, 1983թ.
Սեյրանուհի Գեղամյան

«Սա Հայաստանն է, որը ես այնպե՜ս սիրում եմ. այն շռայլորեն պարգեւում է ինձ իր պտուղները՝ երեք ոսկի խնձոր. բարություն, տաղանդ եւ գեղեցկություն», այսպես է բացվում մոսկվացի գրող Կիմ Բակշիի «Ճակատագիր եւ քար» գիրքը, որը լույս է ընծայել Մոսկվայի «Կերպարվեստ» հրատարակչութունը:

Հազվադեպ է պատահում, երբ միանգամից, առանց կարդալու, հենց միայն ձեռքդ վերցնելով սիրում ես գիրքը: Այս գիրքն այդպիսին է: Անմիջապես զգում ես, որ հեղինակը խորապես ըմբռնել է այն երկիրը, որի մասին գրել է: Գրքի կազմի առաջին էջում պատկերված է բացված թերթերով, հնամաշ, հսկայածավալ մի գիրք, որի էջերը տարածված են լուսանկարից այն կողմ, կարծես թե Հայաստանի ու նրա պատմության ողջ տարածքով, իսկ խորքում՝ փոքր-ինչ մռայլ գույներով, խորհրդավոր գեղեցկությամբ կանգնած է հայկական մի եկեղեցի: Շապիկի վերջին էջում լուսավոր շրջանակի մեջ մի փոքրիկ կտավի վերարտադրությունն է, հեքիաթային, հրաշք գույներով: Եւ այս խորհրդանշական հակադրամիասնությամբ է կառուցված գիրքը՝ սկզբից մինչեւ վերջ:

Գրքի հերոսները Հայաստանն ու նրա մարդիկ են. նրանք, ովքեր քար են տաշում, ովքեր գիրք են գրում ու նկարազարդում, ովքեր կանգնում են նկարակալի առջեւ եւ լույսը, կյանքը խառնում են գույներին, ովքեր իրենց մեջ կրում ու շարունակում են նախնիների ավանդները, ովքեր իրենց կյանքով ապրելու դաս են տալիս, ովքեր ինքնամոռաց որոնումներով պեղում են մոռացված, երբեմն լքված գեղեցկություններ ու իմաստնություններ, մի խոսքով այն ամենը եւ բոլոր նրանք, ինչի եւ ում շնորհիվ պահպանվում են ազգ, ժողովուրդ, պատմություն, հավերժության հավատ…

Գրքի առաջաբանի հեղինակ Սիլվա Կապուտիկյանը գրում է. «Կ. Բակշին ժողովրդի կանգունության գաղտնիքի մեջ է թափանցում պատմաբանի գիտակությամբ, արվեստագետի ճարտարությամբ, նկարչի գունազգացողությամբ, բանաստեղծի ոգեշնչվածությամբ եւ, որ ամենակարեւորն է, սիրով»:

Այո, սերը այս գրքի հեղինակի բոլոր առավելությունների ոգին ու շունչն է: Կարդում ես գիրքը եւ զարմանում, թե ինչպես է կարողանում հեղինակը այդպես խորությամբ թափանցել մեր ժողովրդի հոգու ամենանվիրական խորքերը, ինչպե՞ս է կարողանում այդպես զգայունությամբ տեսնել եւ ընթերցողի համար բացել նրա կենսագրության հանգույցները, ինչպիսի՞ նրբանկատությամբ է տարբերում կարեւորը՝ երկրորդականից, հավերժականը՝ անցողիկից, ինչպե՞ս է տեսնում նրա ոգու լույսն ու թաքուն տագնապները, ինչպիսի՜ խորունկ տխրությամբ է մտածում ընկած գեղեցկությունների ու անկատար երազների մասին եւ ինչպիսի՜ խաղաղ հպարտությամբ է կշռում նրա դերը պատմության նժարի վրա. «Արդյոք մենք կենդանի շա՞տ ժողովուրդներ գիտենք, որոնց մասին, ինչպես հայերի, կարող ենք ասել, նրանք գործուն դեր են խաղացել պատմության մեջ՝ սկսած Ասորեստանի եւ Բաբելոնի ժամանակներից: Եւ հետո՝ Աքեմենյան Իրանի՝ Աթենքի, Սպարտայի եւ հին հունական այլ քաղաքների դեմ նրա մղած պատերազմների դարաշրջանում: Եւ հետո՝ հելենիզմի եւ հռոմեական կայսրության ժամանակ: Ե՛ւ քրիստոնեության առաջին դարերին: Ե՛ւ Բյուզանդիայի տիրակալության ընթացքում: Իսլամի ծագման եւ արաբական սրընթաց նվաճումների շրջանում: Ե՛ւ խաչակրաց արշավանքների»:

Կիմ Բակշին Հայաստանին ծանոթացավ պատահաբար, երբ 1963 թվականին առաջին անգամ եկավ այստեղ որպես միութենական «Օգոնյոկ» հանդեսի թղթակից: Եկավ աշխատանքային սովորական գործուղման՝ Հայաստանի մասին ակնարկ գրելու: Բայց կատարվեց այն, ինչը պատահականությունը դարձնում է անհրաժեշտություն, սովորականը՝ արտակարգ: Նա սիրահարվեց Հայաստանին եւ որքան ավելի սկսեց խորանալ երկրի պատմության ու ժողովրդի կյանքի, նրա ստեղծած հոգեւոր արժեքների մեջ, որքան շատ մարդկանց ճանաչեց, այնքան ավելի ամուր կապվեց այս երկրին եւ սկսեց ուսումնասիրել ոչ միայն նրա պատմությունը, այլեւ հնագույն պատմիչներին, ոչ միայն հիանալ հուշարձաններով, այլեւ թափանցել նրանց գաղտնիքների մեջ, ոչ միայն փառաբանել պարզ, բարի մարդկանց, այլեւ խոնարհությամբ դաս առնել նրանցից, ոչ միայն զարմանալ անկրկնելի ճարտարապետությամբ ու մանրանկարչությամբ, այլեւ հասկանալ այդ արժեքների ներքին խորհուրդը, մտածել այն մարդկանց մասին, ովքեր այդպես անսխալ հասկացել են, թե ո՛րն է ազգի անմահության գաղտնիքը, ովքեր խիզախել են անանց լեռների ծերպերին եկեղեցիներ կառուցել, առանց քուն ու դադարի գրքեր գրել ու ծաղկել, ժեռ քարերի վրա նախաստեղծ նուռ ու խաղող քանդակել եւ երբեք իրենց չեն մխիթարել ու հանգստացրել այն մտքով, թե ահեղ թշնամու դեմ ոչինչ հնարավոր չի անել եւ որ իրենց անմիտ մահով ոչինչ չի փրկվի:

«Նրանցից մեկը գրում է իր ժամանակի պատմությունը, որն այժմ մեզ համար տեղեկությունների եւ ըմբռնումների անգնահատելի աղբյուր է: Մյուսները դասավանդում են մայրենի լեզու, գիտություն, երաժշտություն, բազմապատկում են իմաստություններն ու գիտելիքները: Երրորդները տաճարներ են կանգնեցնում համարյա հենց թշնամու բանակատեղում: Եւ այդ տաճարները, նրանց հզորությունը, նրանց բազմազանությունը, կատարելությունն ու գեղեցկությունը մարտահրավեր է ողբերգական ճակատագրին»,- գրում է հեղինակը: Եւ ամենուր, ինչպես Հաղարծինի եկեղեցական համալիրի մոտ, Կիմ Բակշին խորհում է.

«Ես մտածում եմ այն բացառիկ դերի մասին, որը հատկապես պատմական անբարենպաստ ժամանակներում խաղում է անհատը, մարդը: Իհարկե, նա անպաշտպան է: Նրան՝ ինչպես խնձորը, այնքա՜ն հեշտ է պոկել, մաս-մաս անել, շպրտել, եթե դուր չի գալիս: Բայց այնպիսի մարդկանց խիզախության եւ հոգեկան ուժի շնորհիվ, ինչպիսին է վարդապետ Վանականը, ինչպիսին է սեղանատունը կառուցող Մինասը, ինչպիսին է երգահան Խաչատուր Տարոնացին, ժողովուրդը ապրում է, պահպանում է իր անկրկնելի դեմքը»:

Եւ այսպես, քայլ առ քայլ Բակշին անցյալից գալիս է դեպի մեր օրերը, դեպի մեզ, ժամանակակից արվեստագետներն ու շինարարները, նրբորեն հյուսելով այն կամուրջը, որը անցյալը կապում է ներկային, որով ապագայում հաստատորեն կքայլեն սերունդները:

Այո, «ճակատագիր եւ քար» գիրքը, որ Հայաստանի ու հայերի մասին է, նաեւ նրա հեղինակի մասին է, քանի որ, երբ ավարտում ես գիրքը, քեզ հարազատանում է ազնիվ ու նրբազգաց, բարի եւ իմաստուն մի մարդ՝ Կիմ Բակշին, եւ վերջացնելուց հետո գիրքը թողնում ես գրասեղանիդ՝ միշտ ձեռքդ վերցնելու, միշտ թերթելու համար, որովհետեւ դա իսկական, ճշմարիտ Հայաստանն է…

You may also like...