Ռուսաստան

Պատմագիտական աղբյուրներում Ռուսաստանում հայերի ներկայության մասին հիշատակվում է ռուսական առաջին պետական կազմավորումների ձևավորումից շատ ավելի վաղ ժամանակներում:  Հայաստանում և Արցախում հայ ազգային զարթոնքին զուգահեռ Ռուսաստանի Դաշնությունում հայկական սփյուռքի ձևավորումը թևակոխել է ակտիվ: Զուգահեռ ընթացել են անքակտելի երկու գործընթացներ` հայկական Սփյուռքի ինստիտուցիոնալ ձևավորում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր իրավունքների վերականգնում ու հոգևոր կյանքի վերընթաց աշխուժացում:
Սկսած 1987 թվականից` հայկական հասարակական, ազգային-մշակութային, բարեգործական, երիտասարդական կազմակերպություններ են հիմնադրվել ՌԴ-ի հայաշատ երկրամասերում, մարզերում և քաղաքներում:
Այսօր իրենց կազմակերպվածությամբ, ակտիվությամբ, հայապահպանության և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ նշանակալի դերակատարությամբ աչքի են ընկնում Կրասնոդարի, Ստավրոպոլի, Ալթայի, Կրասնոյարսկի, Պրիմորիեի երկրամասերի, Ռոստովի, Վոլգոգրադի,Աստրախանի, Կալինինգրադի, Նիժնի Նովգորոդի, Օրենբուրգի, Օմսկի, Չելյաբինսկի, Տյումենի, Պերմի,Կալուգայի, Տվերի, Նովգորոդի, Սարատովի, Սամարայի, Յարոսլավլի, Ուլյանովսկի, Ռյազանի մարզերի,Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ քաղաքների, Հյուսիսային Օսիա-Ալանիա, Բաշկորտոստանի, Ադըղեայի, Թաթարստանի հայկական հասարակական կազմակերպություններն ու ազգային-մշակութային ինքնավարությունները:
2005 թ. պաշտոնական տվյալներով` ՌԴ-ում բնակվում է շուրջ 1.1 մլն հայ, համաձայն այլ աղբյուրների` 2-2.5 մլն: Ռուսական քաղաքակրթության արդի իրականության ձևավորումը մեծապես պայմանավորված է նաև հայկական քաղաքակրթության հարյուրամյակների շարունակական ներկայությամբ: Ռուսաստանում առկա հայկական պատմամշակութային ժառանգությունը, որի անքակտելի մասն են կազմում բազմաթիվ հայկական եկեղեցիներ և հուշարձաններ, վկայում է ռուսական հազարամյա պետականության, տնտեսական, ռազմաքաղաքական, պատմամշակութային անցյալի ու ներկա դիմագծի մեջ հայկական քաղաքակրթական բաղադրիչի առանձնահատուկ դերակատարության ու նշանակալից ներդրման մասին:
Ռուսաստանի մի շարք շրջաններում` Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, Ռոստովի մարզ, հայերն իրենց թվով երկրորդ տեղն են զբաղեցնում ռուսներից հետո և, ի տարբերություն շատ այլ ազգերի, համահավաք բնակվում են առանձին բնակավայրերում:
Ռուսաստանի վարչական տարածքների մեծ մասում գործում են հայկական ազգային-մշակութային ինքնավարություններ, համայնքային հասարարական, գործարարների, երիտասարդական, կանանց, ուսանողական կազմակերպություններ և միություններ: Գործում են բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ, երգի ու պարի համույթներ: Տպագրվում են թերթեր, համայնքների մեծ մասն ունի էլեկտրոնային կայքէջեր և թերթեր: Հայ ազգային ու Հայաստանի Հանրապետության պետական տոների, պատմամշակութային նշանակալից տարեթվերի առթիվ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ,իրականացվում են տարբեր ծրագրեր։
Ռուսաստանի հայ համայնքը մեծ ակտիվություն է ցուցաբերում հայկական եկեղեցաշինության, կիրակնօրյա դպրոցների բացման, մարզական համահայկական խաղերի մասնակցության, ռուսական կենտրոնական և տարածաշրջանային հեռուստաալիքներով հայկական հաղորդումների հեռարձարկման գործում:
Ռուսաստանում գործում է շուրջ 40 հայկական եկեղեցի:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ՌԴ-ում ունի երկու թեմ` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի (թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյան), Հարավային Ռուսաստանի (թեմի առաջնորդ Եզնիկ եպիսկոպոս Մովսիսյան):
Ռուսաստանի հայ համայնքը հիմնականում համախմբված է «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության շուրջ:

ՌԴ Ռոստովի մարզի հայ համայնքի
և  գործող  հայկական եկեղեցիները

Ռուսաստանի Եկատերինա 2-րդ կայսրուհու հրովարտակով (հրովարտակը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում) 1779թ. նոյեմբերի 25-ին ղրիմահայությանը Սուրբ Դմիտրի Ռոստովցու ամրոցի հարևանությամբ գտնվող կայսերական հողերից հատկացվեց հողատարածք՝ մեկ քաղաք և հինգ գյուղ հիմնելու թույլտվությամբ: Դոնի ներքին հոսանքում հայերը հիմնեցին Նոր Նախիջևան քաղաքը, Չալթր, Ղրիմ, Մեծ Սալի, Փոքր Սալի և Նեսվիտայ  գյուղերը: Հայկական գաղութն ունի իր զինանշանը, որը հաստատվել էր 1811թ.:
Դոնի Ռոստովի հայկական համայնքը ՌԴ ամենամեծ  համայնքներից է: Մարզում հայերը  թվով երկրորդն են ռուսներից հետո` շուրջ 300 հզ.:
Հայկական համայնքներ գործում են Ռոստովում, Նովոչերկասկում, Կամենսկ-Շախտինսկում,      Շախտիում:
«Դոնի Նախիջևանի հայկական համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1988թ. նախագահ՝ Հարություն  Սուրմալյան: Հայկական կիրակնօրյա  դպրոցներ գործում են  Դոնի Ռոստովում, Ռոստովի մարզ ք. Աքսայում,  Մյասնիկյանի շրջանում, Չաթրում: Չալթր գյուղում   գործում է միջհամայնքային կենտրոնական գրադարանը, որն  ունի 16 բաժանմունք:
Մյասնիկյանի շրջանում 2009թ. սեպտեմբերի 5-ին մեծ շուքով նշվեց Դոնի հայկական բնակավայրերի հիմնադրման  230-ամյակը:
2011թ. նոյեմբերի 25-ին  Դոնի Ռոստովում բացվել է հայ- ռուսական բարեկամության  թանգարանը:
Հայ-ռուսական բարեկամության  թանգարանը, որպես Ռոստովի  մարզային երկագիտական թանգարանի կառուցվածքային ստորաբաժանում  ստեղծվել է 1972թ.: Մինչ  2007թ. թանգարանը գործել է  Սբ. Խաչ հայկական եկեղեցում,  որտեղ  ցուցադրվել են  ավելի  քան  10 հզ. նմուշներ:

Ռոստովի մարզում գործող  հայկական եկեղեցիներ՝

«Սուրբ  ԽԱՉ»
Դոնի Ռոստով
Քահանա`Տեր Պողոս Տերտերյան
Եկեղեցին կառուցվել է 1786 -1792թթ.:
1972թ.  նոյեմբերի 14-ին  եկեղեցու շենքում գործել է  հայ-ռուսական  բարեկամության  թանգարան:
2000թ.  եկեղեցին կրկին սկսել է գործել( վերսկսվել է եկեղեցական  ծիսակատարությունը):

«ՍԲ. ԿԱՐԱՊԵՏ»
Դոնի Ռոստով,
Քահանա`  Տեր  Թադևոս  Ավագյան
Եկեղեցին հիմնադրվել է   1875թ.,  բացվել  և օծվել  է 1881թ. հուլիսի 11-ին: Եկեղեցին կառուցվել է Նախիջևանի հայտնի բարերար Ա. Ալաջալյան( А. П. Аладжалян)  միջոցներով:

«ՍԲ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ» 
Դոնի Ռոստով, Քահանա`  Տեր Տիրան
Եկեղեցին բացվել և օծվել է  2011թ. մայիսի 29-ին:

«Սուրբ   ՀԱՄԲԱՐՁՈՒՄ»
Ռոստովի մարզ, գ. Չալթր,
Քահանա` Տեր Թադևոս Հայբարյան
Սբ. Համբարձում  եկեղեցին կառուցվել է 1860-1867թթ. ճարտարապետ Ն. Մուրատովի նախագծով: Եկեղեցու բակում կա խաչքար:

«ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ»
Ռոստովի մարզ, գ.Մեծ Սալի
Քահանա`  Տեր Անանիա Բաբայան
1867թվականի  կառույց.: Ունի կապիտալ վերանորոգման կարիք; 2012թ. օգոստոսի 26ին տեղի են ունեցել հոբելյանական միջոցառումներ  նվիրված Սբ. Աստվածածին  եկեղեցու հիմնադրման 145  և  Մեծ Սալի գյուղում  հայերի բնակեցման 233 –ամյակին:

«ՍԲ. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ»
Ռոստովի մարզ,  գ.Ղրիմ
Քահանա` Տեր Տիրան Ավագյան
XVIII  դարավերջին  Ղրիմում հաստատված հայերը սկսեցին կառուցել եկեղեցիներ, սկզբում փայտից,   հետագայում  արդեն քարից: «Սբ. Ամենափրկիչ» եկեղեցին  կառուցվել է XIX դարի վերջին  XX դարի սկզբին և  ունի ինքնատիպ  ճարտարապետական տեսք: Եկեղեցին  վերանորոգվել է  1996թ.:

You may also like...