Ռումանիո առաջնորդարանին գրադարանը և թանգարանը

Վերածնված Հայաստան, 1989թ., թիվ 11

Ռումինահայ գաղութին կյանքի մեջ 1987 թ. մայիսի 24-ը նշանավոր օր դարձավ, Պուքրեշի հայոց եկեղեցիին բակը վերաբացվեցան Առաջնորդարանին գրադարանը և թանգարանը՝ նոր կարգավորմամբ։ Սկիզբը տեղի ունեցավ 1927 հոկտեմբերին, երբ հիմնադրության հատուկ վավերաթուղթով մը ծնունդ առավ Ռումինահայ կեդրոնական մատենադարանը՝ «նպատակ անենալով փճացումեն փրկել և պահպանել արժեքավոր գիրքերը և արվեստի առարկաները, որոնք երկրի հայ համայնքներուն ծոցը կգտնվին և փափագողներուն տրամադրության տակ դնել հայ պատմության ու գրականության վերաբերյալ նյութեր»։

Ռումինիայի Առաջնորդարանի թանգարանի շենքը

Ռումինիայի Առաջնորդարանի թանգարանի շենքը

Սկզբնապես քանի մը բարերարներու նվիրած գիրքերով օժտված մատենադարանը գործնականապես Հ. Սիրունիին կողմե ղեկավարված էր, որուն կօգներ ութ հոգիներե կազմված հանձնախամբ մը: Աստիճանաբար հիմնապաշարը ճոխացավ՝ բովանդակելով հայերեն և այլ լեզուներով հին և հազվագյուտ գիրքեր, պարբերաթերթեր, ձեռագիրեր, կոնդակներ, նամակներ, թղթածրարներ, ֆերմաններ ու հրովարտակներ։ Ժամանակի ընթացքին մատենադարանի կողքին կազմվեցավ թանգարանային բաժին մը Ռումանիո հայկական եկեղեցիներեն, հայ մշակութային հիմնարկությունեն և նվիրատվություններեն հավաքված առարկաներով, եկեղեցական հանդերձներ, խորանի վարագույրներ, ձեռագործներ, փայտյա և մետաղյա փորագրություններ, նկարներ, դրամներ, դրոշակներ, տոհմանշաններ և այլն:

1944 թ. հայկական նախկին դպրոցին մեկ սեղմ սենյակին մեջ ապաստան գտած մատենադարանին և թանգարանին հատկացվեցավ Հովսեփ Տուտյանի նվիրատվության շնորհիվ հատուկ կառուցված շինություն մը։ Ըստ հիմնադրման փաստաթուղթին, նոր հաստատությունը, որ պիտի գործեր ճարտարապետ Էմիյ Քըլինեսքուի նախագծած շենքին մեջ, պիտի կոչվեր «Ազգային թանգարան–մատենադարան հայոց, նվիրատվություն՝ Հովսեփ և Վիքթորյա Տուտյան»։ Գործնականորեն հաստատությունը որդեգրեց Հայ մշակույթի տուն անունը, իբրև անմիջական նպաաակ վերապահելով իրեն՝ զարկ տալ հայ մշակույթի ծաղկման ու տարածման, ճանչցնել օտարներուն հայ արվեստը և մշակույթը, ամրապնդել հայ ու ռումին ժողովուրդներու հոգեկան կապը։

Թանգարանի և գրադարանի մուտքը

Թանգարանի և գրադարանի մուտքը

1945-են հետո Հայ մշակույթի տան շրջանակին մեջ, որ այլևս Ստեփան Շահումյան կկոչվեր, մատենադարանին ու թանգարանին կողքին գործեցին սիրող թատերախումբ մը, նվագախումբ մը, ժողովրդական պարերու համույթ մը, կար ու ձևի շրջանակներ և այլն, ինչ որ կապացուցե հաստատության մշակութային օջախի հատկանիշը Պուքրեշի հայ գաղութին համար։

1983-ին, պայմանագրին ժամկետին լրանալուն, շենքը վերստին թաղականության տրամադրության տակ անցավ, և ան որոշեց վերակարգավորումը՝ Առաջնորդարանի գիրքերու և արվեստի առարկաներու հիմնապաշարին համար։ Հայոց եկեղեցիի (Ռեփուպլիչի պողոտա, թիվ 43) բակին մեջ գտնվող նախկին կեդրոնատեղիին մեջ վերադառնալով, ասոնք իրենց պատշաճ տեղը գտան։ Շենքին նախասրահին մեջ դրված է քանդակագործ Օսկար Հանի Հովսեփ Տուտյան նվիրատուին կիսանդրին։ Շենքին ստորին հարկը հատկացված է գրադարանին, որ կբովանդակե գրեթե 15.000 հատորներ, 700 կրոնական գիրքեր ԺԷ— ԺԹ դարերեն, 200 հազվագյուտ գիրքեր, հանրագիտարաններ, բառարաններ, իմաստասիրության, պատմության աշխարհագրության, արվեստի գործեր, հայ, ռումին և համաշխարհային գրականություն։

Գրադարանի սրահը

Գրադարանի սրահը

Վերնահարկը կարգավորված է Առաջնորդարանին թանգարանը։ Թանգարանին սրահին խորքի պատին կեդրոնը կգրավե Մոլդովայի իշխան Ալեքանդրու Բարեգութի հրովարտակը (լուսապատճենը և արտագրումը), որով 1401-ին արտոնություն կընծայվեր Սուչավայի մեջ հիմնադրելու հայոց առաջին թեմը ռումինական հողին վրա՝ Հովհաննես եպիսկոպոսը հաստատելով հայոց առաջնորդ։ (Ցարդ, թեմի գլուխը գտնված են 45 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ)։ Հրովարտակին կողքին ցուցադրված է Սիրունիին կազմած ու հրատարակած Ժ—ԺԷ դարերու ռումին իշխանություններու մեջ ապրող հայոց ժամանակագրությունը։ Ցուցատախտակի մը վրա կարելի է դիտել քանի մը եկեղեցիներու լուսանկարները, այն 17 եկեղեցիներեն և 2 վանքերեն (Սուչավայի Զամքան և Հաճկատարը), որոնք կպատկանին Ռումանիո թեմի 13 թաղականություններուն (Պուքրեշ, Քոնսթանցա, Սուչավա, Յաշ, Բոթոշան, Ֆոքշան, Ռոման, Բակրու, Թըրգու-Օքնա, Գալաց, Բըրիլա, Թուլչա, Փիթեշթ)։

Այցելուն հնարավորության ունի անցնելու հայ համայնքին գլխավոր հանգրվաններեն նաև երևելի անձնավորություններու ցուցադրված կենսագործություններու միջոցով։

Երեք տոհմածառեր՝ Գոյլավ, Պույուքլիա և Միսիր ընտանիքներուն, կթելադրեն բազմամարդությունը և հարատևությանը այս կարևոր «տոհմ»երուն, որոնք ռումին իշխանություններու, հատկապես Մոլդովայի հասարակական-քաղաքական կյանքին ականավոր դեմքեր ընծայած են։ Առանձին ցուցատախտակի մը վրա ներկայացված են Հայոց Հայրապետ Վազգեն Ա-ի կյանքեն ու գործունեությունեն կենսագրական տվյալներ ու լուսանկարներ։ Ցուցադրված են, նմանապես, լուսանկարչական դրվագներ Ռումանիո թեմի Առաջնորդ Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի գործունէությունեն, որ սկսած է 1956–են. այցելություններ, հանդիպումներ երկրի և արտասահմանի կղերականներու և քաղաքական անձերու հետ։

Անտարակույս, թանգարանին գլխավոր գանձարանը կհանդիսանան կրոնական և աշխարհիկ արվեստի առարկաները, ձեռագիրները և տպագրությունները։ Կարգավորված ապակեդարաններու մեջ ցուցադրված են ԺԸ դարեն ծիսական առարկաներ, ոսկյա ու ոսկեզօծ, արծաթյա, արժեքավոր քարերով խորանի խաչեր, ճարմանդներ, մոմակալներ, խույրեր, եպիսկոպոսական գավազաններ, մասունքներ, բուրվառներ և այլն։ Նշենք նաև, իբրև հետաքրքրական ցուցոն, սազ մը, զոր 1948-ին խորհրդահայ ռազմագերիներ նվիրատված են, և 1833-ին Թըռնովոյի (Բուլղարիա) հայոց նվիրատված պատի մեկ ժամացույցը։ Թանգարանին հավանաբար արժեքավորագույն ցուցոնը (համենայն դեպս, ձեռագիրերու և տպագրություններու հավաքածուին կարևորագույնը) 1351-ին Կաֆա ընդօրինակած ավետարան մըն է, որ Ռումանիո տարածքին վրա հնագույն ձեռագիրն է, անկախ լեզվե։ Ան թուղթե 289 էջերե բաղկացած է, իսկ 1451–ին ավելացված արձանագրություն մը ցույց կուտա, թե այդ թվականին ձեռագիրը Յաշ կգտնվեր, Հակոբճյանի և իր եղբոր՝ Առյուծին սեփականությունն էր, որոնք գնած էին զայն և 1895-ին կառուցված հայոց եկեղեցիին նվիրած էին։

Թանգարանի սրահը

Թանգարանի սրահը

Արժեքավոր ձեռագիրերեն են 1596-ի Սաղմոսարան մը, Հաճկատար ընդօրինակած Ավետարան մը (1649), Աղոթագիրք մը (Երուսաղեմ, 1762), Աղոթագիրք մը (Երուսաղեմ, 1762), ԺԷ դարեն հմայիլներ։ Տպագրված գիրքերուն մեջ հազվագյուտ հատորներ առկա են։ Այստեղ են 1666-ին Ամստերդամ տպված հայերեն ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԻՆ աշխարհին մեջ գտնվող միայն վեց օրինակներեն մին, դարձյալ Ամստերդամ տպված (1669), Առաքել Տավրիժեցիի Պատմությունը, Վենետիկ տպված է (1686) ուրիշ Ավետարան մը։ Այլ տպագրություններ կատարված են նույնպես Վենետիկ (Ավետարան, 1732), Վիեննա (Աստվածաշունչ, 1733), Կ. Պոլիս (Ավետարան, 1729), Պետերբուրգ, Փարիզ։

Ցուցատախտակի մը վրա ներկայացված են Ռումանիո հայերեն դպրոցները։ Հնագույնը, հավանաբար, եղած է Դամբրըվեն քաղաքի (նախկին Եղիսաբեթուպոլիս) օրիորդաց վարժարանը, 1730-ին հիմնած, բայց ԺԹ դարուն սկիզբը հայկական դպրոցներ կգործեին Յաշ, Սուչավա Արմենուպոլիս, Պուքրեշ, հետագային հայոց բնակած մյուս բնակավայրերուն մեջ ևս։ Ուշադրություն կգրավեն Ռումանիո մեջ հայկական տպագրության փաստերը. Յաշի հայազգի նշանավոր ռումին գրագետ Գեորգե Ասաքիին «Ալբինա» («Մեղու») տպարանին «Արամյան» բաժնին բացման վերաբերյալ փաստաթուղթը (1847), բաժին, ուր տպվեցան հայերեն առաջին այբբենարանը («Բանալի ընթերցանութեան») և հայերեն աղոթագիրք մը (Ռումանեն ոմն Խաչիկյանի ծախսերով):

Նույն ցուցատախտակին մեկ մասը հատկացված է Ռումանիո մեջ ժամանակի ընթացքին հրատարակված հայ մամուլին, ըլլա հայերեն, ըլլա ռումիներեն (բայց առաջին հանդեսը՝ «Արմենիա», լույս տեսավ հունգարերեն 1887-1913 տարիներուն, Տրանսիլվանիո մեջ հայերու հիմնած Արմենուպոլիս, այժմու Գեռլա քաղաքը, Խաչիկ Սոնգոթյանի խմբագրությամբ)։ Թանգարանին մեր այս պտույտը վերջացնենք, նշելով ռումինահայերու և այլ գաղթօջախներու նվիրատված առարկաները՝ գորգեր, նկարներ, քանդակներ, գիրքեր, ինչպես և հայ գրականությունեն ռումիներեն թարգմանված հատորներ, ռումիներեն գրող հայերու գիրքեր։ Ներկա կազմավորմամբ, Ռումանիո Առաջնորդարանին գրադարանը և թանգարանը կփորձե ըլլալ երկրի հայ գաղութի և ընդհանրապես հայ ժողովուրդի մշակութային արժեքներու և՛ գանձարան մը, և՛ անոնց ժողովրդականացման գործոն ազդակ մը։

Սարգիս Սելյան

You may also like...