Ռեալիստ նկարիչը

Հենրիկ Լիլոյան
«Վերածնված Հայաստան», թիվ 5 (530), մայիս 1990թ.

Հռոմում, Տիբեր գետի ափին գտնվող հնամյա տանն էր ապրում նկարիչ Գրիգոր Շլդյանը։ Երկու անգամ եմ եղել այդ տանը, որը շատերին էր հայտնի։ Վերջին անգամ եղել եմ 1984 թվականին, նկարչի մահվանից մի տարի առաջ։ Այդ երեկո մենք շատ երկար զրուցեցինք…

Գրիգոր Շլդյան

Գրիգոր Շլդյան, Ինքնադիմանկար

Շլդյանի հետ ծանոթացել եմ Փարիզում 1974 թվականի գարնանը։ Փարիզի Մատինյոն ավենյուի վրա գտնվող Բեռնհեյմ առաջնակարգ պատկերասրահում բացվել էր Գրիգոր Շլդյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Բացմանը ներկա էին ֆրանսիական մշակույթի երևելիները։ Դա անսովոր ցուցահանդես էր։ Մոդեռնիստական, նույնիսկ ծայրահեղ մոդեռնիստական ցուցահանդեսներից հետո այդ նույն սրահում հռոմեացի նկարիչը ցուցադրում էր իր ռեալիստական կտավները։ Ֆրանսիացի քննադատներն իրավացիորեն նշեցին, որ ցուցահանդեսն արժանի է հատուկ ուշադրության, քանի որ Շլդյանը դասական նկարչության սովորական շարունակող չէ։

Շլդյանը Փարիզում ցուցադրեց իր լավագույն աշխատանքները, որոնցից շատերը պատկանում են տարբեր թանգարանների և մասնավոր հավաքածուների. «Բաքոսը պանդոկում» (1936 թ.), «Գողերի դպրոցը» (1955 թ.), «Մոդեռնիստների դպրոցը» (1956 թ.), «Երկու հասակ» (1956 թ.), «Դրոշմանիշների հավաքորդը» (1947 թ.), կանանց հրաշալի դիմանկարներ և նատյուրմորտներ։ Բեռնհեյմում բացված ցուցահանդեսը Փարիզի մշակութային կյանքում մեծ իրադարձություն էր։ Մեկ ամսվա ընթացքում Շլդյանի աշխատանքները դիտեց մի քանի հազար մարդ։ Ես երկու անգամ այցելեցի ցուցահանդես։ Երկրորդ անգամ, երբ մի քիչ խաղաղվել էր այցելուների հոսքը, մոտիկից ծանոթացա նկարչի հետ։

Գրիգոր Շլդյան

Ունայնություն

Գրիգոր Շլդյանը ծնվել է Նոր Նախիջևանում 1900 թվականի օգոստոսի 20-ին։ Հայրը՝ քաղաքում հայտնի փաստաբան Հովհաննես Շլդյանը, որ զարգացած և կիրթ մարդ էր, որդուն ուղարկում է Մոսկվա սովորելու։ Երիտասարդ գիմնազիստը, որ այնքան էլ հաճույքով չէր հաճախում դասերին, ոչ մի ցուցահանդես բաց չէր թողնում։ Մինչ ուշ երեկո մնում էր իր ծանոթ նկարիչների արվեստանոցներում։ Շուտով ինքն էլ ձեռքն է առնում վրձինը։

Շլդյանն առաջին անգամ ցուցադրվեց 1916 թվականի գարնանը։ Ռոստովում բացված ցուցահանդեսին նա ուղարկեց իր վեց աշխատանքները, որոնք բոլորն էլ ցուցադրվեցին (սովորաբար ընտրում էին մեկ կամ երկու աշխատանք)։

Գրիգոր Շլդյան

Ռոմանս

Ռոստովում արդեն նկարիչը հրաժարվել էր մոդեռնիզմից։ Կուբիզմով հրապուրվելը Շլդյանի մոտ անցավ արագ և անհետևանք։ Նա որքան ծանոթանում էր շրջապատող աշխարհին, նրան այնքան զարմացնում էին մարդկանց դեմքերը՝ իրարից այնքան տարբեր, հիանում էր բնության զարմանահրաշ խաղերով։

Իրականություն և ոչ աբստրակցիա, ահա այն հավատամքը, որին նկարիչը հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը։ Ռուսաստանն այդ ժամանակ բուռն պահեր էր ապրում, տարբեր իշխանությունների ձեռքից ձեռք անցնող հետհեղափոխական Ռոստովում կյանքը դժվար էր, իսկ երիտասարդ նկարչի համար լի էր անսպասելի և վտանգավոր արկածներով։

— Երբ ինձ սպիտակ բանակ՝ Դենիկինի դրոշի տակ ծառայելու ծանուցագիր ուղարկեցին, ես հրաժարվեցի և որոշեցի Ռուսաստանից փախչել։

Գրիգոր Շլդյան

Քրիստոսի մկրտումը

Նկարիչը Ռոստովից փախավ կեղծ փաստաթղթերով։ Դժվարությամբ հասնելով Վրաստան, այնուհետև անցավ Կոստանդնուպոլիս, որտեղ նա ստիպված էր հաց վաստակելու համար տարբեր աշխատանքներ կատարել։ Երիտասարդը երազում էր մեկնել Իտալիա։ Իրեն զրկելով ամեն ինչից, դրամ էր հավաքում՝ երազանքն իրականացնելու համար։ Եվ երբ արդեն ուներ համապատասխան դրամը, պարզվեց, որ իտալական կառավարությունը հրաժարվում է մուտքի հրավեր տալ իր նման աղքատ փախստականներին։ Ստիպված էր փոխել ծրագրերը և ուղևորվել Վիեննա։ Այստեղ նա արվեստների պատմության թանգարանում «հայտնաբերեց» իտալացի նկարիչ Կարավաջոյին, որի արվեստը գերեց նրան, և որը դարձավ նրա կուռքը։

Դրամ վաստակելու համար Շլդյանը ստիպված էր նկարել հարուստ կրպակատերերին, բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին ոչ թանկ գնով «հավերժանալ» կտավին։

Շլդյանը Վիեննայից մեկնում է Բեռլին, որտեդ հանդիպում է Լիլյա-Ելենային, որի հետ ծանոթացել էր Վրաստանում, Կոստանդնուպոլիս մեկնելուց առաջ։ Հանդիպեց և ամուսնացավ։

Ի տարբերություն Վիեննայի, Վեյմարյան հանրապետության մայրաքաղաքն ապրում էր բուռն և աշխույժ կյանքով, սակայն Բեռլինն այնքան էլ Շլդյանի սրտովը չէր։ Գեղանկարչության մեջ իշխում էր մոդեռնիզմը։ Քննադատները, գրողները, հրատարակիչները փառաբանում էին ֆուտուրիզմը, կուբիզմը, իմպրեսիոնիզմը, դադաիզմը, էքսպրեսիոնիզմը։ Ցուցահանդեսները լի էին այդ ուղղությունների գործերով։ Ընդունված էր տանն ունենալ մի քանի մոդեռնիստական կտավ։ Սակայն Բեռլինում Շլդյանին ոչ այնքան արվեստի անկումն էր անհանգստացնում, որքան ռասիզմը, որն արդեն գլուխ էր բարձրացնում Գերմանիայում։

Վերջապես իրականանում է Շլդյանի երազանքը, երիտասարդ ամուսինները Գերմանիայից մեկնում են Իտալիա։ «Հավերժ քաղաքը»՝ Հռոմը, գերում է Շլդյանին։ Իտալական վերածննդի նկարիչների և քանդակագործների անմահ ստեղծագործությունները հիացնում են երիտասարդին։ Պատկերասրահներն ու եկեղեցիները դարձել էին նրա սիրելի այցետեղիները։

Գրիգոր Շլդյան

Շլդյանը Կամպո դե Ֆիորի հրապարակում բացում է իր ստուդիան։ Իսկ 1926թ. Բրագալ պատկերասրահում բացվում է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Երիտասարդ նկարչին այցելուներին ներկայացրեց իտալացի հայտնի արվեստաբան Ռոբերտո Լոնգին։ Նույն թվականին Շլդյանը երկու նկարով մասնակցեց Հռոմում տեղի ունեցած կինոփառատոնի ժամանակ բացված ցուցահանդեսին, իսկ վենետիկյան 15-րդ կինոփառատոնում արտասահմանցի նկարիչներին հատկացված սրահում ցուցադրեց «Կիթառահարը» կտավը։ Գրիգոր Շլդյանը սկսում էր հայտնի դառնալ Իտալիայում։

Շլդյանը տխրությամբ էր հիշում Իտալիայում աղքատության մեջ անցկացրած իր առաջին դժվար տարիները։ Գոյությունը պահպանելու համար նա շրջում էր Իտալիայի գյուղերում և չնչին վարձատրությամբ նկարում գյուղացիներին, բատրակներին…

Գրիգոր Շլդյան

Բելգիայում, Բրյուսելում կազմակերպվել էր ռուս նկարիչների խոշոր ցուցահանդես։ Շլդյանը, ցուցահանդեսին մասնակցելու հրավեր ստանալով, Բրյուսել ուղարկեց իր հինգ կտավները։ Առօրյա հոգսերի մեջ նա մոռացել էր ցուցահանդեսի մասին, երբ մի օր Բելգիայից հեռագիր ստացավ։ Հուզմունքից դողացող ձեռքերով բացելով հեռագիրը, նա չհավատաց իր աչքերին. Փարիզում նկարած իր «Մարինետա» կտավը գնել էր Բրյուսելի թագավորական թանգարանը՝ այն գնահատելով 10 հազար բելգիական ֆրանկ։ Շլդյանը մեկնեց Բելգիա, որի մայրաքաղաքում վաճառեց ևս մեկ նատյուրմորտ։

Թվացյալ երջանկությունը երկար չտևեց։ Ձնահոսքի նման աճում էին պարտքերը։ Պարտատերերը հանգիստ չէին տալիս, նկարելու ժամանակ չուներ։ Շուտով պարտքերի դիմաց առգրավեցին նրա ողջ ունեցվածքը և աճուրդի հանեցին։

Շլդյանը ընդամենը 100 լիրա ուներ գրպանում, երբ Միլան եկավ, որտեղ բացվել էր նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Իր իտալացի «իմպրեսարիոյի»՝ հին բարեկամ Ռոբերտո Լոնգիի օգնությամբ վաճառելով մի քանի կտավներ, Շլդյանը ժամանակավորապես կարգավորեց իր տնտեսական վիճակը։ Լոնգիի հետ գնորդ գտնելու նպատակով շրջում էին քաղաքում և նրա մերձակայքում և մի քանի հարյուր լիրայով նատյուրմորտներ ու բնանկարներ վաճառում։

Գրիգոր Շլդյան

Նավապետի խցիկում

Հայտնի չէ, թե որքան կտևեր նրա այդ թշվառ վիճակը, եթե չլիներ իտալացի հայտնի քննադատ Ուգո Օետիի հոդվածը «Կորյերա դելլա սերա» ազդեցիկ թերթում, հոդված, որ Շլդյանի համար ճակատագրական եղավ։

— Արթնացա հեռախոսազանգից,— պատմում էր նկարիչը,— իմ ծանոթներից մեկը համարյա գոռաց ընկալուչի մեջ. «Վեր կաց, ծերո՛ւկ, շտապի՛ր, համա թե բախտդ բերեց, շտապի՛ր գնել «Կորյերան»։ Կարծեցի կատակում է։ Հետո զանգեցին ևս մի քանի ծանոթներ… Բոլորն ինձ շնորհավորում էին։ Անմիջապես վազեցի, գնեցի թերթը և հոդվածը «կուլ տվեցի»։ Օետին, հանգամանորեն վերլուծելով իմ արվեստը, շատ բարձր էր գնահատել այն՝ օգտագործելով հայտնի նկարիչներին արժանի մակդիրներ։ Այդ առավոտ ես դարձա Իտալիայի հայտնի նկարիչներից մեկը, և իմ սալոնից գնվեցին բոլոր նկարներս, որ նկարել էի մի քանի տարվա ընթացքում։

Գրիգոր Շլդյան

Ստեֆանի Կատեդուի դիմանկարը

…Երկրորդ համաշխարհային պատերազմը չշրջանցեց նաև Շլդյանների ընտանիքին, որն այդ ժամանակ ապրում էր Մոսկվայում։ Պատերազմում զոհվեց նրա կրտսեր եղբայրը, որը երաժիշտ էր և կոմպոզիտոր։

Պատերազմը խոր հետք թողեց Շլդյանի ստեղծագործություններում։ 1943 թ. նա ստեղծում է «Թափառաշրջիկները» կտավը։ Ավերակների հենքին պատկերված են պատառոտված հագուստներով տարբեր տարիքի մարդիկ։ Նրանք ստիպված թողել են իրենց տները և օթևան են փնտրում։ Այդ մարդիկ Մուսոլինիի ֆաշիստական ռեժիմի տակ գտնվող դժբախտ իտալացիներ են։

Նրա հետպատերազմյան տարիների նկարներից հայտնի է նաև «Դրոշմանիշների հավաքորդը» (1947թ.)։ Մաշված կոստյումով և կոշիկներով մի տարեց մարդ է նստած քրքրված բազկաթոռին։ Նրա ոտքերի մոտ թափված են ալբոմներ և գրքեր, մանր-մունր առարկաներ։ Հավաքորդը, չնկատելով իր շուրջը տիրող անկարգությունը, կլանված, ինքնամոռաց նայում է դրոշմանիշներին…

Գրիգոր Շլդյանի հայտնի գործերից է «Գողերի դպրոցը»։ Տարիքն առած «պրոֆեսորը» ծանոթացնում է գողության արվեստի նրբություններին, սակայն նրան ուշադիր լսում ու նշումներ են անում միայն երկուսը, մյուսներն արդեն շատ բան գիտեն և զբաղված են իրենց գործերով։

1958թ. Շլդյանն այցելեց մայր հայրենիք, ծանոթացավ իր ժողովրդի կյանքին, Էջմիածնի Մայր տաճարում նկարեց «Հայաստանի աստվածամայրը»։ Երբ խոսք էր գնում նրա ստեղծագործությունների մասին, Շլդյանը միշտ հատուկ գորովանքով էր խոսում այդ աշխատանքի մասին։ Իմիջիայլոց, Հռոմի Սբ. Մարիայի պատերը նույնպես զարդարում են Շլդյանի հինգ աշխատանքները։

Մեծ է Գրիգոր Շլդյանի ստեղծագործական ընդգրկումը՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ։ Եվ, այնուամենայնիվ, Շլդյանի համար կարևորը մարդն է՝ իր հույսերով ու երազանքներով, իր հոգսերով ու ուրախություններով։ Շլդյանը հոգեբանական դիմանկարի մեծ վարպետ է։

Գրիգոր Շլդյանը 20-րդ դարի եվրոպական գեղանկարչության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում։ Նրա ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են Եվրոպայում և Ամերիկայում։ Նկարչի աշխատանքներից շատերը մշտական հանգրվան են գտել Հռոմի, Միլանի, Բերգամոյի, Փարիզի, Բրյուսելի ժամանակակից արվեստների, ինչպես նաև Հայաստանի և խորհրդային Միության մի շարք թանգարաններում։

Շլդյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Նրա «Իրականության գեղանկարչությունը, գեղագիտություն և տեխնիկան» հրատարակվել է մի քանի անգամ։ Վերջին անգամ այն լույս տեսավ Հռոմում 1976 թվականին «Տրակտատ գեղանկարչության մասին» վերնագրով։ Այս գրքում, որ կարծես նկարչի ստեղծագործական ինքնատիպ լաբորատորիան լինի, Շլդյանը մի շարք խորհուրդներ է տալիս գեղանկարչության, նատյուրմորտի, բնանկարի կատարման տեխնիկայի վերաբերյալ։ «Գրիգոր Շլդյանի պարզ և գործարար ոճով գրված այս գրքի խորհուրդներն ու պատգամները կարդալով ու վերընթերցելով,— գրում է Մարիետա Շահինյանը,— զգում ես, թե ինչպես է նա երիտասարդ նկարիչներին սովորեցնում հին ու մոռացված, դժվար ու արտահայտիչ նկարչության տեխնիկան։ Նկարիչ, որն իր ողջ կյանքում ձգտել է կատարելագործվել, հասնել գեղանկարչության տեխնիկայի կատարելության։ Նրան կարելի է ընդունել և մերժել, սիրել և չսիրել, սակայն անհնար է չընդունել նրա բարձր վարպետությունը, գեղանկարչության միջոցների համարյա դասական կատարելությունը, մեծ վարպետների դպրոցներին խորապես ծանոթ լինելը»։

— Մոդեռնիստներն առաջվա նման շարունակում են ինձ ատել,— ասում էր Շլդյանը, երբ խոսք գնաց իր նոր գրքի մասին,— ես համարյա կարող եմ ի մի բերել իմ ստեղծագործական գործունեությունը։ Իմ՝ ռեալիստ նկարչի գաղափարները ճանաչվել և ընդունվել են։

Եվ ի հաստատումն իր այդ մտքի, նա ցույց տվեց 1936 թվականին նկարած մեծադիր կտավը՝ «Բաքոսը պանդոկում»։ Մի քանի օրից այդ կտավը դարձավ Հռոմի ժամանակակից արվեստի թանգարանի սեփականությունը։ Նկարը հիացնում է իր արտահայտչականությամբ և խորությամբ։

Նկարիչը տխրությամբ նայելով նկարին, ասաց.

— Այս կտավն ինձ շատ թանկ է եւ դժվար է նրանից բաժանվել, սակայն հաճելի է, որ նկարը ապահով կպահվի Հռոմի լավագույն թանգարաններից մեկում։

Շլդյանն իմ ուշադրությանն է ներկայացնում ևս մի կտավ՝ վերջին աշխատանքներից մեկը՝ «Ատոմային մահ» վերնագրով։ Սարսափելի տեսարան է։ Միջուկային ռումբի սնկաձև խորապատկերին երևում է կիսաայրված Էյֆելյան աշտարակը, ավերված տներ, մահվան տանջանքներում գտնվող մի երիտասարդ, գեղեցիկ աղջիկ։ Ծածկոցով փաթաթված մի խելացնոր կին շտապում է կրակին հանդիման… «Ատոմային մահ» կտավը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնագետների շրջանում։

Գրիգոր Շլդյանը երազում էր ցուցադրվել Մոսկվայում, և ահա 1983թ. իր երիտասարդության քաղաքում, Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվեց Շլդյանի աշխատանքների ցուցահանդեսը (33 գեղանկարչական և 12 լիտոգրաֆիական աշխատանքներ)։ Այդ ցուցահանդեսը ռեալիստ նկարչի վարպետության վկայությունն էր, վկայությունը գեղեցիկի նկատմամբ, ատելություն այն ուժերի հանդեպ, որ կարող են ոչնչացնել այդ գեղեցիկը։ Թեև Շլդյանը բոլորել էր իր 83 տարին, սակայն նրա աշխատանքներում պահպանվել էին երիտասարդությանը հատուկ թարմությունն ու անմիջականությունը։ Շլդյանի կտավները պատկերում են մարդու իրական աշխարհը։ Դրանք հիացնում էին այցելուներին կատարման բարձր վարպետությամբ և կոմպոզիցիայի հրաշալի զգացողությամբ։

Մոսկվայից Իտալիա մեկնելուց առաջ նա ասաց.

— Իտալիայում իմ տան դուռը միշտ բաց է խորհրդային Միության իմ ընկերների առջև։ Ինձ համար շատ հաճելի էր, որ իմ ստեղծագործությունը դուր եկավ և հասկանալի էր խորհրդային մարդկանց, որ իմ արվեստը բարձր գնահատվեց։ Կրկին անգամ համոզվեցի, որ արվեստը պիտի ծառայի խաղաղության և մարդասիրության գաղափարներին։

Շլդյանը հայտնի է նաև որպես գրաֆիկ նկարիչ։ Նա ձևավորել է բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ Լև Տոլստոյի իտալերեն լույս տեսած «Աննա Կարենինան»։ Ձևավորել է նաև տարբեր ներկայացումներ՝ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղությունը»՝ Ֆլորենցիայում, Լա Սկալա թատրոնում՝ Ստրավինսկու «Մավրան» և այլն։

«Նկարիչը պարտավոր է այնպիսի վարպետությամբ տիրապետել վրձնին, ինչպես Պագանինին՝ աղեղին։ Նա պիտի իր ձևերի, գծանկարի տերը լինի, պիտի կարողանա այնպես փոխանցել գույներն ու ծավալները, որ դիտողի մեջ հիացմունք առաջացնի»։ Սրանք իր խոսքերն են «Տրակտատ գեղանկարչության մասին» գրքից, որ նկարիչն ընտրել էր որպես իր կյանքի նշանաբան և որին հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը։

Շլդյանը մահացավ Հռոմում 1985 թվականին։ Նրա ավելի քան յոթ տասնամյակ ձգվող ստեղծագործական ուղին նվիրված էր մի նպատակի՝ բացահայտել մարդու հոգու վեհությունն ու գոյության գեղեցկությունը։

You may also like...