Պոլսի Կեդրոնական վարժարանը

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի Ձայն», 1988թ.

1986-ին լրացավ հայ դպրության պատմության մեջ բացառիկ դեր խաղացած եւ ազգային ինքնագիտակցության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած ազգային կրթական հաստատություններից մեկի՝ Պոլսի Կեդրոնական վարժարանի 100-ամյակը, հոբելյան, որը մեծ շուքով նշվեց ինչպես սփյուռքի բազմաթիվ գաղթօջախներում, այնպես էլ մայր հայրենիքում:

Դժվար է գերագնահատել նման մի հոբելյանի կարեւորությունը, քանի որ Կեդրոնականի պատմությունը սոսկ կրթական մի հաստատության պատմություն չէ, այլ տարեգրությունը պոլսահայության կարեւորագույն մի ժամանակահատվածի՝ իր հուզումներով ու տագնապներով, վերելքներով ու վայրէջքներով, հույսերով ու երկյուղներով, հարաշարժ տրամադրություններով ու անձկություններով:

Նշանակալի այս տարեդարձի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կանադայի Կեդրոնականի նախկին շրջանավարտները ստեղծել էին վարժարանի հարյուրամյակի կարգադիր հանձնախումբ, որի պատվակալ նախագահն էր Պերճ Խաչատուրյանը, ատենապետը՝ Նուրհան Ուզունյանը, ատենադպիրը՝ Սեդա Դեմիրճյանը: Հոբելյանական բազմաթիվ համահավաքների, մշակութային եւ ընկերային ձեռնարկումների թվում հանձնախմբի գլխավոր եւ, թերեւս, ամենամնայուն իրագործումը հանդիսացավ խնամքոտ ու մանրակրկիտ աշխատանքի արգասիք հանդիսացող հանգամանալից մի հրատարակություն՝ Ազգային Կեդրոնական վարժարանի Հուշամատյանի լույսընծայումը (խմբագիր՝ Նուրհան Ուզունյան):

Ճիշտ են գրում Հուշամատյանը կազմողները՝ թե «Կեդրոնական վարժարանն ուրիշներու կարգին եւ ուրիշներու նման լոկ դպրոց մը չէ եղած բառին սոսկական իմաստով… Կարելի է ըսեր թե ան եղած է շատ ավելին, քան դպրոց մը. եղած է միտքի եւ հոգիի դարբնոց, եղած է տոհմիկ բույն, իմացական ու հոգեկան զարգացումի կեդրոն եւ միաժամանակ՝ ազգային օջախ, եղած է ընտանիք, եղած է կաճառ: Հոն իշխած են միտքն ու սիրտը, զգացումն ու մտածումը հավասարապես, երբեմն փոխն ի փոխ, մերթ զիրար ամբողջացնելով, մերթ զիրար խաչաձեւելով»:

Հանգամանալի շարադրելով Կեդրոնականի ստեղծման պատմությունը, Հուշամատյանը կազմողները, միաժամանակ, մանրակրկիտ վերլուծում են այն յուրահատուկ հանգամանքները, այն ընդհանուր մթնոլորտը, որոնք պայմանավորել են նման վարժարանի հիմնադրումը հայության այդ կարեւոր կենտրոնում՝ Պոլսում:

Հավաքչական հսկայական աշխատանքի միջոցով Հուշամատյանում տեղ են գտել վարժարանի հիմնադիրների, նրա նշանավոր եւ հանրածանոթ շրջանավարտների լուսանկարներն ու կենսագրականները, ստեղծելով հետաքրքրական մի փաստաթուղթ, որն ինքնին ցոլացնում է այն անգնահատելի դերը, որ ունեցել են կեդրոնականցիները հայ մշակույթի անդաստանում: Արշակ Չոպանյան, Վահան Թեքեյան, Հրաչյա Աճառյան, Արշակ Ալպոյաճյան, Երուխան, Հրաչ Զարդարյան, Հակոբ Մնձուրի, Միսաք Մեծարենց, Չիֆթե-Սարաֆ Օննիկ (Հովհաննես Աբիսողոմյան), Ռաֆայել Շիշմանյան եւ շատ ու շատ ուրիշներ, անուններ, որոնցից յուրաքանչյուրը կարող է հպարտություն բերել որեւէ ժողովրդի: Ներկայացված է Կեդրոնականի բոլոր տարիների տնօրենների, ուսուցիչների, ինչպես նաեւ շրջանավարտների ոչ ամբողջական, բայց ընդարձակ մի ցանկ:

Հուշամատյանում տեղ են գտել Կեդրոնականի մի խումբ շրջանավարտների, որոնց թվում եւ հայրենաբնակ կեդրոնականցիների՝ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարպիս Կարագյանի, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս Տիրան Քրմոյանի հիշողությունները, երախտիքի ու շնորհակալանքի խոսքերը, ձոներգերը, տեղեկություններ աշխարհի տարբեր անկյուններում ծնունդ առած Կեդրոնականի սանուց միությունների մասին, բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներ եւ այլն:

Պատմական ակնարկին համահավասար, մեզ համար նույնքան կարեւորվում է այն հանգամանքը, որ Կեդրոնականն այսօր շարունակում է իր ամրաքայլ երթը, որպես կրթական եւ հոգեւոր դպրոց: Իր հարյուրամյակի բոլորման տարեշրջանին՝ 1985-86-ին, Կեդրոնականն ունեցել է 149 աշակերտ, որ նկատելիորեն ավելին է նրա վերջին տարիների աշակերտության թվից: Վարժարանը նշանակալի վերելք է արձանագրում մանավանդ օրիորդ Սիլվա Գույումճյանի տնօրինության ներքո, որն այս պաշտոնին է նշանակվել 1983 թվականին: Ներկայումս վարժարանն ունի հարմարավետ դասասրահներ, համակարգիչներով եւ պատճենահան մեքենաներով, արդիական այլ սարքավորումներով կահավորված փորձասենյակներ:

Վարժարանի կրթական ծրագիրը լիցեյներին հատուկ պետական ծրագիր է՝ առավելապես ներառած հայոց լեզվի եւ գրականության դասընթացը:

Ինչպես տեղեկանում ենք, Պոլսի պետական համալսարանի մուտքի քննություններին Կեդրոնականի շրջանավարտները արձանագրել են նշանակալի հաջողություններ՝ չորս տարի անընդհատ հանդիսանալով առաջինը՝ Պոլսի բոլոր մասնավոր վարժարանների մեջ: Իսկ համեմատած ամբողջ Թուրքիայի տարածքից քննություններին մասնակցող ավելի քան 2000 վարժարանների հետ, Կեդրոնականի տեղը միշտ եղել է առաջին 20-ի մեջ:

Այսպես հանգամանալի ծանոթանալով արժեքավոր այս Հուշամատյանին, կրկին համոզվում ես, որ Կեդրոնականի պատմությունը հիրավի շարունակական մի դյուցազնավեպ է, որի անավարտ էջերը դեռ պետք է լրացվեն հերոսական ու զորավոր նորանոր փաստարկներով, որ նրա գոյամարտն ու զարթոնքն արդեն իսկ ոգի ու նկարագիր է, եւ դրա՛ մեջ է պոլսահայության իսկական հաղթանակը:

You may also like...