Պոեզիան խոստովանանք է

«Հայրենիքի ձայն», 25 օգոստոսի 1982թ.
Սեյրանուհի Գեղամյան

Զրույց Վահագն Դավթյանի հետ՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

Vahagn-davtyan

Վահագն Դավթյան

– Հարգելի Վահագն Դավթյան, զրույցը Ձեզ հետ ցանկալի է սկսել հենց բանաստեղծական արվեստի հարցերի շուրջ: Ինչպե՞ս կբնորոշեք «պոեզիա» եւ «ազգային պոեզիա» հասկացությունները: Ինչպե՞ս են դրանք հարաբերվում միմյանց:

– Պոեզիայի բնորոշումները շատ-շատ են: Յուրաքանչյուր բանաստեղծ եւ յուրաքանչյուր քննադատ աշխատել է պատասխանել այդ հարցին եւ պատասխանել է յուրովի: Իսկ եթե բնորոշումներն այդքան շատ են ու պատասխանները յուրովի, նշանակում է պոեզիան դժվարությամբ է ենթարկվում բնորոշման: Կարծում եմ՝ «Ի՞նչ է պոեզիան» հարցը շատ է նման «Ի՞նչ է սերը» հարցին: Երկուսին էլ դժվար է միանշանակ ու սպառիչ պատասխան տալ: Եւ քանի որ այդ հարցերը նման են իրար, հետեւաբար երեւույթներն էլ են իրար նման: Պոեզիան էլ է սեր. աշխարհի, մարդու, ազատության, արդարության, խղճի ու բարության սեր, ավելի ճիշտ, սիրո խոստովանություն: Պոեզիան, կարծում եմ, այո, բանաստեղծի խոստովանանքն է աշխարհին, եւ խոստովանահայրը ոչ այլ ոք է, քան ժողովուրդը: Եւ որքան անկեղծ ու տառապագին է այդ խոստովանանքը, որքան ավելի մեծ առնչություններ ունի իր ժամանակի այրող հարցերի հետ, այնքան ավելի մեծ է բանաստեղծը: Առհասարակ բոլոր իսկական բանաստեղծներն աշխարհ են գալիս ճշմարտությունը որոնելու, բարություն ու ներդաշնակություն երազելու, արդարը հավերժացնելու, չիրականացածը մարմնավորելու առաքելությամբ: Եւ այդ երազների ու իդեալների դժվարին որոնումների մեջ է ծնվում այն տառապալի հրաշքը, այն ողբերգական գեղեցկությունը, որ պոեզիա է կոչվում: Հավակնություն չունեմ կարծելու, թե իմ այս պատասխանը նոր է ու չասված: Աշխարհում, երեւի, չասված բան չկա: Հավակնություն չունեմ նաեւ կարծելու, թե պատասխանս սպառիչ է նաեւ. հավանաբար ես դրանով պոեզիայի հատկություններից միայն մեկը բնորոշեցի: Ինչեւէ:

Ձեր հարցի երկրորդ մասին պատասխանելն ինձ համար ավելի հեշտ է:

Իմ կարծիքով, պոեզիայի մեջ ազգայինը ոչ այլ ինչ է, քան պարզապես բանաստեղծի տաղանդը: Եթե բանաստեղծն իսկապես տաղանդավոր է, չի կարող ազգային չլինել: Ուրեմն նախ պարզենք, թե ինչ է տաղանդը: Իսկ տաղանդը, կարծում եմ, նախ եւ առաջ ինքնատիպություն է, ոգու, արյան արարողություն: Եթե ինքնատիպ ես, ուրեմն հարազատ ես քո ծննդին, ակունքներին, ինքդ քեզ, եթե մեջդ ոգի կա, ժողովրդի ոգու մասն է, եթե ստեղծագործությանդ մեջ արյունդ է խոսում, ապա արյունը ժառանգականության մեծ հատկությամբ է օժտված: Մարդկային գեների մասին դարիս մեծագույն գյուտը հենց այդ ապացուցեց:

Հետեւաբար այն գործերը, որոնք արյան ու ոգու անմիջական մասնակցությամբ են ստեղծված, չեն կարող ազգային չլինել: Եւ, հակառակը, այն գործերը, որ միայն մտքի ճարտարության ու գրական կուլտուրայի արդյունք են, չեն կարող ազգային լինել: Երկուսի օրինակներն էլ անթիվ են:

– Հսկայական քանակությամբ գրքեր են գրվում՝ մարդկանց կոչելով բարության, գեղեցկության, ազնվության: Բայց աշխարհում շարունակում են գոյություն ունենալ չարը, դաժանությունն ու բռնությունը: Մի՞թե պոեզիան, ընդհանրապես գրականությունն ու արվեստը անզոր են մարդկային մութ բնազդների դեմ:

– Պոեզիան, եւ ոչ միայն պոեզիան, արվեստն ընդհանրապես, շատ մեծ բան է արել մարդկային հոգու կատարելագործման ճանապարհին: Եթե հաղթահարված են մարդկային շատ մթին բնազդներ, ապա դրա մեջ մեծ է եղել արվեստի դերը: Ես, օրինակ, այսօր չեմ պատկերացնում հին հռոմեացիների այն բնազդական հրճվանքը կրկեսում, որով նրանք դիմավորում էին գլադիատորների ողբերգական մահը: Եղել են Դանթե, Սերվանտես, Ռեմբրանդտ, Բախ, Բեթհովեն, Գյոթե, Տոլստոյ ու Դոստոեւսկի, եւ նրանք բոլորը եկել են ինչ-որ չափով կատարելագործելու մարդուն:

– Բայց, կարծեմ մոտավորապես այդ հարցը Դուք ինքներդ եք տվել Ձեր «Ռեքվիեմ» պոեմի այս հատվածում.

Դարեր ու դարեր մենք սեր նյութեցինք,
Բջիջ առ բջիջ քամեցինք բարին,
Մեր մի բուռ սրտով մենք
Փոթորկվեցինք,
Ու փոթորկումի
Մեր մաքրությունը տվինք աշխարհին,
Մենք խարույկ ելանք,
Ողջակիզվեցինք,
Դարձանք լույս ու հուր,
Կայծակների պես
Մենք փշրվեցինք,
Որ քեզ պարգեւենք երկինք մի մաքուր
Եւ հայացքիդ դեմ կախենք հարության
Առասպելները
Հիասքանչ ու մեծ…
Դու ի՞նչ արեցիր սերը մեր նյութած,
Մեր նյութած բարին.
Ինչպե՞ս կարեցար Դեր-Զոր արարել,
Ինչպե՞ս կարեցար այս քուրան վառել,
Ինչպե՞ս կարեցար սեւ խրախճանքի
Կանչել դու չարին…

– Ճիշտ նկատեցիք: Բայց մի մոռացեք, որ մարդ կենսաբանական երեւույթը դեռ շատ է երիտասարդ, եւ Թումանյանն է ասել, որ «Դեռ հեռու է մինչեւ մարդը իր ճամփան»: Մի մոռացեք, որ 20-րդ դարի քաղաքակրթության կողքին դեռ ապրում են մարդկային վայրենության ու կիսավայրենության երեւույթներ: Բայց, անշուշտ, այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում, միայն մարդկային մութ բնազդներով չի կարելի բացատրել: Դրանք հասարակական-քաղաքական այլ երեւույթներ են, որոնց վերլուծությունն ու մեկնաբանությունը մեզ շատ հեռու կտանի:

Նշեմ, որ ամենեւին էլ ամենազոր չհամարելով արվեստը, գտնում եմ, սակայն, որ մեծ է նրա առաքելությունը մարդու կատարելագործման ճանապարհին:

– Ձեր հոդվածներից մեկում Դուք այսպիսի տողեր ունեք, «ճշմարիտ բանաստեղծների սիրային քնարերգությունը երբեք ինքնանպատակ չէ, երբեք երկու կողմերի միայն անձնական հարաբերությունների արձագանքը չէ…»: Ուրեմն, ի՞նչ տեղ ունի սերը բանաստեղծի կյանքում:

– Սերը, որ մարդկային մեծագույն զգացմունքներից ու կրքերից է, գալիս է ամբողջ խորությամբ ու լայնությամբ բացելու մարդու անհատականությունը, հոգեբանությունը, վերաբերմունքը կյանքին ու աշխարհին, իսկ բանաստեղծի սերը՝ առավել եւս: Ինձ թվում է, թե «բանաստեղծ» եւ «սեր» բառերը հոմանիշներ են: Ինչպես արդեն ասացի, պոեզիան հենց սեր է, սեր աշխարհի, կյանքի, բնության, հայրենիքի եւ, իհարկե, նաեւ կնոջ նկատմամբ: Ես հակված եմ կարծելու, թե բանաստեղծական այն գործերը, որոնց մեջ չկա կնոջ պաշտամունք, թերի են ու անկատար: Երջանիկ են այն բանաստեղծները, որոնք դժբախտ, տառապալի սեր են ունեցել: Վերհիշենք պոեզիայի ամբողջ բազմադարյա պատմությունը եւ կտեսնենք, որ համարյա բոլոր մեծ բանաստեղծները մեծ ու անհասանելի սերեր են ունեցել եւ այդ տառապանքով է, որ մեզ այսօր արվեստի անկրկնելի վայելք են պատճառում: Եւ մի՞թե բանաստեղծի ճակատագիրն էլ հենց այդ չէ՝ սեփական տառապանքով վայելք պատճառել ուրիշներին…

Ուրեմն, միշտ, երբ կարդաք սիրային իսկական, գեղեցիկ բանաստեղծություններ, որոնք ձեզ բարձր վայելք պատճառեն, հիշեք, որ դրանց տակ մարդկային մեծ տառապանք է ընկած: Եւ ճիշտ այնպես, ինչպես բնության մեջ անդունդներն իրենց հակառակ բեւեռներում բարձունքներ են ստեղծում, այնպես էլ պոեզիայի մեջ հոգու դրամատիկ անկումներն են, որ ստեղծում են հոգեւոր բարձրություններ, մաքուր գեղեցկություններ ու վեհություններ: Սերը նույնպես տաղանդ է, եւ տաղանդի նման տրվում է ի սկզբանե:

– Ո՞րն է Ձեր ստեղծագործության ներքին, հիմնական խորհուրդը: Արդյո՞ք նոր խնդիրներ, նոր ասելիք ունենալու պահանջն է, որ Ձեզ մղեց նաեւ պիեսներ գրելու:

– Ձեր հարցի առաջին մասին, անշուշտ, ես չէ, որ պիտի պատասխանեմ, այլ` քննադատները: Իսկ քննադատները պատասխանում են: Ահա իմ նոր գիրքը` «Ասք սիրո»: Մեր լավագույն քննադատներից մեկը` Սուրեն Աղաբաբյանը, առաջաբան է գրել եւ այսպես սկսել. «Եթե փորձենք մի հայտարարի տակ դնել Վահագն Դավթյանի բանաստեղծական աշխարհը, երեւի թե հարմարագույնը կլինի կորուստների, տվայտանքների, թախծությունների միջով դեպի «կեցության արբեցումը» ընթանալու սահմանումը»: Կարծում եմ, դիպուկ ու ճիշտ է ասված, թեեւ չակերտների մեջ առնված «կեցության արբեցումը» արտահայտությունը մի փոքր բարձրաոճ է:

Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, պիտի ասեմ, այո, հաճախ ամեն ինչ չէ, որ հնարավոր է բանաստեղծությամբ ասել, ուրիշ ժանրերի կարիքն ես զգում, քեզ առավել ազատություն տալու համար: Բայց գտնում եմ, որ յուրաքանչյուր գրող, առավել եւս բանաստեղծ, մեկ հիմնական ասելիք, մեկ կենսափիլիսոփայություն, մեկ աշխարհ է ունենում: Եւ ինչ ժանրով էլ նա ստեղծագործի, ասելիքը հիմնականում մնում է նույնը: Լերմոնտովն, օրինակ, գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պիես, արձակ, բայց ասելիքը, փիլիսոփայությունը նույնն է: «Առագաստ» փոքրիկ բանաստեղծության եւ «Դեւը» ընդարձակ պոեմի հիմքում նույն գաղափարն է ընկած: Եւ հիմա, երբ ես նայում եմ իմ ստեղծագործությանը, տեսնում եմ, որ այդ օրենքից շեղումներ չեմ կատարել: Իմ «Թոնդրակեցիներ» պոեմի, «Ծիրանի ծառ» պիեսի, իմ բանաստեղծական շարքերի հիմքում նույն գաղափարն է. տառապանքով, ինքնազոհությամբ դեպի մարդկային երջանկություն ու ներդաշնակություն տանող ուղիների որոնումը: «Թոնդրակեցիներ» պոեմի հերոսը Սմբատ Զարեհավանցին է, հայ ժողովրդի պատմության բացառիկ դեմքերից մեկը, թոնդրակյան նշանավոր աղանդի հիմնադիրը: Միջնադարյան այս շարժումը հայ ժողովրդի ազատասեր ոգու ամենամեծ բռնկումներից մեկն է, որ ժխտելով ամեն կարգի անհավասարությունները, մարդկային հոգին կաշկանդող կապանքները, ազատ ու հավասար մարդու կոչն է անում:

«Ծիրանի ծառը» պիեսի հերոսը միջնադարյան ալքիմիկոսն է, ոսկի է որոնում: Նպատակը նյութական ոսկին չէ, նպատակը հենց որոնումն է, որոնման ճանապարհին կատարած հայտնագործությունները, որոնումով սեփական միտքն ու հոգին կատարելագործելը:

– Ընդհանրապես ծննդյան տարեդարձին մարդը, կարծես, մի տեսակ ինքնահաշվետվության կարիք է զգում: Նա խորհում է մինչ այդ իր արածների ու չարածների, գտածի ու կորցրածի մասին: Կրկին ու կրկին վերլուծում է կյանքը, խորհում, թե ինչն է կյանքում ամենակարեւորը, ամենաթանկը, հանուն ինչի՞ արժե ապրել: Այս օրերին մտածե՞լ եք արդյոք Դուք այս ամենի մասին:

– Երանի թե միայն այս օրերին մտածեի այդ ամենի մասին: Համարյա ամեն օր եմ մտածում, ամեն օր ինքնահաշվետվություն եմ տալիս ու մնում դժգոհ: Եւ գոհ եմ, որ դժգոհ եմ մնում: Ինքնագոհ մարդը բանի նման չէ: Ինձ միշտ թվում է, որ չեմ կարողանում հասնել ամբողջական ինքնարտահայտման: Զգում եմ, որ այն, ինչ արտահայտել եմ, իմ էության փոքրիկ մասն է միայն: Վերջերս մի բանաստեղծություն եմ գրել, որի մեջ հենց այդ դժգոհությունն եմ արտահայտում.

Ի՞նչ անեմ, ասա,
Ես գիշերային անքուն տքնությամբ
Որոնում բառեր, խոսքեր եմ փնտրում ու թղթիս տալիս,
Եւ քո գալու հետ, լույս առավոտի, տեսնում եմ սակայն,
Որ ցավն ու ոգին մնացել դրսում, անբառ են լալիս:

Թեեւ այն տարիքում եմ, որ բանաստեղծական չի համարվում, բայց պիտի ասեմ, որ բարեբախտաբար տարիքս չեմ զգում: Թվում է, դեռ շատ պիտի գրեմ, եւ մեծ գործեր: Մտքիս մեջ հասունանում է մի քնարական պոեմ, ուր մեր պատմության խորհուրդն է… Եւ, թվում է, դա պիտի լավագույն գործս լինի: Այդպես է, միշտ չգրվածը լավագույնն է թվում…

Իսկ ինչ վերաբերում է, թե ինչն է կյանքում ամենաթանկը, հանուն ինչի արժե ապրել, պիտի ասեմ, որ ամենաթանկը հենց ինքը կյանքն է, հենց հանուն կյանքի արժե ապրել: Իր բոլոր վայրիվերումներով, իր բոլոր տագնապներով, ցավերով, անկումներով ու թռիչքներով կյանքը շատ է գեղեցիկ ու բազմախորհուրդ… Այնքան բան կա կյանքում, որոնցից յուրաքանչյուրի համար արժե ապրել… Արժե ապրել բնության, ծննդավայրիդ գեղեցկությունը տեսնելու, նրանով ամբողջ կյանքում հարբած մնալու համար: Ես Արեւմտյան Հայաստանում եմ ծնվել, Եփրատի հովիտներից մեկում ծվարած Արաբկիր գյուղաքաղաքում: Չորս տարեկան եմ եղել, երբ թողել ենք իմ ծննդավայրը: Երազի պես եմ հիշում այդ գյուղաքաղաքը, բայց ինձ թվում է, թե այն աշխարհի ամենահրաշալի վայրն է: Ես բանաստեղծությունների մի ամբողջ շարք եմ գրել այդ կիսաերազային աշխարհի մասին: Ինչե՜ր կտայի թեկուզ մեկ անգամ իմ ծննդավայրը, մեր հին այգին, մեր հին տունը տեսնելու համար: Այն ինձ համար դարձել է երգի անհաս աշխարհ, ահա այդ աշխարհի գեղեցիկ ու տանջող կարոտը հոգու մեջ կրելու համար արժե ապրել:

Հայրենի հողի, հայրենիքի զգացողությունը մարդկային ամենաբնական, ամենաիմաստավոր ու սրբագործող զգացմունքներից է, այդ սրբագործող զգացմունքը հոգուդ մեջ կրելու համար արժե ապրել:

Արժե ապրել Պուշկին, Նարեկացի ու Թումանյան, Չարենց ու Լորկա, Օմար Խայամ ու Եսենին կարդալու համար… Ինչպես տեսնում եք, այնքա՜ն բաներ կան կյանքում, որոնց համար արժե ապրել…

Իհարկե, կյանքում պատահում են հուսահատական պահեր, երբ խախտվում է հոգուդ ներդաշնակությունը, արտաքին աշխարհի եւ քո ներդաշնակությունը: Բայց մարդը համարյա միշտ գտնում է այդ ներդաշնակությունը վերականգնելու ուղիներն ու միջոցները: Եթե չգտնի, կյանքը ողբերգությունների անվերջանալի շղթա կլինի: Բայց մարդկային էությանն ավելի լավատեսությունը, կենսասիրությունն է բնորոշ, եւ դրանով է, որ կյանքը գեղեցիկ է ու հարատեւ…

You may also like...