Չինաստան

Հայ-չինական հարաբերությունները հիշատակվում են մ.թ. 2-րդ դարից: Երկրի հարավում մեծ մասամբ բնակվել են առևտրական հայեր, արևելքում` բժիշկներ, ճարտարագետներ, փաստաբաններ, արհեստավորներ: Չինաստանում մեծ հեղինակություն են վայելել հայ վաճառականները, բժիշկները: 1765 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու կազմած «Ջամբռ»-ում «Չինու երկիրը» (խոսքը Հոնկոնգի մասին է) դասվում է այն քաղաքների շարքը, որտեղ հայ համայնքներ են եղել:

Հոնկոնգում հաստատվել են հիմնականում ջուղայահայեր և հնդկահայեր: Վերջին տվյալներով՝ Չինաստանում բնակվում է 50-60 հայ: Համայնքի հոգևոր կարիքները հոգում է Ավստրալիայի Հայոց թեմի առաջնորդարանը: Հոնկոնգում բնակվում է 20-25 հայ, հիմնականում գործարարներ: Հոնկոնգի հայ համայնքի նշանավոր գործիչներից է Պոլ Չաթերը (Խաչիկ Աստվածատրյան)` 1926 թ. Հոնկոնգի Հաշտարար դատարանի ղեկավար, Հոնկոնգի գեներալ-նահանգապետի առաջին խորհրդական, գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ: 1902 թ. Հոնկոնգի կառավարությունը նրան շնորհել է «Սըր» տիտղոսը: Հիշատակության են արժանի նաև Հարություն, Հարոլդ, Կյուրեղ, Դենիս եղբայրները (ադամանդի վաճառքի տասը տներից չորսը պատկանել է նրանց), Տիգրան Գրիգորյանը` բազմաթիվ ձեռնարկների հեղինակ, նավային խոշոր ընկերության տնօրեն, Հարություն Սեթյանը` Հոնկոնգի ներմուծման և արտահանման գրասենյակիտնօրեն, բժիշկ Պողոս Հորդանյանը, խոշոր նավատեր-վաճառականներ Ղազար Ա. Աբգարը, Աբգար Ա. Աբգարը, կառավարիչ Ս. Կարապետյանը:

1930 թ. Խարբինում ստեղծվել է «Արծիվ» հայրենասիրական միությունը, «Հայ տիկնանց միությունը», Հայ երիտասարդական ակումբը, որոնք կազմակերպել են հավաքույթներ, հայերենի դասընթացներ և այլն: Խարբինի հայերը սերտ կապեր են ունեցել տեղի ռուսների հետ: 20-րդ դարասկզբին Խարբինում հանգրվանած միշարք հայ (նաև ռուս) արվեստագետների ուժերով ձևավորվել է նաև տեղի թատերական կյանքը: 1930-ական թվականներին Շանհայում բնակվել է 200 հայ, ովքեր ունեցել են հավաքատեղի` Հայոց տուն, առանձին դրամատուն: 1931 թ. կազմակերպվել է Հայ երիտասարդաց միությունը: Շանհայաբնակ Հայկ Ասատրյանին է պատկանել քաղաքի մարզադաշտը:

You may also like...