Չիլի

Չիլիի հայ համայնքը կազմավորվել է 1930-ական թվականներին: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը երկրում բնակվել է ընդամենը 100-150 հայ, ովքեր մեծ մասամբ կենտրոնացված են եղել Սանտյագոյում: Հայերը հիմնականում աշխատել են արդյունաբերության, առևտրի և շերամապահության ոլորտներում: 1939թ. Արգենտինայից Սանտյագո տեղափոխված Նորայր քհն. Տեր Խորենյանի նախաձեռնությամբ հիմնվել է Չիլիի Հայ գաղութային մարմինը` Անդրանիկ Պալոյանի ատենապետությամբ:

Համագաղութային հանգանակություն կազմակերպելով` նորակազմ վարչությունը գնել է շենք ազգային կարիքների համար: Չիլիահայ գաղութի պատվո նախագահ է ընտրվել Թագավոր Պագրճյանը: 1959թ. Սանտյագոյում ստեղծվել է Հայ թատերասիրաց միությունը, գործել են գրադարան և հայկական երգչախումբ:
2007թ. Չիլիի հայ համայնքի ղեկավար մարմինը վերստեղծվել է, համայնքի ղեկավար է ընտրվել պաշտոնաթող փոխծովակալ Էռնան Կույումջյան-Բերգամալին: 2009թ. օգոստոսին համայնքի ղեկավար է ընտրվել Արման Պեդինյան Նայցին:

2009թ. տվյալներով` Չիլիում բնակվում է շուրջ 1500 հայ: Բացի Սանտյագոյից, հայեր կան նաև Օսոռնո, Սան Բեռնարդո, Պուենտե Ալտո և այլ քաղաքներում: Ազգային կյանքը կազմակերպում է Հայ գաղութային վարչությունը, որին կից գործում է Տիկնանց միությունը: Հայերի միակ հավաքատեղին Սանտյագոյի «Հայ տունն» է, որտեղ գործում է կիրակնօրյա դպրոց: «Հայ տան» սենյակներից մեկը վերածվել է Ս. Աստվածածին մատուռի:

Չիլիի հայ հոգևոր համայնքն ընդգրկված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի թեմում: 2007թ. հուլիսի 5-ին Չիլիի Սենատը միաձայն որոշում է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը ճանաչել Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թվականներին հայ ժողովրդի նկատմամբ իրագործած Ցեղասպանությունը և միանալ «ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների հարցերի ենթահանձնաժողովի` 1985 թվականի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող որոշմանը»:

Լուսանկարներում
1. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Չիլիում: 2. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Սանտիագոյում (տեղադրվել է 1975թ.):

You may also like...