Ուրուգվայ

Հայերն Ուրուգվայում հաստատվել են 19-րդ դարում: Մինչև 1900թ. Ուրուգվայ է գաղթել ընդամենը 15 հայ: Հայ համայնքն սկսել է կազմավորվել 1920-ական թվականներին, երբ Մեծ Եղեռնից փրկված ու Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ գաղթականների ստվար խմբեր տեղափոխվել են Ուրուգվայ: Գաղութն ստվարացել է 1926թ., երբ սկսվել է հայ գաղթականների երկրորդ ներգաղթը:
Գաղութային մարմինն Ուրուգվայի կառավարության որոշմամբ պաշտոնապես ճանաչվել է 1930թ. հուլիսի 9-ին` «Հայ գաղութային ընդհանուր միություն» (Ունիոն Խեներալ Արմենիանա) անվանումով:

1931թ. գաղութի մարդահամարի տվյալներով, Ուրուգվայում բնակվել է 4000, իսկ 2009թ. տվյալներով` շուրջ 15000 հայ, ովքեր հիմնականում կենտրոնացած են Մոնտեվիդեոյում: Սակավաթիվ հայ ընտանիքներ կան նաև Պիրիապոլիս քաղաքում:
Գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուրուգվայի թեմը (առաջնորդանիստը` Մոնտեվիդեոյի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցի, հոգևոր առաջնորդ` Հակոբ արք. Գլընջյան), կան նաև Հայ Կաթողիկե, Հայ Ավետարանական եկեղեցիներ:

Համայնքում գործում են «Նուբարյան» (ՀԲԸՄ) և «Ներսեսյան» (Եկեղեցու Կենտրոնական վարչության) վարժարանները, ՀԲԸՄ-ի Մոնտեվիդեոյի մասնաճյուղը, հայ ազգային ՀՅԴ (Վռամյան ակումբ), ՌԱԿ, ՍԴՀԿ կուսակցությունների տեղական կազմակերպություններն` իրենց միություններով ու ակումբներով, ինչպես նաև` Հայ առաջադիմականները (Հայ ազգային կենտրոն): Այլ կազմակերպություններից են Մարաշի, Ամանոսի և Զեյթունի հայրենակցական միությունները, բարեգործական, մշակութային և երիտասարդական կազմակերպություններ: Կան հայկական պարախմբեր, երգչախմբեր և նվագախմբեր: Եթեր են հեռարձակվում ՀՅԴ-ի «Ռադիո Կոմիտաս» և անկախ «Արաքս» ռադիոժամերը:

Ուրուգվայն առաջին երկիրն է, որը 1965թ. պաշտոնապես ճանաչել է Թուրքիայում հայերի Ցեղասպանության փաստը` ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»:

1971թ. Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ կանգնեցված է Մեծ Եղեռնի զոհերին հիշատակին նվիրված հուշարձան-կոթող, կոչվել է «Արմենիա», իսկ 1972թ. ափամերձ մի պողոտա` «Ռամբլա-Արմենիա»: «Արմենիա» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովափնյա քաղաքում:

2001թ. Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով Ուրուգվայի հայության շնորհիվ թողարկվել է հատուկ փոստային դրոշմանիշ։

2005թ. Հայոց Ցեղասպանության 90-ամյակի շրջանակներում Ուրուգվայի մայրաքաղաքում բացվել է «Հայ ժողովրդի Ցեղասպանություն» հրապարակը։
2007թ. նոյեմբերի 19-ին Մոնտեվիդեոյում կայացած Հարավամերիկյան երկրների (Մերկոսուրի) Խորհրդարանի լիագումար նիստում այդ տարածաշրջանային կազմակերպության օրենսդիր մարմնում Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը ներկայացնող պատգամավորները ձայների մեծամասնությամբ հաստատել են նույն Խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի միաձայն ընդունած որոշումը` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:

Լուսանկարներում
1. Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: 2. Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Մոնտեվիդեոյում: 3. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում (տեղադրվել է 1975թ.): 4. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Խաչքար Մոնտեվիդեոյի «Արմենիաե հրապարակում: 5. ՀԲԸՄ Ուրուգվայի միավորի շենքը: 6. Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված փոստային դրոշմանիշ (թողարկվել է 2001թ. Ուրուգվայի կառավարության կողմից): 7. Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված փոստային դրոշմանիշ (թողարկվել է 1987թ. Ուրուգվայի կառավարության կողմից): 8. Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված փոստային դրոշմանիշ (թողարկվել է 2005թ. Ուրուգվայի կառավարության կողմից):

You may also like...