Ուսուցչուհին

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1987թ.

Տիկին Աշխեն Գաբիկյան-Ավագյանին անձամբ չեմ ճանաչում, եւ սա առաջին դեպքն է, երբ ապրող մարդու մասին գրելու եմ հեռակա, առանց հանդիպելու նրան, առանց զրույցի եւ հարցուփորձի: Բայց մտապատկերումս ամբողջովին ունեմ նրա կերպարը: Գրասեղանիս՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեին հղած նրա նամակն է եւ լուսանկարը՝ ժպտուն, բարի դեմքով…

Ես նայում եմ լուսանկարին, կարդում, վերընթերցում եմ նրա նամակը ու մի տեսակ ինձ մեղավոր եմ զգում, որ այս աշխարհի տարբեր անկյուններում դեռ կա՛ն, ապրում են մարդիկ, որոնց կյանքը բարության, ինքնանվիրումի բացառիկ օրինակներ են, մինչդեռ պարզվում է, որ մենք նրանց չենք ճանաչում:

Ուրեմն ո՞վ է Աշխեն Գաբիկյան-Ավագյանը:

«Ծնած եմ Սեբաստիա՝ Արծրունյաց մայրաքաղաքը: Եղբոր դուստրն եմ «Եղեռնապատումի» հեղինակ, ուսուցիչ, բանասեր, պատմաբան Կարապետ Գաբիկյանի: Նախնական կրթությունս ստացել եմ Սեբաստիո Արամյան ազգային վարժարանը՝ ուսուցիչներես մեկն ունենալով անմահ Դանիել Վարուժանը: Մեր տունը ըլլալով Արամյան վարժարանի ուսուցչական կազմի բնակատեղին, միեւնույն ժամանակ նաեւ քաղաքի մտավորական դասի հավաքատեղին էր… Եւ ես ներշնչվելով անոնցմե՝ ուխտեցի կյանքս նվիրել հայ մանուկներու ծառայությանը…»:

Կյանքը նվիրել հայ մանուկների ծառայության…

Ինչպե՞ս կարող էր երեւակայել, որ մանուկ հասակում արած այդ պարզ ուխտը ամենածանրն է լինելու բոլոր նվիրումներից, որովհետեւ 15 թվական է լինելու, եւ երազը վեր է ածվելու դաժան իրականության: Ու վարժարան հաճախող կոկիկ, գեղեցիկ մանուկների փոխարեն՝ սովալլուկ ու բոկոտն որբեր, որբեր են լինելու… Ու Սեբաստիայի երբեմնի շեն ու աշխույժ Արամյան վարժարանն էլ ոչ թե վարժարան, այլ որբանոց է դառնալու:

Այո, առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո օրիորդ Մերի Գրիֆին՝ ինչպես Քարին Եփփեն, ինչպես Մարիա Յակոբսոնը, խղճի թելադրանքով գալիս է Սեբաստիա եւ այստեղից-այնտեղից հավաքելով հայ մանուկներին՝ Արամյան վարժարանում որբանոց է բացում: Հրաշքով կենդանի մնացած դեռատի աղջիկը չի շտապում փախչել մահվան ու որբության հովտից, այլ կամավոր միանում է Մերի Գրիֆիին՝ այսպես սկսելով իր ուխտի իրականացումը՝ «առտվան ժամերուն դարմանելով որբուկներու բորոտ մարմինները ու քել գլուխները, իսկ կեսօրե վերջ՝ կատարելով դասատվություններ…»: Կարելի է, անշուշտ, երեւակայել 17-18 տարեկան աղջկա ծանր, տխուր ապրումներն ու տվայտանքը, կարելի է նաեւ որոշ չափով բառերին հանձնել դրանք, նաեւ ա՛յն զոհողությունները, երբ չունենալով ոչինչ՝ նա եւ նրա նմանները անպաշտպան որբուկներին տալիս էին ամեն ինչ եւ աշխարհում ամենակարեւորները՝ իրենց ջահելությունը, սերն ու կարեկցանքը:

Սակայն ինքը՝ տիկին Աշխեն Գաբիկյան-Ավագյանն այդ մասին լռում է, զուսպ ու հակիրճ շարադրելով իր կյանքի հետագա ընթացքը: «1922-ին որբանոցը փոխադրվեցավ Հունաստան: Հոն ալ շարունակեցի ծառայությունս թե՛ որբանոցին մեջ եւ թե՛ գաղթավայրի դպրոցներում մեջ՝ Աթենք եւ շրջակայք: Օր մը որբանոց այցելեց ամերիկացի պերճախոսության պրոֆեսորուհի տիկին Քաթրին Մըք Քորմիկը, որ Հունաստան էր եկել որբանոցներու վիճակն ստուգելու: Ան մեծ ծառայություն մատուցած է հայ ժողովուրդին: Ամերիկայի բոլոր նահանգները ծայրե ի ծայր պտտելով՝ պատմած է հայ Գողգոթան եւ դրամ է հավաքած: Իմ ալ դասարանս այցելեց: Տեսնելով կատարածս աշխատանքը՝ զիս որդեգրեց եւ որբանոցի տնօրեն Էլսի Վայթի համաձայնությամբ Ամերիկա տարավ՝ կրթությունս շարունակելու նպատակով…»:

Այսպես Սեբաստիայում ծնված Աշխեն Գաբիկյանը հասնում է երկրագնդի մյուս կեսը: Սովորում է նախ Վըրջինյայի ինտերմոնտ, ապա՝ Ուսուցիչների պետական կոլեջներում: 1932-ին բնակություն է հաստատում Նյու Ցորքում եւ սկսում է դասավանդել հայկական դպրոցներում՝ երբեք, ոչ մի պայմանով չդավաճանելով մանուկ հասակում արած ուխտին: Երբեմն նույնիսկ դռնեդուռ ընկած աշակերտներ է հավաքում՝ հայկական նոր դպրոց հիմնելու համար:

Անշուշտ, որբանոցում աշխատած տարիները անասելի ծանր ու տխուր էին, սակայն սփյուռքահայ դպրոցներում՝ մայր հողից ու ժողովրդից կտրված սերնդի հայեցի դաստիարակությամբ զբաղվելն էլ հեշտ գործ չի կարող լինել մեկի համար, որը խորապես ապրում է ազգային որակների, մշակույթի ու լեզվի կորստի տագնապներն ու ցավը:

Այդ տագնապներից ու ցավից է ծնվել նրա այն նախադասությունը, որ մեխի պես սեպվել է հիշողությանս մեջ. «Հայրենիքի տաքուկ հողեն հեռու, օտար աշխարհներու մեջ հայ դպրոցի գործը կնմանի սառույցի վրա ծաղիկ մեծցնելուն…»:

Տխուր խոստովանություն է: Տխուր եւ ճշմարիտ:

Բայց ի՞նչ արած, սփյուռքահայ ուսուցիչը կոչված է այդ դժվար, երբեմն թվում է անգամ անհույս գործի իրականացմանը: Նա պե՛տք է, պարզապես պարտավոր է անել անհնարինը՝ ազգային բույրերով, ազգային երանգներով ծաղիկներ աճեցնել անգամ սառույցի վրա… Չէ՞ որ Դուք ինքնե՛րդ, սիրելի տիկին Աշխեն Գաբիկյան-Ավագյան, կարողացաք անել այդ, եւ այսօր Ձեր սաներից շատերը Ձեր օրինակով ու ոգով ծառայում են ամերիկյան հայկական դպրոցներում ու երգչախմբերում, բարեգործական ու մշակութային կազմակերպություններում…

… Ապրիլյան այս օրերին Նյու Յորքի իր բնակարանում նստած, գիտեմ, թե ի՛նչ է մտածում բազմավաստակ ուսուցչուհին, թե ինչի՛ մասին կարող է մտածել կյանքի նման ճանապարհ անցած մեկը.

Գարուն էր ապրիլ…

Եւ շնորհակալանքի այս խոսքը՝ ասված ու ավելի շատ չասված բառերով, որ նրա նամակի պատասխանը կարող է լինել, թող մի քիչ փարատի նրա հիշողությունների տխրությունը եւ ավելացնի լույսը նրա բարի ու նվիրյալ հոգում…

You may also like...