Ուշ, բայց ոչ ուշացած

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1989թ.

Սփյուռքահայ յուրաքանչյուր արվեստագետի համար բնական երազանք է հայրենի բեմահարթակին կանգնելը, հատկապես Հայաստանում գնահատանքի արժանանալը: Այս իմաստով բացառություն չէր կարող լինել նաեւ ֆրանսահայ կոմպոզիտոր, խմբավար, Փարիզի Սիփան-Կոմիտաս երգչախմբի երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանը, որի այդ երազանքը, ցավոք, չափազանց ուշ իրականացավ: Պատկանելով անցած տարիներին երկրի իշխանություններին ոչ ցանկալի քաղաքական հոսանքի, Ափրիկյանի արվեստը երկար ժամանակ չնկատվեց, ըստ արժանվույն չգնահատվեց հայրենիքում, եւ միայն վերջին տարիներին, ազգային զարթոնքի բերած բարեբեր հոսանքի շնորհիվ իրականացվող արժեքների վերագնահատման ընթացքը հնարավոր դարձրեց նաեւ Կարպիս Ափրիկյանի հանդիպումը հայրենի ունկնդրի հետ:

Կարպիս Ափրիկյան

Ծնունդով եգիպտահայ է Կարպիս Ափրիկյանը: Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրիո Պողոսյան ազգային վարժարանում, ապա տեղի ամերիկյան քոլեջում: Արդեն իսկ վարժարանում ի հայտ եկած նրա երաժշտական տվյալները նախանշում են կյանքի հետագա ընթացքը: Ուսմանը զուգահեռ իտալացի երաժիշտ-մանկավարժ Ֆրապչինիի մոտ երաժշտական կրթություն ստանալով` նա դառնում է հենց նույն` Պողոսյան վարժարանի երգեցողության ուսուցիչը, ապա եւ Ալեքսանդրիայում Համազգային մշակութային միության հիմնած երգչախմբի ղեկավարը: Երգչախումբը շատ շուտով լայն համբավ է ձեռք բերում եգիպտահայ համայնքում, եւ Կահիրեում, պետական ղեկավարների պատվին տրված մի հրաշալի համերգից հետո, Համազգային մշակութային միության եւ «Հուսաբեր» ընկերակցության ղեկավարները որոշում են Ափրիկյանին գործուղել Ֆրանսիա` երաժշտական բարձրագույն կրթություն ստանալու, պայմանով, որ նա վերադառնա Եգիպտոս եւ շարունակի իր գործունեությունը ի շահ համայնքի:

Սակայն, երբ 1953-ին Ափրիկյանը Փարիզ է գալիս, այստեղ գործող հայտնի Սիփան-Կոմիտաս երգչախումբը կորցրած է լինում իր նշանավոր ղեկավարին՝ Գուրգեն Ալեմշահին, եւ Ափրիկյանը ստանձնում է երգչախմբի ղեկավարությունը՝ միաժամանակ ուսանելով Փարիզի երաժշտանոցի փիլիսոփայության եւ գեղագիտության բաժնում՝ Օլիվիե Սեսիանի դասարանում, իսկ նվագավարական ունակությունները կատարելագործում է «Էքոլ նորմալի սուպերյեր դե լա մյուզիք» բարձրագույն դպրոցում:

Երաժշտանոցն ավարտելուց հետո, հավատարիմ իր խոստմանը, նա ուզում է վերադառնալ Եգիպտոս, սակայն ֆրանսահայ համայնքի ղեկավարներն անհրաժեշտ նկատելով Եվրոպայի կենտրոնում հայկական ազգային որակյալ երգչախմբի գոյության կարեւորությունը՝ դիմում են եգիպտահայ ազգայիններին՝ Ափրիկյանին Փարիզում պահելու խնդրանքով:

Այսպես նրա կենսագրությունը մեկընդմիշտ միահյուսվում է Սիփան-Կոմիտասի կենսագրությանը:

Այսօր Սիփան-Կոմիտասը ոչ միայն սփյուռքահայ ամենաերկարակյաց երգչախմբերից է, այլեւ ամենագործունը եւ կատարողական իր բարձր մակարդակով բազմիցս հիացրել է ոչ միայն Փարիզի ու Ֆրանսիայի այլ քաղաքների ունկնդիրներին, այլեւ ելույթներ է ունեցել Բրյուսելում, Ժնեւում, Ցյուրիխում, Վենետիկում եւ այլուր՝ տարածելով եւ ըստ արժանվույն ներկայացնելով հայ երգը:

Երգչախմբի երգացանկը կազմված է հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից (Կոմիտաս, Ալեմշահ, Էդգար Հովհաննիսյան, Խաչատուր Ավետիսյան եւ այլն): Զգալի տեղ ունեն նաեւ Կարպիս Ափրիկյանի ստեղծագործություններն ու երգչախմբային մշակումները: Որպես ստեղծագործող Ափրիկյանին հատուկ է քնարական-լավատեսական հենքը, որի հիմքը հատկապես հայկական ժողովրդական երգարվեստի հիմնական որակներն են:

Սակայն ամբողջական չի լինի Ափրիկյանի վաստակը միայն երգչախմբային գործունեությամբ շրջանակելը: Ստեղծագործական մի հարկի տակ ի մի հավաքելով հայ երգի ավելի քան 75-80 երկրպագուների (երգչախմբում կան նաեւ մի քանի ֆրանսիացիներ), Ափրիկյանը կարողանում է Սիփան-Կոմիտասը դարձնել ազգային մշակույթի յուրատեսակ կենտրոն, որն իրականացնում է հայրենանվեր բազմաթիվ այլ ձեռնարկներ:

Երգչախմբի ջանքերի շնորհիվ Ալֆորվիլի քաղաքապետարանը քաղաքի փողոցներից մեկը կոչեց Կոմիտասի անունով, որի բացման արարողությունը կատարեց Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:

Մի քանի շաբաթ առաջ գտնվելով հայրենի հողի վրա եւ հանդիպելով հայրենի գործընկերների, արվեստագետների ու լրագրողների, Ափրիկյանը իրեն հատուկ բացառիկ համեստությամբ բոլոր զրույցների ընթացքում հեռանում էր սեփական անձից, նրա մտքի ու խոսքի առանցքը հարազատ երգչախումբն էր, որի հետ հայրենիք գալը իր համար մնում է նվիրական երազանք:

Այս անգամ Երեւանի Ա. Խաչատրյանի անվան համերգային մեծ սրահում Սիփան-Կոմիտասին փոխարինեցին Հայաստանի երգչախմբային ընկերության Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախումբը, Երեւանի պետական երաժշտանոցի օպերային ստուդիայի սիմֆոնիկ նվագախումբը եւ Ալ. Սպենդիարյանի անվան պետական օպերային թատրոնի մեներգչուհի Արաքս Մանսուրյանը:

Ունկնդրի ուշադրությանը ներկայացնելով սփյուռքահայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մի հրաշալի փունջ, Ափրիկյանը հայրենիքում հնչեցրեց նրանց առավել անհայտ ստեղծագործությունները՝ «քիչ մը ավելի ծանոթություն բերելու նպատակով»:

– Ուրախ եմ, որ առիթը ունեցա մասնավորաբար Կանաչյանի եւ Ալեմշահի քիչ երգված երգերը լսելի դարձնել հայրենի ժողովուրդին,- համերգից հետո կայացած մեր զրույցի ընթացքում ասաց հուզմունքից փոքր-ինչ շփոթված մաեստրոն: – Զգացված եմ մանավանդ պարզ ժողովուրդեն, որ այս դժվարին, կարելի է ըսել «ոչ համերգային» օրերուն ժամանակ գտած էր զիս պատվելու իր ներկայությամբ: Դարձյալ իրեն բնորոշ բացառիկ համեստությամբ ասված այս խոսքերը մի տեսակ մեղավորության զգացում են ծնում իմ մեջ, մեղավորության զգացում բոլոր նրանց հանդեպ, որոնց չենք կարողացել պատվել ավելի «համերգային ժամանակներում», որոնց չենք «նկատել» ավելի հանդարտ պայմաններում:

Բարեբախտաբար, Կարպիս Ափրիկյանի պարագայում հանդիպումը այնուամենայնիվ կայացավ՝ թեեւ ուշ, բայց ոչ ուշացած՝ ապագա նոր հանդիպումների սկիզբը դնելով:

You may also like...