Ուկրաինա

Համաձայն պատմագիտական տվյալների` Ուկրաինայում hայերի ներկայությունն արձանագրվել է դեռևս 2200 տարի առաջ: Պատմականորեն հայերն ապրել են Ղրիմում, Ուկրաինայի արևմտյան և հարավային հատվածներում և առանձնահատուկ դերակատարություն ու նշանակալից ներդրում են ունեցել Ուկրաինայի արդի իրականության մեջ։ Այդ մասին է վկայում հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը, որի անքակտելի մասն են բազմաթիվ հայկական եկեղեցիներն ու հուշարձանները:
Այսօր Ուկրաինայում ապրում է ավելի քան 400000 հայ (երկրի բնակչության մոտ մեկ տոկոսը), որից շուրջ  40000-ը՝ միայն Կիևում: Հայ համայնքի 70 տոկոսն այժմ կազմում են հետխորհրդային շրջանում Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Միջին Ասիայից և այլ երկրներից գաղթած մեր հայրենակիցները:
Սկսած 1988 թվականից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ուկրաինական գրեթե բոլոր մարզերում և քաղաքներում հիմնվել են հայկական հասարակական կազմակերպություններ:
1991 թվականից գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուկրաինայի թեմը (առաջնորդանիստը` Լվովի Սբ. Աստվածածնի վերափոխման եկեղեցի, հոգևոր առաջնորդ` Գրիգորիս արք. Բունիաթյան):
Ուկրաինայում գործում է հայ համայնքին վերադարձված, վերանորոգված և նոր կառուցված ավելի քան 20 հայկական եկեղեցի:
 
«ՈւԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»
 
2001 թ. Ուկրաինայում հիմնադրվել է համաուկրաինական միավորող կառույց` «Ուկրաինայի հայերի միությունը», որի առաջին նախագահ է ընտրվել Աշոտ Ավանեսյանը:
ՈւՀՄ-ի նախագահներ են եղել կինոռեժիսոր Ռոման Բալայանը, գործարար Նվեր Մխիթարյանը, 2006 թվականից` Հայկ Փամբուկչյանը:
ՈւՀՄ-ն առավելապես համայնքային հասարակական կազմակերպությունների աշխատանքները համակարգող մարմին է:
Ուկրաինայում գործում է 24 կազմակերպված տարածաշրջանային համայնք և ՈւՀՄ-ի 3 ներկայացուցչություն: ՈւՀՄ-ն համախմբում է համայնքները` միավորելով նրանց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Միությունը համագործակցում է Ուկրաինայի բոլոր պետական մարմինների, գործարար աշխարհի ներկայացուցիչների, այլ ազդեցիկ ուժերի հետ: Ակտիվությամբ աչքի են ընկնում Ղրիմի, Խարկովի, Օդեսայի, Ժիտոմիրի, Լվովի, Կիևիհայհամայնքները։ Ակտիվ գործունեություն է ծավալում ՈՒՀՄ-ին կից գործող Ուկրաինայի հայ երիտասարդների միությունը:
ՈւՀՄ-ի հովանու ներքո գործում են բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ, երգի ու պարի համույթներ, հրատարակվում են թերթեր:
Տասը հազար տպաքանակով հրատարակվում է միության ռուսալեզու «Արմյանսկի վեստնիկ» թերթը, որտեղ զետեղվում են նաև ուկրաիներեն ու հայերեն հոդվածներ:
ՈւՀՄ-ին կից ստեղծվել է Հայագիտության կենտրոն, հիմնադրվել «Հայագիտական հետազոտությունները Ուկրաինայում» գիտական պարբերականը:
Ղրիմում «Վերածնության միջազգային հիմնադրամի» աջակցությամբ իրականացվել է նախագիծ, որի շնորհիվ հայկական բոլոր ճարտարապետական հուշարձանները գրանցվել են, կատարվել է դրանց մանրամասն նկարագրական և լուսանկարչական փաստագրում:
Լուսանկարներում
1. Յալթայի հայկական եկեղեցի (կառուցվել է 1909-1914թթ.): 2.Եվպատորիայի  Սուրբ Նիկողայոս եկեղեցի (կառուցվել է 1855թ.): 3. Թեոդոսիայի Սուրբ Միքայել և  Գաբրիել հայկական եկեղեցի (կառուցվել է 1408թ., վերականգնվել է 1967-70թթ.): 4.Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցի (հիմնադրվել է 1358թ., վերականգնվել է 2008թ.): 5.Լվովի Սուրբ Աստվածածին  Մայր տաճար (կառուցվել է 1363-1370թթ., ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ – ի Համաշխարհային ժառանգություն): 6.Գողգոթա խորաքանդակ  Լվովում:

You may also like...