Ուխտագնացություն դեպի Հայաստան

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1982թ.

«Արմենիա» հյուրանոցի ճեմասրահում սպասում եմ: Եկել եմ հանդիպելու զբոսաշրջիկների մի յուրօրինակ խմբի, որ ժամանել է Ֆրանսիայի Բանյո քաղաքից: 24 հոգի են. բոլորը արյունակից հարազատներ՝ եղբայրներ, քույրեր, զավակներ, հարսներ, փեսաներ… Երեւույթը ինքնատիպ է…

Խումբն այսօր մեկնել է Սեւան ու Դիլիջան եւ ուր որ է պետք է վերադառնա: Ես հետեւում եմ զբոսապտույտից վերադարձող խմբերին ու նրանց մեջ փորձում գուշակել, թե որո՞նք են իմ «հերոսները»: Եւ ճանաչում եմ անսխալ, հարմարավետ «Իկարիուսից» իջնում են տարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, տարբեր հասակի երեխաներ: Մեկը նույնիսկ ձեռնասայլակում է: Հյուրանոցի սրահը միանգամից կենդանանում է: 24 հոգի ուղղակի իրար ընդմիջելով ու լրացնելով՝ տպավորություններ են կիսում: Երկար ճամփորդությունը ոչ մեկի աչքերում հոգնություն չի թողել:

Ես ընդառաջ եմ գնում նրանց: Մենք ժպտում ենք միմյանց ծանոթների, ոչ, ավելի ճիշտ հարազատների պես, ու ձեռքսեղմումի հետ նրանցից յուրաքանչյուրն ասում է իր ազգանունը կամ անունը:

– Ավելի բարձրաձայն,- խնդրում եմ ես՝ ձգտելով մտքումս հատիվ-հատիկ պահել դրանք. Գառնիկյան, Հովհաննիսյան, Սրապյան, Գեւորգյան, Ալբաբյան, Քիջյան, Կարագյան… Հետո ներկայանում են ավելի երիտասարդները. Վարդան, Անուշ, Հայկ, Վրեժ…

Դաշտային փշերից կազմած փնջերի, զանազան մեծ ու փոքր քարերի ու էլի ինչ-որ բաների մեջ խճողված համակրելի մի տիկին մեղավոր ժպտում է ու շտապում վերեւ` «հուշանվերները» տեղավորելու:

– Սեւանի ճանապարհին է հավաքել այդ փշերն ու քարերը,- բացատրում է խմբի ղեկավարը՝ Գառնիկ Գառնիկյանը,- կըսե՝ սենյակիս մեջ պիտի պահեմ, շատ գեղեցիկ են ու անուշ կբուրեն:

Ես նայում եմ ձեռնասայլակի մեջ պառկած փոքրիկի կողմը:

– Մարի-Ազատն է,- հարցս գուշակելով ծանոթացնում է Գառնիկյանը,- կրտսեր դուստրս է: Դեռ 11 ամսական է, բայց արդեն Հայաստանը տեսավ: Հռիփսիմեի տաճարին մեջ կնքվեցավ: Ատիկա մեծ երեւույթ պետք է ըլլա իր համար:- Ապա ավելացնում է,- նաեւ մեզի համար:

Զրույցը, որ այդպես պարզ ու բնական սկսվել էր, բավական երկար տեւեց: Մարդիկ, իսկապես, սրտի խոսք ունեին ասելու, եւ նրանցից մեկը, կարծեմ խմբի ամենատարեցը՝ Հակոբ Հովհաննիսյանը, շատ գեղեցիկ ձեւակերպեց այդ խոսքը.

– Երկա՜ր, անչափ երկա՜ր սպասեցինք այս օրվան, մեծ խնայողություններ ըրինք: Ուխտագնացության պես բան մըն էր ասիկա՝ մեր նախնիներու, մեր պապերու ու մամերու հիշատակին առաջ:

Հետո այդ խոսքը շարունակում է Գառնիկ Գառնիկյանը:

– Երկրորդ անգամն է, ինչ կայցելեմ Հայաստան: Առաջին այցելությանս առաջին տպավորությունը զարմանք-ուրախությունս էր. երկիր մը գտա՝ գեղեցիկ ու շքեղ, եւ այդ երկիրը իմս է, ի՛մ հարազատս… Երկրորդ անգամ, երբ եկա, հասկցա կարեւոր մի հանգամանք, որն առաջին անգամ գուցե չէի հասցրել գիտակցիր հոս ըլլամ նե, նոր ձեւով մը կզգամ մարդ ըլլալս, ոտքերս կարծես կխրվին հողին մեջ ու չեն շտապեր, աչքերս կկառչին ամեն թփին, քարին, շենքին, քանդակին: Տեսակ մը ուրիշ կըլլամ, ապրելս կգիտակցեմ… Շատ բաներ դեռ չհասցրինք տեսնիր Հայաստանը դժվար է մեկեն վայելել: Մնացյալը հաջորդ անգամ, երբ գանք ոչ թե 24, այլ 54, 74, գուցե ավելի հոգիով: Դեռ որքան մարդ կերագի Հայաստանը տեսնիր..- Հետո լռում է, կարծես բառեր է փնտրում, ու արդարանալու պես եզրափակում,- բայց այն, ինչ հիմա կըսեմ, փոքր իսկ չափով չի կրնար բացատրիլ սրտիս մեջ կուտակվածը:

«Բացատրելու հարկ չկա, սիրելիներս,- մտովի պատասխանում եմ ես,- այդ կուտակվածը երեւում է ձեր աչքերում, հուզումից առաջացած ձեր մատների դողդոջում, ձեր ժպիտներում…»:

Ու այդպես կուտակվածը արտահայտելու ճիգով նրանք պատմում են Երեւանից, Զվարթնոցից, Սարդարապատից, Գառնիից, Գեղարդից, Դիլիջանից, Սեւանից ստացած իրենց տպավորությունները: – Ֆրանսա այլեւս միայն հայերեն պիտի խոսինք, որովհետեւ ուրիշ լեզվով անհնար է պատմել այս ամենի մասին, այսքա՜ն ջերմացնող հիշողություններու մասին, որքա՜ն բան ունինք պատմելու նրանց, ովքեր տակավին չեն տեսած Հայաստանը:

Իսկ ձեռնասայլակում այնպես հանգիստ պառկած 11 ամսական Մարի-Ազա՞տը. պիտի հիշի՞ արդյոք Հայաստանը: Անշուշտ, ո՛չ: Դեռ շատ է փոքր հիշելու համար: Բայց մի բան հաստատ է. նրա գեղեցիկ աչուկների պարզությանն ու արյան բաղադրությանն անպայման ավելացան ինչ-որ նոր որակներ՝ Հայաստանի երկնքի խորությունը, Սեւանի կապույտը, Զվարթնոցի ողկուզազարդ քարերի ջերմությունը, Հռիփսիմեի վեհությունը…

You may also like...