Ուզբեկստան

Համաձայն պատմական աղբյուրների` առաջին հայերն Ուզբեկստանում հայտնվել են մ.թ. 4-րդ դարում, երբ Սասանյան Պարսկաստան բռնագաղթած հայերի մի մասը տեղափոխվել է Միջին Ասիա և բնակություն հաստատել նաև ժամանակակից Ուզբեկստանի տարածքում: Հայ պատմիչ Սեբեոսը վկայում է, որ հայոց զորավար Սմբատ Բագրատունին պարսից արքայի հրամանով 600 թվականին նշանակվել է Միջին Ասիայի մարզպան: Սմբատ Բագրատունու զորքի շարքերում եղել են նաև մեծ թվով աշխարհականներ, որոնք, մնալով Ուզբեկստանում, ստեղծել են իրենց հոգևոր թեմական վարչությունը: Սմբատ Բագրատունու ութամյա մարզպանության ժամանակահատվածում տարածաշրջանում հիմնվել է հայկական քաղաք:

2005 թ. տվյալներով Ուզբեկստանում բնակվել է շուրջ 75 000 հայ, որոնցից Ուզբեկստանի քաղաքացի են 50000-ը: Ուզբեկստանի Հայ ազգային մշակութային կենտրոնը ստեղծվել է 1989 թ. նախաձեռնող խմբի կողմից, որը գլխավորում էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Թամարա Խանում-Պետրոսյանցը: Կենտրոնի առաջին նախագահն էր պատմական գիտությունների թեկնածու, «Հայերը Միջին Ասիայում» գրքի հեղինակ Արկադի Գրիգորյանը: Կենտրոնն այսօր գլխավորում է Սերգեյ Գրիգորիի Անդրեասովը: 2001թ. կենտրոնն ստացել է հանրապետական հասարակական միության կարգավիճակ և կոչված է համակարգելու տարածքային կազմակերպությունների գործունեությունը Տաշքենդում, Անդիջանում և Սամարղանդում: 2008 թ. Ուզբեկստանի հայկական «Ապագա» լրագիրը վերանվանվել է «Դեպ Ապագա», որի գլխավոր խմբագիրն է Գեորգի Սահակովը:

Թամարա խանում

Հայազգի պարուհի, երգչուհի, բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր Թամարա խանումը (Թամարա Արտեմի Պետրոսյան), ծնվել է 1906թ մարտի 16-ին Ուզբեկստանի Գորչակովո գյուղում, հայի ընտանիքում: Մեծ բեմ բարձրացել է 12 տարեկանում: 1921թ ընդունվել է Տաշքենդի ռուսական բալետի դպրոց: 1925թ. ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանը: 1926-28թթ պարել է Տաշքենդի երաժշտական-էթնոգրաֆիկ համույթում: 1928-34թթ մասնակցել է Ուզբեկստանի մի քանի քաղաքներում երաժշտական դրամատիկական թատրոնների հիմնադրմանը:

1935թ մասնակցել է Լոնդոնում անցկացվող ազգային պարերի առաջին միջազգային փառատոնին` արժանանալով պատվավոր առաջին մրցանակին և անձամբ Մեծ-Բրիտանիայի թագուհու ձեռքով պարգևատրվելով ոսկե մեդալով: Նույնիսկ Մեծ Հայրենականի տարիներին Թամարան չի դադարեցրել ստեղծագործական գործունեությունը` մարտական ոգի ներշնչելով ճակատում կռվող մարտիկներն: Պատերազմից հետո շարունակել է համերգաշարերով հանդես գալ աշխարի տարբեր երկրներում: Նրա պարային համարներն ուղեկցվում էին իր իսկ գրած երաժշտությամբ և սեփական կատարումներով:

1941թ արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևի, 6 անգամ Լենինի անվան շքանշանի, ինչպես նաև մի շարք այլ մեդալների և պարգևների: Հայազգի արտիստուհին մահացել է 1991թ: 1986թ նրա կենդանության օրոք Տաշքենդում բացվել է «Թամարա խանում» տուն-թանգարանը, որտեղ ցուցադրվել և այժմ էլ ցուցադրվում են պարուհու բեմական հագուստները, լուսանկարները, չհրատարակված հուշերը, կարելի է լսել նաև նրա երգերը:

You may also like...