«Որովհետև սիրում եմ Հայաստանը»

«Հայրենիքի ձայն», 28 հուլիսի, 1982թ.
Սեյրանուհի Գեղամյան

Երբ «Հայրենիքի ձայնի» խմբագրություն եկավ բարձրահասակ, շիկահեր, մեղմ ու համակրելի արտաքինով այդ մարդը, առաջին հայացքից ոչ մեկի մտքով չանցավ, որ նա Հայաստանի, հայերի ճակատագրի առեղծվածների ու նրա հոգու խորքերի մասին այնքա՜ն իմացությամբ ու սիրով, այնքա՜ն խորաթափանցությամբ ու փիլիսոփայորեն գրված «Արծիվ եւ սուր» ու «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքերի հեղինակ ԿԻՄ ԲԱԿՇԻՆ է: Անձամբ ես նրան ավելի խստադեմ ու տարեց էի պատկերացնում. կարծես նման մեր ճգնակյաց պատմիչներին: Սակայն անսպասելիության զգացումը չխանգարեց, որ Կիմ Նաումովիչի՝ Հայաստանին անկեղծ սիրով նվիրված գրողի հետ «հարց ու փորձից» էլ ծնվեր այս հարցազրույցը:

Կիմ Բակշի

Կիմ Բակշի

– Հարգելի Կիմ Նաումովիչ, ես մեծ հետաքրքրությամբ կարդացել եմ Երեւանի Մատենադարանի մասին պատմող Ձեր «Արծիվ եւ սուր» գիրքը, ինչպես նաեւ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում տպագրված «Երկնքից երեք խնձոր ընկավ» ճամփորդական վեպը: Եւ ամենից առաջ ինձ զարմացրել ու հուզել են Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ունեցած Ձեր մեծ սերը, նրա պատմության խոր իմացությունը, այդ պատմությունը ուղղակի հայորեն, անձնապես զգալու եւ ապրելու կարողությունը: Ինչպե՞ս ծնվեց այդ մեծ սերը, ե՞րբ հասցրիք այդքան բան իմանալ մի ուրիշ ժողովրդի մասին:

– Այդ հարցը ինձ հաճախ են տալիս, եւ ես դեռ չեմ կարողացել գտնել մի սպառիչ պատասխան: Այդպես երբեմն պատահում է, որ կյանքումդ մի մեծ, կարեւոր շրջադարձ է կատարվում, ու դու չես էլ հասցնում հասկանալ, թե ինչպես տեղի ունեցավ այդ ամենը: Իմ կյանքում այդպիսի անակնկալ փոփոխություն կատարվեց, երբ առաջին անգամ որպես «Օգոնյոկ» հանդեսի աշխատակից եկա Հայաստան: Դա 1966 թվականն էր: Այն ժամանակ մտքովս էլ չէր անցնում, թե ինչ կարող էր նշանակել Հայաստանն ինձ համար: Իմ բախտը հենց սկզբից բերեց: Ես ընկա շատ լավ ձեռքերի մեջ: Հայաստանյան իմ առաջին ուղեկիցը Վախթանգ Անանյանն էր: Ու ես Հայաստանը տեսա նախ նրա աչքերով, հին, հզոր, հետաքրքիր, գեղեցիկ… Երբ նրա հետ գնում էինք Էջմիածին, նա այնպիսի հուզումով ու ներշնչումով էր խոսում, որ ինձ թվում էր, թե մենք անցնում ենք հենց Մաշտոցի անցած ճանապարհով: Հետո եղանք Գառնիում, նայեցինք տաճարը, որ այն ժամանակ դեռ վերականգնված չէր, եւ պետք է ասել, որ այն ինձ վրա այնպիսի ցնցող տպավորություն թողեց, որպիսին քիչ է պատահել իմ կյանքում: Եղանք նաեւ Գեղարդում, Նորավանքում եւ այլուր, ու ես անմիջապես կապվեցի հայկական հուշարձաններին եւ հասկացա, որ Հայաստանի հուշարձանները սոսկ կոթողներ չեն, այլ ժողովրդի ճակատագրի մասնիկը: Այսպես սկսվեց Հայաստանի բացահայտումը ինձ համար: Բայց ամենամեծ հայտնագործությունը Մատենադարանն էր: Այստեղ հանդիպեցի դեռ երիտասարդ, բայց արդեն հայտնի գիտնական Սեն Արեւշատյանին, որն ինձ տարավ դեպի այդ անհատակ գանձարանը, ու ես ապշանքով նկատեցի, որ մեր երկրում, այսքան մոտ կա այսպիսի մի բան ու մենք՝ շատերս, ապրում ենք աշխարհում ու այդ մասին բոլորովին չգիտենք էլ: Եւ հաճախ հին աշխարհի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու համար բավականին դժվարություններ ենք հաղթահարում, կտրում ենք հազարավոր կիլոմետրեր՝ մեկնելու համար հեռավոր երկրներ, մինչդեռ ուղղակի կարելի է տոմս գնել ու գալ Հայաստան… Դա պարզապես զարմանալի փաստ է: Այո, կարելի է իմանալ հին աշխարհի պատմությունը՝ ճանաչելով Հայաստանը, ուսումնասիրելով Մատենադարանը:

Հայաստանից մեկնելուց հետո ես Մատենադարանի մասին ակնարկ գրեցի «Օգոնյոկ»-ում, իսկ հետո հասկանալով, թե անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մարդ իմանա այդ հրաշալիքների պահոցի մասին՝ որոշեցի գիրք գրել: Ու այն դարձավ իմ կյանքի գլխավոր թեման: Ես սկսեցի խորապես ուսումնասիրել Մատենադարանի հազվագյուտ ձեռագրերը: Դա պարզապես բերկրալի, բայց եւ դժվար ու հսկայածավալ աշխատանք էր. գրել մի ժողովրդի մասին, որի լեզուն չգիտես՝ սարեր շուռ տալու պես մի բան է: Ես սկսեցի հաճախ գալ Հայաստան, ես սկսեցի կարոտել Հայաստանը: Պետք է ասեմ, որ Հայաստանի մասին գրքերը գրվեցին ոչ մեկ տարվա, ոչ նույնիսկ հինգ-վեց տարվա, այլ երկար տարիների ընթացքում, հասկանում էի, որ սոսկ լիրիկան ու մակերեսայնությունը, որով հաճախ գրվում է Հայաստանի մասին, բավական չեն, որ ընթերցողներին պետք են ոչ թե զեղումներ ու թեթեւ հույզեր, այլ խորը, լուրջ վերլուծություններ: Եւ այս դեպքում է միայն, որ ընթերցողների մոտ էլ կծնվի այդ մեծ սերն ու հարգանքը այս հին ժողովրդի ու նրա երկրի նկատմամբ:

– Եւ դա Ձեզ հաջողվել է, քանի որ երբ 1980 թվականին Երեւանում 30 հազար օրինակ տպաքանակով տպագրվեց «Արծիվն ու սուրը», անմիջապես սպառվեց: Մարդիկ պարզապես կլանում էին այդ գիրքը: Կարծեմ այդպես պատահեց նաեւ ռուսերեն հրատարակության հետ: Շնորհակալություն Ձեզ դրա համար:

– Գիտեք, երբ Հայաստանում ինձ որեւէ մեկը շնորհակալություն է հայտնում, ես անհարմար եմ զգում: Դա նման է այն բանին, երբ մարդուն թանկարժեք, անգին գանձեր են տալիս ու հետն էլ շնորհակալություն հայտնում, դա անհասկանալի է, դա արդարացի չէ… Ես ինքս եմ շնորհակալ Հայաստանից, որ նա այսպես լցրեց իմ կյանքը, դարձավ իմ գլխավոր թեման, իմ ստեղծագործելու նպատակը: Շնորհակալ եմ այն հրաշալի մարդկանց՝ հանգուցյալ Լեւոն Խաչիկյանին, Սեն Արեւշատյանին, Բաբկեն Չուգասգյանին, շատերին, որոնք ինձ ուղեկցեցին ինձ համար անհայտ այս աշխարհում, ուղեկցեցին ինչպես կույրին են ուղեկցում՝ անշահախնդիր, անակնկալիք, մեծ համբերությամբ, վստահելի ճանապարհով: Եւ միակ հատուցումը, որ ես առայժմ կարողանում եմ անել, դա այն է, որ իմ պատմածները ես տալիս եմ նրանց միջոցով, նրանց կերպարներով եմ հաղորդում ասելիքս: Անչափ շնորհակալ ու երախտապարտ եմ իմ թարգմանիչներին՝ առաջին գրքիս թարգմանիչ Վլադիմիր Վարդանյանին եւ Ռաֆայել Ավագյանին, որ այժմ թարգմանում է «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը: Ես հպարտ եմ, որ այսպիսի ծանոթներ, կուզենայի ասել, բարեկամներ ունեմ:

– Կիմ Նաումովիչ, սփյուռքահայ ընթերցողներին նույնպես բավականաչափ ծանոթ է «Արծիվ եւ սուր» գիրքը: Արդեն հայերեն տպագրության է պատրաստվում նաեւ «Երկնքից երեք խնձոր ընկավ» (հետագայում այն լույս տեսավ «Ճակատագիր և քար» վերնագրով) վեպը: Վստահ եմ, որ մեր սփյուռքահայ ընթերցողներին նախապես կհետաքրքրի, թե ինչի մասին է այն ամբողջությամբ: Ի՞նչ է նշանակում նրա վերնագիրը:

– «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը շարունակությունն է իմ նախորդ գրքի: Դա քնարական-ճամփորդական վեպ է, ու նրա գլխավոր հերոսը հենց ինքը՝ Հայաստանն է: Այստեղ նույնպես ես փորձել եմ խորանալ հայ ժողովրդի գոյատեւումի ու կանգուն մնալու գաղտնիքի մեջ եւ փորձել եմ ինքս զգալ եւ փոխանցել ուրիշներին, թե ինչ է իրականում նշանակում Հայաստանը, փորձել եմ պարզել այն հրաշք առեղծվածները, որոնք հայ ժողովրդի ոգու դրսեւորումներն են, որոնք պատմության բոլոր տեսակի թոհուբոհերում էլ պահել, պահպանել են հանճար ծնելու կարողությունը, հավերժական մշակույթ ստեղծելու ձգտումը: Այստեղ ես պատմում եմ այն հանճարեղ մարդկանց՝ Նարեկացու, Կիրակոս Գանձակեցու, Գրիգոր Մագիստրոսի, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Մինասի եւ շատ-շատերի մասին, որոնք ուղղակիորեն իրենց ժողովրդի ճակատագրի արտահայտություններն են, որոնք իրենց մեջ կրում են իրենց երկրի ազնվությունն ու խորքերը եւ դրանք արտահայտում յուրովի: Սակայն իմ նպատակը միայն անհատների կամ միայն մանրանկարչության, ճարտարապետության եւ գեղանկարչության մասին գրելը չէ. իմ գլխավոր թեման հայ ժողովրդի մասին գրելն է, քանի որ նրա գոյության փաստն ինքնին պարադոքս է թվում, քանի որ դարեր ի վեր զրկված լինելով ինքնուրույնությունից, շարունակ կեղեքվելով ու աշխարհով մեկ սփռվելով, նա կարողացել է պահպանել ամենակարետրները՝ լեզուն, հոգեւոր հարստությունները, իր երկրի նկատմամբ ունեցած սերը: Ես կարծում եմ, որ այսօր ամեն ժողովուրդ պետք է իր ճակատագրի մասին մտածի՝ վերլուծելով Հայաստանի դասերը, իսկ այդ դասերը շատ խորն են, շատ իմաստուն: Այդ դասերից ամենաառաջինը այն էր, որ ժողովրդի մահը երբեք ճակատամարտի դաշտում չէ. նրա կյանքը իր լեզվի, իր մշակութային գանձերի մեջ է… Ճիշտ է, հայ ժողովրդի գանձերից շատերը դաժան ճակատագրի բերումով ոչնչացել, անհետ կորել են, եւ ես մի տեսակ անձնական կորստի զգացումով եմ մտածում այդ մասին, բայց եւ համոզված եմ, որ դեռ անթիվ-անհամար չպեղված հրաշքներ կան այս հին երկրի խորքերում, եւ դրանց բացահայտումը դեռ առջեւում է:

Ինչո՞ւ եմ գիրքը վերնագրել «Երկնքից երեք խնձոր ընկավ»: Ոչ միայն նրա համար, որ դա հայկական ավանդական հեքիաթների վերջավորությունն է. ես կարծում եմ, որ ամեն բանից առաջ հայ ժողովուրդը երեք անմահական խնձոր ունի մարդկության սեղանին դնելու, դա նրա մանրանկար գիրքն է, նրա ճարտարապետությունը եւ մարդը, որ ստեղծել է, որ հասկանում է դրանք: Եւ այնուամենայնիվ այդպես են վերջանում հայկական ժողովրդական հեքիաթները. «Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը հեքիաթ պատմողի, մեկը լսողի, մյուսը՝ լսողի ու հասկացողի համար»:

– Մեզ հայտնի է, որ այս անգամ Դուք Հայաստանում եք գտնվում մի ուրիշ՝ նույնպես չափազանց կարեւոր գործ իրականացնելու ծրագրով:

– Այո, չեք սխալվում, չափազանց հետաքրքիր ու կարեւոր: Կենտրոնական հեռուստատեսության պատվերով նկարահանվելու է 12-մասանի ֆիլմ Մատենադարանի մասին: Եւ ինձ պատիվ ու երջանկություն է վիճակվել գրելու այդ ֆիլմի սցենարը: Դա պարզապես առաքելություն է: Կինոդրամատուրգիան իմ երկրորդ մասնագիտությունն է. բազմաթիվ սցենարներ եմ գրել, որոնցից մի քանիսը մրցանակներ են ստացել տարբեր փառատոներում:

Ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի հետ մենք ուզում ենք պատմել Մատենադարանի հարստությունների մասին՝ Մաշտոցի, Խորենացու, Եղիշեի, հայ մաթեմատիկոսների, աստղագետների, փիլիսոփաների, մանրանկարիչների, գրողների, բանաստեղծների, ճարտարապետների, երաժիշտների, Հայաստանի հնագույն մշակութային կենտրոնների մասին: Մատենադարանում պահվող մատյանների մասին պատմելուն զուգընթաց, իհարկե, հեռուստադիտողը ճամփորդություն կկատարի Հայաստանով, կտեսնի Գոշավանքը, Նորավանքը, Գառնին, Գեղարդը: Ֆիլմի մասերից մեկը ամբողջությամբ նվիրված է լինելու Թորոս Ռոսլինին, մանրամասն պատմվելու է նաեւ Գանձակեցու, Մոմիկի, Հովհաննես Սարկավագի եւ, իհարկե, մեծ Նարեկացու մասին՝ փորձելով մեկնաբանել, թե որն է նրա մեծության գաղտնիքը, նրա այդքա՜ն արդիականության առեղծվածը: Ինչպես տեսնում եք, դժվար, ծանր աշխատանք է սպասում ինձ: Բայց ես դժվարություններից չեմ վախենում, որովհետեւ սիրում եմ Հայաստանը…

You may also like...