Շիրակի դաշտավայրի երանգները

«Հայրենիքի ձայն», 17 սեպտեմբերի, 1986թ.
Սեյրանուհի Գեղամյան

Եթե մարդը դիտել է մինչ այդ իրեն անծանոթ նկարչի գործեր ու նրա հոգում ծայր է առել ներքին երկխոսություն այդ գործերի հետ, եթե նա դուրս է եկել նկարչի արվեստանոցից ու դրսի լույսին ավելացել է «մի ուրիշ լույս», մինչ այդ իմացած գույներին՝ ուրիշ երանգներ, եթե նա օրեր, շաբաթներ շարունակ խորհել, որոնել է, թե ինչ էին արդյոք ուզում ասել կտավից իրեն հառած այն հայացքները, եթե տեսած պարզ պատի շարվածքի բեկունությունը նրա մոտ խուսափուկ վախի թրթիռներ է ծնել ու եթե նա դարձյալ ու դարձյալ խորհել է սիրո, քնքշանքի, կարոտի, մարդկային մնացած մեծ ու կարեւոր զգացումների գոյության մասին, ուրեմն հանդիպել է իսկական նկարչի:

Օրեր, շաբաթներ են անցել գյումրեցի նկարիչ Էդուարդ Եդիգարյանի ստեղծագործությունների հետ իմ ծանոթությունից, եւ այդ ստեղծագործություններն արդեն երկար ժամանակ ստիպում են ինձ փնտրելու ճշգրիտ բառեր՝ հաղորդելու համար զգացածս, բնորոշելու այդ արվեստի ասելիքի առանձնահատկությունները:

Ո՞րն է Եդիգարյանի ստեղծագործության հիմնական թեման: Ամենից առաջ իր հայրենի երկիրը՝ Շիրակի դաշտավայրը՝ իր բնությամբ, մարդկանցով, կենցաղով…

Անշուշտ, թեմայի ընտրության խնդրում չէ ինքնատիպությունը, որովհետեւ ամեն նկարիչ կյանք է առնում, երկխոսություն է սկսում նախ եւ առաջ այն աշխարհում եւ այն աշխարհի հետ, որտեղ ապրում է, ինչը շրջապատում է իրեն: Սակայն կրկնելով տասնյակ ու տասնյակ նկարիչների թեմաները, պատկերելով սովորականն ու առօրեականը, ի մի հավաքելով պարզ իրեր ու ձեւեր, Եդիգարյանը հասել է բոլորովին մի նոր արդյունքի՝ պատկերվածի մեջ ի հայտ բերելով իր ներաշխարհից եկող զարմանալի այլ գեղեցկություններ ու տրամադրություններ:

Հին Գյումրվան հատուկ կամարակապ դարպասներ, ժամանակի փոշուց սեւացած կիսաբաց փայտյա դռներ, որոնցից այն կողմ կյանքն է՝ խորհրդավոր ու մտերմիկ, ամայի տարածության վրա՝ մենավոր, կարծես լքված մի տուն, արեւից շիկացած քարե աստիճաններ, հողե կտուրի ճեղքում կյանք առած փշերի մի փունջ, գյուղական տներ՝ մի տեսակ բեկված, կիսաքանդ, որոնք, սակայն, իրենց պարզ, անշուք պատերից ներս դեռ պահպանում են ինչ-որ բացառիկ ազնիվ, բացառիկ քնքուշ զգացումներ: Զարմանալի մաքրություն կա Էդուարդ Եդիգարյանի ստեղծագործություններում: Մաքրություն, մի տեսակ լուսավոր տխրություն եւ սեր, որ փափկորեն փոխանցվում է նաեւ դիտողին:

Ահա հին Գյումրուն հատուկ կամարակապ մուտքերից մեկի դիմաց կանգ է առել քաղաքին այնքան բնորոշ ֆայտոնը: Օրվա վազքից հոգնած ու ծարավ են ֆայտոնչին, ձիերը: Տարիքավոր մի կին սափորով ջուր է մատուցում նրան: Այսքանը նկարից ստացած առաջին տպավորությունն է: Բայց ոչ, միայն այսքանը չէ: Էլի ինչ-որ բան կա: Ինչ-որ կարեւոր ու խորհրդավոր բան: Գուցե հիշողություննե՞ր, գուցե թաքուն պահած ու երբեք, երբեք չարտահայտած զգացումնե՞ր եւ պատահական այս հանդիպումը երկար սպասվա՞ծ է եղել… Կինը սափորը քնքշորեն բռնել է ձեռքին ու դեմքով շրջվել՝ կարծես պատրաստվում է լուսանկարվել: Հավանաբար մտածում է, որ սա իր կյանքի լավագույն օրերից մեկն է ու պետք է պահպանել, անմահացնել այդ օրը: Ընդհանրապես, հետաքրքիր մի զգացողություն ես ապրում Եդիգարյանի մարդկային ֆիգուրներով ստեղծագործությունները դիտելիս: Նրա կերպարների մեծ մասը պատկերված են հատկապես լուսանկարվելիս, մի հանգամանք, որ խորապես խտացնում է ստեղծագործության զգայական, փիլիսոփայական հենքը: Ինչո՞ւ: Որովհետեւ մարդը սովորաբար լուսանկարվում է իր համար եզակի, կարեւոր (ուրախ կամ տխուր) պահերին, հավերժացնելու համար իր անցողիկ կյանքի այդ մեծ ուրախությունը կամ վիշտը:

Ես միանգամից չհասկացա նկարչի այս ինքնատիպ հնարանքի էությունը: Դա հասկացա հետո, երբ դիտեցի նրա ամենածավալուն ստեղծագործությունը՝ Գյումրու երկաթուղային կայարանի սրահներից մեկի վրա արված եռապատկեր որմնանկարը: Քսան մետր երկարությամբ տարածվել է հին Գյումրվա հեքիաթային, երազային պատկերը՝ իր հայտնի եկեղեցիներով ու դպրոցներով, շքեղ առանձնատներով ու նշանավոր գինետներով, ուր իրենց ուրախություններով ու նաեւ դառնություններով լեցուն կյանքն են ապրել այդ քաղաքի բնակիչները: Եւ ահա այդ ուրախ-տխուր, անցողիկ օրերից մեկում դարձյալ հանդիպել են հինգ ավանդապահ ընկեր-գյումրեցիներ: Հանդիպել են… Որքա՜ն կարեւոր է մարդու համար հանդիպումը ընկերոջ հետ: Հանդիպել են ու զրուցել անցած-գնացած օրերի մասին, հիշել են կորցրած ջահելությունը, հեռացած ընկերներին… Որքա՜ն կարեւոր է հիշել կորցրածը… Եւ անսահման ափսոսել են մարդկային կյանքի անցողիկության համար ու անպայման մխիթարվել կյանքի գեղեցկության ու հավերժության փաստով եւ որոշել են գոնե այդ օրը, այդ շատ կարեւոր օրը հավերժացնել լուսանկարվելով… Նայեք նրանցից յուրաքանչյուրի հանդիսավոր կեցվածքին, ցավ ու տխրություն խտացրած նրանց աչքերին ու դուք կհասկանաք այդ ամենը: Կհասկանաք նաեւ, որ նրանցից յուրաքանչյուրը անկրկնելի աշխարհ է ու վաղը նրա չլինելով պիտի դադարի գոյություն ունենալ այդ անկրկնելին, իսկ հավերժականը՝ կյանքը, կշարունակի իր ընթացքը, կշարունակի պահպանել անանցը ու գուցե նաեւ այդ լուսանկարը: Եթե Եդիգարյանի եռանկարի այս կենտրոնական հատվածը ցնցուն է իր խոր փիլիսոփայությամբ, ապա աջ եւ ձախ կողմերի որմնանկարները մինչեւ հոգու խորքը հուզում են իրենց քնարականությամբ: Երկու նրբիրան, նազելի կանայք են պատկերված, որ գալիս են դեպի կենտրոն, դեպի սեղան նստած տղամարդիկ: Գալիս են իրենց անսահման քնքշությունն ու գեղեցկությունը խառնելու տղամարդկանց խստաշունչ տխրությանը եւ ամբողջացնելու կյանքի ներդաշնակությունը:

Էդուարդ Եդիգարյանի գեղարվեստական լեզուն զուսպ է եւ հստակ: Այն չի ստեղծվում գունային սուր հակադրությունների միջոցով: Նրա մոտ կամ ընդգծված չէ, կամ էլ բնավ բացակայում է այդ հակադրությունը: Գույնի կախարդական հատկությունը՝ հաղորդել ոչ միայն արտաքին տպավորություններ, այլեւ ներքին մեծ բովանդակություն, այստեղ ասկետիկ լինելով հանդերձ նաեւ չափազանց խոսուն է: Միեւնույն գույնի տարբեր երանգափոխությունների միջոցով նկարիչը հասնում է նկատելի արտահայտչականության:

Սեփական հնարավորությունների առավել ամբողջական բացահայտման որոնումները նկարչին բերում են մի նոր որակի: Գծապլաստիկական արտահայտչաձեւերը, տարածության կազմակերպումը դառնում են ավելի ինքնատիպ, անկաշկանդ, արտաքին ձեւը ավելի ու ավելի է ամբողջացնում ներքին ասելիքը, ներքին շարժումը, զգայական լիցքը:

Ասվածն առավել ամբողջական դրսեւորվում է նկարչի հատկապես վերջին շրջանի ջրաներկ բնանկարների ու նատյուրմորտների շարքում, որոնցում բացառապես գերիշխում է գունավորման իր եղանակը, դեղնադարչնագույնի բոլոր հնարավորությունները, նուրբ, քնքուշ, գրեթե թափանցիկ դեղնադարչնագույնը, որի մեջ լույս, զարմանալի ներքին լույս ու սիրո թրթիռներ կան: Ակնհայտ է, թե ինչպիսի խորությամբ է նկարչին հուզում հարազատ երկրի, հողի հետ զրուցելու սեփական լեզուն գտնելու խնդիրը:

Էդուարդ Եդիգարյանը մոնումենտալիստի ձիրքով օժտված նուրբ գեղանկարիչ է: Նրա ամենափոքր ծավալի ստեղծագործություններին անգամ հատուկ է մոնումենտալությունը՝ վսեմ, համամարդկային գաղափարները, ծավալային խորհրդածությունները եւ հակառակը՝ ամենածավալուն ստեղծագործություններին՝ լինեն դրանք Գյումրու երկաթուղային կայարանի, Ախուրյանի շրջանի Հանդիսությունների տան որմնանկարները, թե թատերական բազմաթիվ ձեւավորումներ (նա Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գլխավոր նկարիչն է), հատուկ են խոր քնարականությունը եւ անսահման քնքշությունը:

Դժվար է լրագրային հոդվածի սահմաններում ներկայացնել այն երկխոսությունը, որ երկար տարիներ տեւականորեն տեղի է ունեցել նկարիչ Էդուարդ Եդիգարյանի ու իր հայրենի երկրի միջեւ եւ ընդհանրապես դժվար է մինչեւ վերջ, ամբողջությամբ բացատրել այն մեծ պոեզիան, որ մարդկային հոգուց տարանջատվում եւ տեղ է գտնում գույների ու գծերի միջեւ: Բայց եթե այդ գույներն ու գծերը դիտողին պարգեւում են «մի ուրիշ լույս», մինչ այդ իմացած գույներին ավելացնում են ուրիշ երանգներ, եթե տեսածդ սովորական պատերի պարզ շարվածքների բեկունությունը խուսափուկ վախի զգացումներ է ծնում ու դու դարձյալ ու դարձյալ հրճվում ես սիրո, քնքշանքի, կարոտի գոյության փաստից եւ օրեր, շաբաթներ շարունակ իսկական, ճշգրիտ բառեր ես որոնում այդ ամենը բնորոշելու համար՝ ուրեմն հանդիպել ես տաղանդավոր նկարչի, ուրեմն վստահորեն կարելի է ասել, որ Շիրակի այնքան բարեբեր հողում ապրում եւ ստեղծագործում է եւս մի իսկական նկարիչ:

You may also like...